Խնամու պատմության հետքերո՞վ… Ժողովրդի ծառաները շատանում են… Արդյո՞ք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկրկնի իր քաղաքացիական խնամու՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական քայլերը: Արդյո՞ք նա նույնպես մոռացել է իր՝ միլիոնատիրոջ պատմության գաղտնի էջերը, եւ արդյո՞ք նրա ականջին էլ կարողացան հասցնել «թագավոր ջան» խլացուցիչ ձայնականչերը…

Արդյո՞ք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկրկնի իր քաղաքացիական խնամու՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական քայլերը: Արդյո՞ք նա նույնպես մոռացել է իր՝ միլիոնատիրոջ պատմության գաղտնի էջերը, եւ արդյո՞ք նրա ականջին էլ կարողացան հասցնել «թագավոր ջան» խլացուցիչ ձայնականչերը…

Այս եւ այլ հարցերը դեռ սպասելու են Հովիկ Աբրահամյանի պատասխաններին: Իսկ նա մինչեւ ուսումնասիրի Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդի փողերով բարեգործության ճանապարհին հասնելու արվեստը եւ ապա, ծառայող քաղաքական գործչի ուղուն վերադառնալու պատմությունը, լուրջ խնդիրներ է հաղթահարելու:

Դրանք ինչպես անձնական բնույթի են լինելու, այնպես էլ ընտանեկան, ընկերական ու բարեկամական:

Եվ այդժամ հետաքրքիր կլինի կրկին լսել «Հովիկ Աբրահամյանը հեռանում է ՀՀԿ-ից, բայց ոչ քաղաքականությունից» կարգախոսը, եւ թե այն, ինչպես կհնչի վերեւում տրված հարցադրումների անցումային փուլից հետո:

Բայց գուցե դրան չհասնի, գուցե այս անգամ էլ նրան «հանդարտեցնի» Գագիկ Ծառուկյանը, ում վրա նոր ընդդիմություն նախաձեռնելու պարտավորություն է դրվել իշխանությունների կողմից: Չէ՞ որ նախկինում նույն բանն արել է Հովիկ Աբրահամյանը՝ այն ժամանակ ԲՀԿ հիմնադրին «հանդարտեցնելու» համար…  

Բացի այդ, եթե նախկին վարչապետը ստիպված լինի հեռանալ երկրից, ապա Գագիկ Ծառուկյանը եւս կմտահոգվի՝ թեկուզ դստեր ճակատագրի համար: Նա այս ամենի միջով անցել է եւ հիմա պիտի կարողանա դա զգացնել տալ իր քաղաքացիական խնամուն, ով քաղաքական լուրջ հավակնություններ է ցուցադրում…

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռանալով ՀՀԿ-ից, այդ մասին հայտարարել, բայց դիմում չէր գրել: Ըստ երեւույթին նրան թվացել էր, թե իր քայլը ցնցելու է կուսակցական էլիտան եւ իրեն ետ պահելու փորձերին ինքը տեղի է տալու: Ուստի՝ դիմում չի գրել հեռանալու մասին: Բայց ՀՀԿ փոխնախագահը եւ գործադիր մարմնի ու խորհրդի անդամը բաց ու հրապարակավ նկատողություն ստացավ բանավոր, որ եթե դիմում չգրվի՝ ապա կհեռացվի կուսակցությունից: Դիմումը գրվեց:

Հովիկ Աբրահամյանը կամ օտարերկրյա ուժերից է աջակցության խոստումներ ստացել կամ իրապես մոլորվել է իր հավակնությունների հորձանուտում: Որքանով տեղյակ ենք՝ Մոսկվայում նա լուրջ ընդունելության չի արժանացել Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւի կողմից: Այսինքն՝ խոստումներ չեն եղել, թե Սերժ Սարգսյանին «կհանենք» ու նրա տեղում «կդնենք» Հովիկ Աբրահամյանին: Մեր տեղեկությունների համաձայն՝ սա հստակ է:

Իսկ այն, որ նախկին վարչապետի անձնական այցից հետո Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դիմիտրի Մեդվեդեւի կողմից լուրջ ընդունելության է արժանացել եւ՛ պետական եւ՛ անձնական առումներով, ոչ միայն հստակ է, այլեւ՝ բացահայտ իրողություն:

Եվ թե ինչ հաշվարկ է արվել նախկին վարչապետի կողմից եւ ինչ հնարավորություններ են նկատի առնվել, գուցե լսենք շուտով: Բայց խիստ կասկածելի է: Ավելի հավանական է մեր վերոգրյալ դատողությունների իրականություն դառնալը:

Որոշ քաղաքագետների կարծիքով՝ նախկին վարչապետի ՀՀԿ-ից դուրս գալը իշխանության մեջ անվստահության մթնոլորտի մասին է խոսում: Բայց հաջորդիվ դեպքերը կարծես դրան չեն հանգեցնում: Չկա ՀՀԿ-ի մասնատման որեւէ փորձ, որեւէ քայլ այդ ուղղությամբ չի արել նաեւ Հովիկ Աբրահամյանը: Կուսակցական վերադասավորումների են գնում հենց Սերժ Սարգսյանի ծրագրով եւ դա ոչ մի կապ չունի նախկին վարչապետի հետ: Նրա կողքին անգամ Հանրապետականների խումբ չի հավաքվել:

Իսկ ժամանակին նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե՝ «Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով ՀՀԿ մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով եւ կազմակերպչական ունակություններով իրոք կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը»:

Բայց այժմ ՀՀԿ-ականների մի մասն այսպես է արձագանքում Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ շտաբի պետ չնշանակվելու եւ կուսակցությունից դուրս գալու մասին. «Հովիկ Աբրահամյանը մի տեսակ հավատ չէր ներշնչում ազգի մեջ»… Կա նաեւ այսպիսի տեսակետ. «Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի մարդը չէր, վտանգ էր ներկայացնում»:

Եվ իզուր չէ, որ այս իրավիճակում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է գրել: Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը եւս հրաժարական կտա Արտաշատի քաղաքապետի պաշտոնից: Չի  բացառվում, որ հրաժարականի որոշումներ կայացնեն մարզի Նորաշեն, Մխչյան, Արեւշատ եւ Դիտակ  համայքների  ղեկավարները, ովքեր նախկին վարչապետի հայտարարությունից հետո հրավիրվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն: Արգամ Աբրահամյանի հարցով խոսակցություններ կան, թե նա քաղաքապետի պաշտոնից հեռանալով չի զրկվելու դիրքից, քանի որ նրա աները՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է փեսային իր ցուցակով ԱԺ տանել…

Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն այնպիսի աղմուկ հանեց, որը ցայսօր վնասում է միայն իր հարազատներին ու համախոհներին:

Ժամանակին ասում էին, եթե այլ բան չլինի, Հովիկ Աբրահամյանին Սերժ Սարգսյանը որպես խորհրդական կպահի, անգամ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի մասին խոսք կար, բայց հասկանալի է՝ դա եւս ջրվեց:

Եվ այն լուրը, թե նախկին վարչապետի տարօրինակ պահվածքը վկայում է, թե «Սերժ Սարգսյանը հանձնում է իշխանությունը», ի չիք դարձավ: Սակայն հիմա էլ լսվում է, թե «Սերժ Սարգսյանը հեռացրեց մրցակցին»… Սա եւս լուրջ չէ:

Փաստացի լինում են դեպքեր, երբ իր կյանքի բոլոր մանրամասներին ծանոթ միջավայրից դուրս եկողին հանկարծ թվում է, որ իր մասին ոչինչ հայտնի չէ այդ միջավայրում, եւ ինքը կարող է կտրել այն ճյուղը, որի վրա նստած է:

Մինչդեռ այդ ճյուղի եւ բոլոր ճյուղերի տերը ժողովուրդն է, որը, ցավոք, դեռ չի կարողանում հասնել իր ճյուղերին առկա բերք ու բարիքին:

Այդ ճյուղերը ցայսօր օտարված են ժողովրդից:

Կարեն Բալյան

Ժողովրդի ծառաները շատանում են…

Արամայիս Գրիգորյանը, ով նախկինում զբաղեցրել էր գյուղատնտեսության նախարարի, ապա՝ Արարատի մարզպետի, ապա եւ՝ բնապահպանության նախարարի պաշտոնները, կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ եւս մեկ անգամ ստանձնեց Արարատի մարզպետի պաշտոնը:

Բայց արարատցին կարող է հանգիստ լինել, նա գնում է ժողովրդին ծառայելու: «Ես ժողովրդին ծառա եմ գնում, ես աշխատել եմ այդ տարածքում, ժողովուրդն ինձ շատ լավ է ճանաչում, ես էլ ժողովրդին եմ շատ լավ ճանաչում: Այնպես չէ, որ այստեղ քաղաքականություն է: Ես գնում եմ ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավելի անել մեր ժողովրդի հոգսերը թեթեւացնելու համար»:

Իսկ կադրային ջարդ չի անելու՞, նախկին վարչապետի թիմին ձեռք չի տալու՞: Չէ՛, էլի, ասինք՝ նետ: «Բոլոր այն մարդիկ, ովքեր կարողանում են աշխատել, պրոֆեսիոնալ իրենց գործն անել ու վայելում են ժողովրդի հարգանքը, պետք է մնան ու շարունակեն աշխատել»:

Երանի մեզ, մեր ծառաները շատանում են, շուտով յուղ ու բրնձի մեջ կորելու ենք:

«Լուսանցք» թիվ 4 (437), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։