Անդրադարձ.- մարզական աշխարհի տարեվերջյան խաչմերուկներ – Երբ վեր է խոյանում երկրի դրոշը եւ հնչում է հիմնը… Մերոնք 170 մեդալ են նվաճել… Եվս մեկ հայի (բռնցքամարտիկ Միշա Ալոյանի) մեդալազրկում՝ Միհրան Հարությունյանից հետո… Տարվա լավագույն մարզիկը՝ Արթուր Ալեքսանյան… Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ… Շախմատային խաչմերուկ… Մարզական այլ լուրեր…

Անդրադարձ. մարզական աշխարհի տարեվերջյան խաչմերուկներ

Երբ վեր է խոյանում երկրի դրոշը եւ հնչում է հիմնը

Նախորդ տարեվերջին Հայաստանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին, նա մասնակցեց Հայաստանի 10 լավագույն մարզիկների մեծարման ու պարգեւատրման հանդիսավոր արարողությանը:

Խոսելով սպորտային իրադարձություններով եւ հաջողություններով լի անցնող 2016թ. մասին՝ նախագահը մարզաշխարհի համար ամենակարեւոր իրադարձությունը համարել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն՝ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստան բերելով օլիմպիական ոսկին: Ինչպես դա, այնպես էլ 2016թ. աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնություններում շահած մեդալները, երկրի ղեկավարի համոզմամբ, տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են: Նախագահը վստահեցրեց, որ պետությունը շարունակելու է ամեն տարի ավելացնել սպորտին ուղղված միջոցները. «Ես ուրախ եմ, որ Հայաստանում ամեն տարի նոր մարզադահլիճներ, նոր մարզադպրոցներ են շահագործման հանձնվում եւ, իհարկե, շատ գնահատելի է, որ դա տեղի է ունենում պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում նաեւ: Շահագործման հանձնվեց, օրինակ, օլիմպիական կոմիտեի ամբողջ համալիրը, վերջերս շահագործման հանձնեցինք Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճները՝ շքեղ, մեծ, հարմարավետ, ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող: Այսպես կարող եմ շահագործման հանձնված մարզադաշտերի ու մարզադպրոցների թվարկումը շարունակել: Երբ մեր հրաշալի մարզիկները աշխարհի տարբեր վայրերում, տարբեր սպորտային հարթակներում վեր են խոյացնում Հայաստանի եռագույնը կամ հնչեցնում են մեր հիմնը, բնական է, որ յուրաքանչյուր հայ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի հպարտությամբ է լցվում: Բայց կարեւորը, կարծում եմ, նաեւ այն է, որ նրանք դառնում են խորհրդանիշներ, ու երիտասարդ սերունդը, երեխաները սկսում են հետեւել նրանց»:

Սերժ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ Հայաստանը դարձել է շախմատային երկիր, որովհետեւ, նախ եւ առաջ ունեցանք Տիգրան Պետրոսյան: Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, չնայած առաջնությունն այնքան էլ հաջող չի գնում, բայց, ըստ նախագահի, ֆուտբոլը մեծ ապագա ունի մեր երկրում, որովհետեւ այս միջոցառմանը նոերկա են «Արարատ 73»-ի տղաները, ովքեր ուղղակի մեզ հպարտության զգացում են ներարկում: Վստահությունն ավելանում է, երբ Հենրիխ Մխիթարյանն իր նոր գոլերով հազարավոր երիտասարդների, երեխաների հպարտություն է ներշնչում: Իսկ այն փաստը, որ Արթուր Ալեքսանյանը Ռիոյում դարձավ օլիմպիական չեմպիոն, դա ոգեւորել է բոլոր հայ մարզիկներին:

Մերոնք 170 մեդալ են նվաճել

2016թ. ամփոփելով՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նշեց, որ անցած մարզական տարում հայ մարզիկները՝ մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաեւ 4 օլիմպիական մեդալ: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը:

2016թ. մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե եւ 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե եւ 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաեւ հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:  

Եվս մեկ հայի մեդալազրկում՝ Միհրան Հարությունյանից հետո

Ոչ միայն հայությունը, այլեւ մարզաշխարհի արդար պայքարի բոլոր կողմնակիցները դեռ լավ են հիշում, թե ինչպես Հայաստանը զրկվեց 2-րդ օլիմպիական ոսկե մեդալից, երբ Ռիոյի հունա-հռոմեական ըմբշամարտի մրցաշարում հաղթած Միհիան Հարությունյանը մրցավարի կողմից պարտված ճանաչվեց՝ արժանանալով արծաթե մեդալի: Իսկ պատճառը որպես հաղթող զինվորական կեցվածքով քայլքն էր, որով հայ մարզիկը արժանի պատասխան տվեց մրցաշարի մասնակից ադրբեջանցի մարզիկին, ով նախկինում զինվորական քայլքով, ապաեւ՝ ասուլիսյան հոխորտանքով էր հանդես եկել, երբ հաղթել էր վնասվածք ստացած, բայց մրցագորգը չլքած մեկ այլ հայ ընբիշի… Այս պատմության բողոքարկման վերջաբանը դեռ հայտնի չէ:

Եվ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանը, ով օլիմպիական արծաթե մեդալի էր արժանացել, նույնպես զրկվել է, բայց իր բժիշկների անփութության պատճառով։ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը մարզիկին զրկել է մեդալից՝ մեղադրելով տուամինոհեպտան օգտագործելու մեջ։

Նրա խոսքերով՝ դա եղել է քթի համար նախատեսված կաթիլների մեջ, եւ բժիշկները մոռացել են ձեւակերպել թերապեւտիկ բացառությունը։ «Բողոքարկումը կատարված է։ Գործի քննության ժամկետները բացակայում են, իսկ հնարավորությունները հավասար են»,- մարզիկի շահերի պաշտպանի՝ իրավաբան Արտյոմ Պացեւի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։

Պետական կոչումներին արժանի

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը նախարարության դահլիճում «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհել ու համանուն կրծքանշանով եւ վկայականով պարգեւատրել հետեւյալ մարզիկներին. Ասյա Լալազարյանին եւ Հովհաննես Ալեքսանյանին (սամբո), Վահան Սարոյանին, Նարեկ Մակարյանին, Արարատ Շահինյանին, Ռազմիկ Ալեքսանյանին, Կարեն Հովհաննիսյանին, Նվեր Ղարիբյանին, Ռուդիկ Ավդալյանին, Վիլյամ Սարոյանին եւ Սերգեյ Ալվանյանին (պաուերլիֆտինգ):

