Սադրանքներ, որ ունեն նաեւ բարեկամներ – Արցախի քաղաքական օրակարգում որեւէ զիջողական, պարտվողական տրամադրություն չկա… Զինվորներն ու սպաները եւս վստահեցրել են, որ ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին…

2016-ի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան, մեր թշնամին անտեսելով տոնական օրերին բոլոր կողմերից հնչած հրադադարի առաջարկները, ձեռնարկեց դիվերսիոն ներթափանցման փորձ Հայաստանի սահմաններից ներս՝ Տավուշի ուղղությամբ: Մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկեցին դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվեց հայկական ԶՈւ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:

Մինչ այդ, դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ արձակելով մոտ 900 կրակոց: Հարավային (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամկազմը:

Իսկ Տավուշի ուղղությամբ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ, կիրառվել է նաեւ դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակվել է ադրբեջանական դիվերսանտներին հետ շպրտելու ընթացքում։ Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, 2 օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական: ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հաստատել է, որ իր տրամադրության տակ ունի անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի մեծ կորուստների վերաբերյալ: Մարտական հենակետերից մեկի մոտ եւս հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈւ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի, որի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվել են համապատասխան գործողություններ: Հաջորդ օրը հակառակորդն ունեցել է եւս 4 կորուստ, երբ հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել:  

2017-ի հունվարի ընթացքում, մինչեւ ամսի 7-ը, հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հարյուրավոր անգամներ՝ արձակելով հազարավոր կրակոցներ:

Իրավիճակը վերահսկվել է հայկական զինուժի կողմից եւ այսօր ամբողջությամբ գտնվում է հայկական ուժերի վերահսկողության ներքո: Սահմանային իրավիճակի հարցով միջազգային կառույցների հետ նույնպես աշխատանք է տարվել: ԱԳ  նախարարությունը համապատասխան գործողություններ է իրականացրել Տավուշի սահմանում առաջացած իրավիճակի հետ կապված, մասնավորապես՝ խոսքը միջազգային կառույցների հետ աշխատանքին է վերաբերում։ ԱԳՆ-ից նշել են, որ Ադրբեջանի գործողությունները վաղուց դադարել են որեւէ տրամաբանության մեջ տեղավորվել, ինչը արձանագրվել է միջազգային կառույցներին հանձնած բողոքում:

Պետք է նշել, որ հերթական միջադեպի ժամանակ որոշ պաշտոնյաներ եւս եղան սահմանագծում: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը եւ Կարեն Բոթոյանը, դեկտեմբերի  27-28-ն աշխատանքային այցով մեկնեց Արցախ եւ հանդիպեց առաջնագծի զինվորներին ու սպաներին: ԱԺ պատվիրակության անդամները կրկին վերահաստատեցին, որ զինվորական կարգապահությունը եւ մարտունակությունը շատ բարձր մակարդակի վրա են, իսկ հայ զինվորի ոգին՝ անպարտելի: Զինվորների ու սպաների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ ավարտվում է 2016-ը, որը լի էր մարտահրավերներով եւ «առաջին հերթին այդ մարտահրավերները զգացվեցին այստեղ՝առաջնագծում»:

Դեռ ապրիլին՝ մեր նենգ հակառակորդը ձեռնարկեց ահաբեկչական գործողություն ընդդեմ Արցախի, եւ էլի զինվորներն արիաբար ընդունեցին այդ

մարտահրավերը՝ ապացուցելով, որ հայոց հաղթական ոգին անպարտելի է: Հայ պաշտոնյաները փառք ու պատիվ տվեցին մեր հերոսացած զինվորներին, ովքեր իրենց նախնի հերոսների օրինակով ապացուցեցին, որ տեր են «մահ իմացյալ՝ անմահություն է» մտածելակերպին:…

Հայկական զինուժի պատասխանը անվրեպ էր, եւ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը կարճ ժամանակ անց նշեց, որ «ամեն ինչ նորմալ է, խաղաղություն է, վերջ, որեւիցե վտանգ չկա»: Նա կոչ արեց «համացանցային հայրենասերներին» արհեստականորեն խուճապ չսարքել՝ «ոչ մի բան չկա, խաղաղություն է»:

