Մարզական աշխարհի խաչմերուկներում.- ԱՖՖ-ն արգելել է խաղի ժամանակ կախարդանքը… Սեռական բնույթի սկանդալ՝ ամերիկյան սպորտում… Գոլ, ամուսնության առաջարկ, դեղին քարտ՝ 1 րոպեում… Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն գոլի հեղինակ… Լեւոն Արոնյանը՝ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում… Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը՝ շախմատի կանանց աշխարհի առաջնությաունում… Մարզական այլ լուրեր…

ԱՖՖ-ն արգելել է խաղի ժամանակ կախարդանքը

Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռուանդայի առաջնության ժամանակ գրանցված միջադեպի հետեւանքով արգելել է խաղի ժամանակ զբաղվել կախարդությամբ: Բանն այն է, որ Մուսա Կամարան հանդիպման ժամանակ ինչ-որ իր է դրել մրցակցի դարպասպաձողի կողքին, անհասկանալի ինչ-որ բաներ շշնջացել եւ 12 րոպե անց գոլ խփել՝ փրկելով իր թիմին պարտությունից:

Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, ֆեդերացիայի կողմից արգելքն ուժի մեջ կմտնի որոշումից անմիջապես հետո, իսկ ֆուտբոլիստը կախարդելու համար կտուգանվի 116 եվրոյով: Եթե թիմն օգտագործի կախարդանք, ապա կտուգանվի 3400 եվրոյով եւ կպատժվի տուգանային 3 միավորով:

Սեռական բնույթի սկանդալ՝ ամերիկյան սպորտում

Ամերիկացի 18 մարզուհիներ դատական հայց են ներկայացրել սպորտային մարմնամարզության ԱՄՆ-ի կանանց օլիմպիական հավաքականի բժիշկ Լարի Նասարի նկատմամբ, ում մեղադրում են սեռական ոտնձգության մեջ:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, սպորտային բժիշկն իր ոտնձգությունները քողարկել է բուժզննման անվան տակ: Հարկ է նշել, որ նրա մոտ հետազոտվել են տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ՝ ֆուտբոլիստուհիներ, գեղասահորդներ, լողորդներ եւ անգամ բասկետբոլիստուհիներ:

Ի դեպ, Լարի Նասարին ներկայումս հետախուզման մեջ է գտնվում՝ կապված մանկական պոռնոգրաֆիայի գործի հետ:

Գոլ, ամուսնության առաջարկ, դեղին քարտ՝ 1 րոպեում

Գուամայի Պրեմիեր լիգայում «Ռովերս» ֆուտբոլային թիմը 5:1 հաշվով առավելության է հասել «Շիպյարդի» նկատմամբ, սակայն հանրության ուշադրությունը գրավել է ոչ խաղը, ոչ էլ գրանցված խոշոր հաշիվը: Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, 35-րդ րոպեին «Ռովերսի» ֆուտբոլիստ Էշտոն Սուրբերն անչափ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել, որից հետո ուրախությունից պատռել է մարզաշապիկը, ամուսնության առաջարկ արել ընկերուհուն եւ, իհարկե, արժանացել դեղին քարտի:

Այս ամբողջ իրադարձությունները տեղի են ունեցել մեկ րոպեի ընթացքում:

Հավելենք, որ 2-րդ մարզաշապիկի վրա գրված է եղել՝ «Կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղբյուրի տեղեկություններով՝ սիրեցյալը դրական պատասխան է տվել ֆուտբոլիստին:

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ իր տեղափոխության մասին

«Շանհայ Շենհուա» ֆուտբոլային ակումբի նորեկ Կառլոս Տեւեսը պատմել է այն մասին, թե ինչպես է ընդունել չինական թիմի առաջարկն ու որոշել հեռանալ հարազատ «Բոկա Խունիորսից»: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

Այս տրանֆերի շնորհիվ արգենտիանցին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, ով 2 տարվա ընթացքում կվաստակի 60 մլն եվրո: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Բոկա Խունիորս»-ի երկրպագուներին՝ իրենց սիրո եւ աջակցության համար: Ես Ձեզ հրաժեշտ չեմ տալիս: Իհարկե, դժվար էր հեռանալու որոշում կայացնելը, իսկ հիմա բարդ է գիտակցելը, որ այլեւս իմ սիրելի թիմի ֆուտբոլիստը չեմ:

