Ապրիլյան չօգտագործված հնարավորություն – «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումը կարող է նպաստել ԼՂՀ անկախության ճանաչմանը… Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումները ԵՄ հատուկ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ…

Միջազգային իրավունքի ֆրանսահայ մասնագետ Րաֆֆի Գալֆայանը հայտնել է, որ «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումը կարող է նպաստել ԼՂՀ անկախության հռչակագրի միջազգային ճանաչման գործընթացում»: Նման կարծիք նա հայտնել է «ԼՂՀ հակամարտությունը եւ «անջատում հանուն փրկության» սկզբունքը» խորագրով ֆորում-քննարկման ժամանակ, ապա հավելել է, որ իր ստեղծման ակունքներում ինքնորոշման իրավունքը չի նախատեսել որեւէ երկրի տարածքի անջատում. «Այն մասնավորապես իրենից ներկայացրել է պետության կողմից մարդկանց խմբի որոշակի իրավունքների ու անվտանգության ապահովում:

Ըստ բանախոսի՝ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ դա չէր կարող կիրառվել տվյալ երկրի իշխանությունների համաձայանության բացակայության պարագայում: Սակայն, ժամանակի ընթացքում այս սկզբունքը լրացվել է եւ ի հայտ է եկել ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ինքնորոշման սկզբունք, այն է՝ անջատում տվյալ երկրից: Որպես արտաքին ինքնորոշման իրավունքի կիրառման օրինակ՝ մեջբերվել են Կոսովոյի անկախացման ժամանակ միջազգային դատարանի կողմից առաջ քաշված 4 հիմնական չափորոշիչները:  

  1. Մարդկանց խումբը, պետք է նույնականացվի տվյալ երկրի տարածքում:
  2. Այն պետք է որոշակիորեն կապված լինի՝ այն է խիտ բնակվի տվյալ երկրի որոշակի տարածքում, եւ այս առումով նշվել է, որ արցախահայությունը չէր կարողանա օգտվել իր արտաքին ինքնորոշման իրավունքից, եթե սփռված լիներ ամբողջ Ադրբեջանի տարածքով մեկ:
  3. Կարեւորագույն պայմանը տվյալ տարածքում՝ անկլավում, մեծամասնություն կազմելու հանգամանքն է:
  4. Սույն չափորոշիչն այն է, որ արտաքին ինքնորոշման իրավունքը կարող է կիրառվել միայն այն պարագայում, երբ բազմիցս խախտվել են տվյալ մարդկանց խմբի իրավունքները, վտանգի տակ է գոյության իրավունքը, եւ որեւէ հույս չկա դրանց վերականգնման ուղղությամբ:

Ֆրանսահայ մասնագետի խոսքով՝ մեկ այլ բանաձեւում, որպես ինքնորոշման իրավունքի պայման, հստակ մատնանշվում է համայն հայության համար քաջածանոթ «ցեղասպանություն» եզրույթը: Անդրադառնալով Արցախի անկախության հռչակագրի միջազգային ճանաչման հնարավորությանը՝ նա զուգահեռներ անցակացրեց Կոսովոյի անկախության հռչակագրի միջազգային դատարանի կողմից օրինական ճանաչման հետ:

Նշեց, որ Սերբիայի հարցմանն ի պատասխան միջազգային դատարանը նշել էր, որ միջազգային իրավունքը չի արգելում անկախության հռչակումը. որպես Կոսովոյի ինքնորոշման, անկախության հիմք դատարանը նշել էր, որ անկախություն հռչակելիս Կոսովոն ուժ չէր կիրառել իր ավելի քան տասնամյա միջանկյալ կարգավիճակի ընթացքում, ապացուցել էր իր պետական կենսունակությունը:

Նույնը, հայազգի մասնագետի դիտարկմամբ, հնարավոր է Արցախի պարագայում: Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին՝ նա իրավացիորեն նշել է, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն չօգտվեցին ընձեռնված հնարավորությունից եւ միջազգային քննարկման առարկա չդարձրեցին ադրբեջանական կողմի գործած վայրագությունները, ՀՀ-ն կարող էր դիմել ՄԱԿ-ի ռասսայական խտրականությունների հանձնաժողովին, իսկ ԼՂՀ-ն՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդին. «Վեջինին դիմելու համար ամենեւին պարտադիր չէ լինել ճանաչված պետություն»: Այսպիսով՝ հայկական կողմը կորցրեց ԼՂՀ կարգավիճակի հարցը միջազգային ատյաններ տեղափոխելու եւս մեկ հնարավորություն:

Իսկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այս օրերին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. «1991թ. մենք իրականություն դարձրինք մեր պապերի նվիրական իղձերն ու ձգտումները՝ հռչակելով պետական անկախություն եւ հաստատակամորեն ընթանալով ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով: Այդ ճանապարհին ունեցանք անդառնալի կորուստներ, հաղթահարեցինք մեծ դժվարություններ ու փորձություներ ու շնորհիվ մեր ժողովրդի աներեր կամքի ու անսասան ոգու՝ կարողացանք միասնաբար արձանագրել կարեւորագույն հաղթանակներ՝ տեր կանգնելով մեր հող ու ջրին, մեր ներկային ու ապագային, որն անպայման կլինի պայծառ ու լուսավոր: Մենք այլ ճանապարհ չգիտենք»:

Ըստ հայկական 2-րդ պետության ղեկավարի՝ 2006թ. համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց երկրի 1-ին Սահմանադրությունը, որը դարձավ ազատ, անկախ, հզոր պետություն կառուցելու արցախցիների կամարտահայտության եւս մեկ վկայությունը, «փաստեց երկրի բնակչության հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին եւ համամարդկային արժեքներին»: Նախագահը անգնահատելի է համարել «Մայր օրենքի դերակատարությունն Արցախի նորագույն պատմության մեջ»:

Արտակ Հայոցյան

* * *

ԵԱՀԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Քարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Մեր նախարարն ընդգծել է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին։

Համբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարներ Միխեիլ Ջանելիձեին եւ Էլմար մամեդյարովին։ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստանի Դաշնություն), Ջեյմս Ուորլիքի (Միացյալ Նահանգներ) եւ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպեսեւ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

«Լուսանցք» թիվ 43 (433), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։