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը եւս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը:

Ամանորի նախօրեին մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ Կաթողիկոսի հետ եւ Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, խախտելով պետությունների եւ ժողովուրդների խաղաղ գոյատեւման ուղղված միջազգային իրավունքի նորմերը, Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գոտու՝ Չինար գյուղից դեպի հարավ-արեւելք պետական սահմանի հատվածի պահպանությունն իրականացնող ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը գրավելու նպատակով, 2016թ. դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան, խախտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարելով «ագրեսիայի ակտ», ներխուժել են ՀՀ տարածք, ծավալելով ռազմական գործողություններ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ, զինված հարձակում են գործել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ։

Ազգային եւ կրոնական ատելության շարժառիթով զուգորդված, ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են նույն զորամասի զինծառայողներ, որից հետո, հանդիպելով մարտական հենակետի եւ օգնության հասած ստորաբաժանումների դիմադրությանը, նահանջել են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 13-րդ կետերով հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ադրբեջանական զորքերը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Հարձակման արդյունքում սպանվել են 2  շարքային զինծառայող եւ 1 սպա: Հարձակումը շարունակվել է նաեւ ցերեկը ժամը 12-ի դրությամբ, այդ թվում՝ Չինարի գյուղի մերձակայքում:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ակնհայտորեն խախտում Է կյանքի իրավունքը պաշտպանող միջազգային բոլոր պահանջները: Խիստ դատապարտման է ենթակա եւ անթույլատրելի մարդուն, այդ թվում՝ զինվորական ծառայողին կյանքից զրկելն այն պայմաններում, երբ բացակայում է հարձակման որեւէ հավանականություն: Խիստ դատապարտելի է ռազմական գործողություն նախաձեռնելը բնակելի գյուղի մոտակայքում եւ այն էլ առավոտյան ու ցերեկային ժամերի, ինչը իրական է դարձնում գյուղի բնակիչներին վնաս պատճառելու հնարավորությունը եւ ադրբեջանական զինված ուժերի այդպիսի մտադրությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի տարածքային ներկայացուցիչն անհապաղ մեկնել է Տավուշի մարզի Չինարի գյուղ՝ տեղում անմիջականորեն ուսումնասիրելու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի խախտման հանգամանքները եւ կատարելու անհրաժեշտ փաստահավաք աշխատանքներ: Փաստահավաք աշխատանքների կատարման արդյունքների հիման վրա կտրվեն հիմնավորված գնահատականներ՝ միջազգային համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու նպատակով:

Ինչպես միշտ, Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի սահմանին զինված բախման վերաբերյալ տեղեկությունների «չէր տիրապետում», ինչին անդրադարձել էր նաեւ ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Ռուսական լրատվամիջոցը ամբողջությամբ մեջբերել է ՊՆ մամլո խոսնակի հաղորդագրությունը , ապա այս կապակցությամբ հարցով դիմել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչություն: «Սահմանային զինված բախումների վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկա: Եթե լինի ապա պաշտպանության նախարարությունը կտարածի պաշտոնական աղբյուրներով»,- նշել է Ադրբեջանի ՊՆ խոսնակը:

ԼՂ հակամարտության գոտում այս տարեվերջի եւ ապրիլին ծավալված ռազմական գործողությունները սանձազերծվել էին Բաքվի կողմից: Անցնող տարվա նշանակալից իրադարձություններին նվիրված իր ամփոփիչ շարքում այս մասին գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճի հիմնական պատճառը սոցիալ տնտեսական խնդիրներից հասարակության ուշադրության շեղումն է:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության բացակայությունը հղի կլինի ծանր հետեւանքներով: Մենք պետք է կարողանանք հասնել այն բանին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարողանա ավելի ակտիվ ու արդյունավետ աշխատել: Պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջենք շրջահայաց քաղաքականություն վարել: Համանախագահների գործունեության մեջ ամենակարեւորն այն է, որ նրանք հանդես են գալիս՝ ելնելով կողմերի համաձայնեցված դիրքորոշումներից»,- «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է ԼՂՀ ԱԳ նախարարը: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության բացակայությունը հղի կլինի ծանր հետեւանքներով, քանի որ այն այսօր միակ օրինական կառույցն է, որն զբաղվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային հարցով:

ՀԱՊԿ-ը մինչեւ հիմա ոչ մի կերպ չի արձագանքել Հայաստանի սահմանին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիային։ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնեթդինովը լսելով հարցը՝ սկզբում փորձել է համոզել, որ հարցի (թե տեղյակ է արդյոք ՀԱՊԿ-ը միջադեպի մասին) հասցեատերը ՀՀ ազգային մարմիններն են։ Հետո «հանկարծ» հիշել է, որ հիվանդ է եւ «բյուլետենի մեջ է» եւ մոտ ժամանակներս ոչ մի կերպ չի կարող ճշտել, թե ՀԱՊԿ-ը միջադեպի մասին տեղեկություն ստացել է, թե ոչ։

Իսկ հայկական կողմը շարունակեց պնդել, թե «ՀՀ ՊՆ-ն տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների». «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ՝ մեր մարտական դիրքերի հատվածում: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», – ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Իսկ ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հայտարարել է, որ հստակ կարող է ասել, որ «Արցախի քաղաքական օրակարգում որեւէ զիջողական, պարտվողական տրամադրություն չկա».  «Չկա պարտվողական եւ որեւէ տարածք հանձնելու մտադրություն, այլ կա էլ ավելի զարգանալու, առաջ գնալու եւ, որ ամենակարեւորն է, հզոր ու ամուր երկիր ունենալու ցանկություն»:

Անդրադառնալով Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությանը՝ նախարարը նկատել է, որ այդ երկիրը

շարունակում է հետապնդել Արցախ այցելող հատկապես հայտնի մարդկանց՝ նրանց ներառելով «սեւ ցուցակ»-ում: «Մենք դա ընկալում ենք որպես խիստ դատապարտելի քայլ: Այն մտահոգիչ է ոչ միայն այն առումով, որ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, տեղաշարժի իրավունքի աղաղակող խախտում է, այլեւ այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանությունը վաղուց այդ երկիրը վեր է ածել յուրօրինակ զնդանի», – հավելել է Արցախի ԱԳ նախարարը:

Զինվորներն ու սպաները եւս վստահեցրել են, որ ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին:

«Լեռնային Ղարաբաղն այլեւս երբեք չի ընդգրկվի Ադրբեջանի կազմում, իսկ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է Արդբեջանին որոշ տարածքներ վերադարձնել»,- հայտարարել Է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, ով Երեւան էր ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի 4-րդ համատեղ նիստին մասնակցելու համար: «Իմ տեսակետն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դժվար թե նորից խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկվի, քանի որ խորհրդային Ադրբեջան այլեւս գոյություն չունի։ Երբ Խորհրդային միությունը փլուզվում էր, Ադրբեջանն արդեն վերահսկողություն չուներ Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածների վրա։ Մյուս կողմից կան տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն՝ կոնֆլիկտի կարգավորման համար», – ասել է նա: Անդրադառնալով ապրիլյան դեպքերին՝ նշել է, որ ռուսական կողմը դատապարտում է Ադրբեջանի նման գործողությունները եւ միտված է հայ հասարակության մեջ Ռուսաստանի նկատմամբ եղած անվտահությունը վերացնելու։ «Մեզ համար կարեւոր է վերջ տալ այդ օրերին հայ հասարակության շրջանում ծագած տրամադրություններին, որոնք կասկածներ էին հարուցում ՌԴ գործընկերային հարաբերությունների մասով։ Մեր երկրների ղեկավարների գործողությունները ուղղված են հասարակության շրջանում բոլոր նման կասկածները վերացնելուն։ Գիտեք, որ միասնական զորախումբ ստեղծելու մասին երկու երկների պաշտպանության նախարարները համաձայնագիր ստորագրեցին։ Բացի այդ, այս տարի ամռանը Հայաստանին տրամադրվեցին «Իսկանդերներ» հրթիռային համակարգեր: Առհասարակ սա առաջին դեպքն է պատմության մեջ, որ «Իսկանդերը» հայտնվում է Ռուսաստանից դուրս՝ փոխանցվելով այլ երկրի, ինչը փաստորեն նպատակ ունի տարածաշրջանում բալանս հաստատել», – ամփոփել է խոսքը ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը:

