Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենք… Դժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտ… Հնարավորության դեպքում կանցկացվեն Արցախում… Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի չեմպիոն… Մարիա Գեւորգյանը՝ Հայաստանի չեմպիոնուհի… Ֆուտբոլային խաչմերուկ… Ուկրաինայում հայը արտասահմանցի է, իսկ ադրբեջանցին՝ ոչ… Մարզական այլ լուրեր…

«Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենք

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը եռամսյա ժամկետում մշակելու է եւ նախարարի հաստատմանն է ներկայացնելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման պայմանները: Հանձնաժողովը ղեկավարում է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

«Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման նախաձեռնության վերաբերյալ նախարարությունն անցած տարեվերջին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է մրցույթի անցկացման գործընթացներում ամբողջ հայությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին: Այս մրցույթի անցկացումը հնարավորության է տալու Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու տարվա լավագույն հայ մարզիկին:

«Կանոնակարգի մշակման նպատակով անցկացվելու են քննարկումներ՝ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների եւ մասնագետների հետ: Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի եւ այն իրագործելու համար համախմբել համայն մարզասեր հայությանը, ի մի բերել բոլոր կարծիքները»,- նշել է Արսեն Քարամյանը:

Միաժամանակ նախարարությունը շարունակելու է խրախուսել մրցաշրջանի ընթացքում մարզական բարձր ցուցանիշների հասած հայ մարզիկներին:

Դժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կապահովի մարզիկների առողջության դժվարամատչելի հետազոտությունների իրականացումը Հայաստանում, որի նպատակով պետբյուջեով հատկացվել 13 մլն 470 հազար դրամ։

Նշենք, որ կենտրոնում տարեկան 2 անգամ կատարվում է Հայաստանի հավաքական թիմերի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մարզադպրոցների սաների խորացված բժշկական զննություն, հաշվարկվում են մարզիկների ծանրաբեռնվածությունը եւ շտկվում շեղումները:

Մարզիկների ֆիզիկական, ֆիզիոլոգիական ֆունկցիոնալ վիճակի ապահովման նպատակով կենտրոնի մասնագետները հաշվարկում եւ ապահովում են անհրաժեշտ դեղորայքի, վիտամինների ու կենսակտիվ հավելումների քանակը։ Մարզիկների համար պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ՝ նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում առողջության պահպանման, արգելված նյութերի եւ մեթոդների կիրառման վնասակար ազդեցությունների վերաբերյալ։

Նշված ՊՈԱԿ-ը տարածաշրջանում միակն է, որը ստացել է որակի ղեկավարման ISO-9001։2008 միջազգային ստանդարտ։  

Հնարավորության դեպքում կանցկացվեն Արցախում

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով միջոցներ են ձեռնարկվում խաղային մարզաձեւերի երիտասարդների ու պատանիների 2017թ. Հայաստանի առաջնություններն ըստ հնարավորության Լեռնային Ղարաբաղում անցկացնելու ուղղությամբ: «Անհրաժեշտ է ուսումնասիրել պայմանները, քննարկել բոլոր հնարավորությունները խաղային մարզաձեւերից մի քանիսի Հայաստանի առաջնությունները ԼՂՀ-ում անցկացնելու համար՝ այդ առաջնությունները նվիրելով Արցախի անկախության 25-ամյակին»,- ասել է նախարարը:

Նա հանձնարարել է նաեւ ԼՂՀ-ում կազմակերպել ատլետիկա, բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ մարզաձևերի մարզիչների սեմինար-խորհրդակցություններ: Սպորտի եւ երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայկական 2 հանրապետությունների համագործակցության վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել 2016թ. նոյեմբերին:

Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի չեմպիոն

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թվով 77-րդ առաջնության վերջին փուլը վերածվեց «արմագեդոնի»: Վերջին, 9-րդ փուլից առաջ, չեմպիոնի կոչմանը հավակնում էին 5 շախմատիստներ, որոնք վաստակել էին 4,5-ական միավոր: Առաջինը պայքարից դուրս մնաց Արման Փաշիկյանը, ով սպիտակներով պարտվեց Սամվել Տեր-Սահակյանին: Ապա իր լիազորությունը վայր դրեց գործող չեմպիոնը՝ Զավեն Անդրիասյանը, ով շատ դիտարժան խաղում զիջեց Հովհաննես Գաբուզյանին: Վերջինս այդ հաղթանակից հետո դարձավ միանձնյա առաջատար: Ի վերջո, հենց նա էլ գրավեց 1-ին տեղը, քանի որ չեմպիոնի կոչման մյուս 2 թեկնածուները՝ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ եւ կես միավորով ետ մնացին: Նրանք բաժանեցին 2-3-րդ տեղերը:

Ի դեպ, Հովհաննես Գաբուզյանը մրցաշարի առաջին 5 փուլերից հետո 1,5 միավորով պարզապես եզրափակում էր մրցաշարային աղյուսակը, սակայն մնացած 4 փուլերում տանելով անընդմեջ հաղթանակներ, առաջին անգամ հռչակվեց հանրապետության չեմպիոն՝ հրաշալի կամային հատկանիշներ ցուցադրելով:

Նոր չեմպիոնը կխնայի ուժերը՝ հանուն հավաքականի

Շախմատի Հայաստանի 2017թ. չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն առաջիկա ամիսներին չի պատրաստվում մասնակցել խոշոր մրցաշարերի: «Հայաստանի առաջնությունից հետո որոշակի դադար կտամ՝ լիարժեք հանգստանալու համար: Փետրվարից սկսած նախատեսել եմ մասնակցել համեմատաբար ցածր կարգի միջազգային մրցաշարերի: Նպատակն այն է, որ շատ էներգիա չծախսեմ եւ լավ պատրաստվեմ տարվա գլխավոր մրցումներին՝ Եվրոպայի թիմային ու անհատական առաջնություններին»,- ասել է նորընծա չեմպիոնը: Նա հատկապես մեծ սպասելիքներ ունի թիմային առաջնությունից: «Բնականաբար մեծ պատասխանատվություն է Հայաստանը ներկայացնել միջազգային մրցասպարեզներում: Կաշխատեմ լավ մարզվել եւ հաջող հանդես գալ ազգային թիմի կազմում»,- նշել է երիտասարդ գրոսմայստերը:

2-րդ տարին անընդմեջ՝ Հայաստանի չեմպիոնուհի

Ավարտվեց Հայաստանի կանանց 2017թ. շախմատի առաջնությունը: Վերջին փուլում Մարիա Գեւորգյանն առավելության հասավ Նարե Առաքելյանի նկատմամբ, իսկ մրցաշարի առաջատար Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց Աննա Հայրապետյանին:  9-րդ փուլից հետո Մարիան եւ սիրանուշը վաստակեցին 6,5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Մարիա Գեւորգյանը 2-րդ տարին անընդմեջ հռչակվեց շախմատի Հայաստանի չեմպիոնուհի:

Սուսաննա Գաբոյանն ու Աննա Հայրապետյանը վաստակեցին 6-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո առաջինը դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ երկրորդը գրավեց 4-րդ հորիզոնականը:

Տիգրան Լ. Պետրոսյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց արագ շախմատի 2017թ. Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 60 շախմատիստներ, այդ թվում‘ 15 գրոսմայստեր, 13 միջազգային եւ ՖԻԴԵ-ի 10 վարպետ: Ստուգատեսն ընթացել է շվեյցարական մրցակարգով ՝ 8 փուլով: Մասնակիցներին յուրաքանչյուր խաղի համար տրվել է 10 րոպե՝ 5 վայրկյան ավելացումով:

Մրցաշարում հիանալի է հանդես եկել Հայաստանի լավագույն շախմատիստներից մեկը՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, ով վաստակած 7 միավորով հռչակվել է Հայաստանի չեմպիոն: Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով գրավել է 2-րդ տեղը, իսկ 6 միավոր վաստակած Գեւորգ Ալավերդյանը լրացուցիչ ցուցանիշներով եզրափակել է լավագույն եռյակը:

