ԵԱՀԿ-ն կրկին ոչ հայանպաստ հայտարարություն է արել՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ կապված… Համանախագահները անուղղակի մասնակցում եւ ուղղակի քողարկում են ադրբեջանական դիվերսիան…

ԵԱՀԿ-ն կրկին ոչ հայանպաստ հայտարարություն է արել՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ կապված

Ինչպես միշտ համանախագահների հայտարարությունը հակառակ կողմի համար է արվել…

Համանախագահները կոչ են արել անհապաղ վերադարձնել Հայաստանի զինված ուժերի կողմից մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին: ԵԱՀԿ Մինսկի խումբը հղում է անում 2010թ. Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ հորդորում քայլեր ձեռնարկել այդ պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով հարցի մարդասիրական բնույթը։

«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Մինսկի խմբի համանախագահները, փաստորեն, հերթական հայտարարության մեջ էլ ակներեւ հավասարության նշան են դրել երկու կողմերի միջեւ, եւ բացի դին վերադարձնելու հորդորից, այլ ասելիք չկա շարադրված, որը հասցեագրված կլիներ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարած ադրբեջանական կողմին:  

Թե ինչպիսին է ՀՀ պաշտպանության նախարարության դիրքորոշումը՝ կապված Մինսկի խմբի ուշացած եւ, ըստ էության, ոչինչ չասող հայտարարության վերաբերյալ, խոսել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս  հրաժարվել է մեկնաբանել այն՝ նշելով, թե մեկնաբանություն պետք է տա ՀՀ ԱԳ նախարարությունը: Իսկ այն հարցին, թե Պաշտպանության նախարարությունն արդյոք հարցի հետ կապված չունի որեւէ դիրքորոշում՝ Արծրուն Հովհաննիսյանը կրկին պատասխանել է, որ ԱԳՆ-ն պետք է արձագանքի:

Հնարավո՞ր է Կարմիր խաչի միջնորդությամբ ադրբեջանցի զինծառայողի դիակը հայկական կողմը հանձնի, քանի որ հայտնի է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն աշխատում են կողմերի հետ այդ ուղղությամբ:

ՀՀ ՊՆ մամլո խոսնակը նշել է, որ առհասարակ նման հարցերով զբաղվում է Կարմիր խաչը, սակայն չի կարող ասել՝ դին կվերադարձվի՞ ադրբեջանական կողմին այդ կառույցի միջնորդությամբ, թե՞ ոչ, քանի որ այդ հարցով եւս զբաղվում է արտգործնախարարությունը:

Իսկ ԱԳՆ-ն դեռ չի հստակեցրել:

Համանախագահները անուղղակի մասնակցում եւ ուղղակի քողարկում են ադրբեջանական դիվերսիան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, թե. «ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը ոգեւորում եւ տանում է Ադրբեջանին դեպի վայրագ գործողություններ, դա անուղղակի մասնակցություն, եւ ուղղակի քողարկում է ադրբեջանական դիվերսիայի»: Ըստ նրա՝ խնդիրը, ոչ միայն համանախագահներինն է, այլ նախեւառաջ հայ հանրությանը։ «Հայկական կողմը ոչ միայն դիվանագիտական տեխնիկաները պետք է օգտագործի, այլեւ խորքային դիվանագիտական աշխատանք պետք է կատարի։ Սփյուռքը եւս այս հարցում անելիք ունի։ Որեւէ հայտարարություն անելուց առաջ ուսումնասիրվում է դաշտը։ Դեկտեմբերի 29-ի հետ կապված քանի՞ նամակ է գնացել միջազգային ինստիտուտներ հայ հանրությունից։ Ոչ մի։ Մենք, կարծես թե, սովորել ենք, որ սա մեր հարեւանն է եւ այդպես էլ պետք է լինի»։

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ մենք ունենք ներկայացուցիչներ, որոնց բյուջեից  գումարներ են վճարվում Եվրոպայում՝ Բրյուսելում, Ստրասբուրգում, Վիեննայում մնալու համար, նրանք պետք է ի վերջո աշխատեն։ Նա նաեւ նշեց, որ առաջին անգամ է, որ համանախագահները նման իմպերատիվ հայտարարությամբ են հանդես գալիս։ «Արդյո՞ք երբ ադրբեջանական կողմը հայերի գլուխներ էին կտրում եւ հրապարակում՝ նման կոշտ հայտարարություններ եղան։ Այն ժամանակ ես համանախագահներից որեւէ հայտարարություն չէի սպասում։ Արդյո՞ք նման անհամաչափ վերաբերմունքը նշանակում է, որ Ադրբեջանից հումանիզմի որեւէ դրսեւորում չեն սպասում։ Որքանո՞վ է նման ասիմետրիկ մոտեցումը նորմալ»։

Բանախոսը հիշեցրեց, որ հայկական կողմը Կարմի Խաչի միջոցով Ադրբեջանին է ուղարկել 99 անհայտ կորած մարդկանց անուններից բաղկացած ցուցակ, որոնց հետ վերադարձի մասին ոչ ԵԱՀԿ-ն, ոչ միջազգային որեւէ այլ կազմակերպություն խոսք չի ասել…

«Լուսանցք» թիվ 1 (434), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։