Նախարարը մեկ այլ հրամանով «ՀՀ սպորտի վարպետ» մարզական կոչումներ է շնորհել տարբեր մարզաձեւերը ներկայացնող 20 մարզիկների. Բաբկեն Բագրատյանին (ծանրամարտ), Երվանդ Մկրտչյանին (աթլետիկա), Հենրիկ Նիկողոսյանին, Լուսինե Չոբանյանին եւ Մարինա Դավթյանին (թենիս), Կլարա Սիմոնյանին, Ամալյա Ալեքսանյանին, Ռիմա Հովհաննիսյանին եւ Միլենա Հովհաննիսյանին  (գեղարվեստական մարմնամարզություն), Դավիթ Դադիկյանին (բազկամարտ), Մուշեղ Հովսեփյանին (սամբո), Արթուր Եղոյանին (դահուկավազք), Մալխաս Ամոյանին (հունա-հռոմեական ըմբշամարտ), Ալլա Պողոսյանին եւ Ալեքսանդր Անդրեասյանին (գնդակային հրաձգություն), Գուրգեն Հովհաննիսյանին (բռնցքամարտ), Արթուր Սաֆարյանին, Անի Հակոբյանին, Ռազմիկ Ալեքսանյանին եւ Գեւորգ Գասպարյանին (վոլեյբոլ):

Տարվա լավագույն մարզիկը՝ Արթուր Ալեքսանյան

Դեկտեմբերի 20-ին ամփոփվեց 2016թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության հարցումը։ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանի խոսքերով՝ լավագույններին ընտրելու բարի ավանդույթը եկել է հնուց: Այն նպատակ է հետապնդում ոգեշնչել մարզիկներին, որպեսզի նրանք հաջորդ տարիներին ավելացնեն մեդալների քանակը եւ ավելի շատ բարձրացնեն հայկական դրոշը՝ միջազգային մրցահարթակում: Քվեարկությանը մասնակցել են 7 տարի աշխատանքային փորձ ունեցող եւ իսկապես գործող մարզական լրագրողները: Ըստ կանոնակարգի, ցանկում ընդգրկվել են 2016թ. Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մեդալակիրները, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթողները, աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների, պատանիների առաջնություններում հաջողություններ գրանցած մարզիկները:

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2016թ. լավագույն մարզիկ՝ մարզական լրագրողների քվեարկության արդյունքների հիման վրա:

Լավագույն տասնյակը՝ 1. Արթուր Ալեքսանյան հ/հ ըմբշամարտ, 2. Միհրան Հարությունյան հ/հ ըմբշամարտ, 3. Սիմոն Մարտիրոսյան ծանրամարտ, 4. Գոռ Մինասյան ծանրամարտ, 5. Նազիկ Ավդալյան ծանրամարտ, 6. Հարություն Մերդինյան սպորտային մարմնամարզություն, 7. Անդրանիկ Կարապետյան ծանրամարտ, 8. Հռիփսիմե Խուրշուդյան ծանրամարտ, 9. Վարշամ Բորանյան հ/հ ըմբշամարտ, 10. Արթուր Դավթյան սպորտային մարմնամարզություն:

Հենրիխին մոռացել էին

Մինչ լավագույն հայ մարզիկի ճանաչումը, կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հանդես եկավ թեմայից դուրս հայտարարությամբ: Նա իր դժգոհությունը արտահայտեց Մարզական լրագրողների ակումբի կազմած ցանկից, ըստ որի՝ տարեվերջին հայտարարվում են տարվա լավագույն մարզիկների անունները. «Ամեն անգամ այդ ցանկից հետեւողականորեն դուրս են թողնում մեր հպարտություն հանդիսացող Հենրիխ Մխիթարյանին: Նա մեր դեսպանն է աշխարհում, երբ համացանցում նրա անունը փնտրում եք, բերում  է 9 միլիոն դիտում, նա անում է շատ ավելին մեր երկրի ճանաչողության համար, քան 10 նախարարություն կամ սպորտի կոմիտե: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ չափանիշներով են կազմվում այդ ցանկերը. մեթոդոլոգիայի հիմքում Հայաստան բերած մեդալնե՞րն են: Վերջում ուզում եմ ասել՝ մենք հպարտանում ենք Հենրիխ Մխիթարյանով»:

Դահլիճը ակտիվ արձագանքեց նրան: Հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը, ով սպասում էր իր ներկայացրած նախագծի վերաբերյալ հարցի, տարակուսած լսում էր, ապա՝ ծիծաղելով հարցրեց. «Ես բան ունե՞մ ասելու… Համաձայն եմ ձեզ հետ»:

«Red Eagles». Հենրիխ Մխիթարյանը մարզիկ չէ՞

Հայաստանում գործող «Red Eagles» ֆուտբոլային ֆան ակումբը «Բաց նամակ» էր գրել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ 2016թ. Հայաստանի լավագույն 10 մարզիկների շարքում չընդգրկելու թեմային:

«Ֆուտբոլը մարզաձեւ չէ՞, ինչ է: Հենրիխ Մխիթարյանը մարզիկ չէ՞: Կանոններ ունե՞ք: Կանոնները կարելի է վերանայել, իսկ նոր Մխիթարյան մենք մոտակա տասնամյակներում հազիվ թե ունենանք, բա էլ ե՞րբ եք մեծարելու նրան: Ի դեպ՝ միանգամայն արժանի ու վաստակած մեծարանքով»:

«Արդեն սովորական դարձած երեւույթ է՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը համառորեն չի ցանկանում ընդունել, որ աշխարհում եւ Հայաստանում համար 1 մարզաձեւը ֆուտբոլն է, հետո նոր մյուսները: Սպորտի նախարարության ու Օլիմպիական կոմիտեի վատ հարաբերությունները ՀՖՖ-ի հետ ոչ մեկի համար գաղտնիք չեն, բայց կան անհերքելի ճշմարտություններ, որոնք դրանից չպետք է խամրեն: Ի՞նչ խոսք, Արթուր Ալեքսանյանը միանշանակ արժանի էր լավագույնի կոչմանը, Օլիմպիական խաղերից մեդալներ բերած մեր մյուս 3 մարզիկները՝ նույնպես: Չնսեմացնենք որեւէ մեկին: Պարզապես ասացեք խնդրեմ, այդ անհայտ Մարզական լրագրողների ֆեդերացիայում մի՞թե հնարավոր է նման համերաշխություն, որ բոլորը մտածեն այնպես, ինչպես մեր սպորտի նախարարությունը: Գուցե ժամանա՞կն է արդարամտությունը վերականգնելու ու արհեստականորեն ստեղծած կանոնները վերանայելու: Գուցե ժամանա՞կն է հասկանալու, որ Հենրիխ Մխիթարյանն ամեն օր է այս երկրի համար ինչ-որ բան անում: Ու դուք էլ ամեն օր եք պատերի տակ հպարտանում Մխիթարյանով: Մի վախեցեք այդ մասին բարձրաձայնել»,- հավելել են ֆան ակումբի ներկայացուցիչները:

