Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար… Որ քիթբերան-կապիչների առեւտուր չլինի… Այս տարվա Երեւանը՝ թվերով… Եվ ամենակարեւորը…

Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար

Ներքաղաքական անդրադարձերն ու միջազգային իրադարձությունները երբեմն ժամանակ չեն թողնում շատ կարեւոր քայլեր նկատելու: Հատկապես երբ տարեվերջյան օրեր են ու թերթիդ էջերը տրամադրում ես ամփոփումների: Բայց տարեսկզբին կարողանում ես հատահայաց անել ու տեսնել բացթողածը:

Այս պարագայում խոսքս Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի մասին է, որ մայրաքաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված է եւ որի բացման արարողությանը երկրի նախագահ Սերժ- Սարգսյանը ներկա եղավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ:

Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում եւ Երեւանի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մաս են կազմում: Իրականացվող աշխատանքի հիմնական նպատակն է քաղաքի հյուսիսային եւ հարավային մուտքերի միջեւ սահուն կապ հաստատելով, տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երեւանի կենտրոնը:

Ճանապարհաշինական այս խոշոր ծրագրի իրագործմամբ, ըստ պատասխանատուների, նորակառույց ավտոճանապարհն ամբողջությամբ կստանձնի հարավից դեպի մայրաքաղաք եկող եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ամբողջ ծանրաբեռնվածությունը:  

Միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված վերոնշյալ ճանապարհի երկարությունը 5 կմ է, միջին լայնությունը՝ 24-28 մ: Տրանսպորտային հոսքերի անընդհատ երթեւեկություն ապահովելու նպատակով կառուցվել է 270 մ երկարությամբ ուղեանց (էստակադա)՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով:

«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով» նախատեսված հետագա աշխատանքների մասին խոսեց Տարոն Մարգարյանը: Ըստ այդմ՝ հիմնական ճանապարհը բաղկացած է երթեւեկելի 4 գոտուց: Հարակից բնակելի տների համար կառուցվել են նաեւ լրացուցիչ երթեւեկելի գոտի եւ սպասարկման ճանապարհ: Արտաշատի խճուղում կառուցվել է վերգետնյա հետիոտնային անցում, որն առաջին անգամ Երեւանում ապահովված է հաշմանդամների համար նախատեսված վերելակներով:

Ճանապարհի շինարարությանը նախորդել են իրացման լայնածավալ աշխատանքներ, որոնք իրականացվել են Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան: Արդյունքում՝ իրացվել է 217 գույքային միավոր՝ 6,543 հազ դոլար փոխհատուցմամբ: Հաջորդ փուլով՝ ծրագրի 2-րդ տրանշի իրականացման արդյունքում, մայրաքաղաքի հյուսիսային եւ հարավային մուտքերը կկապվեն իրար:

«Մենք մեր բնակիչներին ենք հանձնում շուրջ 5 կմ-ոց միջազգային չափորոշիչներին համապատասխան ճանապարհ, որով Երեւան քաղաքն ունեցավ հարավային պատշաճ մուտք, ինչը տասնամյակներ շարունակ իրոք երազանք է եղել: Բացի այն, որ մենք այս ծրագրով երթեւեկության բեռնաթափման խնդիր լուծեցինք, ծրագրի շրջանակում շուրջ 2 տարի շարունակ 400 քաղաքացիների համար նաեւ աշխատանքի ապահովման խնդիր էր լուծված: Ինչպես գիտեք, սա ընդամենը Երեւանի շրջանցիկ ճանապարհի մի հատվածն է միայն եւ հաջորդ փուլով՝ ծրագրի 2-րդ տրանշի իրականացման արդյունքում, մայրաքաղաքի հյուսիսային եւ հարավային մուտքերը կկապվեն իրար:

Այդ համատեքստում արդեն սկսվել են Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները, որի շրջանակում նախատեսված է նաեւ Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ կամրջի կառուցում: Արդեն կայացել է նաեւ Դավթաշեն – Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մրցույթը, եւ այժմ պայմանագրի կնքման փուլում ենք ու արդեն հաջորդ տարվա սկզբին կմեկնարկեն նաեւ այդ հատվածի շինարարական աշխատանքները: Պատրաստ են նաեւ Բաբաջանյան փողոց – Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի մրցութային փաստաթղթերը, եւ մոտ ժամանակներս կհայտարարենք մրցույթը»,-նշել է Երեւանի քաղաքապետը:

Մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2019թ., ինչի արդյունքում կունենանք Երեւանի հյուսիսային եւ հարավային մուտքերն ու Երեւանի 4 վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթեւեկությունը:

Աստղինե Քարամյան

Որ քիթբերան-կապիչների առեւտուր չլինի

Պեկինում այս տարեսկզբին հայտարարված էր վտանգի նարնջագույն մակարդակ:

Մարդիկ Չինաստանի մայրաքաղաքում դնչկալներով էին ման գալիս: Թանձր փոշին այնպես էր պատել Պեկինը, որ երկրի հյուսիսում հետաձգվել էին հարյուրավոր ավիաչվերթներ, փակ էին ավտոճանապարհները, բնակիչները գերադասում էին դրսում հայտնվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Բայց, ինչպես պարզվեց, նարնջագույն մակարդակը դեռ սարսափելին չէ:

Բանն այն է, որ չնայած առողջության համար վտանգավոր միկրոմասնիկները օդում գերազանցել են թույլատրելի չափը 20 անգամ, չինական իշխանությունները պնդում էին, որ օդի որակը նախորդ տարվա համեմատ լավացել է:

Չինաստանում աղտոտման ընդհանրապես հիմնական աղբյուրը գազի արտանետումներն են, էլեկտրակայանների այրված ածուխը: Երկրի իշխանություններն արդեն 3-րդ տարին պայքար են մղում դրա դեմ: Թեեւ այդ պայքարի արդյունքն այնքան էլ գոհացուցիչ չէ: Որովհետեւ, ըստ հստակ հաշվարկի, 2016-ին Պեկինի բնակիչները միայն 198 օր են տեսել կապույտ երկինքը:

Այս ամենից հետո ուզում ես մաղթել, որ մեր երկրում քիթբերան-կապիչների առեւտրի  ոչ մի բիզնես չսկսվի: Ու լավ կանենք, որ նախապես այնպես անենք, որ մեր երկրում երբեւէ այդ կարգի բիզնես սկսելու անհրաժեշտություն չծագի (մասնագիտական հատվածը հանած):

Ու բոլորս՝ քաղաքային իշխանությունից սկսած մեզանով ավարտած, ամեն քայլ պետք է ձեռնարկենք՝ Պեկինի օրը չընկնելու համար: Հաստատ չենք դիմանա. արդեն 15 օր կլինի՝ երկինքը չենք տեսել (թեեւ այլ պատճառով)՝ էլ չենք «ձգում»… Առանց կատակի եմ ասում…

Անի Մարության

Այս տարվա Երեւանը՝ թվերով

2016թ. դեկտեմբերի 21-ին Երեւան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել հաստատվել է Երեւան քաղաքի 2017թ. բյուջեն:

Այդպիսով, 2017թ. բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 84 մլրդ 344 մլն 931 հազար դրամի չափով, ինչը շուրջ 11.4%-ով ավելի է 2016թ. բյուջեով կանխատեսածից: Ծրագրված եկամուտները շուրջ 10.2%-ով գերազանցում են 2015թ. փաստացի հավաքագրված եկամուտներին: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2015թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 8%-ով:

2017թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 84 մլրդ 412 մլն 931.5 հազար դրամի չափով, որի շուրջ 95%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 36.1%-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:

Ավագանին հաստատել է նաեւ Երեւանի 2017թ. զարգացման ծրագիրը, որում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ եւ հարմարավետ միջավայրի ապահովումը ինչպես երեւանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Կարեւորվել է հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի եւ բակային տարածքների բարեկարգումը, անվտանգ տեղաշարժի ապահովումը։

Երանի այն օրը, երբ ոչ միայն Երեւանի, այլեւ մեր պետբյուջեի ծախսերի մեծ մասը չի ուղղվի սոցոլորտին: Իսկ առայժմ… ունենք այն, ինչ ունենք:

533 երջանկություն է ծնվել

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 30-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 533 երեխա՝ 287 տղա, 246 աղջիկ:

Այս լուրն ամեն օրը լավ սկսելու փորձված ձեւ է:

Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 2578 քաղաքացի:

Լույս են բաժանում

Երեւանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ 2016թ. կառուցվել եւ ցանցին է միացվել 148 օբյեկտ՝ 71 փողոց եւ փողոցի հատված, 70 բակային տարածք, 3 փողոցների լանդշաֆտներ, 1 արձան, 1 ստորգետնյա անցում, 1 հրապարակ եւ 3 այգի: Տեղադրվել է 519 հենասյուն եւ 1115 լուսատու: Նորակառույց ցանցի երկարությունը կազմել է 41 կմ:

2017թ. նախատեսվում է «Երքաղլույս» ՓԲԸ կողմից կատարել արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգման աշխատանքներ 40 կմ ցանցային երկարությամբ‘34 փողոցներում եւ 41 բակերում: Ցանկում ներառվել են նաեւ բնակիչների առաջարկներով ներկայացված հասցեները:

Թերի են մաքրել

Այս տարվա աշխատանքային առաջին՝ հունվարի 10-ի խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մասնավորապես տոնական եւ հետտոնական օրերին ձյանմաքրման աշխատանքերին, հանձնարարել է ուժեղացված աշխատակարգով շարունակել գործընթացը:

«Այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ մայրաքաղաքի կենտրոնական բոլոր փողոցները մաքրված են եւ երթեւեկելի: Բայցեւ արձանագրում ենք, որ մասնավորապես երկրորդական շատ փողոցներում, մայթերին, գրեթե բոլոր բակերում եւ միջբակային տարածքներում դեռ ունենք անելիքներ: Տեւական ցուրտ եղանակն էլ իր հերթին է նպաստել, որ ոչ պատշաճ իրականացված աշխատանքների արդյունքում, մասնավորապես, բակային տարածքներում գոյանան սառույցի շերտեր, որոնք մեծ անհարմարություններ են պատճառում մեր համաքաղաքացիներին: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքներն իրականացնող ընկերության թերի աշխատանքի արդյունք է», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նույն այդ ընկերությունը տեղ-տեղ ոչ թե թերի, այլ՝ ընդհանրապես չէր աշխատել:

… Եվ ամենակարեւորը

Նույն խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանն անդրադարձել է քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին մատակարարվող սննդի կազմակերպմանը՝ հաշվի առնելով, որ արդեն կայացել են մատակարարների ընտրության մրցույթներն ու հաղթողները հայտնի են: «Խստորեն վերահսկեք բոլոր մանկապարտեզների սննդի մատակարարման գործընթացը: Որեւէ մատակարար իրավունք չունի անորակ կամ ժամկետանց սնունդ բերի մանկապարտեզ, տնօրենի դժգոհության դեպքում էլ փորձի հավաստիացնել, թե թերացումը կշտկի հաջորդ անգամ՝ մեկ շաբաթից: Իսկ այդ մեկ շաբաթը ինչո՞վ են սնվելու մեր երեխաները: Նույնիսկ մեկ վայրկյան չպետք է հանդուրժել նման մատակարարին, էլ ուր մնաց‘ մեկ շաբաթ: Նման մատակարարներից պետք է անմիջապես ազատվել: Խստորեն հետեւեք գործընթացին եւ անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով ձեռնարկեք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տվյալ ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 1 (434), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։