Ձիավորին կորոշի տնտեսական շարժը – Իրականում Հովիկ Աբրահամյանը հասկացնում է, որ իրեն փոխարինելու են գալիս ավելի խելացիներն ու նպատակասլացները… Հին ու նոր վարչապետները Մոսկվայում… Կարեն Կարապետյան անձը գուցե կարողանա ներդրումներ բերել Հայաստան…

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կայացրել է ՀՀԿ-ից հեռանալու որոշում: Ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստան այցից գոհ է: Ռուսաստանաբնակ հայ գործարարները հայտարարություն են ընդունել՝ ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին մասնակցելու վերաբերյալ: Այս երեք փաստերն ուղղակիորեն կապ ունեն:

Գանք սկզբից: Հովիկ Աբրահամյանի գրառումը կարող է հստակ հաղորդագրություն լինել այն մասին, թե ինչու է հեռացել ՀՀԿ-ից: Գուցե նա այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ իր նախաձեռնությամբ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին (Աբրահամյանին մտերիմ շրջանակները երբեք չեն թաքցրել, որ նա անձնապես լավ հարաբերություններ ունի Մեդվեդեւի հետ) եւ հասկացել, որ Մոսկվան հակված է Կարեն Կարապետյանի հետ աշխատելու: Ընդ որում, հանդիպել է մինչ Կարեն Կարապետյանի ՌԴ գնալը…

Հովիկ Աբրահամյանը ֆ/բ-ում գրառել էր. «Ես կայացրել եմ իմ կյանքի կարեւոր եւ դժվար որոշումներից մեկը եւ հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ:

Շնորհակալ եմ իմ բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել:  

Թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել եւ մնում են ինձ համար առաջնային: Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր եւ պետականամետ:

Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին: Շարունակելու եմ ապրել եւ աշխատել հանուն Հայաստանի:

Աստված պահապան մեր երկրին ու հայ ժողովրդին»:

Եթե հակիրճ ասենք ու կենցաղային լեզվով բացատրենք իրականությունը, ապա այս գրառման փակագծերը բացելիս կարող ենք տալ հետեւյալ պատկերը. «Ես քսան տարի ամեն ինչ արեցի իմ կուսակցական ընկերների համար, բայց եկան ջահելներն ու ամեն ինչ արեցին, որ ես ստվերում մնամ: Բայց նրանք դեռ ինձ լավ չգիտեն, ես դեռ ասելու եմ իմ խոսքը»:

Իսկ եթե ավելի խորքային նայենք խնդրին, ապա նա հեռանում է չափազանց վիրավորված: Իր թիմակիցները մեկ անգամ չէ, որ ասել են, որ իրենց Արգամիչն ամեն ինչ անում է թիմի համար, նույնիսկ նրանց, ովքեր այսպես ասենք, կարգազանց են եղել երբեւէ: Բայ արի ու տես, որ թիմը պատասխան քայլ չարեց, քանզի Արգամիչն այլեւս ձիու վրա չէ: Հովիկ Աբրահամյանը հասկացնում է, որ իրեն փոխարինելու են գալիս ավելի խելացիներն ու նպատակասլացները: Բայց շարունակությամբ ասում է մի բան, որ վիրավորում է շատերին՝ հատկապես նրանց, ովքեր իրապես հայրենասեր ու նպատակասլաց են: Այն է՝ եկողներն իր պես հայրենասեր ու նպատակասլաց չեն:

Նաեւ՝ եթե Հովիկ Աբրահամյանի գործունեությունը հայրենասիրական է ու պետականամետ, ապա ինչ ասեն նրանք, ովքեր նրա պատկերացրած «հայրենասիրականի» տիրույթում չեն տեղավորվում, այն է՝ տարիներով քրտնաջան ու ազնիվ աշխատելով ոչինչ հետ չեն գցել, կյանք ու առողջություն են կորցրել, բայց չեն ընկրկել այն հաստատակամությամբ, որ հենց իրենք ու իրենց երեխաները պիտի լինեն հզոր երկիր կերտողները…

Ինչեւէ, ժամանակը ցույց կտա՝ կզբաղվի՞ Հովիկ Աբրահամյանը ակտիվ քաղաքականությամբ, թե ոչ: Բայց նա գոնե այս պահին գիտակցում է, որ Կարեն Կարապետյան անձը գուցե կարողանա ներդրումներ բերել Հայաստան: Մանավանդ, որ ՌԴ-ում պաշտոնական այցով  (պաշտոնական այցով ՌԴ-ում մեկ էլ Սերժ Սարգսյանն է եղել վարչապետ եղած տարիներին՝ 2007թ.) գտնվող  Կարեն Կարապետյանի՝ գործարարների հետ հանդիպման արդյունքում 3 տասնյակից ավելի հայազգի գործարարներ հայտարարություն են ընդունել՝ ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին եւ բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։ Ըստ այդմ, գործարարներն ասել են, թե ծանոթանալով ՀՀ-ի տնտեսությունում երկարաժամկետ բարեփոխումներ իրագործելու ծրագրերին, լիակատար աջակցություն են հայտնում «Նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա»:

Կյանքը ցույց է տվել, որ Ռուսաստանի գործարաները երբեք տեղից չեն շարժվում, եթե չեն ունենում Մոսկվայի հավանությունը: Ով ով, բայց նախկին վարչապետը սա լավ գիտի: Մնացած շատ բան կախված կլինի տնտեսության շոշափելի դրական շարժից: Այս շրջանակում էլ արդեն կդիտարկվեն քաղաքական շատ հարցեր՝ փոխատեղումներ, հետ ու առաջ քայլեր, վերադարձեր, մոռացումներ…

Աստղինե Քարամյան

Հ.Գ. – Ռուսաստանի հայ գործարարները լավ կանեն, հայրենիքի մասին խոսելիս «պատմական» եզրույթը չգործածեն, քանզի պատմականի մասին հիշողություններով են խոսում: Մեր հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Առայժմ հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը՝ հայրենիքի մյուս հատվածները վերադարձնելու նպատակով: Ինչքան կտեւի դա, մեծ նպատակի համար կարեւոր չէ:

«Լուսանցք» թիվ 3 (436), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։