Ընտրություն՝ վարչապետական հեռանկարով – Քաղաքական ուժերը, ժողովրդավարական, ազգային-հայրենասիրական, թե ազգայնական … բանակցությունների մեջ են եւ 2017-ի սկզբներին կխոսեն իրենց մասնակցության ձեւաչափերի մասին…

Հայաստանի քաղաքական դաշտը նոր տվայտանքների մեջ է, հատկապես հին ու նոր իշխանություններն ու ընդդիմությունները վերադասավորման փուլում են, որն ընթանում է ներքին ու արտաքին ուղղություններով՝ որոշակի բանակցություններին զուգահեռ:

«2017թ. սպասվելիք ԱԺ ընտրությունները Հայաստանի համար կարեւոր մարտահրավերներ են»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր  Սվիտալսկին, ապա հավելել, որ այդ գործընթացի տխուր մաս է կազմում կոռուպցիան։ Նա հույս է հայտնել, որ միասին հնարավոր կլինի բնակիչներին հասկացնել, որ  կաշառք ընդունելը  չէ երկրի ապագան փոխելու ճանապարհը: «Ձեր ապագան 10 հազար դրամ չարժե»,- ասել է եվրագործիչը, ով նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում ճիշտ չէ մեղադրել միայն պաշտոնյաներին, «յուրաքանչյուրն ինքը պետք է պայքարի, Հայաստանը պետք է մերժի կոռուպցիան, վերացնի կաշառքը ոստիկանությունում, դատարաններում, դպրոցում…»: Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարում կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը, թեեւ վերջինս այդ հարցում թերացել է։

Մինչ Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից կհնչեն նոր հայտարարություններ, Հայաստանում արդեն գործընթացները ծավալվել են:

Հայաստանի ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության նիստում քննարկվել է համագումարի ընդունելիք բանաձեւի նախագիծը եւ հստակ է, որ ՀԱԿ-ականները լրջորեն պատրաստվում են գալիք ընտրություններին: Հայտնի է, որ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ով խորհրդարան է անցել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի միջոցով, այս պահին ամենահանգիստն է մյուս ոչ ՀԱԿ-ական թեկնածուներից: ՀԺԿ նախագահը շարունակում է շփվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ կարծիք կա, որ նա նորից ընտրության կգնա ՀԱԿ-ի հետ՝ ստանալով անցողիկ համար համամասնական ցուցակում:

ՀՀ 1-ին նախագահն էլ ամեն առիթով իր հատուկ վերաբերմունքն է ցույց տալիս Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ:

Քննարկվում է նաեւ այն հարցը, որ ՀԱԿ ցուցակը կարող է գլխավորել Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը ոմանց կարծիքով առավել անկանխատեսելի կդարձնի նախընտրական պայքարը:  

Ինչպես սպասվում էր, ինչպես արդեն ընդունված է, բոլոր նախընտրական գործընթացներից առաջ ստեղծվում են կուսակցություններ, առաջանում են դաշինքներ եւ ամեն ինչ կատարվում է չոր հաշվարկից ելնելով: Քաղաքական ուժերի ստեղծման գործընթացն արդեն հունի մեջ է մտել, չի բացառվում, որ կուսակցությունների թիվը նորից 100-ին կմոտենա, իսկ դաշինքների առումով դեռ բանակցային ընթացքին ենք ականատես:

Վերլուծաբանները չեն բացառել, որ նախկին «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), որ «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) է դարձել, հնարավոր է նորից դաշինք կազմի իշխող կուսակցության հետ: Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) թերեւս միայնակ կմասնակցի ընտրությանը եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կարող է նոր դաշինք կազմել: Խոսում են նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հնարավոր դաշինքի մասին, սակայն դա այսօր քիչ հավանական է թվում: Անգամ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվող այս քաշքշուկը՝ քաղաքական դաշտ վերադարձը, կապում են այդ բանակցությունների հետ…

Հայաստանում ձեւավորվեց առաջին նախընտրական դաշինքը՝ 3 քաղաքական ուժեր եկան վերջնական համաձայնության: «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստորագրեցին 2017թ. խորհրդարանական ընտրություններին համատեղ համագործակցության վերաբերյալ հուշագիր: Փաստաթղթի ներքո ստորագրեցին այդ քաղաքական ուժերի ղեկավարները՝ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եւ Սասուն Միքայելյանը: Կողմերն արձանագրեցին, որ «իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա եւ նպատակ ունի երկրում ապահովել երկարատեւ ու կայուն զարգացումը»:

Ինչ մնում է ԲՀԿ-ին, ապա ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, ոչ ոքի համար

գաղտնիք չէր, որ տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի քաղաքական ռեինկարնացիա. «Դա միգուցե սպասվող, բայց մյուս կողմից հասկանալի է, որ այդ հանգամանքը բխում է իշխանությունների, ԲՀԿ ղեկավարի եւ իր թիմի շահերից»: Նրա խոսքով՝ հասկանալի է, որ այդ քաղաքական ուժը ներառում է բավականին լուրջ ֆինանսական, մարդկային ռեսուրսներ, որոնք միշտ չէ, որ տեսանելի են ՀՀ քաղաքական դաշտում. բացառությամբ իշխող կուսակցությունների, կիսաընդդիմադիր, ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը միշտ կամ քաղաքական, կամ մարդկային, կամ ֆինանսական ռեսուրսների խնդիր են ունեցել:

«Գագիկ Ծառուկյանի դեպքում, համենայնդեպս, մինչեւ հայտնի իրադարաձությունները, իր կուսակցությունն ի վիճակի էր դա որոշ չափով սինթեզել: Արդյոք այս ռեինկարնացիայից հետո Գագիկ Ծառուկյանը եւ իր թիմը ի վիճակի կլինեն հասնեն ու վերականգնեն ռեսուրսները, որ ունին, ցույց կտա ժամանակը»,- ասել է քաղաքագետը:

«Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի եւ քաղաքական գործընթացների համար անհրաժեշտություն է, որովհետեւ 1,5-2 տարի նրա՝ ակտիվ քաղաքականությունից ժամանակավոր հեռանալը ցույց տվեց, որ այդ տեղը չլրացվեց»,- ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Այսպես են մտածում այլ ԲՀԿ-ականներ եւս, սակայն սա միայն ցանկություն է:

Այստեղ մի հարց պետք է հնչեցնել,  արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը տեղ ուներ քաղաքական դաշտում եւ պիտի գա իր տեղը: Եթե գործիչը տեղ է ունենում՝ նրան այդտեղից հանել հնարավոր չէ, բայց՝ եղավ հնարավոր, անգամ շատ նվաստացուցիչ ձեւով:

Հիմա ու՞ր է ցանկանում վերադառնալ ԲՀԿ-ի հեղինակը, այնտեղ, որտեղից նորից դուրս կհանե՞ն, եթե գա ժամանակը…

Իսկ ՀՀԿ խմբացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ՀԱԿ-ը համարում է կիսաքայքայման եզրին գտնվող խմբակցություններ: Կարծում ենք՝ նա այսպիսով ցանկանում է հասկացնել, որ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ինչպես նախորդ ընտրություններում, այս անգամ եւս հնարավորություն չունեն ինքնուրույն մտնել խորհրդարան եւ կդիմեն իրենց աջակցությանը՝ ինչպես նախորդ անգամ: Ըստ վերլուծաբանների, այդ աջակցությունից օգտվեցին նաեւ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունն ամենամեծ աջակցություն ստացողը եղավ 2013-ին, քանի որ նշյալ ուժերի կարողությունները հաստատ բավարար չէին ամբողջ Հայաստանում անհրաժեշտ ձայները հավաքելու համար:

Դառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձին՝ նշենք, որ նրա կուսակիցները ամեն բան անում են, որպեսզի հիմնավորեն, թե իրենց ղեկավարի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված չէ: ԲՀԿ ներկա նախագահը՝ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, թե «ասում եմ՝ ոչ, չի համաձայնեցրել, իսկ թե մարդկային առումով ի՞նչ են քննարկում երկու մարդիկ, ովքեր ունեն նորմալ մարդկային

հարաբերություններ, ես կարծում եմ, որ դա ոչ իմ, ոչ էլ որեւէ մեկի գործն է»:

Կարելի էր համաձայնել, եթե նորից չհիշվեր, թե ինչպես է հեռացել ԲՀԿ ղեկավարը, ինչպիսի «նորմալ մարդկային հարաբերությունների» եւ բնորոշումների պայմաններում…

Մի նոր հնարավոր դաշինքի մասին է նաեւ խոսվում, Վարդան Օսկանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սեյրան Օհանյանի հնարավոր համագործակցության մասին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե չի բացառվում, որ նախընտրական դաշինք կազմեն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Նա չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք այս դաշինքը կարող է լուրջ մրցակից լինել: «Երբ գոյություն կունենա, կտեսնենք՝ աջակցություն ունի ժողովրդի կողմից, թե ոչ, այդ ժամանակ կխոսենք: Ես չեմ ցանկանում հիմա օդի մեջ վերացական մտքեր արտահայտել»,- նշել է նա: Նրա խոսքերով՝ Արամ Սարգսյան – Էդմոն Մարուքյան – Նիկոլ Փաշինյան միությունից հետո, ընդդիմադիր դաշտում հնարավոր է նոր դաշինքներ լինեն, գուցե մեկն էլ սա լինի:

Սակայն «Ժառանգություն»-ը առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ եւ, ըստ ամենայնի, կուսակցությունը կհայտարարի ընտրություններին միայնակ մասնակցելու մասին, քանի որ այդ ուժի առանցքային  գործիչներից մեկը՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դեմ է դաշինքով մասնակցությանը եւ նրան հաջողվել է Րաֆֆի Հովհաննիսյանին եւս համոզել որեւէ դաշինքի չմիանալ։ Այս որոշմանը շարունակում է դեմ հանդես գալ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Քաղաքական մյուս ուժերը, ժողովրդավարական, ազգային-հայրենասիրական, թե ազգայնական, բանակցությունների մեջ են եւ միայն հաջորդ տարվա սկզբներին կխոսեն իրենց մասնակցության ձեւաչափերի մասին:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 43 (433), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։