Եթե վարչապետը կարողանա շինհրապարակ տանել ա՛յդ մասնավորին – Ինչպես չդիմել ռեւանշիզմի՝ պատժելով հանցագործին… Ազգային փոխադրող ունենալուն դեմ չէ… «Վտանգ չկա,  անհոգ եղեք»… Ո՜րն է վարչապետի գործառույթը…

Տարբեր առիթներով մեր երկրի տարբեր վարչապետերի հետ զրույցներում, նաեւ իմ հրապարակումներում գրել եմ, որ չի կարելի արտաքին պարտք վերցնել եւ նպաստ ու թոշակ ավելացնել: Հակառակ պարագայում մի օր կանգնելու ենք լրջագույն խնդրի առաջ՝ մանավանդ եթե հաշվի առնենք, որ տնտեսությունը, մեղմ ասած, էական դրական տեղաշարժեր չունի: Զրույցներն ու հրապարակումների բանավոր արձագանքները հրապարակման ենթակա չեն, միայն կասեմ, որ ընդհանրապես վարչապետի համար շատ դժվար է ամբոխահաճ, ժողովրդահաճ (պոպուլիստ) չլինելը: Գուցե նաեւ այն պատճառով, որ մեր երկրում վարչապետը հաճախ գլխավորապես քաղաքական կերպար է ավելի, քան տնտեսական: Կարեն Կարապետյանը այս առումով դուրս եկավ ընդունված ստանդարտից, երբ հայտարարեց տնտեսության չափազանց ծանր վիճակի եւ, ըստ այդմ, նպաստ ու թոշակ չբարձրացնելու մասին: Սա ճիշտ մտածված եւ, այո, դրական իմաստով ժողովրդահաճ քայլ եղավ, երբ ասվեց նաեւ, որ թոշակի ու նպաստի չափը կբարձրանա այն ժամանակ, երբ տնտեսությունում համարժեք տեղաշարժեր կլինեն: Սա այն դեպքն է, երբ ողջունում ես քայլը՝ արդեն երկրորդական տեղ մղելով այն հանգամանքը, թե դա արված է «փի ար» կոչվածի, «շոուի» կամ չգիտեմ էլ ինչի համար…

Համապատկերում նկատեմ, որ երբ Կարեն Կարապետյանն ամփոփեց նոր կառավարության գործունեության 100 օրը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքից խոսելով՝ ասաց, թե այդ միջանցքի շինարարությունը անպայման կշարունակվի, եւ եթե սկսել ենք, ապա պետք է գնանք մինչեւ վերջ: Սակայն, ավտոմայրուղու շինարարությունը մեր երկրի արտաքին պարտքի բեռի ավելացման եղանակով անելը լավագույն լուծումը չէ. «Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ համար շատ կարեւոր է, եթե կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք: Սակայն դա անել մեր արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին, լավագույն եղանակը չէ, մենք քննարկում ենք այլ տարբերակներ»: Վարչապետը տեղեկացրեց, որ ներկայում կառավարությունը փորձում է գտնել ճանապարհային միջանցքի շինարարությունը մասնավոր հատված-պետություն փոխգործակցությամբ շարունակելու տարբերակներ: 

Ընդհանրապես լավ կլինի, որ դանդաղեցնենք մեր արտաքին պարտք վերցնելու վազքը: Ու սովորենք որոշ ծրագրեր անել սեփական միջոցներով: Չասեք՝ չենք կարող: Կարող ենք: Եվ սրա տարբերակներն էլ կան: Մեկ տարբերակի օրինակ կարող եմ բերել: Հայաստանում քրեականացվեց ապօրինի հարստացումը: Օրենքը հետադարձ ուժ չունի, քանզի վարչապետի համոզմամբ, այդ հետադարձը «ռեւանշիզմ է, վտանգավոր երեւույթ» (հասկանալի է, որ հետադարձ ուժ չտալը վարչապետի անձնական դիրքորոշումը չէ):

Սա նշանակում է՝ տարիներ շարունակ մեր երկիրը թալանածները մարսեցին իրենց՝ մինչ օրենքն արած հանցագործությունները: Այս երեւույթը ոչ միայն հակաիրավական տիրույթում է, այլեւ ծայրահեղ անբարոյականություն է: Երեւույթի մասին խոսելով՝ ծայրահեղ եմ ասում, քանզի անբարոյականին (իմա՝ թալանողին)  առանց պատժելու ներելը կրկնակի անբարոյականություն է:

Չեմ, հերքում, միջազգային փորձում ընդունված է օրենքին հետադարձ ուժ չտալը, բայցեւ ընդունված է օրենքներում բացառության գործոնը: Եվ օրինակներ էլ կան՝ բացառությունները ֆիքսելու կամ չֆիքսելու: Եթե չենք ուզում բացառության տողն օրենքում ամրագրել, ապա կարող ենք դիմել չարձանագրելու, այն է՝ ներքին տարբերակին, այն է՝ թալանչիին պատժելուց հետո ներելուն: Պատժելու լավագույն տարբերակը նրա գումարը հօգուտ երկրի ծառայեցնելն է (միջազգային փորձում այս կարգի համաներման օրինակներ էլ կան): Կկոչենք դա պետություն-մասնավոր համագործակցություն, թե այլ բան, էական չէ: Ահա ա՛յդ մասնավորներին էլ կարող ենք բերել Հյուսիս-հարավի շինհրապարակ՝ ավտոմայրուղու շինարարությունն ավարտելու: Եվ՛ մասնակի ներում կարվի եւ՛ մայրուղու շինարարությունն ավարտելու համար արտաքին պարտք չի ներգրավվի: Կստացվի՝ համ ռեւանշիզմի (ֆր. նշանակումէ հատուցել, վրեժխնդիր լինել) տիրույթում չենք, համ էլ պատժել ենք:

Ինչեւէ, եթե վարչապետը կարողանա ա՛յդ մասնավորին Հյուսիս-հարավի շինհրապարակ տանել (կրկնում եմ՝ առանց արտաքին պարտքի ներգրավման), ես կդառնամ վարչապետի վարկանշային կերպարի ձեւավորողը (PR անողը)՝ սեփական նախաձեռնությամբ ու սեփական միջոցներով:

Հրապարակավ հանրությանը խոստանում եմ վարչապետի PR անողը դառնալ մեկ այլ պարագայում եւս. եթե նա կարողանա թեկուզ մեկ մեծ արտադրական ձեռնարկություն բացել:

Վարչապետի ասուլիսին ներկայացնում էի «Լուսանցք» շաբաթաթերթը եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը:

Նրան հարց ուղղեցի. «Դուք մշտապես ամբիցիոզ ծրագրեր եք ուզում: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում հավակնոտ ծրագրեր մաղթեցիք: Եթե ծառայությունների ու ՓՄՁ ոլորտը մի կողմ թողնենք, քանզի դրանց համեմատության մեջ բավականաչափ ուշադրություն դարձվում է, առաջարկ ստացե՞լ եք մեզ համար մեծ՝ ասենք 2 հազար աշխատատեղ ունեցող արտադրական ձեռնարկության բացման»:

Հարցիս ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանն անկեղծացավ. «Այո, ստացել ենք, կոնկրետ 2 հազարով չէ, բայց… չէ, ունենք, եւ մի քանիսը,  ստացել ենք: Խնդիրն այլ է, բավարարու՞մ է մեզ գործարար աշխարհի այն ակտիվությունը, որ ակնկալում էինք: Դեռ ոչ: Բայց սայլը տեղից շարժվել է: Մենք թեթեւ արդյունաբերությունում մեծ տեղաշարժեր ունենք: Ես ցանկություն ունեմ, որ ամեն օր այդ ակտիվությունը շատանա: Մենք հետաքրքրիր դեպքեր ունենք: Մոտ օրերս հասարակական հիմունքներով խորհրդական ենք նշանակել Ղազախստանից եկած մեր հայրենակցին, որ ուղղակի եկել եւ ասում է՝ ես այսպիսի առաջարկներ եւ լուծումներ ունեմ, առաջարկում եմ իմ ծառայությունները: Երեկ էլ Ռուսաստանից ստացել ենք առաջարկներ… Կարծում եմ՝ կակտիվանա դաշտը»:

Մտածելով, որ եթե 2 հազարանոց աշխատատատեղ ունեցող ձեռնարկության ստեղծման առաջարկ լիներ, արդեն կբարձրաձայնվեր այդ մասին, նաեւ վարչապետի պատասխանը խուսափողական էր՝ «կոնկրետ 2 հազարով չէ, բայց… չէ, ունենք, եւ մի քանիսը, ստացել ենք…», հարցս շարունակեցի. «Եթե տեսնեք, որ գործարարները տեղից չեն շարժվում, հնարավո՞ր է՝ դուք ամբիցիոզ ծրագրեր առաջարկեք նրանց»:  «Այո, մենք էլ ենք դա անում»:

«Դուք անձամբ, այլ ոչ թե կառավարությունը»,- ճշտում մտցրեցի: «Այո»,- պատասխանեց վարչապետը:

Հետո անկեղծացավ, թե խոշոր ծրագրերի առաջարկ այժմ որպես այդպիսիք չունի եւ ծիծաղելով հավելեց, թե շատ հետաքրքիր ծրագրերի է սպասում եւ ամեն ինչ անելու է դրա համար, ու, ընդհանոր առմամբ, խոշոր մի ծրագրի՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի քավորն էլ ինքն է լինելու:

Արմենուհի Մելքոնյան

Ազգային փոխադրող ունենալուն դեմ չէ

Հայաստանը ավիացիայի ոլորտում բաց երկնքի քաղաքականություն է հայտարարել, բայց ազգային ավիափոխադրող ունենալն անհրաժեշտություն է՝ համենայնդեպս մեր երկրի պարագայում:

Խնդրո առարկայի շուրջ վարչապետը հստակեցրեց իր տեսակետը: «Կառավարությունը ստացել է ազգային ավիափոխադրող ստեղծելու մի քանի առաջարկություն: Ազգային ավիափոխադրող կարո՞ղ է ստեղծվել… Ինչո՞ւ ոչ, այս պահին օրակարգում ունենք նման առաջարկություններ, որքանո՞վ են հեռանկարային, չգիտեմ… Կցանկանայի, որպեսզի ունենայինք ազգային ավիափոխադրող, բայց չունենք, ուստի այլ տարբերակներով պետք է հարմարավետ իրավիճակ ստեղծենք: Հատկապես, որ  գործուղումների ժամանակ առաջանում են ֆինանսական, ժամանակի խնդիրներ»:

Կարեն Կարապետյանը միաժամանակ հիշեցրեց, որ դիմել է 61 միջազգային ավիաընկերությունների, արդեն հինգից պատասխան է ստացվել: Առաջիկայում  բանակցություններ կսկսվեն:  Բայց արդեն իսկ երկու ավիաընկերություն՝ ռուսական եւ  բելգիական, ստորագրել են հայկական շուկա մուտք գործելու պայմանագիր:

Նկատենք, որ ազգային փոխադրողը շատ այլ կարեւոր հարցերի համար էլ է պետք, այլ ոչ միայն գործուղումների ժամանակ ֆինանսական խնդիրներ չառաջանալու:

«Վտանգ չկա,  անհոգ եղեք»   

Քանի որ տնտեսության զարգացումը մեծապես պայմանավորված է նաեւ արտաքին տնտեսական ու քաղաքական գործոններով, չի կարող չմտահոգել այն փաստը, որ վրացական գազամուղի 25 տոկոսն ուզում է ձեռք բերել ադրբեջանական ընկերությունը: Վարչապետը փորձեց փարատել մտահոգությունը՝ հորդորելով  չանհանգստանալ վրացական գազամուղի վաճառքի խնդրով, անգամ եթե դրա 25 տոկոսը ձեռք բերի արդրբեջանական ընկերությունը: Նախ՝ մենք ունենք այլընտրանքային գազամուղ: Բացի այդ, մեր էներգետիկ անվտամգության մակարդակը շատ ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրներինը: «Այս պահին որեւէ սպառնալիք մենք չունենք, եթե ադրբեջանական ընկերությունն էլ ձեռք բերի՝ որեւէ վտանգ մենք չունենք,-շարունակեց վարչապետը:- Իրենք չեն չունենալու վերահսկողություն, իրենք չեն հրաժարվելու այս գազամուղից, քանի որ ուզում են փող աշխատել, այնպես որ մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու: Ոզու՞մ են 25 տոկոսը առնեն, թող առնեն, միեւնույնն է, վերահսկողության փաթեթն իրենցը չէ: Վտանգ չկա, անհոգ եղեք, ոչ մի բան մեզ չի սպառնում»:

Վարչապետի լավատեսությունը, որ նաեւ որպես համոզմունք հնչեց, հույս է ներշնչում, որ գուցե կա մի փաստ, որին մենք տեղյակ չենք: Բայց դատելով վրացա-ադրբեջանական՝ միջազգային հարթակներում ժամանակ առ ժամանակ վեր հառնող հակահայկական դրսեւորումներից՝ կարծում ենք, պետք է զգոն լինել եւ ունենալ հնարավոր ռիսկերին դիմակայելու տարբերակներ:

Ո՜րն է վարչապետի գործառույթը

Վարչապետին այլ հարցեր էլ ուղղվեցին՝ կապված մենաշնորհների, ապօրինի հարստացման, 2016թ. տնտեսական աճը չապահովելու պատասխանատվության եւ այլ հարցերի հետ կապված:

Նախ՝ մենաշնորհների հետ կապված: «Որեւիցե մեկին չես ասում՝ քեզ դա կարելի է, քեզ չի կարելի, այս պարագայում մեր շուկայի չափերից ելնելով հնարավոր է մեկը գերիշխող դեր ունենա՝ իր էֆեկտիվ, օր ու գիշեր աշխատանքի շնորհիվ: Դուք գիտե՞ք,  որեւէ մատակարար, որ ասի՝ ես Հայաստան ինչ-որ ապրանք եմ ուզում բերել, ինձ սահմանին չեն թողնի»,- ասաց նա՝ միաժամանակ ամփոփելով, թե խնդիրն արդար, հավասար պայմաններ ստեղծելն է բոլորի համար:

Ինչպե՞ս է վարչապետը, այսպես ասած, լեզու գտնում օլիգարխների հետ: «Շատ հանգիստ»,- եղավ հակիրճ պատասխանը: Ըստ այդմ, կարո՞ղ է նրանց ասել՝ օրինակ շաքարավազն ու ալյուրը չթանկացնել: «Կարծում եք դա իմ գործառու՞յթն է»,-հարցին հարցով պատասխանելուց հետո արագ պարզաբանեց, թե եթե շուկայում կա արձագանք, որ պետք է թանկանա, ապա պետք է թանկանա: «Էկոնոմիկան արհեստական չեն պահում,-ասաց եւ ապա կրկին հարց տվեց լրագրողներին,-հապա ինչու՞ մի անգամ էլ չեք հարցնում, թե այսինչն ու այսինչը ինչու՞ էժանացավ»:

Այս հարցի պատասխանը, իհարկե, կա: Էժանանալու ժամանակ հարց չենք տալիս, որովհետեւ այդ էժանանալը միջազգային շուկայում վաղուց տվյալ ապրանքատեսակի էժանացման շա՜տ ուշացած դրսեւորումն է Հայաստանում: Բայց այ թանկացումներին մշտապես արձագանքում ենք, քանզի այդ թանկացումները շատ կայծակնային են լինում՝ միջազգային շուկաներում արծարծված գներին ոչ համահունչ: Եվ թանկանում են նույնիսկ այն ապրանքատեսակները, որ Հայաստան վաղուց են ներկրված:

2016թ. տնտեսական աճը չապահովելու պատասխանատվությունն ո՞վ է կրելու, ո՞վ է ստանձնելու, ո՞ւմ վրա է ընկնում՝ թիմի՞, կառավարությա՞ն: Գործադիր իշխանության ղեկավարը նախ շեշտեց, որ տնտեսական աճ չլինելու համար օբյեկտիվ պատճառներ կան, ապա շարունակեց. «Ես շատ եմ ուզում, որ մեր միջեւ հարաբերություններն ու խոսակցությունները գնան առարկայական,  եթե մարդ սխալվել է, պետք է պատասխանատու լինի, սակայն շատ դեպքերում լրագրողները հարցնում են՝ ո՞ւմ եք պատժելու, ո՞ւմ եք նստացնելու, սա՞ է ձեր գլխավոր խնդիրը: Բյուջեն չի ապահովել բազմաթիվ պատճառներով. մենք կգնահատենք այդ պատճառները, մակրոտնտեսական ցուցանիշները,  վիճակագրական խնդիրները, կտեսնենք, թե որոնք են սխալ կառավարչական որոշումները եւ ըստ դրա էլ որոշումներ կկայացնենք, բայց մեր եւ ձեր խնդիրն է այնպես անել, որ այն, ինչ խանգարում է էֆեկտիվ կառավարմանը, վերացնենք, մենք հո իրավապահ չե՞նք, եկեք սաղին նստացնենք, լավ ա՞ լինելու, որ էդպես անենք»…

«Լուսանցք» թիվ 2 (435), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.