Ոչ թե նախընտրական, այլ արդե՛ն հետընտրական մտորումներ – Կառավարության, խորհրդարանի եւ նախագահական նստավայրում հանգրվանածների, այլ ոլորտներում դիրքեր ունեցողների շուրջ 90%-ը միմյանց կից իշխանության եւ ընդդիմության մեջ են, բաժանվել են՝ տարիների ավարը չբաժանելու՝ մեջ-մեջ չանելու պատճառով… Ցայսօր ոչ մեկը ոչ մեկի ոտքը չի տրորել իրապես…

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ հանդիպմանը նշեց, որ չի կարելի բզկտել մեր ժողովրդին եւ չի կարելի մարդկանց հանել իրար դեմ եւ՛ նախընտրական այս ընթացքում եւ՛ առհասարակ:

Երիտասարդ հանրապետականներն ավագ գործընկերների հետ քննարկել են տնտեսության, արդարադատության, անվտանգության, ֆինանսների, ինչպես նաեւ ներքաղաքական ու միջազգային օրակարգի հիմնախնդիրներն ու դրանց լուծումները: Շեշտադրվել են 16-րդ համագումարում երկրի նախագահի՝ երիտասարդ քաղաքական գործիչներին ուղղված 7 ուղերձները:

Նախագահը կարեւորել է, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, կառուցվածքային բարեփոխումների, քանի որ առանց լուրջ փոփոխությունների չեն կարողանալու ապահովել այն վիճակը, որին ձգտում է Հայաստանի բնակչությունը: Պետք է ունենալ քաղաքացիական հստակ դիրքորոշում, որպեսզի հնարավոր լինի ստեղծել ու ապրել բարեկեցիկ հասարակության մեջ:  

Մինչ իշխող կուսակցությունը նշում է իր բացթողումները եւ առաջարկում նոր ելքեր, հեղաշրջման փորձի մեղադրանքով ձերբակալված «Սասնա ծռեր» խմբավորման անդամները առանձին հոդվածներով հայտնում են, թե Ժամանակն է պատմականորեն գնահատելու իրենց ապստամբությունը, որը հետզհետե նսեմացվում է, մինչդեռ այն ձախողված փորձ չէ եւ պետք չէ դիտարկել ապստամբությունը որպես փոփոխության հասնելու ոչ արդյունավետ մեթոդ:

Սակայն իշխանությունն այլեւս դադարեցրել է խմբավորման մասին խոսակցությունները, բայց այն զանգվածը, որը այսօր էլ «միտինգավոր» է, պատրաստ է հավաքվել մեկ այլ ապստամբ ուժի կամ ցույցեր նախաձեռնողի շուրջ: Սրանք մասնակցում են բոլոր հանրահավաքներին, անկախ՝ ինչ ուժ է հրավիրել եւ ինչի մասին է խոսում հավաքի կազմակերպիչը: Նրանք արդեն մոռանում են «Սասնա ծռեր»-ին, ինչպես մոռացել են նրանցից առաջ բոլոր հանդես եկողներին եւ սպասում են նոր շարժումների, որ պարզապես պարպեն իրենց զայրույթը կամ ներսում կուտակված թեմաները:…

Ցավալի է, բայց այս զանգվածը դեռ կա եւ այժմ էլ պատրաստվում է իր աշխատանքը ծավալել նախընտրական թոհ ու բոհում, որտեղ պիտի կարողանա ֆինանսական եւ այլ միջոցների տիրապետել՝ սնունդ, կենցաղային սարքեր եւ այլն: Հետո, հաջորդ օրն իսկ, այդ զանգվածը չգրված օրենքի համաձայն կհավաքվի առաջին իսկ բողոքի ու հանրահավաքի շուրջ եւ կհայտարարի, որ այս երկիրը երկիր չի դառնա, քանի որ բաժանվել է ընտրակաշառք:

Հայտնվել է նաեւ «Հոգեւոր Հայաստանը», մի խմբավորում, որի կազմում կան նաեւ պատկառելի մտավորականներ եւ արվեստի մարդիկ: Այս միավորումն էլ պահանջ է ներկայացրել անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը այնպես, որ որեւէ կերպ այդ ժամկետը չնույնականանա քառօրյա պատերազմի հետ:

Մենք պարտավոր ենք բոլորս էլ հիշել. որ  2016թ. ապրիլի 1-ից 4-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմը հերոսապատում էր, որը նաեւ սպասվածից շատ (նաեւ ոմանց ապաշնորհության պատճառով,- «Լուսանցք»-ն անդրադարձել է) զոհեր ունեցանք: Բայց կցանկանայինք իմանալ, արդյո՞ք այդ զոհերը, ավելին՝ երիտասարդ տղաների գիտակցված զոհաբերությունն այն բանի համար չէ, որ հայրենի երկիրը շնչի եւ առաջ ընթանա: Արդյո՞ք այդ օրը որեւէ պետական միջոցառում կամ անգամ հարսանյաց հանդես չպիտի լինի… Իսկ կա՞ մի օր, որ հայոց պատմությունը երեւան չհանի մի ողբերգական դեպք կամ մեկ այլ հերոսապատում: Հայոց հողն այսօր էլ դեռ արնածոր է, թաց է միլիոնավոր մարդկանց արցունքներից, բայց մտավորական ու բանիմաց մարդկանց համար օ՞րն է դարձել մտահոգության խնդիրը: 

Կարծում ենք՝ սա առավելապես քաղաքական նրբերանգներ ունի, որը գուցե շատ արվեստագետների չի էլ ասվել, պարզապես զգացական պոռթկման արդյունք է: Հիշեցնենք, որ ավելի վաղ նման պահանջով հանդես էր եկել նաեւ ՀԱԿ-ը: Իսկ կոնգրեսական գործիչները այսօր այնպիսի լուսապսակով են հանդես գալիս, կարծես 1990-ականների ալան-թալանի ու համազգային ծաղրուծանակի հեղինակներն իրենք չէին… Չդառնանք այն զանգված-ամբոխը, որի մասին խոսեցին վերեւում՝ ով՝ էշ, մենք՝ փալան: Այս իշխանության անցումից հետո էլ նախկին իշխանավորների հետեւից գնացողները արդեն ավելի թարմ նախկին իշխանությունների հետեւից են գնալու… Ե՞րբ է ավարտվելու այս փակ ու կործանարար շղթան: Հայաստանում ավելի քան 25 տարի նույն իշխանությունն ու նույն ընդդիմությունն են, պարզապես փոխարինում են միմյանց:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը, Աղվան Վարդանյանը… կառավարության անդամների եւ ԱԺ պատգամավորների, նախագահական նստավայրում այսօր հանգրվանածների եւ այլ ոլորտներում դիրքեր ունեցողների 90%-ը մի իշխանության մեջ են եղել 1990-ականներին: Բաժանվել են՝ եղածը չբաժանելու՝ մեջ-մեջ չանելու պատճառով: Դրա համար էլ ցայսօր ոչ մեկը ոչ մեկի ոտքը չի տրորել իրապես, եւ «քաղաքական բանտարկյալ» ասվածը պարզապես այս տասնամյակների խաղի շարունակությունն է…

Մեր գործընկեր «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը կարծես ոչ միայն իր անունից է գրել, որ քաղաքական գործիչները վաճառում են այն, ինչը քաղաքացիները գնում են: «Ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները վաճառում են այն, ինչն  «սպառողները» (քաղաքացիները) գնում են: Հայաստանում այդ «ապրանքը» հայտնի է՝ «ժողովուրդ ջան, էս իշխանավորները քեզ թալանում են, երկիրը կործանում են, դուք աղքատ եք, նրանք հարուստ են, ժողովրդի արյունը ծծում են, այ, որ մենք գանք (այսպես են ասում նաեւ նախկին թալանողները,- Ա.Հ.), ամեն ինչ կդզենք, որովհետեւ մենք ազնիվ ենք (իզուր չեն ասում՝ ժողովրդի հիշողությունը կարճ է,- Ա.Հ.), իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին»: Մեր գործընկերն էլ է կարծում, որ դա ասում են նաեւ նրանք, ովքեր 10 կամ 20 տարի մեղադրվում էին «արյուն ծծելու» եւ «իշխանությունը զավթելու» մեջ:

Այսօր խոսում են, որ ինչպես միշտ ՀՀԿ-ն հնարավոր է քրեական հավաք կազմակերպի՝ ԱԺ ընտրությունների հետ կապված: Եվ այստեղ արդեն ամեն բան «իր տեղը կընկնի»…

Իսկ ԵԽԽՎ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ խորհրդարանական ընտրություններում. ստեղծել է 30 հոգանոց ժամանակավոր կոմիտե։

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 3 (436), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։