Ռուսաստանը Հայաստանում ներդրու՞մ կանի – Սա՝ քաղաքական առումով, իսկ տնտեսապես ռուսական կողմին ձեռնտու է հենց սեփական երկրում ներդրում անելը… Եղբայրական Ադրբեջանն ու Բելառուսը ամենավերջինն են – Բացի Հայաստանից, ԱՊՀ մյուս անդամ երկրներում արտահանման եւ ներմուծման ծավալների անկում է գրանցվել…

Ռուսաստանը Հայաստանում ներդրու՞մ կանի

Ռուսաստանից  300 մլն դոլարի ներդրումների ներգրավումը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իրատեսական է  համարում: «Այո, դա իրատեսական է, առնվազն այդքան ներդրում լինելու է»,-երեկ գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Միաժամանակ հավելեց, թե հիմնականում հետաքրքրվածություն կա վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի, վերամշակման, հանքարդյունաբերության ոլորտներում: Ակտիվ աշխատանքներ են իրականացնելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման ուղղությամբ, որի հիմնական նպատակն է լինելու ֆինանսավորել եւ ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք կնպաստեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, ներմուծման փոխարինմանը, արտահանման ու արդյունաբերության աճին:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե  ինչո՞ւ է որոշվել Ռուսաստանի հետ համատեղ հիմնադրամ ստեղծել, եւ այլ երկրների հետ նմանօրինակ աշխատանք տարվու՞մ է արդյոք: Այո, ինչպես ասաց Ս. Կարայանը, մի շարք երկրների հետ նմանատիպ աշխատանք իրականացվում է: Պարզապես վարչապետի այցը ՌԴ պաշտոնական էր, եւ հայկական կողմը, օգտվելով այդ հանգամանքից, այցի շրջանակում նման քննարկումներ է ծավալել: Սակայն դա չի նշանակում, որ հնարավոր չենք համարում այլ երկրներից ներդրումների ներգրավումը: Գործուն քայլեր են ձեռնարկվում ԵՄ երկրների ու Իրանի հետ:  

Ներդրումների հետ կապված աշխատանքներ են տարվում տեղական ու օտարերկրյա ընկերությունների հետ եւս: Բանախոսը վստահեցրեց, որ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրումների հետ կապված միայն այն կազմակերպությունների մասով, որոնց հետ աշխատել ենք, ակնկալվում է մոտ 500 մլն դոլարի ներդրում:

Միայն չեմ հասկանում, թե ՌԴ-ն ինչու պետք է ՀՀ-ում ներդրում անի, եթե ամեն պահի կարողանում է վերցնել այն, ինչ իրեն պետք է: Սա՝ քաղաքական առումով: Իսկ տնտեսապես ռուսական կողմին ձեռնտու է հենց սեփական երկրում ներդրում անելը՝ ճանապարհային ծախսը կպակասի: Որակական առումով Եվրոպա դուրս գալ, միեւնույն է, չի կարող:

Եղբայրական Ադրբեջանն ու Բելառուսը ամենավերջինն են

Ամենամեծ տնտեսական անկում եւ գնաճ ունեցող երկիրն ԱՊՀ-ում Ադրբեջանն է, որին հաջորդում է Բելառուսը: 2016-ը այնքան էլ բարենպաստ չէր նաեւ Հայաստանի ու հետխորհրդային մի շարք երկրների  տնտեսությունների համար: ԱՊՀ երկրներից մի քանիսի վիճակագրական ծառայությունները արդեն ամփոփել են տնտեսական տարին, մի քանիսը դեռ ոչ, այնումենայնիվ նախնական պատկերը արդեն պարզ է:

Ադրբեջանում ՀՆԱ-ի անկումը 2016թ. հունվար-դեկտեմբեր  ամիսներին ադրբեջանական մանաթով արտահայտված կազմել է 3,8%: Ոչ նավթային սեկտորի անկումը կազմել է 5,4%, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազել է 4,9%-ով: Գնաճի մակարդակը շարունակում է բարձր մնալ այս երկրում, որտեղ սպառողական գների ինդեքսը կազմել է 112,4%: Արդյունաբերությունը անկում է գրանցել 0,4%-ով, իսկ գյուղատնտեսության ոլորտը գրանցել է՝ 2,6% աճ: 1,5% աճ է գրանցվել առեւտրի շրջանառության ծավալներում, իսկ ծառայությունների ոլորտը գրանցել է՝ 1,1% անկում:

