Փող տվեցինք ու ՄԱԿ-ի Պատվո ցուցակ մտանք… Ստամբուլում գտնվող հայկական ճամբարը՝ երիտասարդության կենտրոն… Սադրիչին պե՛տք է պատասխանենք – Բաքուն փորձում է կամ ձեւացնում է, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով…

Փող տվեցինք ու Պատվո ցուցակ մտանք

Մեր երկիրը ներառվել է 2017թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)՝ կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին եւ ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: ԱԳՆ-ից մանրամասնում են, որ այս տարվա. հունվարին Հայաստանի կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 151,338.00 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին մեր երկրի անդամակցության գծով 2017թ. տարեկան անդամավճար: Նյու Յորքում նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

Պատվո ցանկում ընգրկվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները։ 2017թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը՝ Հայաստանը, Անգոլան, Բենինը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հունգարիան, Լիբերիան, Սենեգալը, Հարավային Սուդանն ու Ուկրաինան: «ՄԱԿ-ի անդամ եւս 17 երկրներ վճարումները կատարել են մասնակիորեն»,- հայտնել էին ՄԱԿ-ից:

Առավել շատ վճարողը եղել է Հունգարիան՝ 4 մլն. դոլար, ամենաքիչը վճարել է Լիբերիան՝ 25 հազար դոլար: Վճարի չափը որոշելիս հաշվի է առնվում վերջին 10 տարում տվյալ երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի միջին ցուցանիշը: Այսօրվա դրությամբ միջազգային կազմակերպության խոշորագույն հովանավորը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որը ծածկում է կազմակերպության ծախսերի 22%-ը: Ռուսաստանի պարագայում ցուցանիշը 2,5% է:

Վճարումները վերաբերում են ՄԱԿ անդամ բոլոր երկրներին: Կանոնադրության համաձայն, 2 տարի գումարը չվճարելու պարագայում զրկվում է Գլխավոր Ասամբլեայում ձայնի իրավունքից: Անցած տարվա հունվարին այդ վիճակում 15 երկիր հայտնվեց: Մեկ ամսվա ընթացքում նրանցից 7-ը՝ այդ թվում Իրանն ու Վենեսուելան կարողացան վերականգնել ձայնի իրավունքը: Մի քանի երկրների՝ մասնավորապես Յեմենին ու Սոմալիին ՄԱԿ-ում ներեցին՝ հաշվի առնելով քաղաքական ու տնտեսական ծանր վիճակը:  

Ստամբուլում գտնվող հայկական ճամբարը՝ երիտասարդության կենտրոն

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի «Քամփ Արմեն» ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագիծը պատրաստ է: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ճամբարը համայնքին կծառայի որպես երիտասարդության եւ տեխնոլոգիաների կենտրոն՝ միաժամանակ մնալով որբանոց:

Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու եւ դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբելօղլուն հայտնել է, որ աշխատանքները կսկսեն, երբ Թուզլայի թաղապետարանը հրաժարվի ճամբարի բարեկարգման նախագծի վրա գրված «վարչական տարածք» արտահայտությունից: «Այդ դեպքում կկարողանանք սկսել ծրագրի աշխատանքները: Դա մեզ համար մեծ ուրախություն կլինի: Ցանկանում ենք, որ իրավասու մարմինները րոպե առաջ խնդրով զբաղվեն: Քաղաքապետարանից ուրախ լուր ենք սպասում»: «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: 8.552քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961թ. գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից եւ ծառայել է  որպես ամառային ճամբար՝ հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:

2015թ. ճամբարի սեփականատերը որոշել էր քանդել այն, սակայն հայ համայնքի երիտասարդների երկարատեւ պայքարից հետո ճամբարը վերադարձվեց իրավատիրոջը՝ Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին:

Հիշեցնենք, որ հայկական որբանոց-ճամբարը վերադարձնելու համար պայքարող մի խումբ երիտասարդներ ավելի քան 100 օր կիսաքանդ ճամբարում «Քամփ Արմենի համար դիմադրություն»» կարգախոսով շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում… Անհայտ անձինք մահակներով հարձակվել էին ճամբարի տարածքում հերթապահող երիտասարդների վրա եւ ծեծի ենթարկել նրանց: Սակայն երիտասարդները չընկրկեցին եւ հասան հաջողության:

Սադրիչին պե՛տք է պատասխանենք

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական հայտարարությանն ու հերթական անգամ կողմերի միջեւ հավասարության նշան դնելուն՝  ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երեկ կառավարության նիստից հետո նախ շեշտեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհասցե հայտարարությունները հնարավորություն են տալիս Ադրբեջանին գործել ավելի սանձարձակ, եւ ապա հավելեց. «Մինսկի խմբի հայտարարությունները միշտ էլ այդպիսին են եղել: Այդ հայտարարությունը թերի է նրանով, որ չկա հասցեագրում: Իսկ դա հնարավորություն է տալիս Բաքվին գործել ավելի սանձարձակ»:

Ընդհանրապես Շավարշ Քոչարյանը համարում է, եւ մեկ անգամ չէ, որ այդ մասին արտահայտվել է, թե հայկական կողմն իր հույսն առաջին հերթին պետք է դնի իր ուժերի վրա եւ Ադրբեջանի սադրիչ գործողություններին պատասխան տա: «Մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեր ուժերի վրա: Սրանից են բխում մնացած բոլոր գործողությունները: Բնական է՝ սադրիչ գործողությունները պետք է պատասխան ստանան: Այլ հարց է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ հայկական երկու պետությունները իրոք չեն ձգտում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսմանը»:

Շավարշ Քոչարյանը կրկին հիշեցրեց դեռ 1994թ. զինադադարի մասին եռակողմ փաստաթուղթը: Ըստ նրա դիտարկման, Բաքուն փորձում է կամ ձեւացնում է, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Իսկ հայկական կողմերը հավատարիմ են ու ի տարբերություն Ադրբեջանի՝ ձգտում են հրադադարի պայմանագրի պահպանմանը: Սակայն, ինչպես կտրուկ ընդգծեց բանախոսը, դա ամենեւին չի նշանակում, որ մենք վախենում ենք. «Նշանակում է՝ մենք գտնում ենք, որ ճիշտ է հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով»:

Որ Ցեղասպանության կամ Ղարաբաղի հարցով ԱՄՆ քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ ակնկալել պետք չէ, այս մասին էլ ասաց Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Դոնալդ Թրամփի պաշտոնավարությունից ԱԳՆ ակնկալիքներից:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 2 (435), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։