Երբ հսկողությունը խիստ է, աշխատանքի արդյունքը երեւում է – Քաղաքապետը հորդորում է նախապատրաստվել ավելի ձնառատ ձմռան… Քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում կգործի «Թեժ գիծ» եւ այլ ծառայություններ…

Երեւանի քաղաքապետարանում դեռ դեկտեմբերի 12-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարեց աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին եւ «Սանիթեք» ընկերությանը համագործակցված իրականացնել ձյան մաքրման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաեւ վարչական շրջանների համապատասխան բաժինների եւ համատիրությունների աշխատակիցներին։

«Շաբաթ երեկոյան տեղացած ձյան մաքրման աշխատանքների ընթացքին տեղերում հետևել եմ նաեւ անձամբ եւ պետք է նշեմ, որ բավականին օպերատիվ եւ արդյունավետ էին իրականացվում դրանք: Բայց նաեւ պետք է նկատենք, որ տեղումներն այնքան էլ առատ չէին ու, ըստ այդմ, կհորդորեմ նախապատրաստվել ավելի ձնառատ ձմռան: Հանրության շրջանում թյուր կարծիք կա ձեւավորված, որ ձյան տեղումները միշտ անակնկալի են բերում Երեւանի քաղաքապետարանին, ինչը հավանաբար մեր որոշ պատասխանատուների անպատասխանատու հայտարարությունների հետեւանք է: Հիդրոմետ ծառայությունը նախապես տեղեկացնում է եղանակային փոփոխությունների եւ սպասվող տեղումների մասին, ինչն արդեն իսկ նշանակում է, որ ձյունը անակնկալ չի գալիս: Ընդամենը պետք է օպերատիվ եւ արդյունավետ կազմակերպել համապատասխան աշխատանքներն ու չփորձել սեփական անգործությունը կամ թերի աշխատանքը քողարկելու համար ինչ-որ անիմաստ արդարացումներ փնտրել»,- ընդգծեց Տարոն Մարգարյանը:  

Ի դեպ, ասեմ, որ քաղաքապետը ճիշտ շեշտադրում է անում իր խոսքում՝ կանխելով հնարավոր անգործությունը: Իսկ հանրության շրջանում ձեւավորված թյուր կարծիքը արմատավորել էր մեր նախկին քաղաքապետերից մեկը, ում համար անգամ հունվարին տեղացած ձյունը անակնկալ էր… Ինչեւէ, այդ տարիների ձնառատ նյարդային օրերը հետեւում են, եւ այսօր հարկ է խոսել արվածի ու արվելիքի մասին: Իսկ որ այս տեղումնառատ օրերին ասվածն արվեց, չասել չեմ կարող: Երեկ առավոտ շուտ, երբ աշխատանքի էի շտապում, տրանսպորտի խնդիր չառաջացավ, քանզի ճանապարհները մաքրված էին: Ավելին՝ Ավանում, օրինակ, որտեղ ես եմ ապրում, արդեն հասցրել էին նույնիսկ բակային տարածքներ մտնել ու մաքրել թաղամասից թաղամաս ձգվող աստիճանները:

Սա հույս է ներշնչում, որ տոնական օրերին էլ տեղաշարժի խնդիր չենք ունենա, քանզի քաղաքապետը հանձնարարել է ամանորյա տոնական ոչ աշխատանքային օրերին՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 8-ը ներառյալ, բնակչության կողմից հնարավոր ահազանգերին արագ արձագանքելու նպատակով կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով Արգիշտի 1 եւ Բյուզանդի 1/3 հացների վարչական շենքերում կոնկրետ պատասխանատուներով շուրջօրյա հերթապահություն իրականացնելու վերաբերյալ ներկայացնել հստակ ժամանակացույց: Նույն հանձնարարականը տրվել է նաեւ 12 վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաեւ կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններին:

Դեկտեմբերի 14-ին մայրաքաղաքի կոմունալ ծառայություններն աշխատեցին արտակարգ ռեժիմով: Չեմ թաքցնում, դժգոհություններ էլ եղան, շատ քաղաքացիներ բողոքում էին, որ… իրենց շենքի աստիճանները մաքրված չեն: Բայց սա, ի դեպ, դրական ազդակ է պարունակում: Այսինքն՝ քաղաքացին վերջին տարիներին սովորել է, որ ձյուն գալուն պես ձյունը պիտի մաքրվի, աղով մշակվի, բակն ավլեցվի եւ այլն: Տեսել է աշխատանք ու նաեւ պահանջկոտ է դարձել՝ վստահ, որ եթե հասցեն ասվի, անպայման մաքրվելու է: Մանավանդ, որ համապատասխան հանձնարարություն եղել էր, որպեսզի ոչ միայն գլխավոր եւ երկրորդական փողոցներում, այլեւ մայթերի, կանգառասրահների հարակից տարածքների, բակերի եւ միջբակային աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ քայլեր արվեն: Իսկ քաղաքացին հանգիստ կարող էր զանգել քաղաքապետարանի թեժ գիծ եւ ասել, թե այս ու այն մայթը մաքրված չէ եւ այլն: Ու շատ ուրախալի մի փաստ նշեմ նաեւ: Երբ թեժ գիծը զբաղված էր լինում ու չէին պատասխանում այդ պահին, մի քանի րոպե անց հետ էին զանգում՝ ներողություն խնդրելով եւ արձագանքը գրանցելով:

Չդադարող ձյան տեղումներին զուգահեռ ձնամաքրման աշխատանքները շարունակվեցին այս օրերին: Երեկ ամբողջ օրվա ընթացքում շարունակվեց ձնամաքրումն ու ձնահեռացումը, փողոցների ու մայթերի աղի ու ավազի խառնուրդով մշակումը: Մայթերին արահետներ էին բացում, այգիների մուտքն էր բացվում:

Այս ամբողջ պատկերը, ցավոք, Երեւանից դուրս չկար: Մարզերից եկող իմ գործընկերները այս օրերին մի կերպ էին աշխատանքի հասնում մայրաքաղաք ու շուտ շտապում տուն՝ մարզային ճանապարհին չմնալու նպատակով: Պատասխանատուներն ասում էին՝ ձյուն է գալիս, հենց կտրվի, կմաքրենք: Այս տրամաբանությամբ՝ մաքրեք արեւը դուրս գալուն պես: Մի խոսքով, այս ձնառատ օրերը, երբ մասնագետներն իրենք էին զարմացած տեղումնառատությունից, իմ կյանքի երեւի այն եզակի պահերից էին, որ չափսոսացի Երեւանում ապրելուս համար…

Աստղինե Քարամյան

* * *

Դե սպասեք

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակչությանը հուզող հարցերին եւ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով հանձնարարել է քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարներից բացի, հանրության համար հասանելի դարձնել նաեւ աշխատակազմի վերահսկողության եւ իրավաբանական վարչությունների պետերի բջջայինների հեռախոսահամարները: Այսպիսով՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանի բջջայինի հեռախոսահամարն է 098-16-66-61: Իսկ իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի բջջայինի հեռախոսահամարն է 098-55-22-33:

«Լուսանցք» թիվ 43 (433), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։