Մեր քաղաքական դաշտում արդեն նախընտրական եռուզեռ է, քաղաքական ուժերը վերահաշվարկների ու վերադասավորումների մեջ են: Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել՝ Հայաստանի խորհրդարանի հերթական ընտրությունը նշանակել 2017թ. ապրիլի 2-ին: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում միաձայն ընդունվեց Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Նիստը վարող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հիմնական միջոցառումները, որոնք իրականացվելու են ընտրություններից առաջ։ Մասնավորապես, ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ից մինչեւ մարտի 31-ը։ Ապրիլի 1-ին կլինի լռության օր, իսկ ապրիլի 2-ին արդեն կկայանան ընտրություններ։
Նիստի ավարտից հետո Տիգրան Մուկուչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կազմակերպման հետ կապված՝ ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինների ու Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկայացվել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը, պարզաբանվել յուրաքանչյուր մարմնի գործառույթները, ինչպես նաեւ այդ գործառույթների իրականացման ժամկետները:
ԿԸՀ-ի կայքում, ինչպես հայտարարվել էր, զետեղվել է առանձին էջ, որտեղ տեղադրված է 2017թ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը, փաստաթղթերի ձեւաթղթերը եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ: ԿԸՀ-ն հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից ըստ ընտրական տարածքների ընտրողների թվի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը եւ ընտրողների ռեգիստրի թիվը՝ սահմանել է ԱԺ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը, որը եւս հրապարակվել է:
Ինչպես եւ սպասվում էր, ՀԿ-ները հրաժարվել են ընդգրկվել 4+4+4-ի հանձնաժողովի կազմում: Ընտրական օրենսգրքի 4+4+4 ձեւաչափով քննարկումներին մասնակցած քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հայտնել են, որ հրաժարվում են ընդգրկվել խորհրդարանի ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը հաստատվել է կառավարության 2016թ. նոյեմբերի 10-ի N1158-Ն որոշմամբ, որի նպատակն է կազմակերպել ընտրական տեղամասերում տեսանկարահանումը եւ ուղիղ հեռարձակումը, նույնականացման քարտերի ու անձնագրերի շտեմարանի աուդիտն ու մշտադիտարկելու՝ էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը:
Կարեւորելով հանրային վերահսկողությունը բոլոր փուլերում, ՀԿ-ներն այդուհանդերձ ձեռնպահ են մնում ներգրավվել այս հանձնաժողովում, քանի որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների համար լրջագույն խնդիրը գործուն լիազորություններ չունեցող այս կառույցի գործարկումը չէ, այլ «դիտորդական առաքելությունների եւ ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների՝ ընտրական օրենսգրքով նախատեսված աննախադեպ սահմանափակումները, որոնց առկայությունն արդեն իսկ կասկածի տակ է դնում ընտրությունների արդարությունն ու օրինականությունը, եւ այդ չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու իշխանության պատրաստակամությունը»,- նշված է ՀԿ-ների հայտարարությունում:
