Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (1-ին մաս)… Ինչ են պատմում շումերա-աքքադական, խուռիական, բաբելոնյան, ուգարիտյան… հին եբրայական աղբյուրները…

Նախորդ տարվա մեր վերջին թողարկումներում (թիվ 41-43) փաստարկված խոսեցինք այն մասին, թե ինչու է ասվում, որ բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է: Ու խոստացանք, իբրեւ թեմայի շարունակություն, ներկայացնել, թե ինչ են ասում օտար աղբյուրները Հայաստանի մասին:

Ըստ Բերոսոսի (ծնված Ք.ա. 350 թ., եւ ստացած լինելով ժամանակի համար դասական կրթություն, նա 290թ. Ք.ա. վերադառնալով Բաբելոն՝ Սելեւկյան Անտիոքս Ա Սոտեր արքայից պատվեր է ստանում գրելու Բաբելոնի պատմությունը հունարեն) հաղորդած ավանդության՝ Աստված արարչությունից հետո վեց անգամ հայտնվում է մարդկանց՝ տալով պատգամներ (այդ թիվը համընկնում է աստվածային համարված սրբազան գրքերի քանակին): Սակայն մարդկանց մեղսագործությունը սպառեց Աստծո համբերությունը, եւ Աստված որոշեց պատժել նրանց ջրհեղեղով: Աստծո արդարադատ աչքը չանտեսեց նաեւ մի քանի բարեպաշտներին՝ Քսիսուտրոս արքայի գլխավորությամբ: Հենց նրան էլ պատվիրեց գրի առնել աշխարհի պատմությունը ու թաքցնել հողի տակ, ջրհեղեղից փրկվելու համար պատրաստել մեծ նավ: Երբ ամեն բան պատրաստ էր, արքան ցանկացավ իմանալ, թե ուր պետք է հասնի իր նավը: Երկնքից պատասխան ստացվեց. «Աստվածների մոտ»:

Ջրհեղեղը ոչնչացրեց մեղսագործ մարդկությանը: Հասնելով ցամաքի՝ արքան իր կնոջ, դստեր եւ նավավարի հետ դուրս եկավ նավից եւ փրկարար լեռան վրա զոհ մատուցեց: Գոհացած աստվածներն անմահություն շնորհեցին նրանց եւ ընդունեցին իրենց մեջ: Նավում մնացածները դուրս եկան եւ սկսեցին փնտրել արքային ու նրա երեք ուղեկիցներին, սակայն ապարդյուն: Երկնքից եկող ձայնը նրանց տեղեկացրեց չորս ընտրյալների ճակատագրի մասին, պատվիրեց վերադառնալ, գտնել թաքցված Սուրբ գրքերն ու քարոզել բոլորին, վերահիմնել Բաբելոնը: Աստվածային խոսքից հայտնի դարձավ նաեւ, որ իրենց փրկության երկիրը Հայաստանն է:

Բերոսոսն ավելացնում է, որ նավի բեկորները մինչեւ իր ժամանակները պահպանվել են Հայաստանի լեռներում, որոնցից մարդիկ, պոկելով ձյութի կտորներ, թալիսմաններ են պատրաստել իրենց համար (Ջրհեղեղի պատմությունն ըստ Բերոսոսի, տես Schnabel, 1923, էջ 264-266; Հովսեպոս Փլավիոս, Երեւան, 1976, էջ 54-55):

Հիշենք Բերոսոսի պատմությունը՝ սեպագիր հիշատակարաններով վկայված հին Միջագետքը: Երբ բարեպաշտ արքան ցանկացավ իմանալ, թե ո՞ւր պիտի հասնի իր նավը փրկվելու համար, երկնքից պատասխան լսվեց. «Աստվածների մոտ»: Իսկ երբ փրկվածները ցած իջան նավից, երկնային ձայնը ավետեց, որ նրանք Հայաստանում են…:  

