ՀՀ-ն դեպի ԻԻՀ երկաթուղուց չի հրաժարվում – Բայց քննարկումների փակագծերն էլ առայժմ չի բացում… Ներդրողի համար գրավիչ է, ոչ միայն Հայաստանը, այլեւ տարանացիկ այս ճանապարհը՝ Հայաստանով, Իրանից մինչեւ Սեւ ծով…

Պետական կառավարման ապարատի օպտիմալացումը շարունակվում է: Չնայած վարչապետը հորդորել էր իրերն իրենց անունով կոչել եւ դա անվանել կտրուկ կրճատումներ, բայց առայժմ օպտիմալացում է ասվում, կարծես դրանից երեւույթ է փոխվում…

Ինչեւէ, կառավարության երեկվա որոշմամբ լուծարվեց   տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Այլ կերպ՝ 13 հաստիքի եւ մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետեւանքով կտնտեսվի մոտ 35 մլն դրամ: Թե ինչքանով է սա սոցիալական խնդիր, այսօրվա մեր նյութի քննարկման առարկան չէ: Մենք կխոսենք մեկ այլ թեմայից՝ Իրան-Հայաստան երկաթուղու ճակատագրից:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում, թյուրըմբռնումների տեղիք չտալու համար, նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նշյալ ընկերության  լուծարմամբ կառավարությունը չի դադարեցնելու հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագրի իրականացման քայլերը: ««Երկաթուղու շինարարության տնօրինության» լուծարումը բնավ չի ենթադրում, որ հայ -իրանական ծրագիրը չի իրականանալու: Որովհետեւ  նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն: Այդ գործառույթները կարող է վարել երկաթուղու վարչությունը եւ ինչպես նախորդ նիստում ներկայացրեցինք, մրցույթները կարող են հայտարարվել նաեւ ԾԻԳ-երի միջոցով»,-պարզաբանեց նախարարը:  

Նկատենք, որ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերության լուծարման նախագծում նշված է, որ, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման եւ կառուցման նկատմամբ վերահսկողությունից, այլ գործառույթներ այն չունի, իսկ գործընկեր՝ կոնցեսիոներ «Ռոսիա ՖԶԷ» ընկերության հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են: Այս իսկ պատճառով  նպատակահարմար է դրա լուծարումը: Լուծարման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կառավարման ապարատի օպտիմալացմամբ, ինչպես նաեւ պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման եւ ծախսերի նվազեցման հանգամանքով:

Միայն թե հարց է ծագում՝ եթե այսքան անպիտան էր այս ընկերության գործունեությունը, ինչու՞ չէիք լուծարում մինչ այժմ եւ տարեկան 35 մլն էիք ուզում բյուջեից… Սա էլ բոլորովին այլ հարց է:

Այնուամենյանիվ, ցանկացանք հասկանալ, թե հայ-իրականական երկաթուղու համար 3.2 միլիարդ դոլար պահանջող նախագծի շինարարության գործընթաց կա՞ արդյոք: «Միայն քննարկումների շրջանակում»,-փաստեց Վահան Մարտիրոսյանը: Նա միաժամանակ հավելեց, թե քննարկումներն ընթանում են ներդրողների հետ, մասնավորապես, երկաթուղու շինարարության հետ կապված մեկ ներդրողի հետ ստորագրվել է կոնցեսիոն կառավարման փաստաթուղթ:

Ի դեպ, հնարավոր ներդրողները միայն Իրանից չեն: Հստակեցնող հարցին պատասխան հնչեց. «Տարբեր երկրներից են»:

Ամեն դեպքում մեկ այլ հարց էլ է ծագում. փորձագիտական տարբեր խմբեր ու մասնագիտական տարբեր շրջանակներ հայ-իրանական երկաթգծի տարբեր թվեր են հնչեցնում: Ինչքա՞ն է այդ նախագծի արժեքը՝ ըստ հայկական կողմի՝ ի դեմս մեր կառավարության: «Մոտավոր հաշվարկներով‘ մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել է,  3.2 մլրդ»: Նախարարը, սակայն, պարզաբանեց, որ դա շատ կոպիտը հաշվարկ է, քանզի դեռ վերջնական նախագիծը չկա:

Դարձյալ մոտավոր հաշվարկներով՝ բիզնես պլանով՝ դա մոտ 22 տարի հետո հետգնման ժամկետ ունի, այդ ժամկետից հետո ներդրողն իր ներդրածը հետ կբերի: Բայց այս հաշվարկը կարող է լինել ստույգ միայն այն դեպքում, երբ նախագիծը վերջնական հաստատված կլինի:

Հայաստանը տարածաշրջանային երկաթուղային նախագծերից դուրս է մնում: Այս դիտարկմանն ի պատասխան նախարարը երկրորդեց, որ տարբեր երկրներ տարբեր ծրագրեր ունեն, բայց դա չի նշանակում, որ եթե ուրիշները երկաթուղի են կառուցում, մենք չպետք է կառուցենք: «Տրանսպորտային փոխադրումներ կատարվում են այսօր եւ Թուրքիայով, եւ Ադրբեջանով, եւ Հայաստանով, դա նոր ուղի է: Չեմ կարծում, որ մենք կարող ենք դուրս մնալ: Մենք էլ մեր տեսանկյունից պետք է մոտենանք, եւ ծրագրերը քննարկում ենք»,- ասաց Վահան Մարտիրոսյանը: Նկատի ունենանք, որ Հայաստանը պոտենցիալ ներդրողի համար գրավիչ է, ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ տարանացիկ այս ճանապարհը՝ Հայաստանով, Իրանից մինչեւ Սեւ ծով:

Հավելենք միայն, որ այս ծրագրի մասին դեռ 2008թ. է խոսվում, բայց դեռ նախագծային մակարդակում ենք: «Որովհետեւ ներդրում կատարողը պետք է ունենա իրեն հարմար նախագիծ»,-ասաց նախարարը:

Այո, բայց մենք ներդրում անողին պետք է բան ունենանք ներկայացնելու, որ նա էլ փոփոխի կամ հարմարեցումներ անի, չէ՞…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 1 (434), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։