ԱԺ-ի ու կյանքի ճշտերը տարբեր են պատգամավորի համար – Տոն օրերին շուկայի այս «օրենքը» հենց «թունելի Հակոբի» գյուղում ու հանրապետության էլի շատ գյուղերում եւ աշխարհի զարգացած երկրներում գործում է, բայց ոչ՝ մեր խորհրդարանում… Մուրացիկությունն արգելելը՝ ճիշտ որոշում…

Ես վատ բան չեմ տեսնում այն բանի մեջ, որ տոներին, իմա՝ Գրիգորյան տոմարով Նոր տարուն մարդիկ փորձում են լիառատ սեղաններ գցել: Վատն այն է, որ մարդիկ դա անում են պարտքի, վարկի, ոսկու գրավի միջոցով: Նախորդ տարի մեր երկրի՝ իրեն թիվ մեկ սոցիոլոգ, քաղտեխնոլոգ ու չգիտեմ էլ ինչ-ոլոգ համարող Ահարոն Ադիբեկյանը ասում էր, թե հնարավոր է 50 հազար դրամով սեղան գցել: Իհարկե, հնարավոր է: Եթե տանդ դուռը բացող չկա, 10 հազարն էլ բավարար է: Բայց ինչ անի այն հայը, ով ունի ընկերներ, հարազատներ, բարեկամներ, իրապես սիրում է նրանց եւ անհամբեր սպասում է տոներին՝ նրանց տեսնելու, կարոտն առնելու, նրանց հետ ժամանակ անցկացնելու համար: Սեղան չգցի, բա ի՞նչ անի, ասի, որ ամբողջ տարին օրը 24 ժամ աշխատել է ու մի սեղան բացել չի՞ կարողանում: Լիառատությունը մերն է, ջերմ հյուրասիրությունը մերն է, ունեցածովդ հարազատիդ հետ կիսվելու շնորհքը մերն է: Ու դրա մեջ վատ բան չկա: Հա, թե ամերիկացի լինենք ու մեր ընտանիքը 2-3 հոգուց բաղկացած լինի ու ծնողներին էլ նախնի կոչենք, իհարկե կարող ենք այդ օրը տան դուռն անգամ չբացել ու ընդամենը 2 հազար դրամ ծախսենք ու 2-3 հոգով, ի՜նչ կա որ, մի տորթիկ վայելել: Բայց չէ՞ որ մենք այլ կեցակարգ ունենք, մեր ծնողները մեր նախնիները չեն, մեր տան անդամներն են, մեր տատ ու պապերը նույնիսկ դեռ մեր նախնիները չեն, նրանք մեր տան անդամներն են: Ամբողջ տարին աշխատել ենք, հարազատներով միմյանց չենք տեսել, տոներին հենց այդ բացը լրացնելու ժամանակն է, մեկ էլ հոպ՝ մեզ այլ կեցակարգ է պարտադրվում՝ սեղան մի՛ դրեք, հյուրեր մի՛ ընդունեք, ձեր հարազատները ձեր նախնիներն են, ուրեմն եւ կարող են ձեզ հետ չլինել, ընկերներին մոռացեք, բարեկամներին էլ հետը, մի՛ ծախսեք, մի՛ ուրախացեք, մի՛ ուրախացրեք, ապրեք ձեզնով՝ առանց հարազատության, բարեկամության, մեկուսացեք, միայն դուք եք ու վերջ:  

Բայց սա՛ չէ խնդրի լուծումը: Խնդրի լուծումը երկրի քաղաքացու սոցիալական վիճակի բարելավումն է, որպեսզի նա լիառատ սեղաններ դնի՝ առանց պարտք ու վարկի: Որովհետեւ լիառատ սեղանը միայն ուտելը չէ: Լիառատ սեղանը սեփական աշխատանքիդ արդյունքը հարազատիդ հետ կիսելն է: Լիառատ սեղանը երգ է, պար է, կենացախոսություն է: Իսկ սա, ի դեպ, զավզակությունը չէ: Չգիտեմ՝ ինչքանով է ձեզ բախտ վիճակվել ճարտասան կենացախոսի (խոսքս ժամանակակից հարսանիքները վարող թամադաների մասին չէ) ղեկավարությամբ սեղանի շուրջ նստել, բայց ինձ մեկ անգամ չէ, որ հաջողվել է: Հիանալի արարողություն է:

Հիմա փոխարենն այնպես անեն, որ մենք մեր աշխատանքի արդյունքը տեսնենք ու առանց մտածմունքի ու հոգսերի տակ կքած սեղան գցենք, ասում են՝ սեղան մի գցեք, դա քաղքենիություն է: Փոխարենն այնպես անեն, որ նախատոնական օրերին արհեստական թանկացումներ չլինեն, ասում են՝ շուկայի օրինաչափությունն է՝ սպառումը շատանում է, գները բարձրանում են: Ու այսպես ասում է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Ի միջի այլոց, վստահաբար կարող եմ ասել, որ «թունելի Հակոբի» գյուղում շուկայի օրինաչափությունն ավելի ճիշտ է գործում. նախատոնական օրերին երբ մորթ է լինում ու միսը շատ է լինում, դրանից տավարի կամ խոզի մսի գինը չի թանկանում, այն է՝ պահանջարկի շատացմանը զուգահեռ գնանկում է լինում: Եվ շուկայի այս «օրենքը», որ կա «թունելի Հակոբի» գյուղում ու Հայաստանի էլի շատ գյուղերում ու աշխարհի զարգացած երկրներում, ԱԺ-ում չի գործում: Խառնաշփոթի պատճառը հասկանալի է, այստեղ հակառակն է գործում. ինչքան հաճախակի ես ծախվում, այնքան գինդ բարձրանում է, այնքան շատ ես հարստանում: Այստեղ այլ ճիշտ է գործում, ինչն էլ գրեթե մշտապես խառնում են շուկայի օրինաչափության ճշտի հետ:

Այնպես որ, խնդրի լուծման մեկ ճանապարհ կա. տնտեսության ոլորտին առնչվողներին նշանակել կյանքի ճշտի օրենքով: Այսպես մարդուն չեն ասի, թե կուշտ մնալը քաղքենիություն է, կիսասոված ապրելը՝ ազնվականություն: Ու հաստատ կմտածեն տնտեսության իրակա՛ն շարժի մասին:

Աստղինե Քարամյան

Մուրացիկությունն արգելելը՝ ճիշտ որոշում

Երեւանի քաղաքապետարանում դեկտեմբերի 12-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի վերահսկողության եւ հանրակրթության վարչություններին, ինչպես նաեւ 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում եւ մանկապարտեզներում Ամանորի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

Սա ճիշտ քայլ է, քանզի կրթական հաստատություններում ընդհանրապես, իսկ մանկապարտեզներում ու դպրոցներում հատկապես՝ տանել չեմ կարողանում մուրացիկների: Սարսափում ես, երբ մտածում ես, որ մանավանդ պարտադիր դրամահավաքության գաղափարակիրները օրվա մեջ թեկուզ մի քանի վայրկյան կարող են երեխայի կրթել: Մեծապատիվ մուրացկանները միշտ չէ, որ ծիծաղելի են…

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 43 (433), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։