Լեւոն Արոնյանը չկարողացավ հասնել առաջատարին

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը «Տատա Սթել» սուպերմրցաշարի 9-րդ փուլում հանդիպեց միանձնյա առաջատար Վեսլի Սոի հետ: Հաղթանակի դեպքում մեր շախմատիստը լիովին կկրճատեր 1 միավորի տարբերությունը եւ կդառնար հաղթողի հավակնորդներից մեկը: Սակայն ամերիկացի շախմատիստը դիրքային առավելություն ստացավ, ապա կողմերը կրկնեցին քայլերը եւ ստիպված խաղաղ դաշն կնքեցին:

Վեսլի Սոն վաստակեց 6 միավոր եւ պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Լեւոն Արոնյանն այժմ 5 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը:

Հաջորդ փուլում մեր շախմատիստը սպիտակներով խաղալու է Ռիչարդ Ռապորտի հետ: Հունգարացի շախմատիստը չնայած 3,5 միավորով գտնվում է 11-րդ հորիզոնականում, սակայն մրցաշարի միակ մասնակիցն է, ում հաջողվել է պարտության մատնել աշխարհի գործող չեմպիոնին՝ Մագնուս Կառլսենին:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը ձախողվեց վերջին փուլում – Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը անհաջող հանդես եկավ Վեյք-ան Զեեի շախմատի սուպերմրցաշարի ավարտական խաղում: Վերջին, 13-րդ փուլրում, մեր շախմատիստը սեւերով մրցեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ: Սկբնախաղն անցավ հավասար պայքարում եւ թվում էր, որ պարտիան կավարտվի խաղաղությամբ: Սակայն Լեւոն Արոնյանն անհարկի ռիսկի դիմեց եւ զիվորներով գրոհի նետվեց: Արդյունքում, սպիտակները հակագրոհի լավ հնարավորություն ստացան, ինչից վարպետորեն օգտվեց ռուսաստանցի շախմատիստը: Լեւոն Արոնյանը 50-րդ քայլից հետո ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Այդպիսով, մեր շախմատիստը մնաց վաստակած 7,5 միավորով եւ չկարողացավ պահպանել մրցանակային 2-րդ տեղը, քանի որ նույնպիսի արդյունք ունեցող Մագնուս Կառլսենը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ առաջ անցան: Ի վերջո, Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 4-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի գրոսմայստեր Վեսլի Սոն, որը ավարտական տուրում պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչում եւ վաստակեց 9 միավոր:

Լեւոն Արոնյանի հարսնացուի հիմնադրամում հայտնի մարդիկ են

Միջազգային ասպարեզում հայտնի հայ շախմատիստ Լեւոն Արոնյանի հարսնացուն՝ Արիաննե Կաոիլին հիմնել է «Ճամփորդ» հասարակական հիմնադրամը։ Այսօր նա՝ հիմնադրամի խորհրդի անդամների հետ ներկայացրեց, թե ինչով է զբաղվելու կառույցը։ «Մենք ունենք երկու խնդիր. քաղաքացիական ներգրավվածություն եւ կրթություն։ Ինչպես կարող է հասարակությունը մասնակցություն ունենալ երկրի համար կարեւոր խնդիրների լուծման գործում, եթե չունի ճշգրիտ տեղեկատվություն։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ խնդրին»։

Բացի այդ, Արիաննեն հայտնեց, որ աշխատելու են դրսից Հայաստան հրավիրել մասնագետների՝ թրեյնինգների համար։ «Լրագրողների համար վերապատրաստումներ ենք իրականացնելու։ Ցանկանում ենք նաեւ կանանց ներգրավվածության ու խնդիրների մասին խոսել։ Հիմնադրամի աշխատանքներում ներգրավվելու ենք նաեւ ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն եւ այլ օտար լեզուներ իմացող ուսանողների»։

Հիմնադրամի տնօրենն է հաղորդավար Գոհար Հայրապետյանը, խորհրդի անդամներն են թարգմանիչ Արտաշես Էմինը, լրագրող-մեկնաբան Արտյոմ Երկանյանը, Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

