ՀՀԿ-ն թվացյալ է կաղում. փորձնական փուչիկը նետված է – Այսքանից հետո հասկանալի էր, թե ինչու է նշանակվում նոր վարչապետ, որոշակի նոր կառավարությամբ, ինչու են որոշ ՀՀԿ-ական գործիչներ հեռանում, ինչու են հազարավոր նոր անդամագրումներ լինում եւ այսպես շարունակ…

ՀՀԿ խորհրդի վերջին նիստից հետո լուրեր են պտտվում, որ նախագահ Սերժ Սարգսյանը բացարձակ վստահություն չունի ոչ մեկի նկատմամբ, ով կարող է անթերի կատարել ՀՀԿ շտաբի պետի պարտականությունները: Եվ իրականում այդ ղեկավարը լինելու է ինքը՝ ՀՀ եւ ՀՀԿ նախագահը:  Բայց քանի որ կուսակցության շտաբը փաստացի պետք է այլ ՀՀԿ-ական ղեկավարի, հնարավոր է դա լինի Կարեն Կարապետյանը, ով ընդգրկված չի լինելու համամասնական ցուցակում, սակայն վարելու է մեծածավալ քարոզչություն։

Նախընտրական շտաբում ակտիվ դեր է ունենալու նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ով մեծ փորձ ունի այսպիսի գործերում: Որոշակի դեր է ստանձնելու նաեւ նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանը: Նա առավելապես իրականացնելու է վերահսկողական գործառույթներ: Խոսվում է շուրջ 12 հազար մարդու մասին, ովքեր աշխատելու են վերահսկողական ծառայությունում: Նշվում է, որ գլխավոր խնդիրը խախտումների կանխարգելումն է լինելու:

Դեռ այս գործընթացները չէին սկսվել, սակայն ակնհայտ էր, որ իշխանական վերնախավում լուրջ վերադասավորումներ են լինելու, որից հետո միայն կգծագրվի 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների նախապատրաստությունը։ 2007թ. սկսած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի շտաբը ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը։ Եվ շատերն էին վստահ, որ այդպես էլ շարունակվելու է: Ամենավստահը հենց Հովիկ Աբրահամյանն էր: Սակայն ինչ-ինչ զարգացումներից հետո դեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հասկացրեցին, որ այդպես չի լինելու, հետո նաեւ եղավ պաշտոնակությունը եւ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը:  

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծես թե դեմ չէր քաղաքական ասպարեզ վերադառնալուն: Նա Նյու-Յորքում կազմակերպված «Հայաստան ներդրումային համաժողով-2016»-ի հիմնական բանախոսներից մեկն էր եւ ցայսօր ԵԱՏՄ տնտեսական  հանձնաժողովի կոլեգիայի նախագահն է, բայց երեւի նրա վերադարձը նույնպես չէր մտել Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ…

Ցայսօր դեռ խոսում են արդեն նախկին վարչապետի՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ լինելու մասին, ինչը չէր կարող չանհանգստացնել ՀՀԿ-ականներին: Սերժ Սարգսյանն անգամ ծայրահեղ հայտարարության պես մի բան արեց, երբ «Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում ընդգծեց, թե «Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլեւս չի ունենա», ապա ծիծաղով բացառեց դրա հնարավորությունը։

«Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվի, ես ի՞նչ ունեմ այլեւս քաղաքականության մեջ անելու»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը ցայսօր հնչում է բոլոր ՀՀԿ-ականների ականջներում եւ դարձել է կարգախոսի պես մի բան:

Այսքանից հետո հասկանալի էր, թե ինչու է նշանակվում նոր վարչապետ, որոշակի նոր կառավարությամբ, ինչու են որոշ ՀՀԿ-ական գործիչներ հեռանում, ինչու են հազարավոր նոր անդամագրումներ լինում եւ այսպես շարունակ: Իսկ ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բարձրաձայնելով՝ պատասխանեց Սերժ Սարգսյանին, բոլոր կուսակիցների անունից, «դեռ երկար ժամանակ մեր կուսակցության նախագահը կլինի Սերժ Սարգսյանը»:

Իսկ ՀՀԿ-ից հեռացողները, մեր կարծիքով, կամ մտել են ծրագրված նոր խաղի մեջ, որպեսզի Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ըմդդիմադիր դաշինքով մտնեն խորհրդարան, որպես լրացուցիչ ուժ, կամ՝ իսկապես խնդիրների առջեւ են կանգնած՝ ինչպես Հովիկ Աբրահամյանը: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ից հեռացողների դեմ գործի կդրվի «կոմպրոմատների թղթապանակ» ասվածը, հատկապես նախկին պաշտոնյաների նկատմամբ: Դա կկիրառվի նաեւ որոշ գործարարների նկատմամբ, որ «շեղվել են ուղուց»…

Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած, ձիու քայլ է կատարել մինչեւ ընտրացուցակի կազմումը, որպեսզի խուսափի ավելի մեծ կուսակցական ճաքերից, նման մի քայլ էլ կատարել է այժմ, երբ դեռ ինքն է հսկում տեղի ունեցող գործընթացները, վստահաբար դեռ նոր քայլեր եւս կլինեն: Դեռ ամիսներ առաջ արդեն խոսք կար, որ հաջորդ խորհրդարանում չպետք է լինեն գեներալներ եւ գործարարներ, ինչպես նաեւ արատավորված կուսակցականներ: Վերջերս թեժ խոսակցություններ գնացին նաեւ ՀՀԿ-ի կանանց միջեւ, ինչն առնչվում էր գալիք խորհրդարանում տեղ ունենալու խնդրին:

Սակայն որոշակի ներումներ նույնպես լինում են, եթե մյուս կողմում կանգնածը իր պատասխանատվությունն է ստանձնում՝ ամեն ինչով օժանդակել ՀՀԿ-ին: Այսպես կարող են ի հայտ չգալ որոշակի տնտեսական հանցագործություններ, նաեւ այնպիսիք, որ առնչվում են «օֆշորի գործի» հետ: 

Շատերն էլ հասկանում են, որ մոտենում է իրենց քաղաքական գործունեության ավարտը եւ փորձում են իրենց զավակներին դարձնել փոխարինող: Ուկրաինայում  ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի  փեսան է, ըստ տեղեկությունների, պատգամավոր դառնալու մտադրություն ունի: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը նույնպես մտադիր է պատգամավոր դառնալ: Արարատի մարզում կարծես վճռված է, թե ՀՀԿ-ից ովքեր են լինելու տարածքային ցուցակներում։ Ռեյտինգային պայքարի մեջ կմտնեն Հովիկ Աբրահամյանի որդի Արգամը (ինչը հիմա կասկածելի է)՝ Արտաշատի քաղաքապետը։ «Ավշար» գինու-կոնյակի գործարանի սեփականատեր, նախկինում ՀՅԴ-ին, այժմ ՀՀԿ-ին հարող Արայիկ Գրիգորյանն ու Մուրադ Մուրադյանը: Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի՝ Տաշիրի Կարենի ավագ որդին՝ Վահե Կարապետյանը կառաջադրվի Տաշիրի տարածաշրջանից: ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, եւս քայլեր է ձեռնարկում հարազատ որդուն պատգամավոր դարձնելու ուղղությամբ: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փորձում է պաշտոնի տեղավորել իր որդուն՝  Հրանտ Աբաջյանին  դարձնել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ եւ այսպես շարունակ:

Ասում են՝ Սերժ Սարգսյանը որոշել է, որ Մանվել Գրիգորյանը չի լինելու նաեւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, իսկ Արմավիրի մարզում կառաջադրվի մյուս գեներալ-պատգամավորը՝ Սեյրան Սարոյանը: Փաստորեն, նրա հեղինակությունը տարբեր հարցումներով ավելի բարձր է: է, քան Մանվել Գրիգորյանինը: Երեւի ինչ-որ փոխհատուցում կլինի, քանի որ նախագահը հայտարարել է, որ կուսակցությունից նեղացածներ չպետք է լինեն:

Գուցե այս ամենից ազատվելու համար է նաեւ, որ ՀՀԿ-ն հայտարարեց «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ստեղծման եւ առաջին ընդունելության մասին: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ դպրոցն ունենալու է 2 տիպի կուրսեր՝ հիմնարար եւ կարճաժամկետ, որի շրջանակներում կկատարվեն վերապատրաստումներ: Դասընթացներին կարող են մասնակցել 20-40 տարեկան քաղաքացիներ, որոնք կամ ստացել են բարձրագույն կրթություն կամ կրթություն ստանալու ճանապարհին են: Թերեւս այս դպրոցը փորձի դառնալ այն դարբնոցը, որտեղից կարող են դուրս գալ իրապես քաղաքականությանն ու տնտեսությանը, այլ բնագավառներին տիրապետող կուսակցականներ:

Եվ ՀՀԿ-ն սկսեց որոշակիորեն մաքրել իր շարքերը, տարեվերջին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հպարտությամբ նշեց, որ տարին փակում են 1958 սկզբնական կառույցներով, որոնք տարեսկզբի համեմատ 30-ով ավելին են. «Այս առումով մենք բացառիկ թիմ ենք. այս թիվը գրեթե մոտ է ընտրատեղամասերի թվին: Մենք մոտեցել ենք որոշում կայացնող յուրաքանչյուր միավորին ու որպես կուսակցություն՝ կանք ամենուր: Մեր մրցակցային տեսանելի առավելությունն է հստակ աշխատող կուսակցական համակարգը, որը ուժեղ դերակատար է ոչ միայն որպես իշխանություն, այլեւ քաղաքական գործունեության մեջ խորքային է: Ունենք 158 հազար անդամ: Բացեմ մաթեմատիկական գաղտնիքը՝ ոչ միայն ընդունում ենք մարդկանց կուսակցություն, այլեւ հեռացնում ենք. մենք մաքրում ենք մեր շարքերը»:

Չնայած ամեն ինչ-արվում է, որ կուսակցության մեջ նեղացածներ չլինեն, սակայն գալիս են նեղանալու ժամանակները:

Իսկ քանի որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթող կուսակցություն է դիտարկվում, նեղացածները թերեւս քիչ չեն լինելու:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 4 (437), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։