Մենք եւ մեր կենցաղը.- Միկրոալիքային վառարաններ. օգու՞տն է շատ, թե՞ վնասը…  «Մենք եւ մեր կենցաղը» խորագրի ներքո կփորձենք «Լուսանցք»-ի ընթերցողներին ներկայացնել այն ամենի մասին, ինչ իրենք կենցաղում, խնդրո առարկայի պարագայում՝ խոհանոցում, ամենից շատ են գործածում…

«Մենք եւ մեր կենցաղը» խորագրի ներքո կփորձենք մեր ընթերցողներին ներկայացնել այն ամենի մասին, ինչ իրենք կենցաղում, խնդրո առարկայի պարագայում՝ խոհանոցում, ամենից շատ են գործածում:

Այսօրվա մեր թեման միկրոալիքային վառարաններն են: Թեմա, որի մասին մեկ անգամ չէ, որ մամուլում հրապարակումներ եմ արել…

 * * *

Հայաստանի տնային տնտեսուհիների (ընդհանրապես նախկին ԽՍՀՄ երկրների, պարզապես մեր տնտեսուհիներն առավել ջանասեր են, դրա համար էլ նրանցից եմ խոսում) տնտեսվարությունը կարելի է բաժանել 2 փուլի՝ խորհրդային եւ հետխորհրդային:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում նրանց խորհրդային տնտեսվարությունը: Եթե հակիրճ, ապա՝ կենցաղային գործ՝ օրը 24 ժամ: Կամ՝ մի կենցաղ, որ հեշտացնելու համար գիտական աշխարհը ոչինչ չէր արել եւ պետությունն էլ նրան այդպիսի ոչ մի խնդիր չէր առաջադրել: Մեր տնային տնտեսուհիները (թեկուզ հենց մորս օրինակով հիշեմ) եթե լվացքի մեքենա էլ ունեին, ապա լվացք էին անում այդ մեքենայի հետ միասին՝ ջուր փոխելով, ավելացնելով, քամելով եւ հաճախ ձեռքը մեքենայի մեջ՝ շորերը պտտեցնելու համար: Էլեկտրական հյութաքամիչներ քչերն ունեին: Հյութաքամիչը տատական ու մայրական ձեռքերն էին՝ քամվելիքը քերիչով անցկացնելուց հետո: Այն տարիների ջեռոցներն էլ չէին թողնում տնտեսուհիներին իրենցից հեռանալ. տիկինները կանգնում էին, անընդհատ թխվելիքը ջեռոցում վերեւ-ներքեւ անում, աջ ու ձախ տանում: Նրանք, ովքեր ունեին ավելի լավը, «տակից գնված» չեխականն էր, լեհականը, բայց միեւնույնն է, «էությունը» նույնն էր, տարբերվում էր արտաքին ձեւավորումը:

Մեր տնտեսուհիների հետխորհրդային տնտեսվարությունը (իմա հասկանալ 2000-ականներից հետո) այնքան է բարելավել, որ 24-ժամվա փոխարեն կարող են ամեն ինչ հասցնել 2-3 ժամում: Լվացքի մեքենայի հետ լվացք անել պետք չէ, ջեռոցների կողքը կանգնելու կարիք չա, պահածոները կարելի է գնել խանութից՝ հնարավորության դեպքում… Մի խոսքով, կարելի է լավ տնտեսուհի լինել՝ միաժամանակ խնամված ձեռքեր ունենալով: Բայց պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ գունեղ չէ, եւ գիտական աշխարհը կամաց-կամաց դժգոհել է սկսում: Խոսքը կենցաղի անբաժան մաս կազմող միկոալիքային վառարանների մասին է, որ այսօր մեր երկրում շատ տնային տնտեսություններում կա:  

Ռազմական ոլորտից՝ խոհանոց

Ի դեպ, երբ ուսումնասիրեցի այս թեման, հասկացա, որ սա էլ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների թեմայի պես մի բան է. գիտական խումբ կա, որ ապացուցում է դրանց օգտակարությունը, մեկ այլ խումբ՝ վնասակարությունը: Ոչ գիտական՝ հանրային հատվածը երկու կողմերին էլ հավատալով՝ ընտրում է իր՝ ձեռնտու տարբերակը: Միկրոալիքային վառարանների մասով էլ այդպես է, բայց մի տարբերությամբ. եթե ԳՁՕ-ների մասին մեր երկրում խոսում էին, վառարանների թեման առայժմ անհեթեթ է հնչում:

Ես փորձեցի հարցումներ անել եւ՛ մեր գիտական եւ՛ առողջապահական հատվածներին: Վերջիններս ասացին, որ այդ վառարաններն ամբողջ աշխարհն է գործածում, եւ առայժմ դրա վնասների մասին գիտական հատվածին ոչինչ հայտնի չէ: Գիտական հատվածն էլ ասաց, թե, համենայնդեպս, աշխարհի առողջապահական ոլորտից դեռ ահազանգեր չկան այդ վառարանների գործածման հետեւանքով առաջացած հիվանդությունների հետ կապված: Երբ փորձեցի տնտեսական հատվածից ճշտումներ անել (երկու խոշորագույն ներմուծողներից), անկեղծորեն զարմացան. «Ինչ լինի, հայերից դուրս կգա» (ասող ներմուծողը հայ էր): Եվ ինձ խորհորդ տվեց քաղաքական թեմաներով գրել, քանզի դա ավելի «պրեստիժնի ա»: Մյուս ներմուծողն էլ ասաց, թե եթե այդ վառարանների արտադրությունն արգելված չէ, ուրեմն վնասակար չէ:

Ինչեւէ, ես հավատացնում եմ, որ աշխարհը դեռ անդրադառնալու է այս թեմային: Այնպես, ինչպես այժմ Ֆրանսիայում եւ Գերմանիայում լրջորեն մտադիր են կենցաղում արգելել այն փոշեկուլների գործածումը, որոնց հզորությունը գերազանցում է կենցաղի համար սահմանված թույլատրելի աղմուկի չափանիշի ցուցանիշը: Բացի այդ՝ այնպես էլ չէ, որ աշխարհն այսօր չի խոսքում միկրոալիքային վառարանների հետեւանքների մասին:

Անաչառ լինելու համար մենք կներկայացնենք երկու կողմերին էլ՝ այդ վառարանների գործածել-չգործածելու որոշումը թողնելով սպառողին:

Ուսումնասիրությունս ցույց տվեց, որ թեմայի շուրջ քննարկումն արդեն տասնամյակներ է, եւ այս ամբողջ ընթացքում միասնական տեսակետ չկա՝ վնասակա՞ր են միկոալիքային վառարանները մարդու առողջությանը, թե՞ ոչ:

Երբ ամերիկացի ինժեներ Փերսի Սփենսերը 2-րդ աշխարհամարտի ընթացքում իր գործընկերների հետ նախագծեց առաջին միկրոալիքային վառարանը, նա չէր էլ կարող պատկերացնել, որ շատերի երազանքը դարձող վառարանին ապագայում վերապահումներով կմոտենան: Նա թշնամիներին հայտնաբերելու համար օգտագործվող սարքավորումների հետ փորձեր էր անում, երբ նկատեց, որ գրպանի շոկոլադե սալիկը հալչում է փոխանցվող միկրոալիքների ազդեցության ներքո: Սկզբում մտածեց՝ գուցե գրպա՞նն է տաք եղել: Օրեր անց նույն փորձը կատարեց ձվի եւ եգիպտացորենի վրա: Ու որոշվեց ուտեստների արագ պատրաստման համար միկրոալիքային վառարան ստեղծել:

Մեկ այլ տեսակետի համաձայն էլ, եթե շոկոլադե սալիկը հալչեր, ապա գիտնականի առողջությունը լրջորեն կվնասվեր: Տաքացել է շոկոլադին «փաթաթված» նրբաթիթեղը, որի հետեւանքով է շոկոլադե սալիկը հալչել:

Ինչեւէ, շոկոլադը նա հանեց իր գրպանից արդեն հալած վիճակում: Դա տեղի ունեցավ մագնետրոնին շատ մոտ գտնվելու պատճառով: Շնորհիվ այսպիսի աննշան թվացող իրադարձութան՝ նա հասկացավ, որ տվյալ միկրոալիքները կարող են լայնորեն օգտագործվել ոչ միայն ռադարներում:

Աշխատանքի արդյունքը մագնետրոն պարունակող մետաղական արկղն էր: Իր հայտնագործությունը ինժեները որոշեց օգտագործել սնունդը տաքացնելու համար: Նորույթով հետաքրքրվեց ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը: Շուտով զինվորական ճաշարաններում հայտնվեցին միկրոալիքային սարքավորումները: 3000 դոլար արժողությամբ երկաթյա այդ արկղերը կշռում էին 340 կգ: Սակայն երկար կատարելագործման արդյունքում վառարանը տեղափոխվեց խոհանոց: 1955թ. ամերիկյան «Tappan Company» ընկերությունը ներկայացրեց առաջին կենցաղային միկրոալիքային վառարանը:

Գիտական այն շրջանակները, որոնք այսօր համոզված են, որ միկրոալիքային վառարաններից ոչ մի վնաս չկա, թվարկում են տեխնիկական այդ սարքի դրական կողմերը:

Ամենառաջինն այն է, որ միկրոալիքը վիբրացիա է հաղորդում սննդամթերքի մեջ եղած ջրի մոլեկուլերին, ինչի արդյունքում բարձր ջերմություն է անջատվում, եւ՝ կերակուրը պատրաստ է: Ահա եւ վերջ: Իսկ թե ինչպես կարող է հաղորդվող ճառագայթումը վնասակար չլինել, ապա ըստ այս խմբի գիտնականների, այդ ճառագայթումը ոչ իոնիզացնող է, այն է՝ ինչպես եւ բջջային հեռախոսների պարագայում է, մոլեկուլյար կառույցի փոփոխության չի կարող հանգեցնել: Երկրորդ՝ միկրոալիքային վառարանը կերակուր պատրաստելուց եւ տաքացնելուց զատ կարող է խթանել բույսերի աճը: Կոլորադոյի համալսարանի ագրոնոմներն առաջարկում են մինչ բույսը տնկելը հողը մանրէազերծել, այսինքն՝ թողնել միկրոալիքային վառարանում: 1 կգ հողը մանրէազերծելու համար այն վառարանում պետք է թողնել 90 վայրկյան: Ճիշտ է, սա գյուղատնտեսներին ձեռնտու չէ, բայց շատ կուրախացնի բուսասեր տնտեսուհիներին: Վերջիններիս շատ կուրախացնի նաեւ այն, որ կարող են ախտահանել սպունգները:

Գաղտնիք չէ, որ խոհանոցային սպունգը ամենաշատ վտանգավոր մանրէներ պարունակող իրերից է: Սպունգն ախտահանելու համար այն պետք է խոնավացնել եւ դնել միկրոալիքային վառարանը ընդամենը 60 վայրկյան: Այդպիսով մանրէների 99.9 տոկոսը կվերանա: Միկրոալիքները կօգնեն նաեւ տղամարդկանց, հատկապես նրանց, ովքեր սիրում են նամականիշներ հավաքել: Ծրարի վրայի նամականիշները նրանք կարող են անվնաս հեռացնել եւ պահպանել՝ նամականիշի վրա 1 կաթիլ ջուր լցնելով եւ միկրոալիքային վառարանը 10-15 վայրկյան դնելով: Կամ՝ հին եւ չոր հացը դեն նետելու փոխարեն այն պետք է փափկեցնել եւ 20 վայրկայն դնել վառարանը: Կամ՝ սխտորը հեշտությամբ կեղեւազրկելու համար այն նախապես վառարանում թողնել 15 վայրկյան: Մի խոսքով, իսկական մուրազ, որից ոչ մի սպառող չի հրաժարվի:

Մուրազ, որ իսկական «բեմուրազ» է

Ինչ են ասում միկրոալիքային վառարանին դեմ գիտական եւ պատասխանատու շրջանակները: Օրինակ՝ սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան դեպարտամենտը պահանջում է, որպեսզի միկրոալիքային  վառարանը գործածության ամբողջ ընթացքում, յուրաքանչյուր քառակուսի սանտիմետր մակերեսից առավելագույնը 5 միլիվատտ ուժգնությամբ ռադիացիա արձակի: Դրա համար էլ սարքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները ամեն ինչ անում են, որպեսզի պատուհանի հատվածից ճառագայթման հավանականությունը նվազագույնի հասցնեն:

Դեռ 1989թ. շվեյցարիացի կենսաբան Հանս Հերտելը Լոզանի համալսարանի պրոֆեսոր Բերնարդ Բլանկի հետ հետազոտեցին, թե ինչպես է ազդում մարդու առողջությանը միկոալիքային վառարանում եփված կամ տաքացված ուտելիքը: Քանի որ մեծածավալ հետազոտության համար նրանք գումար չունեին, բավարարվեցին մեկ փորձարարական կամավոր շնչավորով, որ անընդհատ սնվում էր միկրոալիքային վառարանից հանված կերակրով: Հետազոտությունը ցույց տվեց, որ փորձարկվողի արյան մեջ փոփոխություններ են լինում կերակուրն ընդունելուց հետո եւ այնպիսի փոփոխություններ, որոնք հիշեցնում են «պաթոլոգիկ պրոցես՝ նման քաղցկեղին», լեյկոցիտների քանակն էր զգալիորեն ավելացել: Գիտնականները եկան այն եզրակացության, որ միկրոալիքներով հագեցած սննդի պարբերաբար ընդունումը կարող է հանգեցնել արյան քաղցկեղի: Հերտելը այդ մասին գրեց 1991թ., եւ դրանից հետո նրան ազատեցին զբաղեցրած պաշտոնից:

Հետազոտությունները դրանից հետո չդադարեցին, պարզապես ուղղակի եզրահանգումների փոխարեն գիտական ամսագրերում սկսեցին երեւալ համեմատական հոդվածներ այն մասին, թե ուտելիքը ինչ է կորցնում խաշելիս, տապակելիս եւ միկրոալիքային վառարանում եփվելուց հետո:

Ամերիկյան համալսարաններում բրոկկոլիի օրինակով ուսումնասիրեցին եւ հաստատեցին, որ բրոկկոլին շոգեխաշելիս կորցնում է վիտամինների 11, խաշելիս՝ 40, իսկ միկրոալիքային վառարանում եփվելուց հետո՝ 97 տոկոսը: Սրանից հետո սպառողները հետեւություն արեցին, որ միկրոալիքային վառարանները վնասաբեր չեն, պարզապես օգտակար էլ չեն: 1992թ. ԱՄՆ-ում մի հետազոտություն հրապարակվեց, որ բավականին աղմկարար եղավ եւ քննարկվում էր ամիսներ շարունակ: «Կերակուրի պատրաստումը միկրոալիքային վառարանում» ուսումնասիրությունում ասվում էր, թե՝ «բժշկական տեսակետից համարվում է, որ մարդու օրգանիզմ մտնող՝ միկրոալիքի ազդեցությանը ենթարկված մոլեկուլը ավելի մեծ շանսեր ունի վնասելու, քան օգտակար լինելու: Միկրոալիքը վայրկյանում մոլեկուլի մեջ միլիարդավոր փոփոխություններ է մտցնում: Ի՞նչ է լինում մոլեկուլների հետ այս դեպքում: Նրանք ձեւախեղվում են»:

Դարձյալ վերջնական ոչինչ չասվեց: Միայն թե դրանից հետո մայրերին խորհուրդ տրվեց երեխաների համար նախատեսված կաթն ու այլ կերակուրները միկրոալիքային վառարաններում չտաքացնել:

Այսօր ռուսաստանյան գիտական սկսնակ շրջանակները տարբեր փորձարկումներ են անում եւ այդ մասին ահազանգում: Նրանք գրել են մի բան, որ բոլորը կարող են փորձարկել: Օրինակ՝ տանը որեւէ բույս ամեն օր ջրել միկրովառարանում տաքացրած ջրով: Մեկ շաբաթ հետո բույսը կմեռնի: Սակայն, այս դեպքում, ըստ գիտնականների, խոսքն ամենեւին էլ ճառագայթման մասին չէ, այլ՝ բոլորովին ուրիշ բանի: Խնդիրն այն է, որ միկրոալիքները փոխում են սննդի, այսպես ասենք, ԴՆԹ-ն եւ այնպես են փոխում, որ օրգանիզմը չի ճանաչում այդ սնունդը ու փորձում է արագ վանել իրենից: Սա նշանակում է, որ միկրովառարաններում եփած սնունդը ընդամենը ավելորդություն է, որ հրամցնում ենք մեր օրգանիզմին:

Ավելի որոշակի դիրքորուշում ունի Գլոբալ առողջության կենտրոնը, որ հստակ կոչ է անում՝ «Մի՛ օգտագործեք միկրոալիքային վառարանները»: Կենտրոնը խստորեն զգուշացնում է ծնողներին՝ չկերակրել երեխաներին «միկրոթույներով»: Մանավանդ այն երեխաները, ովքեր մայրական կաթի փոխարեն արհեստական կաթնային խառնուրդներ են ընդունում, ավելի հակված են վերցնելու այդ վառարաններում տաքացրած կերակրի թույները, քան մայրական կաթով կերակրվողները:

Միով բանիվ, գիտական շատ հետազոտություններ թվարկել կարող ենք՝ դրական կամ բացասական եզրակացություններով: Կրկնում ենք՝ առայժմ միասնական տեսակետ չկա: Գուցե այն պատճառով, որ այդ սարքի վաճառքը տնտեսական օգուտներ է բերում արտադրողներին եւ հարկառուներին (հետազոտությունները վկայում են, որ աշխարհի զարգացած երկրներում միկրոալիքային վառարաններ ունեն անգամ աղքատները): Ապագան ցույց կտա: Իսկ սպառողին առայժմ մնում է  ինքնուրույն կողմնորոշվել՝ մի քիչ երկար խոհանոցում լինել, բայց առողջ սնվել, թե՞ սնվել արագ, բայց սեփական ձեռքերում մտապես ունենալ անառողջության ծագման թեկուզ հնարավոր պատճառը:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 4 (437), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։