«Արիաննեն տեսնում է բաներ, որոնք մեր աչքից վրիպում են։ Հաշվի առնելով իր եռանդը, ձգտումները՝ հույս կա, որ մի բան տեղից հնարավոր կլինի շարժել»,- ասաց թարգմանիչ Արտաշես Էմինը։

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ 90-ականներին ինքը զբաղվել է շախմատով եւ Լեւոն Արոնյանին վաղուց է ճանաչում։ Հետո ծանոթացել է նաեւ Արիաննե Կաոիլիի հետ։ «Կարեւորում եմ հայկական երկու պետությունների հասարակությունների միջեւ կապը։ Արցախի չճանաչված լինելու հանգամանքը բերել է նրան, որ մենք զրկված ենք միջազգային ստանդարտներից, շատ հնարավորություններից օգտվելու հնարավորությունից։ Կարծում եմ՝ ամենամեծ շանսերը կան, որ հիմնադրամը հաջողություն կունենա»,- ընդգծեց նա։

Հիմնադրամի կարգախոսն է. «Հասարակության կողմից՝ հասարակության համար»։

Լեւոն Արոնյանն ու իր կինը գտնվել են. նրանք դեսպանատանն են – Հոկտեմբեր 18,2016…

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ իր կինը՝ Արիանա Կաուլին, հաճախ են ճամփորդում: Նախորդ տարի նրանց մի պահ կորած էին համարում, քանի որլուրջ փորձության են ենթարկվել: Պարզվում է, որ նրանք ճամփորդության են մեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ցանկացել են բարձրանալ այդ երկրի ամենաբարձր գագաթը՝ Դեմավենդ լեռը: Վերելքի ժամանակ ուժեղ բուք է սկսվել, որի պատճառով ընդհատվել է կապը ճամբարի հետ: Լեռնագնաց ամուսինների մասին 2 օր լուր չի ստացվել։

Բայց Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայից հայտնել էին, որ Լեւոն Արոնյանն ու Արիանա Կաուլին բարեհաջող վերադարձել են ճամբար, եւ արդեն Թեհրանում Հայաստանի դեսպանատանն են…

Շախմատի մրցաշար` նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին

Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար` նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: 1-3 տեղերը զբաղեցրած երեխաները ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի վետերանների կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով:

1-ին տեղը բաժին է հասել Աննա Խաչատրյանին (թիվ 132 հիմնական դպրոց), 2-րդ տեղը գրավել է Գոռ Փիլիպոսյանը (թիվ 77 դպրոց), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Թամար Գոգինյանը (թիվ 51 հիմնական դպրոց):

«Ուրախ եմ, որ երկարատեւ դադարից հետո դարձա գոլի հեղինակ»

Թուրքիայի Գավաթի խաղարկության խմբային փուլում «Բեշիկթաշ»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Դարիջա»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով լիովին ապաքինվել է վնասվածքից, մասնակցել է հանդիպմանն ու դարձել գոլի հեղինակ: Արազը 70-րդ րոպեին տուգանայինից խփել է իր թիմի հաղթական գոլը, որից հետո ինստագրամի իր էջում կիսվել է տպավորություններով:

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հանդես գալ 90 րոպե եւ երկարատեւ դադարից հետո նաեւ դարձա գոլի հեղինակ»,- գրել է Արազ Օզբիլիսը: Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Բեշիքթաշ»-ը վաստակած 13 միավորով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը:

«Բանանց»-ի այցը ոգեւորել է «Զատիկ»-ի երեխաներին

Շարունակելով «Բանանց» ֆուտբոլային ակումբի ձեւավորված սոցիալական տարբեր նախաձեռնությունների ավանդույթը՝ առաջին թիմը` ողջ կազմով, այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն՝ հաճելի եւ ուրախ օր պարգեւելով փոքրիկներին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստների պատրաստած նվերները՝ ֆուտբոլային հագուստների, գնդակների եւ այլ պարագաների տեսքով, արագորեն բաժանվել են երեխաների միջեւ: «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը ողջունել է փոքրիկներին՝ կոչ անելով սիրել ֆուտբոլը եւ զբաղվել սպորտով:

«Բանանց»-ի խորհրդանիշ արծիվը զվարճալի խաղերի միջոցով զբաղեցրել է ինչպես փոքրիկներին, այնպես էլ ֆուտբոլիստներին: Երեխաները, իրենց հերթին, հյուրերին հիանալի պարային համարներ են նվիրել: «Բանանց»-ի ֆուտբոլիստների հերթական հիանալի ու բարի օրը խաղադաշտից դուրս ստացվել է:

Վստահ հաղթանակ` ստուգողական առաջին խաղում

Երեւանի «Արարատ» ֆուտբոլային թիմն առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում: Թիմը Ձորաղբյուրում հյուրընկալել է «Ալաշկերտ»-ին: Ալաշկերտցիները հանդես են եկել խառը կազմով. երկրորդ թիմի ֆուտբոլիստներին միացել էին Բարձրագույն խմբում հանդես եկող խաղացողները, ինչպես նաև` փորձաշրջան անցնող մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստներ:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, «Արարատ»-ը հանդես է եկել երկու տարբեր կազմերով: Չնայած խաղի ընկերական բնույթին, թիմերը պայքարել են խաղադաշտի յուրաքանչյուր մետրի համար, իսկ պայքարն էլ կոշտ, որոշ դեպքերում նույնիսկ կոպիտ բնույթ է կրել:

Հանդիպման 1-ին կեսի վերջնամասում խաղի հաշիվը բացել է արարատցի Կարեն Ավոյանը` 1:0: 2-րդ 45 րոպեների ընթացքում Արկադի Անդրեասյանի սայները կարողացել են եւս 3 անգամ գրավել մրցակցի դարպասը եւ 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնել տարվա առաջին ստուգողական խաղում: Դուբլ է ձեւակերպել Սարգիս Մեթոյանը, եւս մեկ գոլ հեղինակել է Գարիկ Կիրակոսյանը:

Նախատեսված է, որ հունվարի 27-ին «Արարատ»-ը ստուգողական հանդիպում կանցկացնի «Փյունիկ»-ի հետ:

Հայաստան–Ուզբեկստան ֆուտբոլային խաղը չի կայանա

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ուզբեկստանի հավաքականների միջեւ այս տարվա փետրվարի 12-ին նախատեսված ընկերական հանդիպումը չի կայանա: Այդ մասին հայտնում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:

Ինչպես նշում է աղբյուրը, հանդիպումից հրաժարվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ պատճառաբանելով, որ Թուրքիայում այժմ քաղաքական անկայուն իրավիճակ է (խաղը պետք է կայանար Անթալիայում):

Ուկրաինայում հայը արտասահմանցի է, իսկ ադրբեջանցին՝ ոչ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը Լվովի «Կարպատներ»-ից թեեւ ազատ խաղացողի կարգավիճակով է տեղափոխվել Լուգանսկի «Զարյա», սակայն վերջինս նրա դիմաց պետք է գումար վճարի:

Պարզվում է, որ լվովյան ակումբը մեր ֆուտբոլիստին անցած տարի հայտավորել էր որպես Ուկրաինայի քաղաքացի: Սակայն «Զարյա»-ն չի կարող նույն կերպ անել, քանի որ Գեղամ Կադիմյանը 2016թ. մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտոնական խաղին եւ մեխանիկորեն դարձել է արտասահմանցի խաղացող: Դա նշանակում է, որ Լուգանսկի ակումբը ստիպված է 200 հազար գրիվնի վճարել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիային:

Ի դեպ, Գեղամ Կադիմյանի կարգավիճակում է գտնվում նաեւ Ալչեւսկի «Ստալ»-ում հանդես եկող Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Պավել Փաշաեւը, սակայն Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան առայսօր համարում է այդ երկրի քաղաքացի եւ չի ընդգրկում լեգեոնականների ցուցակում:

«Կամքի ուժ` ահա բոլոր հաջողությունների գաղտնիքը»