- Իսկ Հենրիխ Մխիթարյանը, ով շարունակում է ուժեղացնել իր խաղն Անգլիայի առաջնությունում, ում մինչեւ քվեարկության ավարտը հարցրել էին այս մասին, համեստորեն պատասխանել էր, թե կարիք չկա աղմկելու, «հարմար չեն գտել, չեն քվեարկել, խնդրում եմ այսքանով փակել այս հարցը»…

Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը Eurosport.uk-ի կողմից ճանաչվել էր տարեվերջյան շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

Մեր հավաքականի կիսապաշտպանը հավաքել էր ամենաշատ ձայները՝ 1400: Նրան հաջորդում էր «Լեսթեր»-ի ֆուտբոլիստ Ջիմի Վարդին, իսկ եռյակի վերջում հանրահայտ Մեսութ Օզիլլն է:

«Սանդերլենդ»-ին խփած գոլը լավագույնն է իմ կարիերայում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Սանդերլենդ»-ի հետ Անգլիայի առաջնության 18-րդ փուլի խաղում աչքի է ընկել գեղեցիկ գոլով, շեշտել է, որ դա իր կարիերայի լավագույն գոլն է։ Հայ ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է մտել 62-րդ րոպեին, ընդամենը 23 րոպե անց կրնկով հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Դա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Մխիթարյանի 3-րդ գոլն էր բոլոր մրցաշարերում ու 2-րդը՝ Պրեմիեր լիգայում։

«Դա լավագույն գոլն է, որը երբեւէ խփել եմ,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։ – Հուզումնալից էր։ Նախ նայեցի մրցավարի օգնականին ու տեսա, որ խաղից դուրս վիճակ չկա, կարելի է նշել։ Այդ դրվագում սպասում էի գնդակը ստանալ առջեւում, սակայն այլ կերպ ստացվեց։ Միակ բանը, որ կարող էի անել, կրնկով գնդակի ուղղությունը շեղելն էր, ինչն ինձ հաջողվեց»։

Իսկ մինչ այդ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջապես խփել էր երկար սպասված իր 1-ին գոլը անգլիական թիմի կազմում: Դա տեղի էր ուենցել ուկրաինական «Զարյա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղում: Մեր ֆուտբոլիստը հանդիպման 48-րդ րոպեին գեղեցիկ անհատական անցում ձեռնարկեց եւ հաշվենկատ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը երկար ժամանակ հանդես է եկել Ուկրաինայի առաջնությունում՝ Դոնեցկի «Շախտյոր»-ի կազմում, դառնալով այդ երկրի առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Իսկ «Տոտենհեմ»-ի դեմ խաղում Հայաստանի ազգային թիմի ավագը դարձավ միակ եւ հաղթական գոլի հեղինակ, սակայն վնասվածք ստացավ:

Անգլիայի առաջնության 19-րդ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Միդլսբրո» խաղին մասնակցած հայ ֆուտբոլիստը օգնեց հաջողության հասնել տարեվերջյան խաղում: Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ մասնակցեց ամբողջ խաղին:

«Մխիթարյանն իր կարիերայի ամենագեղեցիկ գոլը խփեց»…

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն Անգլիայի առաջնության հերթական փուլի խաղում 3։1 հաշվով առավելության հասավ «Սանդերլենդ»-ի նկատմամբ։ 3-րդ գոլի հեղինակը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն էր։ Կատարման արվեստով դա եզակի գոլ է եւ կարող է հավակնել մրցաշրջանի լավագույն գոլի կարգավիճակին։ Կա միայն մեկ հանգամանք, որը կարող է պատճառ դառնալ, որ այդ գոլը չընդգրկվի լավագույնների շարքում. այն խփվեց խաղից դուրս վիճակից, սակայն մրցավարը չնկատեց դա ու արձանագրեց դարպասի գրավումը։ Նույնիսկ եզրային մրցավարն այնքան էր հիացած այդ գոլով, որ որոշեց գրանցել այն։

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայ ֆուտբոլիստի հրաշք գոլին անդրադարձել է նաեւ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ «Կարծում եմ՝ նա խփեց իր կարիերայի ամենագեղեցիկ գոլը։ Բայց Հենրիխը ոչ միայն գոլեր է խփում, այլեւ աշխատում է պաշտպանությունում, ինչպես նաեւ ավելացնում թիմի ստեղծագործական խաղը։ Ես շատ ուրախ եմ, որ նա վնասվածքից հետո վերադարձել է ու կրկին երջանկություն ու տրիբունաների սերն զգաց։ Դա շատ կարեւոր է նրա համար»։

«Ամենաշատն ուրախացել եմ Թուրքիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո»

Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր ֆուտբոլային կուռքերի, կարիերայի ամենատպավորիչ գոլի մասին, ինչպես նաեւ հույս հայտնել, որ նա դեռ բազմաթիվ գնդակներ կխփի մանկունյանցիների կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդին» սկսել եմ հետեւել դեռեւս Էրիկ Կանտոնայի ժամանակներից: Սիրում էի նրա, ինչպես նաեւ Անդրեյ Կանչելսկիսի խաղը: Վերջինս ռուս ֆուտբոլիստ էր եւ բավական հետաքրքիր: Սակայն ամենամեծ կուռքս էր Ալեքս Ֆերգյուսոնը:

Երբ դարձա ֆուտբոլիստ, սկսեցի երկրպագել Զինեդին Զիդանին: Ինձ դուր էր գալիս ոչ միայն այն, թե ֆրանսիացին ինչ էր անում խաղադաշտում, այլեւ նրա առաջատարի որակները: Նա միշտ խոսում էր թիմակիցների հետ եւ օգնում նրանց»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը շեշտել է, որ նախապաշարմունք չունի եւ մեծանալով հասկացել է, որ ամեն ինչ իր գլխում է: Խոսելով իր լավագույն գոլի մասին՝ Մխիթարյանն առանձնացրել է Թուրքիայի հավաքականի դարպասը խփած գնդակը: «Ամենաշատն ուրախացել եմ Հայաստանի երիտասարդական թիմի կազմում Թուրքիայի ընտրանուն խփած գոլի ժամանակ (2009): Չափազանց կարեւոր հանդիպում էր մեզ համար, եւ հաղթական գոլի հեղինակ դարձա վերջին րոպեներին: Աննկարագրելի զգացողություններ էին, որոնք ունեցել եմ գոլ խփելուց հետո: Չգիտեմ, թե որն է լավագույն գոլս, քանի որ դրանք շատ են: Հույս ունեմ, որ դեռ բազմաթիվ գոլեր կխփեմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում»,- ասել նա:

Մխիթարյանը տեխնիկան համատեղում է խաղային ռիթմի հետ

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` շեշտելով, որ մանկունյանցիներն այժմ սկսել են ճիշտ օգտագործել հայ ֆուտբոլիստին: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հիմա բոլորովին այլ տեսք ունի` ավելի վստահ է հանդես գալիս եւ հավատում է սեփական ուժերին, իսկ ֆուտբոլիստներն սկսել են ավելի լավ հասկանալ իրար:

Մանկունյանցիներն այժմ ճիշտ են օգտագործում նաեւ Հենրիխ Մխիթարյանի որակները, ով համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, կարողանում է գրոհները ճիշտ ավարտել եւ դա անում է գրագետ կերպով: Նա տեխնիկական հնարավորությունները համատեղում է խաղային ռիթմի հետ, իսկ դա հազվադեպ երեւույթ է ֆուտբոլում»,- նշել է Յուրգեն Կլոպը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նվերների թվում՝ նաե՛ւ Մխիթարյանի խաղաշապիկը

«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային թիմն ամանորյա տոներին ընդառաջ տարբեր նվերներ է խաղարկում թիմի երկրպագուների միջեւ: Դրանց թվում է նաեւ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ինքնագրով մարզաշապիկը:

Խաղարկվում են գնդակներ, այլ ֆուտբոլիստների մարզաշապիկներ եւ հանդիպումների տոմսեր: Նվերները շահելու համար հարկավոր է պարզապես գրանցվել, որից հետո ակումբն արդեն պատահականության սկզբունքով ամեն օր կընտրի մեկ հաղթողի:

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

ՀՖՖ-ն էլ ամփոփեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում տարվա քվեարկության արդյունքները:

Հավաքելով 245 միավոր՝ Հայաստանի 2016թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 7-րդ անգամ իր կարիերայի ընթացքում եւ 6-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են 1-ին տեղում: 56 միավորով 2-րդ տեղն զբաղեցրել է պորտուգալական «Մարիտիմու»-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, ում անունը 17 անգամ նշվել է 2-րդ, 5 անգամ՝ 3-րդ տեղում: 45 միավորով 3-րդ հորիզոնականն զբաղեցրել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ում անունը 11 անգամ նշվել է 2-րդ, 12 անգամ՝ 3-րդ հորիզոնականում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաեւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2016թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 154 միավոր՝ տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրիի «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, ում անունը 17 անգամ նշվել է 1-ին, 22 անգամ՝ 2-րդ, 3 անգամ՝ 3-րդ հորիզոնականում: 122 միավորով 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է Երեւանի «Ալաշկերտ»-ի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ում անունը 21 անգամ նշվել է 1-ին, 3 անգամ՝ 2-րդ եւ 8 անգամ՝ 3-րդ հորիզոնականում: 59 միավորով 3-րդ հորիզոնականն զբաղեցրել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ Երեւանի «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, ում անունը 2 անգամ նշվել է 1-ին, 11 անգամ՝ 2-րդ, 16 անգամ՝ 3-րդ հորիզոնականում:

2016թ. ֆուտբոլի ազգային առաջնությունը

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 17-րդ փուլով ավարտվեց առաջնությունը՝ մրցաշրջան-2016-ը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գյումրիի «Շիրակ»-ը, որն ունի 34 միավոր, Երեւանի «Ալաշկերտ»-ը վաստակել է 30 միավոր եւ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Մայրաքաղաքի մեկ այլ թիմ՝ «Փյունիկ»-ը 3 միավոր քիչ ունի, եւ «Գանձասար-Կապան»-ի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Հենց այս 4 թիմերն էլ կպայքարեն մրցանակային տեղերի համար, քանի որ առաջնության մյուս 2 երեւանյան թիմերը՝ «Բանանց»-ն ու «Արարատ»-ը, բավականին ետ են մնացել վերը նշված քառյակից՝ համապատասխանաբար 11 եւ 21 միավորով:

Առաջնությունում երեքամսյա ընդմիջում է հայտարարվել: Հաջորդ, 18-րդ փուլը, կկայանա 2017թ. մարտի 4-5-ին: Թիմերը ձմռանը ոչ միայն կհանգստանան, այլեւ կփորձեն տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել եւ թարմացնել իրենց կազմերը:

40-րդն ենք Եվրոպայում

«Ֆրանս Ֆուտբոլ» հանրահայտ պարբերականը ամփոփելով անցած մրցաշրջանը, ավանդույթի համաձայն Եվրոպայի ազգային հավաքականներին դասակարգել է ըստ իրենց ցույց տված արդյունքների:

Աշխարհամասի 2016թ. լավագույն հավաքականը Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի ընտրանին է, որը 17 խաղում տարել է 10 հաղթանակ, կրել 3 պարտություն, խփել 42, բաց թողել 11 գնդակ: Հաջորդ 2 տեղերը զբաղերել են Ֆրանսիան ու Գերմանիան: Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այդ աղյուսակում զբաղեցնում է 40-րդ տեղը: Մեր ընտրանին անցկացրել է 8 հանդիպում: Ընկերական 4 խաղերում Հայաստանը տոնել է 2 հաղթանակ, 1 խաղ ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն է կրել, խփել է 11 գոլ, բաց թողել՝ 4-ը:

2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացրած 4 հանդիպումներում մեր թիմը տարել է ընդամենը 1 հաղթանակ՝ կրելով 3 պարտություն: Գնդակների հարաբերությունն է՝ 4-10:

Նշենք, որ «Ֆրանս Ֆուտբոլն» այս դասակարգումը վարում է սկսած 1959-ից: Վերջին 20 տարիների արդյունքներով Եվրոպայի լավագույն ազգային թիմը Իսպանիայի հավաքականն է, որը 8 անգամ զբաղեցրել է 1-ին տեղը: Հաջորդում են Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Հոլանդիայի ընտրանիները: Հայաստանի հավաքականը բացակայում է ուժեղագույնների ցուցակից, քանի որ ոչ մի անգամ չի հայտնվել լավագույն տասնյակում:

«Աշխարհի առաջնության նոր ձեւաչափը ֆինանսների առումով ավելի գայթակղիչ կլինի…

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն մեկնաբանել է աշխարհի առաջնության մասնակիցների թվաքանակի հնարավոր ավելացումը։ Հիշեցնենք, որ համաշխարհային ֆուտբոլային մարմնի ղեկավարը ցանկանում է մասնակիցների թիվը 32-ից դարձնել 48, որոնք կբաժանվեն 16 խմբի՝ 3-ական թիմով։

