Հայկական խոհանոց – Սիգը՝ կծու թանձրուկով եւ լավաշի մեջ… Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է – Տե՛րը լինենք մեր պատմության… «Միսս աշխարհ-2016»… Կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը զբաղեցրել է 3-րդ տեղը… Այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Սիգը՝ կծու թանձրուկով եւ լավաշի մեջ

Բաղադրությունը – Սիգ – 1 կգ, լավաշ – 1 կամ 2 հատ (կախված չափից), կարագ – 50-100 գ, կիտրոն:

Թանձրուկի համար՝ բուսայուղ – 100 գ, լոլիկի կծու հյութ – 100 գ, թթվասեր – 100 գ, սխտոր – 1 գլուխ, աղ, սեւ պղպեղ, չորացրած թարխուն:

Պատրաստման եղանակը - Թանձրուկը պատրաստել՝ ամեն ինչ իրար խառնելով եւ խառնիչով հարելով:

Սիգը մաքրել, լվանալ, ոսկրահան անել եւ վերածել ձողաձեւ կտորների: Թանձրուկը լցնել ձկան վրա, թողնել 4-6 ժամ: Լավաշը փռել ջեռոցի տակդիրի մեջ, վրան դնել կարագը, փռել ձուկը, ծածկել մյուս լավաշով եւ դնել ջեռոցը: Եփել 20-30 րոպե՝ 1800-ի տակ:

Մատուցելուց առաջ ձեւավորել կիտրոնով:

«Միսս աշխարհ-2016» է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը

Այս տարի «Միս աշխարհ»  տիտղոսին  է արժանացել Ստեֆանի դել Վալլեն Պուերտո Ռիկոյից: Նա 19 տարեկան է, խոսում է իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն: Բի-Բի-Սի- գրում է, որ նա պատրաստվում է կարիերա սկսել զվարճանքի ոլորտում:
«Վիցե-միսս» տիտղոսին է արժանացել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը, երրորդ տեղում է ինդոնեզացի գեղեցկուհին: Եզրափակիչ հնգյակում են նաեւ Քենիայի եւ Ֆիլիպինների ներկայացուցիչները:

Նոր Ջուղայի աշակերտներն առաջինն են Իրանի աշակերտական գիտա-հետազոտական մրցույթ-փառատոնում

Շահինշահր քաղաքում տեղակայված Իրանի օդանավաշինության արհեստի (ՀՍԱ) գործարանի թռիչքային փորձարկության վայրում նոյեմբեր ամսվա ընթացքում  անցկացվել է  հեռակառավարվող թռչող սարքերի աշակերտական 10-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են Սպահան նահանգի զանազան քաղաքների ավագ դպրոցներից ներկայացված 35 թիմ: «Հայերն այսօր»-ին Իրանից Երանուշ Թահմազյանը հայտնել է, որ Սպահան քաղաքի  կրթա-դաստիարակության հիմնարկության երրորդ շրջանին պատկանող դպրոցներից մասնակցել էին 8 թիմ, ներառյալ՝ Նոր Ջուղայի Հայոց ազգ. «Կատարինյան» արական ավագ  դպրոցի ներկայացուցիչները, որոնք փայլուն մասնակցություն են ունեցել մրցույթի բոլոր  բաժիններում:  

Դպրոցի պատասխանատուների  փոխանցմամբ` դեկտեմբերի 14-ին «Ֆազիլի» գիտա-հետազոտական  կենտրոնից ստացված տեղեկությունների համաձայն՝ մասնագետների գնահատմամբ «Կատարինյան» թիվ 1-խմբի անդամներ՝ Թադե Թահմազյանի,Վահագն Թահմազյանի եւ Մհեր Մինասյանի  պատրաստած օդանավներն իրենց գծագրման (դիզայնի), պատրաստման եւ հեռակառավարման հաջող ու վստահելի թռիչքով զբաղեցրել են 1-ին տեղը, իսկ նույն դպրոցից մասնակցած թիվ 2-խմբի անդամներ` Առնո Բաբումյանի եւ Շանթ Մելքոնյանի պատրաստած սարքը, պատրաստման բաժնում գրավել է 2-րդ տեղը:

Մայրաքաղաքում բացվել է Ձմեռային այգի

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երեւանում առաջին անգամ ձևավորված Ձմեռային այգու հանդիսավոր բացման արարողությանը: Մայրաքաղաքի բնակիչների հետ միասին քաղաքապետը շրջել է այգում, ծանոթացել ձմեռային հանգստի գոտու պայմաններին: Ներկայացնելով այգու հնարավորությունները՝ պատասխանատուները նշել են, որ ձեւավորված հեքիաթային փոքրիկ աշխարհում երեխաները կօգտվեն սահադաշտից, սղղարաններից ու կվայելեն ամանորյա տոնական մթնոլորտը, ուր նրանց սպասվում են բազում անակնկալներ: Այգու այցելուներին ողջունել են Ձմեռ Պապն ու նրա օգնական Էլֆերը: Ձմեռ Պապն, ի դեպ, իր տնակ է այցելել օդային սահնակով:

Առանձնակի կարեւորելով ներդրումային այս ծրագրի կյանքի կոչումը՝ քաղաքապետը նկատել է, որ մայրաքաղաքի բնակիչների համար ձմեռային ամիսներին այգին կդառնա իսկապես հետաքրքիր ժամանացի վայր: «Ժամանցի նման կենտրոնների առկայությունը մեր քաղաքում իսկապես կարևոր է: Վստահ եմ, այգին  մեծ ուրախություն կպարգևի մեր երեխաներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ներդրողներին ու պատասխանատուներին, որ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար ստեղծել են այս չքնաղ միջավայրը»,- նշել է քաղաքապետը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում բացված Ձմեռային այգին կգործի յուրաքանչյուր օր՝ 11։00-24։00-ն։

Դիզայները Էջմիածնի քաղաքապետն է

Հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնում, տոնական համերգի ուղեկցությամբ, միացվեց ամանորյա լուսավորությունը: Համերգը քաղաքապետարանի Մշակույթի պալատի «Զանգակ» մանկական ստուդիայի սաների կատարմամբ էր: Ավանդույթի համաձայն՝ հետհաշվարկ կատարվեց, եւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, էջմիածնեցի մանուկների հետ սեղմեց կոճակն, ու ամբողջ քաղաքը ողողվեց տոնական լույսերի մեջ:

Էջմիածնի ամանորյա հանդերձը, ինչպես վերջին բոլոր տարիներին, այս անգամ եւս ինքնատիպ է եւ ճաշակով: Ի դեպ, այս ամենի դիզայները հենց քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է: Նա է նախագծում էսքիզները, իսկ շունչ հաղորդում են դրանց քաղաքապետարանի մասնագետները: Վերջին տարիներին ամբողջ Հանրապետությունից բազում քաղաքացիներ հատուկ այցելում են Էջմիածին՝ հիանալու քաղաքի տոնական լուսավորությամբ: Այս տարին էլ, թերեւս, բացառություն չի լինելու:

Կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը զբաղեցրել է 3-րդ տեղը

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Երգչախմբային լաբորատորիա» հեղինակավոր մրցույթին և զբաղեցրել պատվավոր 3-րդ հորիզոնականը։

ՀՀ կոմպոզիտորների միությունից  Panorama.am-ին տեղեկացրին, որ մրցույթին ընդգրկված է եղել շուրջ 150 ստեղծագործություն, կոմպոզիտորները ներկայացված են եղել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներից, Բելառուսից, Ուկրաինայից, Սլովակիայից։ Հայաստանից միակ ներկայացուցիչը եղել է Սոֆյա Միքայելյանը։

Հայ կոմպոզիտորը մասնակցել է նաեւ կոմպոզիտորական մեկ այլ` «Ռոման Սլադկոպևեցի» անվան մրցույթին եւ արժանացել պատվոգրի:

Կոմպոզիտորը Ռուսաստանի Դաշնության «հյուսիսային մայրաքաղաքում» հանդես է եկել նաեւ հեղինակային համերգով:

Ֆիլհարմոնիկի երաժիշտները բնակարաններ կստանան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների խմբի կոնցերտմայստեր Կարեն Սարգսյանը, գալարափողահար Արթուր Հովհաննիսյանը, թավջութակահար Վահե Դանիելյանը բնակարաններ կստանան: Երեւանի ավագանու  դեկտեմբերի 21-ին կայանալիք նիստի օրակարգում  նման հարցեր են ընդգրկված:   Նախատեսվում է նրանց բնակարաններ հատկացնել Երեւան համայնքի սեփականությունն համարվող Սիսակյան փողոցում գտնվող շենքից: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների բնակարանային պայմաններն ապահովելու նպատակով միջնորդություն է ներկայացրել նաև Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Բնակարանները երաժիշտներին տրամադրվելու են անհատույց սեփականության իրավունքով: Նույն շենքից բնակարան կտրամադրվի նաեւ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ` Մկրտիչ Մկրտչյանին։  Նա իր 5 երեխաների հետ ապրում էԱրագածոտնի մարզի Սասունիկ համայնքում՝ բնակության համար ոչ պիտանի պայմաններում: Ըստ տեղեկանք-հիմնավորման՝ Մկրտիչ Մկրտչյանը 1990թ.-ից կամավոր անդամագրվել է արցախյան շարժմանը՝ ակտիվ մասնակցություն ունենալով Հայաստանի եւ Արցախի սահմաններում մղվող ռազմական գործողություններին, սկզբում Թաթուլ Կրպեյանի ջոկատում, այնուհետև ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի Շուշիի առանձնակի գումարտակի կազմում: Միաժամանակ այն  բացառիկ նվիրյալներից է, ով ամեն տարի Հայաստանում եւ Արցախում հանդես է գալիս համերգներով՝ ազգագրական երգի գաղափարները տարածելով հայ երիտասարդների շրջանում, նրանց մեջ սերմանելով բարոյական, հայրենասիրական ոգի, ինչը կարևորագույն դեր եւ նշանակություն ունի ազգային գաղափարախոսության պահպանման եւ զարգացման գործում:

Բնապահպանության նախարարությունն այս շաբաթ առգրավել է շուրջ 650 կգ սիգԲնապահպանական պատժամիջոցներից բյուջե է մուտքագրվել 1.86 մլն. դրամ

Նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 12-16.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 780.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում եւ հաշվարկվել 4.3 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.0 հազ. դրամի եւ հաշվարկվել է 4.3 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Տավուշի մարզի  «Հայանտառ» ՊՈԱԿ Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 110 հատ ծառերի ապօրինի հատում եւ հաշվարկվել է 2198.25  հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 85 հատ ծառերի ապօրինի հատում և հաշվարկվել է 1455.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը իրականացրել է վարույթ: «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 4 հատ ծառերի ապօրինի հատում: Կայացվել է 100.0 հազ. դրամի ընդհանուր վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 66.75. հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնից ստացված նյութերի հիման վրա ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 100.0 հազ. դրամի գումարի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 220.5 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի հայտնաբերված «Խոսրովի» արգելոցի հրդեհի  գործով կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում եւ հաշվարկվել է 380.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի փայտանյութի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 28.8 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 1132 հատ /648.9կգ / «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ որից՝

Երեւանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 156 հատ (71.0 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն եւ Երեւանի N1 տուն ինտերնատ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 31 հատ /22.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց:

Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 14 հատ /5.7կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 10 հատ /6.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Բերդի մանկապարտեզին:

Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 18 հատ /13.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Գեղարքունիքի տարածքային բաժնի, «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ եւ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հետ համատեղ իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 206 հատ /121.5կգ/ <սիգ» տեսակի ձուկ եւ 15 հատ /5կգ/ «սիգ» տեսակի ապխտած ձուկ, ինչը հանձնվել է Սեւանի «Հեքիաթ» մանկապարտեզ, «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց» եւ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության եւ ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի աշխատակիցների  կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 500 հատ /309կգ/ «սիգ» տեսակի ձուկ:

Սյունիքի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ զննության արդյունքում FIAT մակնիշի 35 CT 941 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկի սառնարանում հայտնաբերել է 197 հատ /100.7կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը ուղարկվել է փորձաքննության:

Ջրերի պահպանության ոլորտ

Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

Արտադրական եւ սպառման թափոնները չնախատեսված վայրում տեղադրելու համար Արմավիրի տարածքային բաժնի շրջայցերի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 80.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.86 մլն. դրամ:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 43 (433), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։