Պայքար, որ ընթանում է բազմաճակատ – Ներկայացնենք հայտնի Վիկիլիքսի մի գաղտնի փաստաթուղթ, որ արձանագրված է  2009-ի թվագրությամբ: Բայց սա մի փաստաթուղթ է, որը հուշում է, թե նման բան կարող է լինել նաեւ այսօր…

Այն փաստը, որ պայքար է ընթանում ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ, անհերքելի է, տեսանելի է եւ բացահայտ:

Բայց, որ նման պայքար կարող է ընթանալ ՀՀ 2-րդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ 3-րդ ու գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ… շատերի համար անհասկանալի է: Նման մարդիկ չգիտես ինչ աղբյուրներից հավաստում են, որ անգամ եթե տարաձայնություններ լինեն, ապա Արցախի հարցը հաշտ է պահում վերջին երկու նախագահներին:

Ներկայացնենք հայտնի Վիկիլիքսի մի գաղտնի փաստաթուղթ, որ արձանագրված է  2009-ի թվագրությամբ: Բայց սա մի փաստաթուղթ է, որը հուշում է, թե նման բան կարող է լինել նաեւ այսօր…

(WikiLeaks-Armenia No 952009 -02-18 SECRET SECTION 01 OF 02 YEREVAN 000108 REF: YEREVAN 85 Classified By: CDA Joseph Pennington, reasons 1.4 (b,d)) – Այս հեռագիրը, որ կրում է ԳԱՂՏՆԻ դասակարգումը, պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը 2009-ի փետրվարի 19-ին: Հեռագրում խոսվում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ խորացող հակասությունների մասին: Տեղեկատվության աղբյուրը ՀՀԿ-ական, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է:

Նա դեսպանատան աշխատակիցներին պատմել է այն ինտրիգների մասին, որ Ռոբերտ Քոչարյանի իմացությամբ հյուսվում են վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ: ՀՀԿ-ականը պատմել է, որ եթե նախկին նախագահը ցանկանա պաշտոնից հեռացնել վարչապետին եւ զբաղեցնել նրա տեղը, ապա կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել խորհրդարանում: Ջոզեֆ Փենինգտոնը, ներկայացրելով քաղաքական ուժերի դասավորվածությունը խորհրդարանում, գրել է, որ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի բավարար ձայներ հավաքել եւ ճեղքեր առաջացնել ՀՀԿ-ի շարքերում:  

Սամվել Նիկոյանը դեսպանատան աշխատակիցներին ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին չի ցանկանում նման քայլի դիմել: Սերժ Սարգսյանը այցելել է Ռոբերտ Քոչարյանին եւ նրան հասկացրել, որ չի պատրաստվում հանդուրժել նախկին նախագահի գործողություններն ընդդեմ Տիգրան Սարգսյանի կառավարության:

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ասել է. «Դու կարող ես լինել վարչապետ, եթե ցանկանում ես, սակայն այդ դեպքում պետք է բերես նոր նախագահ»: Այս հեռագիրն ամբողջությամբ բնագրով կարդալ aniarc.am-ում:

* * *

Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալու մասին միշտ տարբեր հրապարակումներ են լինում, ինչը չի համապատասխանում իրականությանը, վերջերս նույնիսկ գրեցին, թե նա պատրաստվում է փոխել բնակավայրը: Բայց Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նախկին նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված տեղեկությունը:

Հիշեցնենք՝ մամուլում գրված էր, որ Ռոբերտ Քոչարյանը, բնակվում է ոչ թե Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ շահութաբեր գործ եւ բիզնեսներ ունի, այլ՝ Միացյալ Նահանգներում: «Ռոբերտ Քոչարյանը բնակվել, բնակվում է Երեւանում եւ չի պատրաստվում փոխել բնակավայրը: Միացյալ Նահանգներում վերջին անգամ եղել է 2014թ.՝ ընդամենը մեկ շաբաթով»,- պարզաբանել է խոսնակը: Ինչ վերաբերում է նախագահի քաղաքական ծրագրերին, խոսնակն ասել է, որ առայժմ հստակ ոչինչ չկա ասելու: «Նա առաջիկայում հարցազրույց կտա, որտեղ կանդրադառնա հանրությանը հետաքրքրող ներքաղաքական բոլոր հարցերին»,- հավելել է խոսնակը:

Վերջերս Ռոբերտ  Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նոր հայտարարություն էր արել: «Մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողությունները իբր ուղղորդվում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է եւ չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձեւավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երեւակայություն ունեն, այլեւ խորապես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցով նույնպես կան «կասկածներ», սակայն Ռոբերտ  Քոչարյանի գրասենյակի ղեկավարը այդ հարցով դեռ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել…

Հիշեցնենք, որ ժամանակին նման խոսակցություններ կային ԲՀԿ-ի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մասին նույնպես, ինչն էլ հանգեցրեց այդ գործարարի քաղաքական ասպարեզում այլեւս «դիակի վերածվելու» փաստին: Այսօր նորից քաղաքական ոլորտ մտնելն արդեն ոչինչ չի նշանակում: Այս անգամ 2-րդ նախագահի փոխարեն 3-րդ եւ գործող նախագահն է նրան ուղղորդում:

«Լուսանցք» թիվ 4 (437), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։