«Աշխարհի առաջնության նոր ձեւաչափը մասնակիցների համար ավելի գայթակղիչ կլինի ֆինանսների առումով,- Ինֆանտինոյի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Այդ դեպքում մեծ դեր կկատարի մարզական բաղադրիչը, որովհետեւ յուրաքանչյուր խաղ շատ կարեւոր կլինի։ Այդ ձեւաչափը ֆուտբոլի զարգացման խթան կլինի եւ կավելացնի մարզաձեւի նկատմամբ հետաքրքրությունը ողջ աշխարհում»։

Ավելացնենք, որ ազգային ասոցիացիաների մեծ մասը պաշտպանում է Ջաննի Ինֆանտինոյի նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ 2010-2015թթ. ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը ՖԻՖԱ-ն ու

Իսպանիան կպայքարի ՖԻՖԱ-ի նախագահի դեմ

Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգան մտադիր է բողոքարկել ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի որոշումը՝ կապված աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացման հետ: Ինչպես նշում է «Մարկա» թերթը, ԻՖՊԼ-ի նախագահ Խավիեր Տեբասը պատրաստվում է դիմել Բրյուսելի եւ Նիոնի դատարաններին: Իսպանիայի ակումբային ֆուտբոլի ղեկավարն այդ մասին անձամբ հայտնել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին:

Խավիեր Տեբասը խստորեն քննադատել է վերջինիս առաջարկությունը՝ աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 48-ի հասցնելու համար: Ըստ իսպանացու, ՖԻՖԱ-ն այդ որոշումը կայացնելիս հաշվի չի առել ազգային լիգաների շահերը: Ի դեպ, նախնական հաշվարկները ցույց են տվել, որ աշխարհի առաջնության մասնակիցների թվի ավելացման դեպքում ՖԻՖԱ-ն կստանա 600 մլն. եվրո լրացուցիչ շահույթ:

Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է խաղի ժամանակ կախարդանքը

Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռուանդայի առաջնության ժամանակ գրանցված միջադեպի հետեւանքով արգելել է խաղի ժամանակ զբաղվել կախարդությամբ: Բանն այն է, որ Մուսա Կամարան հանդիպման ժամանակ ինչ-որ իր է դրել մրցակցի դարպասպաձողի կողքին, անհասկանալի ինչ-որ բաներ շշնջացել եւ 12 րոպե անց գոլ խփել՝ փրկելով իր թիմին պարտությունից:

Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, ֆեդերացիայի կողմից արգելգն ուժի մեջ կմտնի որոշումից անմիջապես հետո, իսկ ֆուտբոլիստը կախարդելու համար կտուգանվի 116 եվրոյով: Եթե թիմն օգտագործի կախարդանք, ապա կտուգանվի 3400 եվրոյով եւ կպատժվի տուգանային 3 միավորով:

ՖԻՖԱ-ն ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

ՖԻՖԱ-ն հանրությանն է ներկայացրել իր մրցանակը, որը կհանձնվի կազմակերպության վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստին։ Այս մասին հայտնում էisport.ua-ն։ Հիշեցնենք, որ սկսած այս տարվանից՝ «France Football»-ն ու ՖԻՖԱ-ն աշխարհի լավագույն ֆուտբոլիստին տարբեր մրցանակներ կհանձնեն։ «France Football»-ի վարկածով «Ոսկե գնդակի» տիրակալ է դարձել «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն։

ՖԻՖԱ-ի մրցանակն ստացել է «The Best» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Լավագույնը»։

Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը եւ ֆոջտբոլիստուհին

Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի 2016թ. պարգեւատրման արարողությունում տարվա լավագույն ֆուտբոլիստ հռչակվեց Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Նա հավաքած ձայներով առաջ անցավ «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից եւ Մադրիդի «Աթլետիկո»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանից:

2016թ. լավագույն մարզիչ ճանաչվեց Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ, իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերին:

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակին արժանացավ ամերիկուհի Կարլի Լլոյդը:

«Ֆրանս ֆուտբոլ» («France Football») պարբերականը համատեղ էին անցկացնում, իսկ մրցանակը կոչվում էր ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» («FIFA Ballon d’Or»): Այս տարի համագործակցությունն ավարտվել է, եւ կողմերը կրկին ինքնուրույն է անցկացնում մրցանակաբաշխությունը։ Քրիշտիանու Ռոնալդուն լավագույն էր ճանաչվել նաեւ «Ֆրանս ֆուտբոլի» վարկածով ու արժանացել էր կարիերայի 4-րդ «Ոսկե գնդակին»։

Իսպանիայի առաջնության լավագույնները

Տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը: Մրցանակները կիսել են «Բարսելոնա»-ի եւ «Ռեալ»-ի ֆուտբոլիստները:

Լիոնել Մեսսին, ով 2014/15 մրցաշրջանի 38 խաղում 43 գոլ է խփել, ճանաչվել է Պրիմերայի լավագույն խաղացող եւ հարձակվող: Լավագույն դարպասապահ է ճանաչվել «Բարսելոնա»-ի խաղացող Կլաուդիո Բրավոն, լավագույն պաշտպան՝ Սերխիո Ռամոսը «Ռեալ»-ից, լավագույն կիսապաշտպան՝ Ռամոսի թիմակի Խամես Ռոդրիգեսը: «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն արժանացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակին երկրպագուների վարկածով:

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: «Վալենսիա»-ի կիսապաշտպան Սոֆիան Ֆեղուլին ճանաչվել է լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ, Նեյմարը՝ լավագույն հարավամերիկացի:

«Բարսելոն»-ի խաղացողները պետք է մասնակցեին ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը…

«Յուվենթուս»-ի պաշտպան Դանի Ալվեշը, ով Թուրին տեղափոխվելուց առաջ հանդես է եկել «Բարսելոն»-ում, կարծիք է հայտնել, որ կատալոնյան թիմի խաղացողները պետք է մասնակցեին ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը։ «Բարսելոն»-ի ֆուտբոլիստները բաց են թողել այդ միջոցառումը՝ հանուն գավաթային հանդիպմանը նախապատրաստության։ «Կարծում եմ՝ նրանք պետք է մասնակցեին,- Ալվեշի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Կարող էին մասնակցել ու միեւնույն ժամանակ նախապատրաստվել «Ատլետիկ»-ի հետ հանդիպմանը։ Բայց միեւնույն ժամանակ պետք է հարգել նրանց որոշումը։ Ռոնալդուի հաղթանակն արդարացի է, չնայած ես քվեարկել եմ այլ խաղացողի օգտին»։