Արարչագործության մասին ամենավաղ գրի առնված զրույցների զգալի մասը մեզ է հասել Առաջավոր Ասիայից: Դրանցից առավել հանրահայտը Աստվածաշունչ մատյանի Ծննդոց գրքում պահպանվածն է: Աստվածաշնչյան ավանդության համաձայն՝ Աստված տիեզերքն ստեղծեց վեց օրում եւ ավարտեց մարդու արարմամբ, դրախտի կենտրոնում կենաց ու իմաստության (բարու եւ չարի իմացության) ծառերի աճեցումով (Ծննդոց, 1, 1-2, 15): Դրախտի տեղորոշմանը ծառայող գլխավոր փաստարկը՝ այնտեղից չորս գետերի՝ Եփրատի, Տիգրիսի, Գեհոնի եւ Փիսոնի արտահոսելն է: Նոր բացահայտումների մասով՝ կապված դրախտից բխող չորս գետերի հետ, Մովսէս Նաճարեանը իր՝ «Լեզուաբանութի՞ին թե իմաստասիրութիին» (Հալէպ, 2007, էջ 34-37) արժեքավոր աշխատության մեջ գրում է. «Եւ Տէր Աստուած արեւելան կողմը՝ Եդեմի մեջ պարտէզ տնկեց ու իր ստեղծած մարդը հոն դրաւ: … Եւ պարտէզը ջրելու համար Եդեմէն գետ մը կ՛ելլէր ու անկէ չորս ճիւղի կը բաժնուէր: Մէկուն անունը Փիսոն է. ասիկա Եւիլայի բոլոր երկիրը կը պտտի, ուր ոսկի կայ: Եւ այն երկրին ոսկին ազնիւ է. սուտակ ու եղնգնաքար կայ հոն: Ու երկրորդ գետին անունը Գեհոն է… ասիկա Քուշի բոլոր երկիրը կը պտտի: Ու երրորդ գետին անունը Տիգրիս է. ասիկա Ասորեստանի արեւելեան կողմը կ՛երթայ: Եւ չորրոդ գետը Եփրատ է» (Աստուածաշունչ, Գիրք Ծննդոց 2):

Եբրայական կամ ասորական հնչողութեամբ Աստուածաշնչեան «Եւիլայ» երկրի անունը հայերէնի տառադարձելով կը ստանանք «Եբիղայ»: Մեզ թւում է, թէ բառի առաջին տառը սխալ է ընկլուած եբրայերէնի «Ալեֆ» ձայնաւորի բազմերանգ հնչիւնների պատճառով: Հետեւաբար, դրա հիմքը կը լինի «Աբիղայ» կամ նոյնիսկ «Աբեղայ», որովհետեւ այդ լեզուներում «ի» ձայնաւորը նոյնպէս բազմերանգ է ու կարող է հնչել նաեւ «ե»: Հետեւաբար, «Եւիլայի երկիրը» Հայոց «Աբեղեանք»-ում է տեղակայւում, որտեղ իսկապէս եղել է ոսկով ու թանկարժէք քարերով հարուստ Օլթին-Կարսի մարզում, երբ «Օլթի» տեղանունն իսկ բխում է «աբեղ»-ից («Օլ-թի>Աւլ-թի>Աբլ-թի>Աբղ-թի» անցումներով):

Ուրարտական արձանագրութիւններում Աբեղեանքը կոչւել է «Աբիլիանե, Աբիլիանի կամ Աբիլիանինի» եւ «Ն. Ադոնցը այն տեղադրել է Ախուրեանի հովտում» («Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»):

Այդ տարածքի սարահարթը կոչուել է «Անփայտ Բասեն», իսկ դրա հարաւային սահմանները հատել է Արաքսի արեւմըտեան վտակ Երասխը, որը հնագոյն ժամանակներում կոչուել է «Բասեն»:

Սրանով ուրուագծւում է «Փիսոն»-«Եւիլայ» եւ «Բասեն»-«Աբեղեանք» զոյգերի նոյնութիւնը: …Բասեն նահանգի տարածքից են բխում երեք գետեր, Երասխ-Փիսոնը, Եփրատը եւ Ճորոխը, ինչի համար էլ դա գետերի Բասեն-ավազան է կոչուել:

…Իմի բերելով Խորենացու տուեալներն ու Աստուածաշնչեանը պարզւում է, որ Տիտանեանների տիրապետութեան տակ է եղել Կիլիկիան մինչեւ Արամի ժամանակները: Եվ քանի որ Գեհոն գետը «Քուշի բոլոր երկիրը կը պտտի» (Քուշը Քամ-Տիտանի որդին է), ապա Գեհոնը կը նոյնանայ Կիլիկիայի Ջեյհան գետի հետ: Ավելացնենք, որ «գ»-ն եւ «ջ»-ն բարբառներում իրար փախարինող բաղաձայներ են եւ Գեհոնը կարող էր հնչել Ջեհոն (Ջյէհոն), աղաւաղումով Ջեյհոն:

Ըստ մեզ, բառի հեռաւորագոյն ձեւը եղած պիտի լինի «Գեհաւն» ուղղագրութեամբ եվ «Գեհօն» հնչիւնով, ապա «աւ»-ից «ւ»-ի սղմամբ վերածուել է «Գեհան-Ջեյհան»-ի:

Այս լոյսի տակ, Եդեմ-դրախտի տարածքը կ՛ընդգրկի Եփրատ, Տիգրիս, Երասխ եւ Ջեյհան գետերի աւազանները, միգուցէ Բասեն կենտրոնով»:

Այստեղից աներկբայորեն երեւում է, որ Աստվածաշունչ մատյանում հիշվող դրախտը, հետեւաբար նաեւ նրա կենտրոնում բարձրացող կենաց եւ իմաստության ծառերը գտնվել են Հայկական լեռնաշխարհում: Այլ կերպ ասած, արարչագործության կենտրոնն, ըստ Աստվածաշունչ մատյանի՝ Հայաստանի տարածքն էր:

Հայկական լեռնաշխարհը՝ որպես արարչագործության կենտրոն, հանդես է գալիս հին Առաջավոր Ասիայի մի շարք ժողովուրդների տիեզերաստեղծման ավանդություններում, որոնք գրի են առնվել Հին Կտակարանից դարեր առաջ:

Միջագետքի հարավի վաղագույն բնակիչները, որոնք մեզ հայտնի են գրավոր հուշարձաններով, շումերներն են՝ հայկական ծագումով մի ժողովուրդ, որն ստեղծեց յուրօրինակ մի քաղաքակրթություն եւ Ք. ա. II հազարամյակի սկզբներին հեռացավ պատմության թատերաբեմից: Շումերական քաղաքակրթության նվաճումները սեպագրի հետ տարածվեցին նաեւ այլ ժողովուրդների շրջանում: Այդ է պատճառը, որ Միջագետքի հնաբնակ տարբեր ծագում ունեցող ժողովուրդների գրավոր հուշարձաններում հաճախ են հանդիպում նմանություններ եւ ընդհանրություններ, որոնց մի մասին առիթներ կունենանք անդրադառնալ:

Արարչագործության մասին պատմող հին միջագետքյան ամենաամբողջական բնագիրը բաբելոնյան «Էնումա Էլիշ…» («Երբ վերեւում…») պոեմն է: Երկում պատմվում է, որ նախասկզբնական ժամանակաշրջանում «երբ վերեւում անվանակոչված չէր երկինքը, իսկ ներքեւում ցամաքն էր անանուն», երկու առաջնաստեղծ օվկիանոսները՝ Ապսուն (նշանակում է «վերին ծով», սումեր. Աբզու) եւ նախամայր Թիամաթը, «իրենց ջրերը խառնեցին մեկտեղ», եւ ծնվեցին Աստվածների առաջին սերունդները: Նրանց անհանգիստ վարքը, սակայն, սկսեց զայրացնել երկու նախաստեղծ աստվածներին, որոնք որոշում են ոչնչացնել երիտասարդ Աստվածներին: Վերջիններին փրկեց նրանցից իմաստագույնը՝ Հայան, [Էա, շումեր՝. Էնկի՝ «տիրակալ երկրի», բնագրում հանդիպում է նաեւ «Նուդիմմուդ» մակդիրով, որը նշանակում է «ստեղծող, արարիչ»: Հայա-Էնկիի արարչագործության բազմաթիվ դրվագներ են պատմվում միջագետքյան մի շարք բնագրերում], որն սպանեց Ափսուին եւ նրա վրա բարձրացրեց իր կացարանը՝ կոչելով հենց «Ափսու»: Քաոսից ազատված իր նոր կացարանում Հայան, մերձենալով կնոջ հետ, ծնեց Մարդուկին: Կարգ ու կանոնի հաստատվելը քաոսում եւ ամուսնու վրեժը հանգիստ չեն տալիս Թիամաթին, որը որոշ ժամանակ անց մարտի է դուրս գալիս երիտասարդ Աստվածների դեմ:

Որպես արարչագործության կենտրոն՝ տիեզերական լեռ է հանդես գալիս նախաքրիստոնեական Հայաստանի գլխավոր հոգեւոր կենտրոն Բարձր Հայք նահանգը, ուր գտնվում էին Հայր Աստված Արամազդի, Մայր դիցուհի Անահիտի, Նանե դիցուհու, Արեգ-Միհրի եւ այլ պաշտամունքային կենտրոններ: Բարձր Հայքն «Աշխարհացույցում» բնութագրվում է այսպես. «Այս երկրամասը, իրապես, ինչպես ցույց է տալիս իր իսկ անունը, բարձր է ոչ միայն Մեծ Հայքի մնացած մասից, այլեւ ողջ աշխարհից, այդ պատճառով էլ նրան աշխարհի գագաթ են կոչել: Նա գետեր է արձակում աշխարհի չորս կողմերը. (Բարձր Հայքից) սկիզբ են առնում չորս խոշոր գետեր»… Իսկ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» էջերում պահպանվել է Բարձր Հայքի լեռներից մեկի անունն ու բնութագիրը՝ … Մեծ լեռան վրա՝ աստվածների տեղում, որ կոչվում է աթոռ Նահատա (Երեւան,1968, էջ 259 եւ պետք է կարդալ «աթոռ Անահտայ»): Հին հայոց ընկալումներում Բարձր Հայքը համարվել է «աշխարհի գագաթ», իսկ նրա Մեծ լեռը՝ «Աստվածների տեղ»: Ուշագրավ է, որ «Աշխարհացույցը» «աշխարհի գագաթ» անունով է հիշում Բարձր Հայքի հարեւանությամբ տարածվող Բյուրակնի լեռների (որտեղ, ըստ մինչեւ մեր ժամանակները պահպանված հայկական ավանդազրույցների, գտնվել է երկրային դրախտը) ամենաբարձր գագաթը՝ Սերմանց (Սրմանց) լեռը: Այն անվամբ եւ բնութագրով կարող է համապատասխանել տիեզերաստեղծման հնդարիական ավանդազրույցների սերմնաժայթքող կենսածին լեռանը:

Մասիսը եւս ներկայացել է որպես արարչագործությունից հետո տիեզերակարգը պահպանող սրբազան լեռ: Հայոց աշխարհընկալումներում Մասիսը ընկալվել է իբրեւ Տիեզերական լեռ:

Ի մի բերելով շումերա-աքքադական, խեթական, հին եբրայական եւ հայկական աղբյուրների տվյալները՝ տեսնում ենք, որ Հայաստանը հնագույն ժամանակներում պատկերացվել է իբրեւ արեւի բնակության վայր, հանգստարան, արեւի ելքի (արեւելքի) եւ մուտքի երկիր (մայրամուտի):

Ինչպես տեսանք Հին Կտակարանի կարեւորագույն դրվագներում (Եդեմ, ջրհեղեղ եւ այլն), Հայաստանը հանդես է գալիս իբրեւ «արեւելք»:

Ուսումնասիրելով շումերա-աքքադական, բաբելոնյան, ուգարիտյան, քանանական, խուռիական, խեթական, հին եբրայական եւ հին հայկական լեգենդները եւ դյուցազնավեպերը՝ տեսնում ենք, որ Հայաստանը վաղնջական ժամանակներից ի վեր ներկայացել է իբրեւ արարչագործության կենտրոն, աստվածաբնակ երկիր, Աստվածների ժողովատեղի, կաճառ, ուր նրանք հավաքվել են եւ՛ կարեւորագույն խնդիրներ լուծելու, եւ՛ խնջույքների…

  Միջագետքյան գրականության հաղորդումների համաձայն՝ մեր սրբազան լեռնաշխարհում, ուր տեղի էին ունենում աշխարհարարման գլխավոր իրադարձությունները եւ պահվում էին տիեզերքը կառավարող Սուրբ օրենքները, անմահության ու իմաստության խորհուրդները, բնակվում էին ոչ թե սովորական մահկանացուներ, այլ ընտրյալ ժողովուրդ:

Այդ մասին վկայություն է պահպանել շումերական դյուցազնավեպը.

Ժողովուրդն (Արատտայի), որ առավել է մյուս ժողովուրդներից,

Ժողովուրդ, որին Դումուզին ընտրեց մյուս ժողովուրդներից…

Շարունակելի

Հրաչյա Հարությունյան

«Լուսանցք» թիվ 1 (434), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։