Ըստ նրանց, խնդրահարույց է նաեւ հիշյալ եռակողմ հանձնաժողովի գործառույթների, դրա գործունեության եւ լիազորությունների սահմանման վերաբերյալ կառավարության որոշման կայացման ոչ ներառական բնույթը, ինչպեսեւ՝ այդ որոշմամբ սահմանված պայմանները, որոնք պարտադրվում են քաղաքացիական հասարակությանը եւ դրա առանձին ներկայացուցիչներին: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բազմաթիվ քննարկումներն ու դրանց արդյունքում դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանափակումները վերացնելու վերաբերյալ արված առաջարկությունները այդպես էլ օրակարգային չդարձան կառավարության համար, իսկ որոշ դրական փոփոխությունները, որոնք հնարավոր եղավ արձանագրել ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, ըատ հիշյալ հայտարարության, ստվերվեցին եւ չեզոքացվեցին ակնհայտ անհամաչափ սահմանափակումներով եւ ներդրված պատասխանատվության ինստիտուտներով, որոնք եւս չէին դարձել լայն քննարկման առարկա:
Եթե կարելի է որոշ դեպքերում համաձայնել նշված հայտարարության պահանջների հետ, ապա զարմանալի է «Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությունը, որում մասնավորապես ասված է, թե՝ «Անբարոյական ենք համարում զոհված հայորդիների հիշատակի օրը ընտրությունների անցկացումը»: Նրանց կարծիքով «գործող վարչախումբն իր ապազգային քաղաքականության արդյունքում հասցրել է լուրջ հարված հասցնել մեր ազգային արժեհամակարգին, ոտնահարելով ժողովրդի կողմից սրբություններ ընկալվող հիշատակի օրեր: Այժմ եւս, հերթական անգամ, երբ ժողովուրդը սույն թվականի ապրիլի 2-ին պետք է ցավով նշեր «ապրիլյան քառօրյա պատերազմի» ժամանակ զոհված 100-ից ավել հայորդիների զոհվելու տարելիցը, գործող վարչախումբը հայտարարել է ԱԺ ընտրությունների օր, դրանով մեկ անգամ եւս փաստելով իր ապազգային բնույթը»:
Նման դեպքերում չի կարելի ոչ թե համապետական միջոցառումներ անցկացնել, այլ այդ դեպքը անձնական նպատակներին կամ մտայնությանը ծառայեցնել: Ապրիլյան քառօրյա պատերազմը հաղթական ավարտ ունեցավ մեզ համար, չնայած 100-ից ավելի զոհերի: Այլ բան է, որ այդ իրավիճակի մեղավորները, պատասխանատուները չեն պատժվել օրենքի ողջ ուժով: Սա իրոք խնդիր է դեռ ու նաեւ պահանջ, որին կմիանա նաեւ մեր պարբերականը: Իսկ մեր տղաները երկրի սահմանները պաշտպանում եւ զոհվում-հերոսանում են նաեւ այն բանի համար, որ մեր պետությունը եւ բնակչությունը շարունակեն ապրել, աշխատել եւ առաջ գնալ:
Բայց նշյալ հայտարարության այս ձեւակերպումը՝ «Անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներով են ամրապնդված հենց այդ օրը ԱԺ ընտրություն անցկացնելու որոշումը, մենք անհարիր, ավելին՝ անբարոյական ենք համարում զոհված հայորդիների հիշատակի օրը նման համապետական միջոցառման անցկացումը», հավաստում է, որ այս կազմակերպությունը պարզապես մի կարծիք է ներկայացրել, որը հերթական ասելիքի պես բան է՝ «գործող վարչախմբի ապազգային քաղաքականությունը» կրկին քննադատելու համար:
Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը: ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրված՝ օգտվել իրենց դիտորդական առաքելությունից, ինչի համար հարկավոր է ՀՀ իշխանությունների հրավերը: Զեկույցի՝ ընտրական համակարգի վերաբերյալ դիտարկումների դրույթում նշված է՝ «Նոր ընտրական համակարգը բարդ է, ընդհանուր առմամբ, 101 պատգամավորներ ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով՝ կուսակցական ցուցակներով եւ 13 ընտրական տարածքների ցուցակներով: Քվեաթերթիկը ներառում է կուսակցության համամասնական ցուցակը եւ տվյալ ընտրական տարածքի ցուցակը: Տարածքային ցուցակի թեկնածուները պետք է լինեն նաեւ համամասնական ցուցակում: Ընտրողը կարող է որեւէ կուսակցության ցուցակն ընտրելուց բացի նախընտրություն տալ տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկին»:
Ըստ զեկույցի՝ խորհրդարանում հայտնվելու նվազագույն շեմը կուսակցությունների համար 5% է, իսկ դաշինքների համար՝ 7%: Մանդատները բաշխվում են առաջին հերթին համամասնական ցուցակների ստացած ձայների համապատասխան: Ապա մանդատների կեսը բաշխվում է ազգային ցուցակով, մյուս կեսը՝ ռեյտինգային ցուցակով: Այն թեկնածուները, որոնք մանդատ են ստացել ռեյտինգային ցուցակով, նրանց անունը հանվում է համամասնական ցուցակից: Առաջին անգամ ընտրական համակարգում մինչեւ 4 տեղ է հատկացվում ամենամեծ ազգային փոքրամասնություններին:
Զեկույցում գրված է՝ ըստ ՀՀ Սահմանադրության, ԱԺ-ում պետք է լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն՝ 54%, որպեսզի կառավարություն ձեւավորվի: Իսկ եթե կողմերից ոչ մեկը չի ստանում կայուն մեծամասնություն, ապա 6 օրվա ընթացքում հնարավորություն է տրվում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար: Իսկ եթե ընտրություններում հաղթող ցուցակը ստանում է պարզ մեծամասնություն, բայց 54%-ից պակաս է, ապա այդ ցուցակի համար տեղեր են ավելացվում, մինչեւ այն դառնա 54%:
Այլեւս ամեն բան հստակեցված է եւ, ըստ վերլուծաբանների, քաղաքական ուժերը այս պահին ուղղակի զբաղված են հորիզոնականներ ճշտելով: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, որ «կարեւոր հարց է նաեւ ռեսուրսները, քանզի քաղաքական ուժերը ռեյտինգային ցուցակներում անհրաժեշտ թվով թեկնածուներ ունենալու խնդիր ունեն: «Այս խնդիրը կուսակցություններին ստիպում է մտնել քննարկումների մեջ, եւ դրանով կուսակցություններն իրենք էլ հասկացնում են, որ միայնակ դժվար թե կարողանան իրագործել այդ խնդիրը:
Եվ այժմ քաղաքական ուժերը բանակցում են ընտրական ցուցակներում իրենց տեղերն զբաղեցնելու շուրջ եւ ոչ թե ծրագրային հարցերի շուրջ միավորվելու: Այս առումով, ընտրություններից առաջ քաղաքագետների դիտարկմամբ, քաղաքական դաշտում ոչ մի «կարեւորագույն բան» չի կատարվում, բացի նրանից, թե ով ում հետ է բանակցությունների մեջ:
ԿԸՀ-ն հրապարակեց այն 4 ազգային փոքրամասնությունների ցանկը, որոնք կարող են ընդգրկված լինել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում:Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011թ., իսկ այդ մարդահամարի տվյալների համաձայն, Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնություններն են՝ եզդի 35.308, ռուս 11.911, ասորի 2.769, քուրդ 2.162։
Ընտրական օրենսգրքի 83 հոդվածի համաձայն է այդպես, որպեսզի քաղաքական ուժերի կամ նախընտրական դաշինքների համապետական ընտրական ցուցակներում ընդգրկվեն Հայաստանում ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային առաջին 4 փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Ինչ վերաբերում է երկրի ընդդիմությանը, ապա վերոսնշյալ քաղաքագետի խոսքով, 2016-ի իրադարձությունները՝ ապրիլյան դեպքերից սկսած՝ ավարտած ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումով, «լավագույն նվերը կարող էին լինել ընդդիմությանը… Այդ իրադարձությունները ուղղակի մերկացնում էին այն քաղաքական համակարգը, որ Հայաստանում ստեղծվել է 25 տարիների ընթացքում: Ու այս պահին տեսանելի չէ այլընտրանքային օրակարգը, որը լուրջ քննարկումների առարկա կարող էր դառնալ եւ ընտրողների, եւ հասարակության շրջանում: Այս պահին ուղղակի զբաղված են հորիզոնականներ ճշտելով…
