Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…

Սնդիկ բառի ծագոմը հայերենում անհայտ է: Ենթադրվում է, որ այն առաջացել է ցնդել բառից, որի առանձին չգործածվող արմատը՝ ցունդ, նշանակում է սփռվել, ցայտմամբ ցրվել (ՀՍՀ 10):

Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» գրված է. սնդիկ «ժիպակ», տճկ. «ջիվա», գրուած նաեւ սնտիկ: Klaproth, Asia pol, էջ 104 պրս. zanda «կենդանի» բառի հետ: Սանսկր. skanda «սնդիկ» հոմանիշի հետ՝ հնխ. skand «ցատկել, ելնել» արմատից: Հիւնք զանդիկ բառից:

Ուշադրություն դարձնենք, որ տաճկերենում եւ սանսկրիտում սնդիկ բառը գործածվում է որպես հոմանիշ:

Ամիրդովլաթ Ամասիացին «Անգիտաց անպետ» աշխատությունում արաբերեն «զեպահ» բառի տակ թվարկում է սնդիկի մոտ 30 գաղտնանուններ, որոնք մեծամասամբ կրկնվում են Կարո Ղաֆադարյանի «Ալքիմիան պատմական Հայաստանում» գրքում: Նշենք այդ գաղտնանուններից մի քանիսը՝ «ջուր կենդանի», «կաթն կույսի», «քաղցրահոգի», «թռչուն», «ալհայա», «ալմայ», «ճուհար» («գոհար»):

Կարո Ղաֆադարյանը, առանց քննարկելու՝ ումից են արաբները փոխառություն արել կամ ինչ աղբյուրներից են օգտվել, եզրակացնում է. «Ալքիմիան Հայաստան է մուտք գործել Արաբիայից եւ լայն տարածույ գտել ամբողջ Հայաստանում»: Ինչպես հաճախ նկատում ենք՝ մեր գիտնականներից շատերը, առանց փաստերի խոր համադրությունների ու վերլուծությունների, ամեն ինչ օտարին են տալիս՝ սեփական նախապատվության համաձայն:  

Եթե արաբների մոտ պահպանվել են ալքիմիական ձեռագրեր, ապա դա դեռ չի նշանակում, որ արաբներից ավելի վաղ մենք չենք ունեցել ալքիմիական ձեռագրեր: Անշուշտ, ունեցել ենք, բայց դրանք հայտնի պատճառներով ոչնչացվել են: Իսկ այլ երկրներում պահպանված հայերեն ալքիմիական ձեռագրերից հմտորեն օգտվել են օտար գիտնականները, որոշ դեպքերում էլ՝ ներկայացրել որպես իրենցը:

Մեզ էլ հայերեն եւ այլալեզու ձեռագրերից մնացել են «հայկական քար», «հայկական ձու», «հայկական աղ» արտահայտությունները  ու նաեւ որպես լուռ վկաներ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառի Սուլեմա բերդի եւ Սուլեմա իջեւանատան փլատակները՝ Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավառը Վայոց ձորին կապող ճանապարհին՝ Սուլեմա (Սելիմի) լեռնանցքի հարավահայաց լանջին:

Այժմ մեր Մատենադարանում են գտնվում մեծաքանակ ալքիմիական ձեռագրեր, որոնք դեռ վերծանված չեն: Վերծանվել է այդ ձեռագրերի չնչին մասը: Զարմանալի եւ ցավալի է, որ ալքիմիական ձեռագրերը մատնված են անուշադրության: Գուցե դրանցում շատ արժեքավոր տեղեկություններ կան: Չէ որ քիչ չեն եղել դեպքերը, երբ հայտնագործություններ են արվել հին ձեռագրերի, ժայռագրերի ու գրքերի օգնությամբ:

Օրինակ, Միջին Ասիայի տարածքում,  Սողդում հնագետները ժայռերի վրա հայտնաբերել են հանքահատների պատկերներ՝ սողդացիներին բնորոշ թասակներով եւ ուսերին դրված զամբյուղներով, որոնցում, ըստ երեւույթին, հանքաքար է լցված եղել: Կռահելով, որ այդ տարածքում եղել են հանքեր, նրանք հետագայում զերավշանյան լեռներում հայտնաբերել են ծծմբական սնդիկի՝ կինոբարիսի հանքեր: Հանքերում գտնվել են տարբեր գործիքներ, լապտերներ եւ բազմաթիվ մարդկային ոսկորներ:

Աքեմենյանների ապարանքի փլատակների վրա պահպանվել է վկայություն այն մասին, որ մ.թ. 1-ին հազարամյակում սնդիկի հանքաքարը Սողդից է բերվել Պարսկաստան:

Մեկ այլ օրինակ եւս. իսպանացիները ուշադրություն են դարձրել, որ հնդկացիների մարմինները ներկված են կարմիր ներկով, եւ ենթադրել են, որ դա կապ ունի կինաբարիսի հետ: Ու, իրոք, պարզվել է, որ մինչեւ Պերուի նվաճումը ինկերը Պոլկաս սարի շրջակայքում արդյունահանել են կինաբարիս:

Նախ համառոտ՝ սնդիկի մասին: Բնածին սնդիկը մարդկությանը հայտնի է եղել շատ հին ժամանակներից: Ստանում էին ծծմբային սնդիկից՝ կինաբարիսից (HgS): Կինովար անվանումը կինաբարիսի աղավաղված ձեւն է:

Կինաբարիսն ունի 3 բյուրեղային ձեւ՝ ա) կարմիր – կինաբարիս, որից ստանում էին կարմիր գույնի հրաշալի ներկ, որ գլխավորապես օգտագործվում էր նկարչությունում: բ) Սեւ՝ մետացինաբարիտ եւ գ) գորշ՝ կապարագույն բետա-կինաբարիս: Այս 3 միացություններն ունեն տարբեր բյուրեղային ցանցեր, բայց միանման են քիմիական բաղադրությամբ:

Սնդիկի կարեւոր աղերից են սուլեման եւ կալոմելը, որոնք ուժեղ ախտահանիչներ են, թունավոր են: Օգտագործում են բժշկության, գյուղատնտեսության մեջ (փոքր չափաբաժնով), նաեւ՝ այլ բնագավառներում:

Սնդիկի ֆուլմինատը (շառաչող սնդիկ) պայթուցիկ նյութ է:

Եթե հնում միայն տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ ալքիմիկոսներից քչերին էր հաջողվում սնդիկից կամ հասարակ մետաղներից ստանալ ոսկի, ապա ժամանակակից գիտությունն ի վիճակի է ստանալ արհեստական ոսկի միջուկային փոխարկումների միջոցով, ինչի համար ամենահարմար մետաղ է համարվում սնդիկը:

Սնդիկը հաճախ անվանում են մետաղների մայր: Գոյություն ունի հեղուկ եւ մետաղական սնդիկ: Սնդիկի մեջ են լուծվում ոսկին, արծաթը եւ այլ մետաղներ՝ առաջացնելով ամալգամներ, բացի մանգանից, կոբալտից, նիկելից եւ երկաթից: Հնում սնդիկն անվանել են հեղուկ արծաթ: Փայլածու մոլորակի մետաղն է համարվում սնդիկը:

Դեռ դպրոցական տարիներից ծանոթ ենք Տորիչելիի՝ սնդիկի հետ կապված փորձերին եւ «տորիչելյան դատարկություն» հանրահայտ արտահայտությանը: Դատարկությունը այն օդն է, որը գտնվում է բարոմետրի (ծանրաչափի) սնդիկի սյան վերեւում:

Ուշադրություն դարձնենք «սյուն» եւ «դատարկություն» բառերին:

Հին հունական փիլիսոփա Դեմոկրիտը  պնդում էր. «Ոչ մի բան գոյություն չունի բացի ատոմներից եւ դատարկ տարածությունից»:

Որոշ ժամանակ անց Արիստոտելը ժխտում է դատարկության գոյությունը եւ հայտարում, որ բնությունը վախենում է դատարկությունից: Հռչակավոր փիլիսոփայի հեղինակությունն ու տեսությունը գերիշխել է գիտության մեջ դարեր:

Իսկ Ք.ծ.ա. 6-րդ դարում հույն մտավորական Անաքսիմենը համարում էր, որ օդն է բոլոր նյութերի հիմքը՝ կարծիք հայտնելով, որ այն ինչ-որ անիրային մի բան է՝ ոգի:

Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում:

Տորիչելիի մահից հետո Պասկալը շարունակեց նրա գործը ու նաեւ պայքարը Արիստոտելի «դատարկության վախ» տեսակետի դեմ: Տորիչելյան խողովակին տալով U-աձեւ տեսք՝ ստեղծեց բարոմետրը: Սնդիկի օգնությամբ գիտնականները հայտնաբերեցին ոչ միայն «դատարկությունը», այլեւ՝ սկսեցին ստեղծել «դատարկություն» կամ «վակուում»:

Վերը նշված տեղեկությունները սնդիկի մասին թույլ են տալիս ենթադրելու, որ սնդիկ բառը կազմված է սյուն եւ դիկ/տիկ/դիք արմատներից:

Սնդիկ=սյուն+դիկ/դիք, որտեղ դիք բառը հայերենում նշանակում է 1. Աստվածներ, 2. Զառիվեր, ուղղահայաց:

Միայն նշենք, որ երկրային Դիքերը հնում կոչվել են Ոգիներ:

Ասենք՝ Նոյը համարվել է աղավնի, իսկ քրիստոնեությունում աղավնին համարվում է սուրբ հոգու խորհրդանիշը:

Ունենք սնդիկ բառի առաջացման երկրորդ տարբերակը:

Շարունակելի

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 4 (437), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։