26,1%-ով նվազել են ուղղակի ներդրումները ֆիքսված կապիտալում՝ հիմնականում շինարարության ոլորտում կատարված ներդրումների կրճատման հաշվին:  Միաժամանակ, ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալների՝ հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում արտաքին առեւտրի ծավալները կրճատվել են 11%-ով, որտեղ  արտահանման ծավալները նվազել են 13,1%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է 8%-ով:

ԱՊՀ երկրներում, հաջորդ տնտեսական անկում գրանցած երկիրը Բելառուսն է: Ըստ այս երկրի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների, 2016թ. գրանցվել է 2,6% անկում՝ բելառուսական ռուբլով արտահայտված: 0,4%-ով նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը: Բելառուսում նույնպես 18% ներդրումների ծավալների անկում է գրանցվել հիմնական կապիտալում: Իսկ սպառողական գների ինդեքսը կազմել է՝ 111,8%: Ադրբեջանի նման, գրեթե նույն չափով նվազել են նաեւ արտահանման ու ներմուծման ցուցանիշները՝ 10,4% եւ 9,9%-ով համապատասխանաբար:

Նախորդ տարին հավանաբար տնտեսական անկումով կամփոփի նաեւ Ռուսաստանը, որն, ըստ տարբեր գնահատականների, կկազմի 0,6%: Գնաճի մակարդակը տարեկան կտրվածքով Ռուսաստանում կազմել է՝ 5,38%:

Ինչ վերաբերվում է դեռեւս ԱՊՀ-ն ամբողջովին չլքած Ուկրաինային, ապա բարձր տարեկան գնաճ է գրանցվել նաեւ այստեղ՝ 12,14%: Սակայն նախորդ տարի Ուկրաինայում ՀՆԱ-ն գրանցել է 1,1% աճ, որը 2 տարվա շարունակական անկումից հետո այնքան էլ վատ ցուցանիշ չէ: Որոշակիորեն աշխուժացել է արդյունաբերությունը, սակայն արտահանման ծավալները շարունակում են կրճատվել:

ԱՊՀ մյուս երկրներում, 2016թ. տնտեսական ակտիվության կամ ՀՆԱ-ի աճի ցուցանիշները ըստ նախնական տվյալների՝ դրական են: Այսպիսով, կարող ենք ասել, որ ԱՊՀ երկրների ցանկում ամենածանր տարին ունեցել են Ադրբեջանը եւ Բելառուսը՝ տնտեսական անկումով եւ բարձր գնաճով:

Այսպես, տնտեսական աճի զրոյականից մի փոքր բարձր ցուցանիշներ են Հայաստանում եւ Ղազախստանում, որտեղ Ղազախստանում գնաճը կազմել է՝ 8,29%: Ղրղզստանում  ՀՆԱ-ի աճը կազմել է՝ 3,8%, իսկ գնանկումը՝ 0,5%: Տաջիկստանում տնտեսական աճի ցուցանիշը համեմատաբար բարձր ՝ 6%, իսկ գնաճը՝ 5,8%: Մոլդովայում նույնպես տնտեսական աճը համեմատաբար բարձր տվյալներ ունենք՝ 6,3% եւ 0,5% գնաճ:

Մի հետաքրքիր փաստ էլ՝ բացի Հայաստանից, ԱՊՀ մյուս անդամ երկրներում արտահանման եւ ներմուծման ծավալների անկում է գրանցվել: Հայաստանում եւ Ղրղզստանում գրանցվել է գնանկում, իսկ մնացած ԱՊՀ երկրներում  միջին եւ բարձր գնաճ, բացառությամբ Մոլդովայի ցածր մակարդակի գնաճի:

Օրերս հրապարակված ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 0,5%, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է՝ 6,7%: Սպառողական գների ինդեսքը կազմել է՝ 98,6%, այսինքն գրանցվել է գնանկում: Արտահանումը գրանցել է՝ 20%, իսկ ներմուծումը՝ 1,6% աճ:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 3 (436), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։