Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Լեւոն Արոնյանը ձախողվեց վերջին փուլում… Գաբրիել Սարգսյանը մեդալ նվաճեց Իրանում… Մեր ֆուտզալի հավաքականը սայթաքեց վերջին խաղում… «Մենք գոհ ենք Հենրիխ Մխիթարյանից»… Մարկոս Պիզելին եւ Արազ Օզբիլիսը կշարունակեն խաղալ… Արեւմտյան Հայաստանի եւ Արցախի հավաքականները չեն մասնակցի… Մարզական այլ լուրեր…

Լեւոն Արոնյանը ձախողվեց վերջին փուլում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել Հոլանդիայի Վեյք-ան Զեեի շախմատի սուպերմրցաշարում: Վերջին 13-րդ փուլում, մեր շախմատիստը սեւերով մրցեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ: Սկզբնախաղն անցավ հավասար պայքարում եւ թվում էր, որ խաղը կավարտվի ոչ-ոքի: Բայց մեր շախմատիստն անհարկի ռիսկի դիմեց եւ սպիտակները հակագրոհի լավ հնարավորությունից օգտվեցին: Լեւոն Արոնյանը 50-րդ քայլից հետո ստիպված կանգնեցրեց ժամացույցը:

Մեր շախմատիստը մնաց վաստակած 7,5 միավորով եւ չկարողացավ պահպանել մրցանակային 2-րդ տեղը, քանի որ նույնպիսի արդյունք ունեցող Մագնուս Կառլսենը ոչ-ոքի ավարտեց իր խաղը եւ առաջ անցավ: Մեր շախմատիստը զբաղեցրեց 4-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի գրոսմայստեր Վեսլի Սոն, ով վաստակեց 9 միավոր:

Գաբրիել Սարգսյանը մեդալ նվաճեց Իրանում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված «Խազարի գավաթ-2017» միջազգային մրցաշարում: Վերջին փուլում մեր շախմատիստը հաղթեց իրանցի վարպետ Ալիռեզա Ֆիրուզյային եւ վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ հունգարացի գրոսմայստեր Ֆերենց Բերկեշն ու Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Ամին Տաբատաբաեին: Լրացուցիչ ցուցանիշներով Գաբրիել Սարգսյանը ճանաչվեց 2-րդը եւ արժանացավ արծաթե մեդալի: Մրցաշարի հաղթող հռչակվեց հունգարացի շախմատիստը:

Մրցաշարում հաջող ելույթ ունեցավ նաեւ Եվրոպայի մինչեւ 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ զբաղեցեց 22-րդ տեղը: Մեր 3-րդ մասնակիցը՝ Սեդրակ Մաթեուսյանը, 9 հնարավորից հավաքեց 5 միավոր եւ բավարարվեց 34-րդ տեղով:

10-ամյա հայ շախմատիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Բելառուսի Օրշա քաղաքում անցկացվեց «Օրշա-2017» շախմատի միջազգային մրցաշարը: Մ ասնակցում էին տարբեր երկրների շախմատիստներ, Հայաստանը ներկայացված էր «Նարվա» շախմատի դպրոցի 2 սաներով՝ Գրիգոր Օսիպյան եւ Խաչիկ Գեւոնյան, ովքեր մեկնել էին «Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր-տնօրեն, գլխավոր մարզիչ Նարեկ Վարազդատյանի ուղեկցությամբ: Մասնակիցների թվում էին նաեւ Լեւոն Կարապետյանը եւ Արթուր Կարագյոզյանը՝ Լոռու եւ Կոտայքի մարզերից:  

Մրցաշարի շրջանակներում կայացած կայծակնային շախմատի վերջնական արդյունքների համաձայն՝ Գրիգոր Օսիպյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ կիսեց 4-5-րդ հորիզոնականները: Դասական շախմատի մրցաշարի մինչեւ 12 տարեկան պատանիների լավագույն շախմատիստ ճանաչվեց «Նարվա»-ի սան 10-ամյա 1-ին կարգային Գրիգոր Օսիպյանը: Լավագույն խաղի մրցանակը բաժին հասավ Վանաձորի ներկայացուցիչ Լեւոն Կարապետյանին, իսկ «B» մրցաշարում Արթուր Կարագյոզյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը եւ արժանացավ գումարային մրցանակի: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Գրիգոր Օսիպյանը հանդես եկավ ոչ իր տարիքային խմբում. նա մասնակցում էր «B» մրցաշարին՝ խաղալով այնպիսի աշխարհահռչակ գրոսմայստերի կողքին, ինչպիսին Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Բորտնիկն է, ում միջազգային վարկանիշն արդեն 2581 է:

Հայաստանի հավաքականը սայթաքեց վերջին խաղում

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 2 անընդմեջ հաղթանակը տարավ Լատվիայում ընթացող Եվրոպայի 2018թ. առաջնության որակավորման մրցաշարում, ինչը հնարավորություն էր ընձեռել մեր թիմի համար՝ Եվրոպայում խաղալու համար: Մեր ընտրանին նախ հաղթեց Գերմանիային՝ 5:3, ապա Էստոնիային՝ 5:1:

3-րդ  խաղում մեր ընտրանին հանդիպեց Լատվիայի ազգային թիմի հետ եւ հաջորդ փուլ մտնելու համար մերոնց հարկավոր էր պարզապես չպարտվել տանտերերին: Բայց մեր ֆուտզալիստներն անվստահ անցկացրին մրցախաղը եւ տանուլ տվեցին 1:4 հաշվով: Այդպիսով, Լատվիան վաստակեց 7 միավոր եւ գրավեց 1-ին տեղը՝ նվաճելով միակ ուղեգիրը: Հայաստանի հավաքականը 6 միավորով բավարարվեց 2-րդ տեղով:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ուիգան»-ի ջախջախմանը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը օգնեց իր թիմին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, հաղթահարելու Անգլիայի գավաթի խաղարկության հերթական փուլը: 1/16 եզրափակիչ խաղում մանչեսթրցիները սեփական դաշտում ընդունեցին Չենպիոնշիփում հանդես եկող «Ուիգան»-ին եւ վստահ հաղթանակ տարան՝ 4:0:

Տանտերերի 3-րդ գոլը հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը, ով գեղեցիկ փոխանցումից հետո առաջինը հասավ գնդակին եւ մոտիկից գրավեց դարպասը՝ ավելացնելով իր գոլերի քանակը անգլիական ֆուտբոլում:

«Մենք գոհ ենք Հենրիխ Մխիթարյանից»

«Ուիգան»-ի նկատմամբ Անգլիայի գավաթի խաղարկությունում 4։0 հաշվով տոնած հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։ «Մենք արժանիորեն հաղթեցինք։ Առաջին խաղակեսն այնքան էլ լավը չէր, սակայն մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց գոլ խփել։ Այդ գնդակը մեզ հնարավորություն տվեց միանգամայն այլ կերպ անցկացնել 2-րդ կեսը։ Ընդմիջմանը խոսեցինք տղաների հետ եւ հասկացրեցինք, որ 1-ին կեսում բավարար չափով լավ չեն գործել։ Խոսեցինք այն մասին, որ անհրաժեշտ է մի քանի բան փոխել թիմի դինամիկայում։ Եվ տղաները լավ ընդունեցին մեր խոսքերը, քանզի մյուս խաղակեսն անցկացրեցինք անհրաժեշտ մակարդակով: Կարծում եմ՝ թիմային գործողությունները լավ մակարդակի վրա էին։ Ֆուտբոլիստների անհատական գործողությունները նույնպես լավն էին։ Իհարկե, ոմանք լավ խաղացին, քան մյուսները, բայց սա ֆուտբոլ է։ Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ, թե ինչպես անցկացրեցինք այս հանդիպումը։ Երբ Միկին (Մխիթարյանը) հայտնվեց հիմնական կազմում, եւ մենք, եւ նա հասկանում էինք, որ արդեն լիարժեք պատրաստ է։ Նա անմիջապես ազդեցություն թողեց թիմի խաղի վրա։ Այնուհետեւ «Տոտենհեմ»-ի հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով ոչ մեծ ընդմիջում ունեցավ, սակայն վերադարձավ ու շարունակում է խաղալ շատ լավ մակարդակով։ Այնպես որ, մենք գոհ ենք նրանից»,- ասել է մարզիչը:

Մարկոս Պիզելին ելույթները կշարունակի Հունաստանում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ելույթները կշարունակի «Քսանտի» թիմում, 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել, սակայն մանրամասների մասին չի նշվում: Թիմը, որը Հունաստանի առաջնությունում այժմ գտնվում է 3-րդ հորիզոնականում, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ձեռք է բերել 4 ֆուտբոլիստ:

Հավելենք, որ ըստ transfermarkt.de կայքէջի՝ Մարկոս Պիզելին Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Ֆուջայրա» թիմից հունական ակումբ տեղափոխվել է ազատ խաղացողի կարգավիճակով:

Արազ Օզբիլիսի տրանֆերը չի կայացել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ թուրքական «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կշարունակի իր համար նոր թիմ փնտրել, քանի որ հոլանդական «Վիլլեմ 2-րդ» տեղափոխությունը վերջին պահին ձախողվել է: Նշվում է, որ կողմերը վերջին պահին համաձայնության չեն եկել եւ 26-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը դեպի Հոլանդիա չի կայանա: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Բեշիկթաշ»-ի կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Արեւմտյան Հայաստանի հավաքականը չի մասնակցի

2017թ. Հյուսիսային Կիպրոսում կանցկացվի չճանաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որը կազմակերպում է ConIFA-ն: Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականը չի մասնակցի մրցաշարին, քանզի Հյուսիսային Կիպրոսի թուրքական կողմն անվտանգության երաշխիքներ չի տվել: Այս տրամաբանությամբ չի մասնակցի նաեւ Արցախի հավաքականը, որը մեկ անգամ մասնակցել է այս առաջնությանը:

Մրցաշարին կմասնակցեն 8 հավաքականներ: ConIFA-ն ստեղծվել է 2013թ.: Այն միավորում է 25 հավաքականների, որոնք չեն անդամակցում ՖԻՖԱ-ին: Նախորդ տարի Աբխազիայում կայացած չճանաչված երկրների Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում Արեւմտյան Հայաստանի հավաքականը դուրս էր մնացել քառորդ եզրափակչից:

Փարիզում հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ հաջող է հանդես եկել Փարիզում կայացած միջազգային մրցաշարում: Մասնակցած մեր 5 ըմբիշներից 3-ը հաղթող են ճանաչվել իրենց քաշային կարգերում: Ոսկե մեդալների են արժանացել Կարեն Ասլանյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Ռաֆայել Ալեքսանյանը, ով օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանանի կրտսեր եղբայրն է, 71 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը: Իսկ ահա Գեւորգ Ղարիբյանը (59 կգ) անաջող է հանդես եկել իր կարգում եւ չի կարողացել մեդալ նվաճել:

Ինչ վերաբերում է 98կգ քաշային կարգի աշխարհի թիվ 1 ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, ապա նա թիմի հետ նույնպես մեկնել է Փարիզ, սակայն մրսածության պատճառով ստիպված է եղել բաց թողնել մրցաշարը:

Մյունխենում լավագույն արդյունք ցույց տվեց Զավեն Իգիթյանը

Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավարտված հրաձգության միջազգային մրցաշարում Հայաստանի 11 պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ Զավեն Իգիթյանը, որը երիտասարդների պայքարում 4-րդ տեղը զբաղեցրեց օդամղիչ ատրճանակ 10մ վարժությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության մամուլի ծառայությունը: Նույն վարժության երկրորդ փորձի ժամանակ Զավեն Իգիթյանը ցույց է տվել 7-րդ արդյունքը:

Բենիկ Խլղաթյանը նույն վարժությունում գրավել է համապատասխանաբար 44-րդ եւ 19-րդ տեղերը: Օդամղիչ ատրճանակ 10մ կանանց վարժությունում հանդես եկած Էլմիրա Կարապետյանը մրցումների առաջին օրը գրավել է 20-րդ տեղը, 2-րդ օրը՝ 41-րդ:

Մեր հրացանակիրներից լավագույն արդյունք ցույց է տվել Հրաչիկ Բաբայանը, որը 626,9 միավորով գրավել է 10-րդ տեղը 10մ վարժությունում: Սուրեն Բերյանը 21-րդն է, Քրիստիան Լաուերը՝ 69-րդը:

Երիտասարդների մրցաշարում նույն վարժությունում Նարեկ Ադամյանը վաստակել է 620,0 միավոր եւ գրավել 28-րդ տեղը: Աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը ցույց է տվել 36-րդ արդյունքը, իսկ Լիա Սահակյանը՝ 82-րդը:

Հայաստանի հրաձգության հավաքականը մյունխենյան միջազգային մրցաշարին մասնակցել է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

Անաստասիա Գալուստյանը 12-րդն է Եվրոպայում

Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը 12-րդ տեղը գրավեց Չեխիայի Օստրավա քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում:

Մեր մարզուհին կարճ ծրագրից հետո ընթանում էր 10-րդ հորիզոնականում, սակայն ազատ վարժությունում նա ցույց տվեց 14-րդ արդյունքը եւ ընդհանուր հաշվարկով նահանջեց 12-րդ տեղ:

Հավելենք, որ անցած տարվա առաջնության համեմատ Անաստասիա Գալուստյանը առաջադիմել է 3 աստիճանով:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 4 (437), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։