Համաձայնվեցի տեղափոխվել Չինաստան տարբեր պատճառներով: Երբեմն փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ շատ դժվար է ամեն օր դիմանալ այն ճնշմանը, որն զգում է «Բոկա»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստ»,- ասել է Կառլոս Տեւեսը: 

Լեւոն Արոնյանը՝ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում

ՖԻԴԵ-ն հրապարակել է 2017թ. Գրան պրի շարքի 15 մասնակիցների ցուցակը: Մասնակիցների թվում է նաեւ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մյուս 14 մասնակիցներն են‘աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Սերգեյ Կարյակին, Պյոտր Սվիդլեր, Եվգենի Տոմաշեւսկի (բոլորը՝ Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա, Ուեսլի Սո (բոլորը՝ ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Հոլանդիա), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Դին Լիժեն (Չինաստան), Պավել Էլյանով (Ուկրաինա): Եվս 9 մասնակցի կներկայացնի Գրան պրի շարքի մյուս կազմակերպիչ Ագոնը:

Հիշեցնենք, որ 4 փուլերից յուրաքանչյուրին կմասնակցի 24 շախմատիստ: Ամեն գրոսմայստերը կխաղա 3 մրցաշարերում: Գրան պրիի արդյունքում 2 ուժեղագույնները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր: 4 փուլերը տեղի կունենան փետրվարի 17-28-ը՝ Շարջայում, մայիսի 11-22-ը՝ Մոսկվայում, հուլիսի 5-16-ը՝ Ժնեւում, նոյեմբերի 15-26-ը՝ Պալմա դե Մալյորկայում:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը՝ շախմատի կանանց աշխարհի առաջնությաունում

Փետրվարի 10-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կմեկնարկի շախմատի կանանց աշխարհի առաջնութունը, որն անցկացվելու է նոկաուտ համակարգով: Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 64 շախմատիստուհի: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:

Մասնակիցների թիվը 62-ն է, որոնց կավելանան միայն ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածուները։ Նախնական ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոնուհի չինուհի Խոու Իֆանը։

Մեր շախմատիստուհիների մրցակիցները հայտնի են՝ Էլինա Դանիելյանը գլխավոր մրցանակի համար պայքարը կսկսի Հնդկաստանի ներկայացուցիչ, 23-ամյա Ռութ Պադմինի հետ մրցամարտով, իսկ Լիլիթ Մկրտչյանն այս փուլում ուժերը կչափի չինուհի Նի Շիկունի հետ, ով գալիք փետրվարին կդառնա 20 տարեկան: Մեր շախմատիստուհիները առաջին խաղում հանդես կգան սպիտակ խաղաքարերով:

Հայաստանի հավաքականը աշխարհում առաջադիմել է 1 տեղով

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում զբաղեցնում է 86-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ մեր ընտրանին առաջադիմել է մեկ աստիճանով՝ շրջանցելով Անտիգուայի եւ Բարբուդայի ընտրանուն:

Դասակարգման աղյուսակը գլխավորում է Արգենտիան, որը դեռեւս 90 միավորով գերազանցում է Բրազիլիային: Երրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի ըտրանին:

40-րդն ենք Եվրոպայում 

«Ֆրանս Ֆուտբոլ» հանրահայտ պարբերականը ամփոփելով անցած մրցաշրջանը, ավանդույթի համաձայն Եվրոպայի ազգային հավաքականներին դասակարգել է ըստ իրենց ցույց տված արդյունքների:

Աշխարհամասի 2016թ. լավագույն հավաքականը Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի ընտրանին է, որը 17 խաղում տարել է 10 հաղթանակ, կրել 3 պարտություն, խփել 42, բաց թողել 11 գնդակ: Հաջորդ 2 տեղերը զբաղերել են Ֆրանսիան ու Գերմանիան: Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այդ աղյուսակում զբաղեցնում է 40-րդ տեղը: Մեր ընտրանին անցկացրել է 8 հանդիպում: Ընկերական 4 խաղերում Հայաստանը տոնել է 2 հաղթանակ, 1 խաղ ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն է կրել, խփել է 11 գոլ, բաց թողել՝ 4-ը:

2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում անցկացրած 4 հանդիպումներում մեր թիմը տարել է ընդամենը 1 հաղթանակ՝ կրելով 3 պարտություն: Գնդակների հարաբերությունն է՝ 4-10: Նշենք, որ «Ֆրանս Ֆուտբոլ»-ն այս դասակարգումը վարում է սկսած 1959-ից: Վերջին 20 տարիների արդյունքներով Եվրոպայի լավագույն ազգային թիմը Իսպանիայի հավաքականն է, որը 8 անգամ զբաղեցրել է 1-ին տեղը: Հաջորդում են Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Հոլանդիայի ընտրանիները: Հայաստանի հավաքականը բացակայում է ուժեղագույնների ցուցակից, քանի որ ոչ մի անգամ չի հայտնվել լավագույն տասնյակում:

Լեւոն Արոնյանի առաջին «զոհը»՝ մրցաշարի առաջատարն է

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Հոլանդիայում ընթացող «Տատա Սթել» սուպերմրցաշարում: Կայացած 5-րդ խաղում մեր շախմատիստը սեւերով հանդիպեց մրցաշարի միանձնա առաջատար, ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: Նա սկզբում ուժեղ պաշտպանություն ստեղծեց, ապա գեղեցիկ հակագրոհ ձեռնարկեց նավակներով: Արդյունքում, Լեւոն Արոնյանը 29-րդ քայլից ամբողթովին տիրեց նախաձեռնությանը եւ շատ արագ մրցակցին ստիպեց հանձնվել:

Մեր շախմատիստը վաստակեց 3 միավոր եւ ընդհուպ մոտեցավ Մագնուս Կառլսենին ու նույն Պավել Էլյանովին, որոնք կես բալ ավելին ունեն: Սակայն սույն եռյակին կարող է շրջանցել 3 միավոր ունեցող Ուեսլի Սոն, որն այս պահին բացահայտ առավելություն ունի հնդիկ Հարիկրիշնայի նկատմամբ: Վաղը տեղի կունենան 6-րդ փուլի խաղերը: Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

Սմբատ Լպուտյանը գնահատել է Լեւոն Արոնյանի ելույթըՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը չի մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 16-28-ին, Ռուսաստանում…

«Ինչպես գիտեք, մեր հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր չի նվաճել: Բացի այդ, անցած տարի մենք ստիպված եղանք բաց թողնել Բաքվում նախատեսված շախմատային օլիմպիադան, որը ինքնաբերաբար զրկում է թիմին մասնակցությունից: Ռուսաստանում խաղալու միակ տարբերակն այն է, որ շախմատի միջազգային ֆեդերացիան Հայաստանին շնորհի վերջին՝ 10-րդ ուղեգիրը, սակայն ՖԻԴԵ-ն դժվար թե նման ընտրություն կատարի՝ հաշվի առնելով վերջին հանգամանքը»,- ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

Գնահատելով մրցաշրջան-2016-ում մեր շախմատիստների ելույթները՝ անվանի շախմատիստն ասաց, որ տարին կարելի է հաջողված համարել. «Մեր շախմատիստները միջազգային տարբեր մրցաշարերում դարձել են եւ հաղթող, եւ մրցանակակիր, սակայն ամենակարեւորն այն է, որ մենք 2016-ին ունեցանք աշխարհի երկու չեմպիոն, ընդ որում պատանիների ամենահարգի 16 եւ 18 տարիքային խմբերում: Դա նշանակում է, որ մեր կողմից տարվող աշխատանքը զուր չի անցել»:

Սմբատ Լպուտյանը կարծում է, որ մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը դեռ հնարավորություն ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար, սակայն դրա համար նա շատ քիչ ժամանակ ունի: «Վերջին տարիներին Լեւոն Արոնյանի մոտ, կարծես, ներքին էներգիայի պակաս է զգացվում: Դա հիմնականում գալիս է տարիքից: Որքան շախմատիստը մեծանում է, այնքան ավելի դժվար են տրվում հաղթանակները: Լեւոն Արոնյանը, այնուամենայնիվ, աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է, եւ նա չեմպիոնի կոչման ռեալ թեկնածու է համարվում: Այնպես որ, ամեն ինչ գտնվում է նրա ձեռքերում»,- ասել է փորձառու մասնագետը:

Հայաստանի շախմատի առաջնությունները խոստանում են անցնել լարված պայքարում

Հունվարի 11-21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կանցկացվեն  Հայաստանի տղամարդկանց 77-րդ եւ կանանց 72-րդ առաջնությունները: Մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին` ժամը 15:00-ին: Առաջին փուլի խաղերը կմեկնարկեն հունվարի 12-ին` ժամը 15:00-ին: Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով: Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առաջնությունները կանցկացվեն 9 փուլերով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում` 7 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ: Կանանց մրցաշարին մասնակցում են նույնպես 10 շախմատիստուհի, այդ թվում` 3 միջազգային վարպետ:

Կանոնադրության համաձայն` մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմերում: Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը:

Հ.Գ. – Շախմատի Հայաստանի առաջնության հրաշալի յոթնյակը – Երեւանի Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը ավարտին են մոտենում շախմատի Հայաստանի առաջնությունները: Այսօր կայացած 7-րդ տուրի պարտիաներն էլ ավելի խճճեցին մրցաշարային աղյուսակները:

Տղամարդկանց առաջնության ավարտից երկու տուր առաջ 4-ական միավոր ունեն գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը, նախկին չեմպիոններ Տիգրան Լ.Պետրոսյանը եւ Արման Փաշիկյանը, ինչպես նաեւ մրցաշարի ամենակրտսեր մասնակիցը՝ միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Առաջատարներից կես միավորով ետ են մնում 3 շախմատիստներ՝ կրկին նախկին չեմպիոններ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Կարեն Հ. Գրիգորյանը, եւ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Հրաշալի այս յոթնյակն էլ կվիճարկի չեմպիոնի կոչումը: Ելնելով ստեղծված իրավիճակից, վաղը կայանալիք 8-րդ փուլի բոլոր խաղերն էլ կարեւոր նշանակություն ունեն շախմատիստների համար:

Կանանց առաջնությունում յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է վարպետության թեկնածու Սիրանուշ Ղուկասյանը, որն այսօր հաղթեց անցած տարվա չեմպիոն Մարիա Գեւորգյանին եւ վաստակեց 5,5 միավոր: Նրան կես բալով զիջում է միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, մեկով՝ նույն Մարիա Գեւորգյանը: 8-րդ փուլում Սիրանուշ Ղուկասյանը սպիտակներով կմրցի Աննա Սարգսյանի հետ: Նրան հետապնդող Աննա Հայրապետյանն ու Մարիա Գեւորգյանը կհանդիպեն իրար հետ:

Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշրը

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատի այս տարվա հուշամրցաշարում հաղթեց ուկրաինացի միջազգային վարպետ Ստանիսլավ Բոգդանովիչը: Նա վերջին 9-րդ փուլում պարտության մատնեց անցած տարվա հաղթող, ռուսաստանցի Դավիթ Պարավյանին եւ վաստակեց 6,5 միավոր ու կես բալով առաջ անցավ արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանից: Մրցանակային 3-րդ տեղը բաժին հասավ հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Աղասարյանին, ով վաստակեց 5,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գերազանցեց ռուսաստանցի Դմիտրի Գորդիեւսկուն:

Հայ երեխաները կմասնակցեն շախմատի միջազգային մրցաշարին

«Նարվա» շախմատի դպրոցը հրավեր է ստացել մասնակցելու հունվարի 19-26-ը Բելառուսի Օրշա քաղաքում կայանալիք շախմատի միջազգային մրցաշարին:

Մասնակցության համար Բելառուս կմեկնեն մեր դպրոցի շախմատիստներ 10-ամյա Գրիգոր Օսիպյանը, ով 2016թ.-ին Մոսկվայում կայացած «Չեսս Սթար» միջազգային մրցաշարի մինչեւ 18 տարեկան պատանիների հաղթողն է, եւ 11-ամյա Խաչիկ Գեւոնյանը՝ դպրոցի հիմնադիր-տնօրեն Նարեկ Վարազդատյանի գլխավորությամբ:

Մրցաշարի ընթացքում կկայանան պատանեկան, արագ շախմատի, կայծակնային շախմատի առաջնություններ, որոնց կմասնակցեն երեխաները, ինչպես նաեւ թիմային առաջնություն, որին մեր դպրոցի պատվիրակությունը կմասնակցի «Նարվա-Արմենիա» անվանումը կրող թիմով:

Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն գոլի հեղինակ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է Անգլիայի պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի մրցանակը: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայազգի ֆուտբոլիստի խփած գոլը «Սանդերլենդ»-ի հետ խաղում ամենաշատ ձայներն է հավաքել: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել էր կրունկի հարվածով, որը շատ հաճախ անվանում են «կարիճի խայթոց»:

Նշենք, որ սա Հենրիխ Մխիթարյանի առաջին անհատական մրցանակն է Անգլիայում:

ՖԱՖ-ը մրցանակ է հանձնել Գեւորգ Ղազարյանին

8-րդ տարին անընդմեջ տեղի է ունեցել ՖԱՖ-ի ամենամյա ֆուտբոլային միջոցառումը` ՖԱՖ-ի անդամների, Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների, մարզական աշխարհի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստանաբնակ, արտերկրում եւ Արցախում բնակվող ՖԱՖ անդամների քվեարկության արդյունքում 2016թ. տվյալներով ՖԱՖ-ի համակրանք մրցանակին է արժանացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանը:

Հայ ֆուտբոլիստի հետ կապ է հաստատվել տեսազանգի միջոցով, քանի որ հայ ֆուտբոլիստը այժմ գտնվում է իր ակումբի՝ «Մարիտիմու»-ի ճամբարում եւ մասնակցում է Պորտուգալիայի առաջնությանը:

Արթուր Աբրահամը մասնակցել է Պոդոլսկու բարեգործական խաղին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկու կազմակերպած բարեգործական հանդիպմանը:

Հանդիպումը կայացել է գերմանական Գումերսբախում: Հասույթը կփոխանցվի ֆուտբոլիստի բարեգործական հիմնադրամին:

Ֆուտբոլային հանդիպումից հետո 36-ամյա հայ բռնցքամարտիկը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ Պոդոլսկու, Բրեմենի «Վերդերի» նախկին հարձակվող Աիլթոնի եւ «Ֆորումլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի որդու` Միկի հետ:

Արմեն Հայրապետյանը Ռուսաստանում կմասնակցի միջազգային մրցաշարի

Ընդհանուր մենամարտերի (MMA) ստեփանակերտցի մարզիկ Արմեն Հայրապետյանը փետրվարի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում կմասնակցի «EFC» միջազգային մրցաշարի: Այս մասին տեղեկացնում է  «Artsakhpress»-ը:

«Անկեղծ ասած` մրցակցիս անունը դեռևս հայտնի չէ, բայց ցանկությունս մեծ է, որ կարողանամ լավ արդյունք ապահովել: Հուսով եմ կհաջողվի»,- ասել է Արմեն Հայրապետյանը:

Նշենք, որ Արմեն Հայրապետյանը ԼՂՀ-ում և ՀՀ-ում անցկացված «ArmFC»-ի մենամարտերում միշտ բարձր արդյունքներ է գրանցել: Ելույթներ է ունեցել սանդա-ուշու, ըմբշամարտ, քիքբոքսինգ եւ ընդհանուր մենամարտեր (MMA) մարզաձևերում: Զբաղվում է նաև մարզչական գործունեությամբ:

Սերգեյ Միքայելյանը՝ Հայաստանի քառակի չեմպիոն

Ծաղկաձորում կայացած դահուկավազքի Հայաստանի 2017թ առաջնությանը մասնակցել է Գյումրի, Աշոցք, Վանաձոր, Հրազդան քաղաքների եւ Երեւանի ՖԻՄԱ թիմի 50 դահուկորդ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Տղամարդկանց մրցումներում բոլոր ձեւերում (10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ, 1,1 կմ արագավազք ազատ ոճ, 1,1 կմ արագավազք դասական ոճ) հաղթել է Սերգեյ Միքայելյանը:

Կանանց առաջնությունում 5 կմ ազատ ոճ եւ 5 կմ դասական ոճ մրցաձեւերում լավագույն է ճանաչվել Կատյա Գալստյանը: Իսկ ահա 1,1 կմ արագավազքի 2ւ ձեւերում հաղթանակ է տարել Աննա Մխիթարյանը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org -ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 2 (435), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։