Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (1-ին մաս) – Մեր բնության հատուկ պահպանվող տարածքների մասին… Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի…

Ներքոշարադրյալ թեմային տարիներ առաջ եմ մամուլում անդրադարձել: Արդեն 2014-ն էր: Այն քայլերը, որոնք պետք է արվեին՝ ոլորտը շտկելու համար, 6 տարվա կտրվածքով են: Մեղմ ասած՝ շատ բան չի արվել: Օբյեկտիվ պատճառնե՞ր… Չեմ ժխտում, գուցե լինեն: Բայց երբ հարցը վերաբերում է հայրենի երկրի բնությանը, այն չպաշտպանելու ոչ մի տեսակի պատճառ լսել չեմ ուզում: Ժամանակին եվրոպաներից հետ էի գալիս սարսափելի վիճակում՝ գազազած բառիս բուն իմաստով: Ինչու ոչ մենք-ը այսօր էլ է ինձ նույն հոգեվիճակում դնում:

Ինչեւէ: Մեր բնությունը պաշտամունքի է արժանի: Սա առանց չափազանցության եւ ազգային սնապարծության եմ ասում (ժամանակին նույն գնահատականը տվեցի մեր ընդերքի պաշարների որակի մասին խոսելիս,- Ա.Մ.): Իսկ որպեսզի պաշտենք, նախ պիտի ճանաչենք:

Այժմ կխոսեմ մեր հայրենիքի այս հատվածի՝ Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) մասին:  

Ընդհանրապես բնության հատուկ պահպանվող տարածքները հստակ նպատակ ունեն՝ տարածքի ամբողջ կենսամիջավայրի պահպանությունը: Մեր երկրում, երբ խորհրդային տարիներին հիմնվեցին այս տարածքները, ընդամենը նպատակ ունեին պահպանել անտառները եւ նպաստել դրանց վերարտադրությանը: Մեզ մոտ սովորաբար բնապահպանությունն ընկալվում է իբրեւ բացառապես հենց բնության պահպանություն (ինչն, ի դեպ, շատ վատ ենք անում)՝ տնտեսությունից զատ: Սպառողի հոգեբանությունը շատերին թույլ չի տալիս հասկանալ, որ բնությունը օգտագործելու համար է, ոչ թե շահագործելու: Այն է՝ բնության բարիքները հարկ է խելամտորեն՝ առանց շռայլելու ի օգուտ գործածել՝ սերունդների մասին չմոռանալով, ոչ թե անխնա սպառել՝ ակամա սպասելով բնության կողմից արժանի պատժի: Բնապահպանությունը զարգացած երկրներում նաեւ շահույթ ստանալու եւ զուգահեռաբար աշխատատեղեր ստեղծելու լավ առիթ է:

Շվեդիայում, օրինակ, գործում է SEPA կառույցը (շրջակա միջավայրի պահպանության գործակալություն), որ ենթարկվում է կառավարությանը եւ պետական մարմնի ներկայացուցիչն է բնապահպանության ոլորտում: Այս գործակալության հիմնական խնդիրն է ազգային եւ միջազգային մակարդակներում բնապահպանական գործի համակարգումը: Շվեդիայում զարմացա, երբ տեղեկացա, որ իմ տեսած չափից դուրս խնամված անտառները արհեստական չեն: Պարզվեց, որ անտառները այս երկրի ընդհանուր արտահանման 20%-ն են ապահովում, եւ անտառային ոլորտում մոտավորապես 110 հազար մարդ է զբաղված: Անտառների մեծ մասը մասնավոր սեփականության ներքո են: Պետությունը հստակ պարտավորեցնում է մասնավորին ապահովել եւ՛ շահույթը անտառից եւ՛ անտառի պահպանությունն ու վերարտադրությունը: Եթե հանկարծ մասնավորը այնքան շատ կտրի կամ այնպիսի սխալներ թույլ տա, որոնք պատճառ դառնան տվյալ ծառատեսակի ոչնչացմանը կամ ծավալի քչացմանը, ապա նա պատասխանատվության կենթարկվի: Այլ կերպ՝ մասնավորը պիտի այնպես շահույթ ստանա, որ դրանից չվնասվի տվյալ ծառատեսակի բնական վերարտադրությունը: Եվ շահույթից էլ ոչ միայն պիտի բաժին տա պետությանը, այլեւ՝ մի մասը ներդնի բնությանը տված վնասները փոխհատուցելու գործում: Մասնավորն այստեղ անգամ ներկում էր բնական անտառի ծառաբները, սրսկում ծառերը:

Խոստովանենք, որ գործնականում մենք այս կարգի՝ տնտեսության մաս կազմող բնապահպանություն չունենք: Եվ մեր օրերում, երբ բնությունը շահագործում ենք, ոչ թե օգտագործում, անկեղծորեն ասած, լավ է, որ չունենք…

Այլ է բնության հատուկ պահպանվող տարածքների առումով: ԱՄՆ-ում, օրինակ, 90-ականների սկզբին միայն ազգային պարկերի եւ բնության հուշարձանների թիվը 334 էր: Սրանց հսկողությունը պետական է: ԱՄՆ-ում բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ) հսկում է այսպես ասենք՝ ներքին գործերի նախարարության ազգային պարկերի ծառայությունը, Կոնգրեսի մի քանի հանձնաժողովներ: Նիդերլանդներում ԲՀՊՏ-ների հսկողությունը, ճիշտ է, ոչ կառավարական կառույցների գործառույթն է՝ բայց կառավարության ղեկավարությամբ, Ֆրանսիայում՝ գյուղատնտեսության դեպարտամենտի ենթակայությամբ: Բայց այս երկրներում պարբերաբար վերանայվում են հսկողական գործառույթները եւ շարունակաբար ավելի են խստացվում:

Ի՞նչ վիճակ է մեր երկրում, ինչ ԲՀՊՏ-ներ ունենք, ինչպե՞ս ենք այն պահպանում: Ի վերջո, սա մի խնդիր է, ոնր ուղղակիորեն է առնչվում  բնական համակարգերի հավասարակշռությանը, ինչի խախտումը աղետների է հանգեցնում, որի ականատեսն ենք այսօր ամբողջ աշխարհում:

Մենք բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարություն ունենք, պահպանության եւ օգտագործման բնագավառում պետական ծրագիրը, 2014-2020թթ. պետական ծրագրի միջոցառումները:

Հայաստանի ԲՀՊՏ-ների ստեղծման գործընթացը սկսվել է 1958թ.-ից, երբ ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թ. սեպտեմբերի 13-ի որոշմամբ ստեղծվեցին «Խոսրովի», «Դիլիջանի» եւ «Շիկահողի» պետական արգելոցները, ինչպես նաեւ «Ախնաբադի կենու», «Արջատխլենու» եւ «Գիհու նոսրանտառային», «Գյուլագարակի»,  «Հեր-Հերի նոսրանտառային», «Ջերմուկի անտառային» եւ «Սոսու պուրակ» պետական արգելավայրերը:

Այնուհետեւ 1959թ. ստեղծվեցին 4 պետական արգելավայրեր («Արագածի ալպյան», «Բանքսի սոճու», «Գոռավանի ավազուտներ», «Կովկասյան մրտավարդենու»): Գործընթացի հաջորդ փուլն ընդգրկեց 1971-1972թթ.՝ ստեղծվելով եւս 7 պետական արգելավայրեր («Արզական-Մեղրաձորի», «Գանձաքարի», «Գետիկի», «Իջեւանի», «Մարգահովիտի», «Եղեգնաձորի», «Գորիսի»), որից հետո, 1987-1989թթ. ստեղծվեցին «Սեւ լիճ» պետական արգելոցը եւ 2 պետական արգելավայրեր: Այսպիսով՝ Հայաստանի պատմության խորհրդային ժամանակահատվածում ստեղծվեցին 4 արգելոցներ եւ 20 արգելավայրեր: Ընդ որում, ինչպես այսօր հավաստիացնում է բնապահպանության նախարարությունը, ԲՀՊՏ-ները ստեղծվել են համապատասխան օրենսդրության եւ ռազմավարության բացակայության պայմաններում, ստեղծվել են առանց լուրջ գիտական հիմնավորումների՝ հիմնականում նպատակաուղղված անտառների պահպանությանն ու վերարտադրությանը:

Բացի այդ՝  ԲՀՊՏ-ների ստեղծման ընթացքում լիարժեք հաշվի չեն առնվել լեռնային երկրներին բնորոշ լանդշաֆտների եւ դրանց բաղադրամասերի ուղղահայաց գոտիական բաշխվածության աշխարհագրական օրինաչափությունները: Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի: Չեն սահմանվել նաեւ ԲՀՊՏ-ների պահպանության ռեժիմները եւ այդ տարածքներում թույլատրելի գործողությունները:

Հայաստանի անկախության տարիներին արդեն կառավարության 2002թ. որոշմամբ ստեղծվեց  «Խոր վիրապ» արգելավայրը՝ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարության եւ գործողությունների ազգային ծրագրով: Իսկ այդ ծրագրից դուրս՝ «Զանգեզուր» (տարիներ անց միայն՝ 2009թ.), «Զիկատար» (2010թ.), «Խուստուփ» (2013թ.) արգելավայրերը եւ «Արփի լիճ», «Արեւիկ» ազգային պարկերը: Որոշ ԲՀՊՏ-ների կատեգորիաների փոփոխություններ եղան:

Այսպես՝ «Սեւ լիճ» պետական արգելոցը դարձավ պետական արգելավայր: «Դիլիջան» պետական արգելոցի եւ հարակից տարածքների վրա կազմակերպվեց «Դիլիջան» ազգային պարկը: Հաստատվեցին «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի 2007-2011թթ. կառավարման պլանները, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014թթ. եւ «Արփի լիճ» ազգային պարկի 2011-2015թթ. կառավարման պլանները: Հաստատվեց նաեւ Հայաստանի բնության հուշարձանների ցանկը, որում ընդգրկվեցին 230 հուշարձաներ: Ցանկը լիարժեք չէր, հետագայում ավելացվեցին եւս 2-ը, բայց այն, իմ կարծիքով, դեռ համալրելու կարիք կա… Ինչեւէ, ներկայումս բնության հուշարձաններից 106-ը երկրաբանական են, 48-ը՝ ջրաերկրաբանական, 40-ը՝ ջրագրական, 17-ը՝ բնապատմական եւ 21-ը՝ կենսաբանական հուշարձաններ (գործադիրի նշյալ փաստաթղթի տվյալների համաձայն):

Այսպիսով՝ ներկայումս մեր հանրապետությունում գործում են ՝ ա) 3 պետական արգելոցներ («Խոսրովի անտառ», «Շիկահող» եւ «Էրեբունի»), որոնք զբաղեցնում են 35.439.6 հեկտար տարածք կամ ՀՀ-ի ընդհանուր տարածքի 1.19%-ը: բ) 4 ազգային պարկեր («Սեւան», «Դիլիջան», «Արփի լիճ» եւ «Արեւիկ»), որոնք զբաղեցնում են 236 802.1 հեկտար տարածք կամ երկրի ընդհանուր տարածքի 7.96%-ը: գ) 232 բնության հուշարձաններ: դ) 27 պետական արգելավայրեր, որոնք զբաղեցնում են 114 812.7 հեկտար տարածք կամ ընդհանուր տարածքի 3.95%-ը: Այս արգելավայրերից է Արմավիրի մարզում 219.85 հա տարածք զբաղեցնող «Որդան կարմիր»-ը, որ դեռ 1987թ. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ է ստեղծվել՝ հայկական Որդան կարմիրի աղուտային բնակության վայրերն ու աղասեր բույսերը պահպանելու նպատակով: Կամ՝ Արագածի ալպյան արգելավայրը, որ դեռ 1959թ. էր կազմավորվել  սառցադաշտային Քարի լճի եւ հարակից ալպյան մարգագետինների պահպանության նպատակով: 2009թ. ձեւավորված  Հանքավանի ջրաբանական արգելավայրը ստեղծվեց հանքային աղբյուրների սնման ավազանները պահպանելու համար: 1958թ. ծնունդ առավ Սոսու պուրակ արգելավայրը, որի նպատակը Սյունիքի Սոսի արեւելյան տեսակի բնական պուրակի պահպանությունն էր (դարձյալ նույն տվյալների համաձայն):

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների տարածքային ու քանակային «գույքագրումից» հետո գանք վիճակին:

Ինձ միջազգային չափանիշներին հապճեպ հետեւելու ջատագով չհամարելով՝ այնուամենայնիվ միանգամից հարց բարձրացնեմ. ինչքանո՞վ են մեր այս տարածքները համապատասխանում միջազգային չափանիշներին: Քանզի սա այն ոլորտն է, որտեղ հարկ է, որ մեր ԲՀՊՏ-ները մոտ լինեն այդ չափանիշներին, եւ վաղուց դրա ժամանակն է: Որովհետեւ պարզվում է, որ մեր ԲՀՊՏ-ների ճնշող մեծամասնությունում կենսաբազմազանության վերաբերյալ նույնիսկ լիարժեք տվյալներ չկան: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրի կենսաբազմազանությունը երանելիորեն հարուստ է:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 1 (434), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։