«Բարսելոն»-ի բացակայությունն ինձ չի տխրեցրել»…

Մադրիդյան «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բացատրել է իր խոսքերը՝ կապված այն բանի հետ, որ «Բարսելոն»-ի ֆուտբոլիստները չեն մասնակցել 2016թ. ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստի պարգեւատրման արարողությանը։ Պորտուգալացին, ով ճանաչվել է լավագույնը, ափսոսանք էր հայտնել, որ կատալոնյան ակումբի ներկայացուցիչները չեն ժամանել Ցյուրիխ։ «Ես չեմ տխրել Ցյուրիխում «Բարսելոնի» բացակայությունից։ Պարզապես ասացի այդ մասին, քանզի նրանց մասնակցության դեպքում այն ավելի գեղեցիկ կստացվեր։ Բայց ես գոհ եմ, ինչպես երբեք։ Իմ հաղթանակից հետո չեմ կարող տխրել»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է championat.com-ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոն»-ի խաղացողները ներկա չեն եղել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի պարգեւատրման արարողությանը եւ մնացել են Բարսելոնում՝ «Ատլետիկ»-ի հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը հնարավորինս լավ նախապատրաստվելու համար։ Բիլբաոյում, ի դեպ, կատալոնացիները պարտություն են կրել 1։2 հաշվով։

Տարվա խորհրդանշական հավաքականը

Ցյուրիխում ընթացող ՖԻՖԱ-ի 2016թ. ամփոփիչ մրցանակաբաշխության ժամանակ ներկայացվեց տարվա խորհրդանշական հավաքականը, որն ունի հետեւյալ տեսքը․

Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա)։

Պաշտպաններ՝ Դանի Ալվես («Բարսելոնա»/«Յուվենտուս», Բրազիլիա), Ժերար Պիկե («Բարսելոնա», Իսպանիա), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Մարսելո («Ռեալ», Բրազիլիա)։

Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Թոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա), Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա)։

Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա), Լուիս Սուարես («Բարսելոնա», Ուրուգվայ), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա)։

ՖԻՖԱ-ն նախապես հրապարակել էր 55 հոգուց բաղկացած թեկնածուների ցանկը։ Տարվա խորհրդանշական հավաքականի քվեարկությանը մասնակցել է 75 երկրից 25 հազար պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

Գերազանցեց սեփական ռեկորդը

Վերջին 3 տարիների ընթացքում 8 ռեկորդ սահմանած եւ «Դյուցազնագրքում» գրանցված Վարդան Պետրոսյանը հերթական ռեկորդն է գրանցել:

Նրա հիմնական նախասիրությունը կցագնդերն են: Նա ժամերով կատարում է կախ դրությունից ծալում դեպի վեր վարժությունը:

Վարդանն այս անգամ ինքնառեկորդ է սահմանել, 4 կիլոգրամ կշռող կցագնդերով վարժությունը նա կատարել է 15,000 անգամ անընդմեջ՝ 3 ժամ 15 րոպե ժամանակահատվածում:

Բռնցքամարտի հավաքականը բարձրացել է Ծաղկունյաց լեռներ

Հայաստանի տարբեր մարզաձեւերի հավաքականներից առաջինը մրցաշրջան-2017-ին սկսել է նախապատրաստվել բռնցքամարտի ընտրանին: Հունվարի 6-ից հանրապետության 32 առաջատար բռնցքամարտիկները հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ ուսհավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այն կտեւի մինչեւ հունվարի 20-ը: Հավաքականի հետագա ծրագրերի մասին ՀԲՖ ոչինչ չի հայտնում:

Արտյոմ Դալլաքյանը պաշպանեց չեմպիոնական գոտին

Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը պաշտպանեց WBA Continental-ի չեմպիոնական գոտին թեթեւ քաշային կարգում: Մեր հայրենակիցը հերթական մրցամարտում ուժերը չափեց հունգարացի Յոզեֆ Այտայի հետ: Մենամարտի 3-րդ ռաունդում նա 3 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին եւ ռինգի մրցավարը ստիպված ընդհատեց հանդիպումը:

Արտյոմ Դալաքյանը 14-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ WBA Continental-ի վարկածով կրկին չեմպիոն հռչակվեց 50,8 կգ քաշային կարգում:

Արթուր Աբրահամի մրցամարտը՝ թատրոնում

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի 2017թ. ամռան սկզբին: Այդ մասին հայտնում է «Բեռլիներ Ցայտունգ» թերթը: WBO գերմիջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը կլինի գերմանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 24-ամյա Տայրոն Ցոյգեն: Մրցամարտը տեղի կունենա Բեռլինի բացօթյա թատրոնի բեմում, որտեղ վերջին անգամ բռնցքամարտել են 1948-ին, երբ աշխարհահռչակ Մաքս Շմելինգը հանդիպել է ամերիկացի Ռիչարդ Ֆոգտի հետ:

«Հետաքրքիր մտահղացում է: Գերմանիայի ամենահայտնի բռնցքամարտիկն ընդդեմ նորընծա, երիտասարդ չեմպիոնի: 2017-ին լավ նվեր է սպասում գերմանացի մարզասերներին»,- ասել է Գերմանիայի սպորտի նախարար Ալեքսանդր Ռյոսները: Նշենք, որ Տայրոն Ցոյգեն WBA գերմիջին քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոնն է: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 19 մենամարտ, որից 18-ում հաղթանակ է տոնել:

Արթուր Աբրահամն անվանական ձեռնոց է նվիրել Հռոմի Պապին

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այցելել է Հռոմ, Վատիկան եւ հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին տեղեկացնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը: Հայ բռնցքամարտիկն ստացել է Սրբազան Քահանայապետի օրհնությունը, ինչպես նաեւ անվանական ձեռնոց է նվիրել Ֆրանցիսկոս Պապին:

Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում 9-րդն է

Լեհաստանի Տորուն քաղաքում շարունակվում է «Mentor Torun Cup-2017» գեղասահքի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում են մենասահորդներ Անաստասիա Գալուստյանն ու Սլավիկ Հայրապետյանը:

Տղամարդկանց մենասահքին մասնակցում են 14 երկրների 21 գեղասահորդներ: Կարճ ծրագրում 20-ամյա Սլավիկ Հայրապետյանն այնքան էլ հաջող չի մեկնարկել եւ, վաստակելով 59, 44 միավոր, գրավել է 9-րդ տեղը: 1-ին հորիզոնականը բաժին է հասել Իտալիայի ներկայացուցիչ Մաթեո Ռիցցոյին, 2-րդ տեղում է գերմանացի Ֆրանց Ստրոբելը, իսկ կարճ ծրագրից հետո լավագույն եռյակը եզրափակում է նույնպես գերմանացի Պետեր Լիեբերսը:

Վասիլի Իվանչուկը՝ արագ շախմատի աշխարհի չեմպիոն

Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացավ արագ շախմատի աշխարհի առաջնությունը։ Վերջին մրցանակային օրը խաղացվեց եւս 5փուլ։ Ընդհանուր 15 խաղի արդյունքում Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկը 11 միավորով դարձավ արագ շախմատի աշխարհի չեմպիոն։ Նույնքան միավորով 2-րդն Ալեքսանդր Գրիշչուկն է, իսկ 3-րդը՝ դասական շախմատում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Վերջինս այնքան էլ բարեհաջող չէր սկսել մրցաշարը, եւ թվում էր, որ այս անգամ կզիջի դիրքերը։ Սակայն մրցանակային վերջին օրը նա տարավ 4 հաղթանակ՝ փոխելով իրավիճակը։

Լեւոն Արոնյանը վերջին օրը կրեց 1 պարտություն, տոնեց 1 հաղթանակ եւ 3խաղ ավարտեց ոչ-ոքիով։ Մրցաշարային առաջին օրվանից հետո նա լավագույն եռյակում էր, սակայն 9,5 միավորով մրցաշարն ավարտեց 9-րդ հորիզոնականում։ 9 միավոր վաստակեց գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը՝ կիսելով 14-22-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ միավորներով զբաղեցրեց 18-րդ տեղը։ Վլադիմիր Հակոբյանը գրանցեց 8 միավոր՝ զբաղեցնելով 39-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ արագ շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցում էր 106 շախմատիստ։

Դոհայում կայացավ նաեւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցաշարին մասնակցած Հայաստանի 2 պատվիրակներն էլ այնքան էլ հաջող հանդես չեկան: Լեւոն Արոնյանը 12 միավորով զբաղեցրեց ընդամենը 28-րդ տեղը, իսկ Հրանտ Մելքումյանը 11,5 միավորով առաջնությունն ավարտեց 35-րդ հորիզոնականում: Ի դեպ, 17-րդ փուլում նրանք հանդիպել էին իրար հետ, որն ավարտվել էր Հրանտ Մելքումյանի հաղթանակով:

Չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ով 21 հնարավորից վաստակեց 16,5 միավոր: Նա միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենից: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Ռուսաստանի մեկ այլ շախմատիստ Դանիլ Դուբովը, ով իր անվան դիմաց գրանցեց 14,5 միավոր:

Առաջնության հիմնադրամը կազմում էր 400 հազար դոլար: Հաղթողները ստացան 40 հազարական դոլար, 2-3-րդ տեղերը՝ համապատասխանաբար 32 եւ 26 հազարական: Ընդհանուր առմամբ, դրամական պարգեւ ստացան 1-10-դ տեղերը զբաղեցրած շախմատիստները:

Լեւոն Արոնյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրի համար

ՖԻԴԵ-ն հրապարակել է 2017թ. Գրան պրի շարքի 15 մասնակիցների ցուցակը: Մասնակիցների թվում է նաեւ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մյուս 14 մասնակիցներն են` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Սերգեյ Կարյակին, Պյոտր Սվիդլեր, Եվգենի Տոմաշեւսկի (բոլորը՝ Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա, Ուեսլի Սո (բոլորը՝ ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Հոլանդիա), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Դին Լիժեն (Չինաստան), Պավել Էլյանով (Ուկրաինա): Եվս 9 մասնակցի կներկայացնի Գրան պրի շարքի մյուս կազմակերպիչ «Ագոնը»:

Հիշեցնենք, որ 4 փուլերից յուրաքանչյուրին կմասնակցի 24 շախմատիստ: Ամեն գրոսմայստերը կխաղա 3 մրցաշարերում: Գրան պրիի արդյունքում 2 ուժեղագույնները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: 4 փուլերը տեղի կունենան փետրվարի 17-28-ը` Շարջայում, մայիսի 11-22-ը` Մոսկվայում, հուլիսի 5-16-ը` Ժնեւում, նոյեմբերի 15-26-ը` Պալմա դե Մալյորկայում:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն շախմատի կանանց աշխարհի առաջնությանը

Ս.թ. փետրվարի 10-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կմեկնարկի շախմատի կանանց աշխարհի առաջնութունը, որն անցկացվելու է նոկաուտ համակարգով: Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 64 շախմատիստուհի: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Մասնակիցների թիվը 62-ն է, որոնց կավելանան միայն ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածուները։ Նախնական ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոնուհի չինուհի Խոու Իֆանը։ Մասնակիցների թվում են նաեւ Նատալյա Պոգոնինան, Վալենտինա Գունինան, Ալեքսանդրա Կոստենյուկը, Նինո Բացիաշվիլին եւ այլ հայտնի շախմատիստուհիներ։

Հայաստանի շախմատիստները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի շախմատիստները անհաջող հանդես եկան Տալինում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ գրավեց 26-րդ տեղը: Հանրապետության այս տարվա չեմպիոն Զավեն Անդրիասյանը 7,5 միավորով առաջնությունն ավարտեց 38-րդ հորիզոնականում:

Եվրոպայի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 9,5 միավոր վաստակած ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Ռյազանցեւը, որն իր հայրենակից Մաքսիմ Մատլակովից առաջ անցավ միայն լրացուցիչ գործակիցներով:

Տոնական օրերի մեդալները

Տոն օրերին շատերը չեն հանգստանում։ Նրանց թվում են նաեւ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Գեւորգ Հարությունյանը, ովքեր մասնակցել են Իսպանիայի Ալմերա քաղաքում անցկացվող «XXVIII Open Internacional Villa de Roquetas de Mar» միջազգային մրցաշարին եւ նվաճել միանգամից 2 մեդալ՝ համապատասխանաբար ոսկե ու բրոնզե։

Մրցաշարը մեկնարկել է հունվարի 3-ին եւ ավարտվել 8-ին։ Մասնակիցների ընդհանուր թիվը եղել է 144։ 9 փուլի արդյունքում 4 մասնակից, այդ թվում նաեւ՝ Կարեն Գրիգորյանն ու Գեւորգ Հարությունյանը, վաստակել են 7-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով Կարենը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Գեւորգը՝ բրոնզե։

Հովհաննես Գաբուզյանը՝ Հռոմի բաց առաջնության բրոնզե մեդալակիր

Իտալիայում ավարտվեց այս տարի առաջին անգամ կազմակերպված շախմատի Հռոմի բաց առաջնությունը, որին, ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը։ 6-րդ փուլից հետո նա 5,5 միավորով Վիտալի Կոզիակի հետ միասին կիսում էր 1-2-րդ հորիզոնականները։ Վերջինիս հետ էլ նա հանդիպեց 7-րդ փուլում։ Խաղացին ոչ ոքի։ 8-րդ փուլում մեր շախմատիստը պարտվեց Եվգենի Ռոմանովին, իսկ վերջին փուլում հաղթեց Սերգեյ Բեշուկովին։