Հայաստանի բադմինթոնի հավաքականի անդամ, Հայաստանի 8-ակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը շարունակում է նախապատրաստվել Իրանի միջազգային մրցաշարին, որից հետո կմասնակցի Ավստրալիայի Բաց առաջնությանը:

Հայ մարզուհին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, թե որն է իր հաջողությունների գաղտնիքը:

«Չկան միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ, չկան ուժեղ մրցակիցներ: Սա ինձ անընդհատ հուշում են բադմինթոնի մասնագետները, բայց միաժամանակ զարմացած հարցնում են, թե ինչպե՞ս եմ այդ պայմաններին դիմանում ու ուժեղանում։ Կամքի ուժ` ահա բոլոր հաջողությունների գաղտնիքը։ Տարիներ առաջ տանջանք, հիմա՝ նախավարժանք»,- գրել է Լիլիթը:

Հայ գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հունվարի 25-ից 29-ը Չեխիայի Օստրավա քաղաքում կայանալու է Եվրոպայի գեղասահքի առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ գեղասահորդները։ «Օստրավա Արենայում» արդեն իրենց մարզումներն է սկսել մեր Թինա Կարապետյան-Սիմոն Սենեգալ պարային զույգը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի լրատվության բաժինը, այսօր մեր զույգին կմիանա նաեւ Անաստասիա Գալուստյանը, իսկ հաջորդ օրը` Սլավիկ Հայրապետյանը։

Անաստասիա Գալուստյանը հաղթահարել է որակավորման փուլի արգելքը

Չեխիայի Օստրավա քաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային առաջին օրը կանանց մենասահքում ելույթ է ունեցել Անաստասիա Գալուստյանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի լրատվության բաժինը, կարճ ծրագրում հայ գեղասահորդուհին գրավել է 10-րդ հորիզոնականը՝ հաղթահարելով որակավորման փուլի արգելքը եւ իրավունք է ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։ Կարճ ծրագրով սահադաշտ դուրս կգա մեր պարային զույգը` Թինա Կարապետյանը եւ Սիմոն Սենեկալը։

36-ամյա Վենուս Ուիլյամսը Ավստրալիա օփենի եզրափակիչում է

Ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը երկար ընդմիջումից հետո կրկին հանդես կգա Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակիչում:

Կիսաեզրափակիչ առաջին խաղում 36-ամյա թենիսիստուհին 3 սեթում կամային հաղթանակ տարավ իր հայրենակից, 25-ամյա Կոկո Վանդեվեգեի նկատմամբ՝ 6:7 (3:7), 6:2, 6:3: Դրա համար նրանից պահանջվեց 2 ժամ 25 րոպե:

Վենուս Ուիլյամսը Ավստրալիայի առաջնության եզրափակիչում խաղացել է միայն մեկ անգամ, 2003թ.: Այն ժամանակ նա պարտվել էր իր կրտսեր քրոջը՝ Սերենա Ուիլյամսին: Ի դեպ, անվանի քույրերը հնարավոր է հանդիպեն նաեւ այս տարվա եզրափակիչում, քանի որ կիսաեզրափակիչ մյուս խաղում Սերենա Ուիլյամսն այսօր հանդիպելու է խորվաթ թենիսիստուհի Միրյանա Լուչիչ-Բարոնիի հետ:

Ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը այսօր հրաժարական է տվել: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նա հավաքականի ղեկը ստանձնել էր 2008թ Պեկինի օլիմպիական խաղերից անմիջապես հետո: Նրա ղեկավարությամբ մեր քազատոճայինները բազիցս հաջողությունների են հասել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, իսկ Դավիթ Սաֆարյանը 2013թ. դարձել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն:

Ուշագրավն այն է, որ դեռեւս հունվարի 20-ին նույն կայքէջը տեղեկացրել էր, որ ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը: Ստացվում է, որ Արայիկ Բաղդատյանը 5 օր հետո է իմացել, որ իր տեղը մարդ են նշանակել, ուստի ուշացումով էլ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 3 (436), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։