Դաշինք, որն անդեմ է, բայց ապագա ունի եւ որ այս դաշինքը կհայտնվի խորհրդարանում՝ դա հաստատ է – Արդյո՞ք այդպես կարող են աշխատել քաղաքական ամենատարբեր գաղափարներ ու հայացքներ ունեցող ուժերն ու անհատները: Մեզ մնում է սպասել հետագա զարգացումներին…

ԲՀԿ-ում դեռ սպասում են Գագիկ Ծառուկյանի վերադարձի հանգուցալուծմանը:

«Ծառուկյան» դաշինքը անհասկանալի է մնում շատերի համար: Եթե դա խորհրդարանում վերածվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ապա անհասկանալի են մնում նաեւ կուսակցականների էլիտայի եւ կուսակցության նպատակների հարցերը:

Այն, որ «Ծառուկյան» դաշինքը ստանձնելու է ընդդիմադիր դաշտը վերցնելու կամ ամբողջացնելու գործընթաց, արդեն պարզ է, դա ծրագրված է, բայց ամեն ինչ չէ, որ կարող է ընթանալ ըստ ծրագրի: Ինչպես նախկինում: Իսկ եթե ԲՀԿ-ի չի վերածվելու «Ծառուկյան» դաշինքը, ապա ի՞նչ է դառնալու, ի՞նչ գործառույթներ է ստանձնելու քաղաքական դաշտում:

Այս դաշինքում ընդգրկվում են նաեւ կարկառուն ՀՀԿ-ականներ, որոնց մի մասը հայտարարում է, թե դուրս է գալիս ՀՀԿ-ից: Դա հետո կպարզվի: Դաշինքին նաեւ քաղաքական ու հանրային ուժեր են միանում, ի՞նչ է լինելու նրանց հետ, եթե հայտնվեն խորհրդարանում: Փաստորեն, չեն կարողանալու գործել ինքնուրույն եւ պիտի ենթարկվեն «Ծառուկյան» դաշինքի հրահանգներին:

Իսկ արդյո՞ք այդպես կարող են աշխատել քաղաքական ամենատարբեր գաղափարներ ու հայացքներ ունեցող ուժերն ու անհատները: Մեզ մնում է սպասել հետագա զարգացումներին:  

Զարմանալի էր նաեւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նշանակումը այս դաշինքի շտաբի պետի պաշտոնում: Նա նախկին ԲՀԿ-ական էր, ապա ընտանիքով դարձավ ՀՀԿ-ական: Հիմա վայր են դրել լիազորությունները ու «ծառուկյանական» են: Ըստ ամենայնի, Իշխան Զաքարյանը որպես պաշտոնական վերահսկիչ՝ պիտի աշխատի նաեւ որպես իշխանական վերահսկիչ այս դաշինքում: Դրա դիմաց Իշխան Զաքարյանը կլինի համամասնական ցուցակում, նրա որդին՝ ռեյտինգայինում:

Հունվարի 20-ից Իշխան Զաքարյանը եւ Նաիրա Զոհրաբյանն աշխատանքային հանդիպումներ են ունենում Երեւանի ու մարզերի տարածքային կառույցների ղեկավարների հետ:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հանգստացրել է ՀՀԿ-ի անդամներին՝ ասելով, թե «Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն ՀՀԿ-ի հաջողության ոչ շանսերն է պակասեցրել, ոչ էլ մարտավարության ու ռազմավարության մեջ փոփոխություն է մտցվել»: Իսկ թե ինչ է մտածում նա Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի մասին, ասել է, որ իր «կարծիքները չեն փոխվել երեւույթների մասին. իմ կարծիքը, կախված գործչից, կախված է նրա գործունեությունից»:

Հետաքրքիր է, որ ցայսօր միայն ՀՀԿ-ականներն էին միանում «Ծառուկյան» դաշինքին, սակայն հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը որոշել է առաջադրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով:

Ինչեւէ, Գագիկ Ծառուկյանի  նախաձեռնած համախմբող բանակցությունները գրեթե ավարտված են։ Այս օրերին հանդիսավոր ձեւով  կստորագրվի  ԱԺ ընտրություններին  համատեղ մասնակցելու մասին համագործակցության հուշագիր։

Քաղաքական ուժերից ու անհատներից զատ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսաները՝ Արտաշատի տարածքից կառաջադրվի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տղան՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Կոտայքի մարզում էլ կառաջադրվի մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Շատ ԲՀԿ-ականներ դեռ մտորումների մեջ են, ԲՀԿ-ից հեռացած եւ «Ալյանս» կուսակցությունը բացած ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւս չի շտապում միանալ այս դաշինքին: Ըստ նրա, մեր երկրում միայն փոփոխություններ չցանկացող կուսակցություններին է ձեռնտու առանց միավորման, առանց դաշինքների մասնակցելը:

Նախկին ԲՀԿ-ականներից շատերն այն կարծիքին են, որ «Գագիկ Ծառուկյանը երաշխավոր է, որ իշխանափոխություն չլինի», դրա համար էլ նա համախմբում է ընդդիմադիր դաշտը:

Եթե «Ծառուկյան» դաշինքը նկատի ունենանք որպես ԲՀԿ, ապա ՀԱԿ-ը կհամագործակցի՞ այսպիսի ԲՀԿ-ի հետ, որի հետ նախկինում վստահ ցանկանում էր գնալ իշխանափոխության: Սա դեռ հարց է: Իսկ Արարատ Զուրաբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը միանում են Գագիկ Ծառուկյանի դաշինքին: Սա նշանակում է՝ ՀՀՇ-ն արդեն համագործակցում է:

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւս մասնակցելու է այս դաշինքի ռեյտինգային ցուցակով:

Այսօրինակ գործիչներն ու խորհրդարան շտապող քաղաքական ուժերը, նախկին ու ներկա հանրապետականներն ու բարգավաճականները, ահա այն «բազան», որի վրա պիտի կայանա այս նոր ընդդիմադիր ուժը… եւ ո՞րն է լինելու նրա անելիքը:

Բայց որ այս դաշինքը կհայտնվի խորհրդարանում՝ դա հաստատ է:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 4 (437), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։