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ ներկայիս Ընտրական օրենսգրքի պայմաններում կսրվի ներկուսակցական պայքարը. «Ռեյտինգային ցուցակներում նույն ընտրատեղամասում դրված են լինելու մի քանի ՀՀԿ ներկայացուցիչներ։ Ներկուսակցական ցուցակում մեկն ավելի նյութապես ապահովված է եւ կարող է փող բաժանել, մյուսը՝ ոչ։ Իրենք ներսում մրցակցելու են, վերահսկելու են, որ գումար չբաժանվի։ Եթե իմ անունը գրվի ռեյտինգային ցուցակում, ես պայքարելու եմ, որ փող չբաժանեն»։
Նա պնդում է, թե «Հանրապետականում հին կադրերից ազատվելու միտում չկա», ինչպես ասում են այլ քաղաքական ուժերը: Բայց մամուլում եւս սպրդել են լուրեր, թե «ՀՀԿ ջահելների ու ծերերի միջեւ ներքին պայքար է ընթանում: Իբր երիտասարդները ոգեւորված են, իսկ հին գվարդիականները տարակուսած ու կաթվածահար: Այժմ ներքին պայքար է գնում կուսակցությունում: Ամենայն հավանականությամբ, մի քանի հին դեմքեր կմտնեն խորհրդարան, սակայն ցուցակում ճնշող մեծամասնությունը ջահելներն են լինելու»:
Անգամ վարչապետի հարցն է քննարկվում: Փաստորեն, ընտրություններից հետո օրենքը թույլ է տալիս, որ Կարեն Կարապետյանը մնա որպես վարչապետ: Նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր հանդիպումների ժամանակ, ելույթներում նշել է, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը։ Նախ պետք է ճշտել, թե վերջին 4 տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը քանի՞ օր է գտնվել Հայաստանում, քանի՞ օր է բացակայել Հայաստանից։ Սրանք իրավական պահանջներ են, որոնք սահմանված են՝ Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով, եւ, եթե նա համապատասխանում է այդ պահանջներին, ապա, բնականաբար, կարող է լինել ՀՀԿ-ի ցուցակում կամ գլխավորել այդ ցուցակը, կամ լինել ինչ-որ այլ տեղում։ Եթե չի բավարարում, բնականաբար, համապատասխան տեղեկանք նրան չի կարող տրվել։ Ինչ վերաբերում է որպես վարչապետ պաշտոնավարելու խնդրին, ապա, եթե առկա լինի համապատասխան քաղաքական ուժերի հարաբերակցություն, ինչպես նաեւ քաղաքական որոշում ՀՀԿ-ի կողմից, ապա նա, բնականաբար, կարող է եւ 2017թ. հետո շարունակել պաշտոնավարել՝ որպես վարչապետ։ Բայց այդ ժամկետը սահմանափակված է Սահմանադրությամբ՝ մինչեւ 2018թ. ապրիլ, այսինքն՝ այն պահը, երբ ավարտվում են ՀՀ գործող նախագահի լիազորությունները։
Դրանից հետո Սահմանադրության 2012-րդ հոդվածը պահանջում է, որ կառավարությունը ներկայացնի իր հրաժարականը։ Արդեն պետք է հաշվարկ կատարել՝ տեսնելու համար, թե 4 տարվա մշտական բնակության պահանջը կատարվա՞ծ է Կարեն Կարապետյանի պարագայում, թե՞ ոչ։ 2017թ. համար նման պահանջ չկա, բայց եթե արդյունքում պարզվի, որ վերջին 4 տարում 1461 օրվանից 731 օրը վարչապետը բնակվել է Հայաստանում, ապա նա կբավարարի պատգամավորին ներկայացվող պահանջներին։ Այս դեպքում նա 2018թ. ապրիլից հետո եւս կմնա վարչապետի պաշտոնում։
Սակայն, ըստ որոշ լուրերի, 2018-ը Կարեն Կարապետյանի համար կարող է լինել ՀՀ նախագահ ընտրվելու տարի, եթե մինչ այդ կարողանա լավագույնս կատարել իր գործն ու գործող նախագահի առաջադրանքները:
2018-ին վարչապետի թեկնածու գրեթե բոլորը տեսնում են Սերժ Սարգսյանին, չնայած խոսում են նաեւ նրա՝ ԱԺ նախագահ լինելու հնարավորության մասին, եթե ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունենա:
Քաղաքական ուժերի նախաձեռնություններին կանդրադառնանք, երբ սկսվեն բացահայտվել կազմավորվող դաշինքների ու քաղաքական ուժերի հիմնակետային նպատակները:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 2 (435), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