Արդյունքում՝ 7,5 միավորով Եվգենի Ռոմանովը դարձավ 1-ինը, Վիտալի Կոզիակը 7 միավորով 2-րդը, Հովհաննես Գաբուզյանը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը։

Մարիա Գեւորգյանը՝ «Շարժայի գավաթի» բրոնզե մեդալակիր

Հայաստանի կանանց շախմատի 2016թ չեմպիոն Մարիա Գեւորգյանը մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց ԱՄԷ-ում ավարտված «Շարժայի կանանց գավաթ» միջազգային մրցաշարում: Նա վաստակեց 6,5 միավոր եւ ռուսաստանցի Մարգարիտա Շեպետկովայի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով հռչակվեց երրորդ մրցանակակիր: Մրցաշարի հաղթող դարձավ Բելգիայի ներկայացուցիչ Աննա Զոզուլիան, որը 7,5 միավոր վաստակեց եւ կես բալով առաջ անցավ ադրբեջանուհի Խայալա Աբդուլայից:

Մեր մյուս 2 պատվիրակները` Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը, նույնպես լավ արդյունք ցույց տվեցին՝ 6 միավորով զբաղեցնելով համապատասխանաբար 7-րդ եւ 8-րդ տեղերը։

Տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունները: Մրցաշարերի մասնակիցները եւ բացման արարողության ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից անժամանակ հեռացած Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակը:Այնուհետեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալ Սմբատ Լպուտյանը ողջունեց մրցաշարի մասնակիցներին եւ խոսքը փոխանցեց կանանց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանին`վիճակահանությունն անցկացնելու համար: Նա նախ մասնակիցներին ծանոթացրեց մրցաշարի կանոնադրույթնաը եւ նշեց, որ չեմպիոնուհու կոչման համար այս տարի կպայքարեն 10 շախմատիստուհի` Արմինե Բաբայանը, Մարիա Գեւորգյանը, Աննա Հայրապետյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիամ Ավետիսյանը, Նարինե Գասպարյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Սարգսյանը, Արփինե Գրիգորյանը եւ Նարե Առաքելյանը, որից հետո տեղի ունեցավ վիճակահանության արարողությունը, իսկ առաջինը համար ընտրեց Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիա Գեւորգյանը, ում բաժին հասավ 4-րդ համարը: Այնուհետև համարներ ընտրեցին մրցաշարի մյուս մասնակիցները:

Կանանց վիճակահանությունից հետո կատարվեց տղամարդկանց մրցաշարի վիճակահանությունը, որն անցկացրեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, ով նույնպես նախ ներկայացրեց մրցաշարի կանոնադրությունը եւ նշեց, որ ինչպես եւ կանանց մրցաշարում, տղամարդկանց մոտ եւս չեմպիոնի կոչման համար կպայքարեն 10 շախմատիստ` Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն ԱՆդրիասյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ․ Պետրրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը: Առաջինը համար ընտրեց Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը, ով ինչպես նկատեց գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը մրցաշարը սկսեց համեստ` ընտրելով մեկնարկային 10-րդ համարը:

Կանոնադրության համաձայն` մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր: Մրցաշարերի 1-ին փուլի խաղերը մեկնարկեցին հունվարի 12-ին:

Հ.Գ. –  Զավեն Անդրիասյանը հաստատեց բարձր կարգը - Երեւանում մեկնարկած շախմատի Հայաստանի առաջնությունում կայացել են 2-րդ փուլի խաղերը: Տղամարդկանց մրցաշարում հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Գործող չեմպիոնը սպիտակներով առավելության հասավ Կարեն Գրիգորյանի նկատմամբ եւ 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում: Նա դարձավ միանձնյա առաջատար, քանի որ զուգահեռ ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հովհաննես Գաբուզյանը պարտվեցին այս փուլում՝ համապատասխանաբար Հայկ Մարտիրոսյանին եւ Տիգրան Լ. Պետրոսյանին:

Կանանց առաջնությունում մրցաշարային աղյուսակը սկսեց գլխավորել Մարիամ Ավետիսյանը, ով 2 փուլից հետո ունի 2 միավոր: Իսկ ահա հաղթանակով մեկնարկած գործող չեմպիոնը՝ Մարիա Գեւորգյանը, ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Նարինե Գասպարյանի հետ եւ կես միավորով հետ մնաց առաջատարից:

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը – Սմբատ Լպուտյանը եւ Տարոն Մարգարյանը շրջել են շախմատի մրցասրահում

Հայաստանի շախմատի ակադեմիայում երեկ մեկնարկեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 7-րդ մրցաշարը: Շվեյցարական մրցաշարին կմասնակցեն 760 շախմատիստ` Հայաստանից, Արցախից, Շվեդիայից եւ Վրաստանից: Մրցաշարը կընթանա հետևյալ տարիքային խմբերով՝

Ա4 մրցաշար – մինչեւ 10 տ. տղաներ

Ա3 մրցաշար –մինչեւ 12 տ. տղաներ

Բ մրցաշար – մինչեւ 12 եւ 10 տ. աղջիկներ

Ա2 մրցաշար – մինչեւ 14 տ

Ա1 մրցաշար – մինչեւ 18 տ

Շրջանային մրցաշարին, որը ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի է, մասնակցում են ուժեղագույն եւ խոստումնալից պատանի շախմատիստներ Հայաստանից ու արտերկրից: Նրանք են՝ Ստանիսլավ Բոգդանովիչը՝ Ուկրաինայից, Դմիտրի Գորդիեւսկին եւ Դավիթ Պառավյանը՝ Ռուսաստանից, Վոյտեխ Պլատը՝ Չեխիայից, Լեւոն Բաբուջյանը, Ռոբերտ Աղասարյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը եւ Արամ Հակոբյանը Հայաստանից:

Հ.Գ. – Երեւանի քաղաքապետ, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետեւել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 7-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է շախմատի մրցասրահում: Քաղաքապետին ներկայացնելով ընթացքը` Սմբատ Լպուտյանը նշել է, որ հուշամրցաշարին այս տարի մասնակցում է շուրջ 760 շախմատիստ:

Ակադեմիայի կողմից 7-րդ տարին անընդմեջ անցկացվող հուշամրցաշարն ընթանում է տարիքային խմբերով, որին մասնակցում են 8-18 տարեկան տղաներ եւ աղջիկներ: Հունվարի 8-ին մեկնարկած հուշամրցաշարը կեզրափակվի հունվարի 16-ին: Բոլոր հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով, հուշանվերներով ու իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայի հավաքներին:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 1 (434), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։