Ֆրանսիայի համանախագահի փոփոխությունից հետո, իր ներկայացուցչին փոխեց նաեւ ԱՄՆ-ն: 2017թ. հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը Եվրոպայի Անվտանգության ու համագործակցության կազմակերպության Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլեւս չի զբաղեցնի այդ պաշտոնը: ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006թթ., Ղազախստանում՝ 2008-2011թթ. եւ ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում՝ 2011-13թթ.: Վերջին շրջանում նա ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության հետ կապված ռազմական համակարգման աշխատանքները եւ զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ վերոհիշյալ նշանակումները դեսպան Հոգլանդը ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը եւ եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը:

Ըստ ամերիկյան կողմի՝ դեսպան Հոգլանդի մեծ ու երկարամյա դիվանագիտական փորձը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեւական ու խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ Միացյալ Նահանգների աշխատանքներում: Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել կողմերին՝ հետամուտ լինել հրադադարի պահպանման իրենց հանձնառությանը, իրականացնել Վիենայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները եւ հորդորում վերադառնալ կարգավորման շուրջ բանակցություններին, որից կշահեն բոլոր կողմերը: Դեսպան Ուորլիքին այս պաշտոնում հիմնական փոխարինողի մասին կհայտարարվի ավելի ուշ:

Մեր հանրությանը հիշեցնենք, որ այս դիվանագետի դեմ ժամանակին մեծ ընդդիմադիր շարժում եղավ Հայաստանում, երբ Ռիչարդ Հոգլանդին ցանկանում էին դեսպան նշանակել մեր երկրում: «Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն»,- այն ժամանակ հայտարարեց Հայ Արիական Միաբանությունը՝ նշելով, որ համասեռական դեսպանի նշանակումը հայերը կդիտարկեն որպես ազգային վիրավորանք: «ԱՄՆ նախագահն ամեն կերպ փորձում է Հայաստանում դեսպան «տեղավորել» Հոգլանդին, որի ներկայությունը մենք համարում ենք վարկաբեկիչ ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյունից: Եվ հայությանը կոչ ենք անում լինել աչալուրջ, մինչեւ ԱՄՆ նախագահը կհասկանա, որ նորմալ ու բարոյական մարդ պիտի լինի իրենց դեսպանը: Սա նաեւ ԱՄՆ շահերից է բխում»,- ասված է 12.09.2006թ. ՀԱՄ հայտարարությունունում:

Այսօր էլ դիմեցինք Հայ Արիական Միաբանուևթյան պատասխանատուներին: Կառույցի լրատվական-տեղեկատվական կենտրոնից ասացին, թե «հուսով են, որ դեսպան Ուորլիքին այս պաշտոնում հիմնական փոխարինողի մասին հայտարարությունը այլ անուն կբացահայտի»: Կոչ արեցին ԱՄՆ իշխանություններին. ելնելով հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների բնականոն զարգացման ընդհանուր շահերից՝ չհաստատել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը՝ այս անգամ էլ Արցախի խնդրում: Նման կոչ հղեցին նաեւ ՀՀ ու ԼՂՀ իշխանություններին:

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. – Հունվարի 12-ին, ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  ԼՂսՀ  Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արեւելքում։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ԼՂՀ ՊԲ դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) եւ ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը (Ավստրիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) եւ ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ, մայոր Ջավիթ Էլյասը։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

«Լուսանցք» թիվ 1 (434), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։