Գոնե ի շահ սեփական առողջության – Նորվեգիայում ՀԷԿ-եր կառուցելու եւ շահագործելու բնապահպանական չափանիշներն այնքան խիստ են, որ բնակչությունը հանգիստ է. ոչ մի ՀԷԿ չի վնասի բնությունը…

Ոչ բնապաշտ հատվածը բնական միջավայրը պետք է պահպանի՝ գոնե ի շահ սեփական առողջության: Թեեւ միշտ ասել եմ՝ հարկ չկա հուսալ, որ գործարարը կամ քաղաքացին դրան միանգամից կգա: Մինչեւ մտածողություն փոխվի, բնությունը շատ կտուժի: Ուստի հարկ է գործնական քայլերի դիմել:

Եվրոպան, որ այսօր աչքի է ընկնում ոլորտում մաքրությամբ, դրան հասել է շարունակական խստացումների շնորհիվ:

Դեռ 2014թ. Ֆրանսիան արդեն  5,3%-ով կրճատել էր ջերմոցային գազերի արտանետումները: Եվ այսօր էլէներգիայի 80%-ը ստանում է ատոմակայանից (իսկ ի՜նչ եռանդով էր ժամանակին մերը փակել փորձում…):

Լատվիայում էլ CO2-ի արտանետումները քիչ են, ավելին՝ ամենացածրն են Եվրոպայում: Իսկ Նոր Զելանդիայի ջերմոցային գազի արտանետումները թեեւ 1990-ից ավելացել են 28%-ով, գետափերը, լճերն ու անտառները այնքան լավ են պահպանվում, որ ստանում են բնության նվերը՝ մաքուր օդը:

Անթիվ անտառների եւ լճերի երկիր է Ֆինլանդիան: Այս երկրի 75%-ը ծառաստան է, բայց էլի են ավելացնում:  

Շվեդիան համարվում է միակ սկանդինավյան երկիրը, որ կտրուկ պակասեցրել է արտանետումների չափը:

Շվեյցարիան էլ հետ չի մնացել, այնքան, որ օդի որակն այստեղ համարվում է Եվրոպայում ամենամաքուրը՝ 100 միավորից հավաքելով 95,5-ը: Շվեյցարիան  բնապահպանության համար միջոցների ներդրումը չի խնայում: Եվ դրանով նաեւ գումար է աշխատում՝ տուրիզմի ոլորտում: Հետո այդ գումարները ներդնում տնտեսության մեջ՝ դարձյալ մաքուր տեխնոլոգիաների կիրառման պահանջով:

Նորվեգիան աշխարհի ամենահարուստ եւ խաղաղ վայրն է համարվում: Այստեղ էլէներգիայի մեծ մասը ՀԷԿ-երի միջոցով է ստացվում, բայց ՀԷԿ-եր կառուցելու եւ շահագործելու բնապահպանական չափանիշներն այնքան խիստ են, որ բնակչությունը հանգիստ է. ոչ մի ՀԷԿ չի վնասի բնությունը: Ի դեպ, այստեղ եթե որեւէ ՀԷԿ -ի կառուցման նախագծի հետ կապված տվյալ տարածքի բնակչությունը համաձայնություն չի տալիս, այդ ՀԷԿ-ը չի կառուցվում: Գործարարը կամ պետք է համոզի, որ անվտանգ է կառույցը, կամ նոր նախագիծ ներկայացնի:

Եթե բնակիչները ՀԷԿ-ը կառուցելու համաձայնություն չտվեցին, ապա գործարարին օգնել չեն կարող ոչ պատկան մարմինները, որ էլ իշխանությունների համաձայնությունը:

Որպեսզի թյուրիմացություն չլինի, ասենք, որ դժգոհություն արտահայտող կողմը սուբյեկտիվ մոտեցում չի ցուցաբերում. նա աշխատում է մասնագետների հետ, փորձագետների տեսակետներ է հավաքում, ինքն էլ փորձում է հասկանալ, թե որ կողմն է ճիշտ: (Եվ այս՝ բնությունը պաշտպանելու գիտակցությունը դեռ դպրոցում է սերմանվում): Այս պարագայում արդեն բնակչությունը կարող է մի կողմ քաշվել՝ կողմ ու դեմ մասնագետներին մեկ հարթակում կանգնեցնելով:

Հաղթող (հասկանալ՝ համոզող) կողմը նաեւ ստանձնում է ՀԷԿ-ի կառուցման, շահագործման ընթացքում բնությանը հասցրած ամենաաննշան թվացող վնասի ու դրա հետեւանքների պատասխանատվությունը:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 1 (434), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։