Անգաղափար քաղաքականության կործանարար ուժը – Բարեգործներ, որ առաջանում են անհայտությունից եւ «ծառայում» ժողովրդին ու պետությանը… Իրավիճակի իրատեսական գնահատումը, կուսակցությունների դաշինքաշինությունը՝ ըստ նյութական ու պալատական ընդհանրությունների եւ նման այլ իրողություններ «իրավունք» չեն տալիս Հայ Արիական Միաբանությանը մասնակցել՝ հույսը դնելով պատահականության կամ անսպասելի արդարության ի հայտ գալու վրա…

Այս ընտրությունները եւս բաց կթողնեն հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները: Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ «կառույցի նախնական որոշումը՝ մասնակցել այս ընտրություններին, համախմբել էր ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքյան կառույցի անդամներին ու համակիրներին: Սակայն իրավիճակի իրատեսական գնահատումը, կուսակցությունների դաշինքաշինությունը՝ ըստ նյութական ու պալատական ընդհանրությունների, հանձնաժողովներում ներգրավվելու եւ հսկելու անմիջական հնարավորության բացակայությունը եւ էլի որոշ հարցեր «իրավունք» չեն տալիս մասնակցել՝ հույսը դնելով պատահականության կամ անսպասելի արդարության ի հայտ գալու վրա…»: Ըստ ՀԱՄ ղեկավարի, սույն խոսքերն ուղղված են երկու կողմին էլ, թե՛ իշխանական, թե ընդդիմադիր հռչակված…

* * *

Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը նորացման խիստ կարիք ունի, հներն արդեն այնքան են հնացել, որ ոչ մի հույս չկա, թե նրանք կարող են հրաժարվել իրենց կարծրատիպերից: Իսկ դրանք մնալով՝ պահպանում են «դու՝ ինձ, ես՝ քեզ» կարգախոսը, ինչը պաշտոնյայի աշխատանքը վերածում է առավելապես շահութաբեր գործունեության: Իսկ այդ շահույթը քրտնաջան աշխատանքը չի ապահովում, այլ՝ օրնիբուն ժրաջան կատարվող օրինազանցությունը… Այսինքն՝ պաշտոնյայի աշխատանքը հիմնականում ոչ թե պետական գործունեություն է, այլ՝ սեփական բիզնես, որից որոշակի հատկացումներ էլ պետությանն է արվում: 

Սա գրեթե նման է այն իրավիճակին, երբ ազգի ու պետության հասանելիքը տարիներ շարունակ յուրացրած պաշտոնյան, պատգամավորը կամ գործարարը դառնում է բարեգործ… արժանանալով ժողովրդի մի հոծ զանգվածի ամենօրյա օրհնանքներին:

Բայց տարբերվում է մի քիչ, քանի որ այս դեպքում բարեգործությունն արվում է պետության հանդեպ, որոշակի գումարներ են մտնում պետական բյուջե եւ այնտեղից հասնում այդ գումարներին օրնիբուն սպասող ժողովրդին… Բայց այս դեպքում օրհնանքներին հայհոյանքներն են փոխարինում, ինչը այդքան էլ չի հուզում այն պաշտոնյաներին, որ հետո նախկինների նման պիտի դառնան բարեգործ գործարար ու… հայհոյանքների փոխարեն օրհնանքների արժանանան:  

Մեր երկրի քաղաքական դաշտը փակ է նորամուծությունների ու նորարարությունների համար: Նշանակում է՝ նաեւ նոր ու անբիծ ուժերի համար: Եվ այս իրավիճակն ի վերջո պատուհաս է դառնալու պետության ու մարդկանց գլխին: Իսկ հների՝ սեփական ժողովրդի հաշվին հարստանալու, եւ դրան հավելելով՝ օտարների դրամաշնորհային կաշառակերությունից օգտվելու վարքագիծը, մեր բնակչությանը երբեք թույլ չի տա խոսել լիարժեք անկախ երկիր ունենալու եւ ազատ ու արդարորեն ապրելու մասին:

Եվ այս իրավիճակը կտրուկ փոխող իշխանությունը ոչ միայն կդառնա ազգային պետության կառուցման հեղինակը, այլեւ իր անունը հավերժորեն կգրի հայոց նորօրյա պատմության մեջ, որպես հայի ճակատագրի ճանապարհը վերաբացած իշխանություն…

Իսկ մինչ այդ, տվայտանքներն ու հերթական խաբկանքները անբաժան են լինելու մեզանից: Մարդիկ այսօր գոնե համեմատությամբ են փորձում ժանապարհներ գտնել, որպեսզի կարողանան ընտրել, ինչպես ասում են՝ վատի ու ավելի վատի միջեւ:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ «եթե 1990-ականների հետ համեմատենք, երբ կար ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, Դեմկուսը, ՍԻՄ-ը եւ այլք, երկիրը իսկական կուսակցական օրգանիզմի առաջացմամբ էր առաջ գնում, սակայն Ռոբերտ Քոչարյանը եկավ ու հայտարարեց, որ իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է, եւ այսպես վարի տվեց ամբողջ կուսակցական համակարգը»: Ըստ նրա՝ ԱԺ ընտրություններում քաղաքական, գաղափարական պայքար չի ակնկալվում. մասնակից բոլոր ուժերի նպատակը լինելու է մեկը՝ ամեն գնով մտնել ԱԺ: Դաշինքներն էլ  ձեւավորվում են անհատների, ոչ թե գաղափարների շուրջ։

Ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ այս պահի դրությամբ «երկրում կա 2 լիդեր, որոնք ունեն վարկանիշ՝ Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը: Եվ վարչապետը իզուր չէ, որ նշանակվել է ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ: Իսկ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո շատերը կուզեն լինել այստեղ, հերթ են կանգնել՝ թե ում տեղ կհասնի դաշինքում, քանի որ դա փաստացի ուղիղ ճանապարհ է դեպի ԱԺ»:

«Ըստ էության, գործում են շահերի խմբեր, որոնք ոչ մի գաղափարախոսություն, քաղաքական ծրագրահենք չեն պահանջում: Ինչ-ինչ քաղաքական շահերի շուրջ համախմբվում են՝ իշխանության վրա ազդեցություն ունենալու, այդ պարագայում թաքնվելով քաղաքական կուսակցության մորթու մեջ: Այսպիսով՝ իրականացնում են իրենց նկրտումներն ու շահերը»,- հավելել է Լեւոն Շիրինյանը:

ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանը որոշեց ոչ թե ԲՀԿ-ով վերադառնալ քաղաքականություն, այլ՝ լայն դաշինքով, որով էլ մասնակցելու է ընտրություններին: Ըստ ամենայնի, հետագայում բոլորն էլ դառնալու են Գագիկ Ծառուկյանի կամ նոր ԲՀԿ-ի հենարանն ու թիկունքը: Բայց մի բան հստակ է, ԲՀԿ հիմնադրի դաշինքում ներկա են բազմաթիվ ՀՀԿ-ականներ, որոնք հրաժարվել են ՀՀԿ-ից, բայց կարծիքներ կան, որ դա ձեւական է արված, եւ խորհրդարանում կպաշտպանեն ՀՀԿ շահերը, որպեսզի իշխող կուսակցության ձայները 60 եւ ավելի տոկոս կազմեն: Սա տրամաբանական է, քանզի Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից խայտառակ հեռանալուց հետո, ոչ մի իշխանություն չէր համաձայնի կրկին տեղ տալ նրան ու այն էլ՝ ազատ գործելու հնարավորությամբ…

Հիշեցնենք, որ ժամանակին ԲՀԿ ղեկավարին փորձեցին համեմատել վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլու հետ, ով արտասահմանից եկավ Վրաստան եւ թավշյա հեղափոխությամբ փոխեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բռնատիրական կարգերը: Բայց վրացի գործարարը ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ իրապես բարեփոխումներ իրականացրեց եւ նոր ընտրություններին այլեւս չմասնակցեց, պարզապես ապահովեց արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը:

Իսկ հայ գործարար Գագիկ Ծառուկյանը կանի՞ այդպես, երբ տարիներ շարունակ նրա շրջապատում նրան «թագավոր ջան» են կոչում, ինչն էլ նպաստեց, որ նա մտածի իշխանական գահի մասին… Բայց «թագավոր ջան»-ը անգամ պատվախնդրություն չցուցաբերեց սեփական անձը պաշտպանելու համար, երբ հիշեցին նրա՝ «դոդիգագոյական» անցյալը: Կարծում ենք՝ ինչպես նրա անցյալը, այնպես էլ՝ կեցվածքը հաստատ կմնա ծառուկյանական եւ երբեք չի վերածվի իվանիշվիլիականի…

Մի տարբերակ կա, որ խորհրդարանական երկրում Գագիկ Ծառուկյանին թույլ տրվի երկրի նախագահ աշխատել վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ: Այդժամ նր  ա թիմակիցները կարող են որոշակի պաշտոններ վայելել ու շարունակել գովաբանել «թագավոր ջանին»:

Վարչապետի աթոռին շատերն են մտովի հավակնում, հատկապես ընդդիմադիրները, սակայն առավելապես հույս են տածում, թե ընտրությունների արդյունքներով գոնե կկարողանան դաշինք կազմել հաղթող ուժի հետ, որն ինչպես երեւում է՝ կրկին ՀՀԿ-ն է լինելու, հաշվի առնելով այդ կուսակցության արդի հնարավորությունները: Անգամ ներկայումս ՀՀԿ-ի հետ դաշինք կնքած ՀՅԴ-ականները չեն մտածում: Վարչապետ Կարեն Կարապետյանի 100-օրյա գործունեությունը գնահատելիս դաշնակցական Աղվան Վարդանյանը դրականորեն խոսեց՝ նշելով, թե իր համար տասներորդական հարց է՝ ով կլինի վարչապետը. «Թող այս առաջադրված խնդիրները ընթացք, դրական լուծում ստանան, դրական ուղղությամբ երկիրը գնա, իսկ թե 2018թ. հետո ով կլինի վարչապետը՝ եթե պահպանվում է ուղղությունը, եթե պահպանվում են խնդիրները ճիշտ ձեւակերպված որակական փոփոխություններ են կատարվում, դա արդեն տասներորդական հարց է՝ ով կլինի վարչապետը: Բնականաբար, ով էլ լինի, այդ ուղղությունը շարունակող պետք է լինի: Գալով բուն տեխնիկական խնդիրներին՝ ես կարծում եմ՝ դա իրավական խնդիր է ու 2018թ., երբ համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն, կերեւա՝ վարչապետը բավարարո՞ւմ է այդ պայմաններին, թե՞ ոչ»:

Քաղաքական, հասարակական գործիչ Ազատ Արշակյանը սկզբում հույսեր է ունեցել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից, սակայն հետո, երբ նա անդամագրվել է ՀՀԿ-ին, հույսը կտրել է: Այսպես մտածում են շատ վերլուծաբաններ եւս: Սակայն, Կարեն Կարապետյանը դա բացատրեց այն հանգամանքով, որն ինչքան էլ տրամաբանական, այնուամենայնիվ շատերի համար անցանկալի է: Ըստ վարչապետի, եթե իրեն վստահել է հենց այդ ուժը, ապա իր քաղաքական հենարանը նույն ուժն էլ պիտի լինի: Ինքը չի կարող այլ ուժի վստահել այս պահին:

Վարչապետի հետ հանդիպելուց հետո որոշ քաղաքական ուժեր հրաժարվեցին ընտրություններին մասնակցելուց՝ ըստ երեւույթին բավարարվելով հանդիպման արդյունքներից: Նման ուժերից մեկը ԱԺՄ-ն էր, որ վաղուց ակտիվ չի գործում: Կազմակերպության ղեկավար Վազգեն Մանուկյանը նաեւ Հանրային խորհրդի նախագահն է, ինչով եւս պայմանավորված է ԱԺՄ-ի այս վիճակը: Ըստ ՀՀ նախկին վարչապետի՝ «ԱԺՄ-ն չի մասնակցելու 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, բայց շատ ուշադիր հետեւելու է»։ Չի բացառվում, որ դեկտեմբերի 28-ին հանդիպում լինի, որտեղ վարչության անդամները կարող են տարբեր կարծիքներ ասել, բայց մինչեւ հիմա որոշում է եղել՝ այս ընտրություններին չմասնակցել»:

Այս ընտրությունները եւս բաց կթողնեն հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները: Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ «կառույցի նախնական որոշումը՝ մասնակցել այս ընտրություններին, համախմբել էր ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքյան կառույցի անդամներին ու համակիրներին: Սակայն իրավիճակի իրատեսական գնահատումը, կուսակցությունների դաշինքաշինությունը՝ ըստ նյութական ու պալատական ընդհանրությունների, հանձնաժողովներում ներգրավվելու եւ հսկելու անմիջական հնարավորության բացակայությունը եւ էլի որոշ հարցեր «իրավունք» չեն տալիս մասնակցել՝ հույսը դնելով պատահականության կամ անսպասելի արդարության ի հայտ գալու վրա…»: Ըստ ՀԱՄ ղեկավարի, սույն խոսքերն ուղղված են երկու կողմին էլ, թե՛ իշխանական, թե ընդդիմադիր հռչակված:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ կարծում է, թե Հայաստանի քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ։ Ըստ նրա, կան բազմաթիվ օրինակներ՝ երկրի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան, նախկին վարչապետեր՝ Հրանտ Բագրատյան եւ Արամ Սարգսյան, նախկին նախարարներ՝ Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Սեյրան Օհանյան եւ այլք։ Այդուհանդերձ, ըստ ՀՀԿ-ական գործչի, փորձը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ նրանք չեն կարող արձանագրել շատ բարձր արդյունքներ, բայց «իրենց տեղը արեւի տակ կարողանում են զբաղեցնել՝ ունենալով որոշակի ամբիցիաներ»։ Շարունակելով միտքը՝ Արմեն Աշոտյանը մի պահ իրեն պատկերացրեց, որ ունի Չարլզ Դարվինի աչքերը ու հայաստանյան ներկայիս քաղաքական իրավիճակին նայեց անգլիացի գիտնականի աչքերով։ «Փաստենք, որ փոխվել է քաղաքական կլիման, եւ քաղաքական տարբեր տեսակներ փորձում են իրենց գոյությունը նոր կլիմայի պայմաններում արդարացնել, ամրապնդել ու երաշխավորել։ Այդ քաղաքական տեսակները տարբեր են՝ դինոզավրերից մինչեւ սողուններ, թռչուններից մինչեւ կաթնասուններ, կան նաեւ բուսական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք նույնպես նույն կլիմայի միջավայր են։ Կարեւոր է, որ քաղաքական կայնքը ապրի էվոլյուցիա, եւ քաղաքական մոլորակի վրա մնան մրցունակ տեսակները»։

Կարեւոր է համարվել, որ «ֆորսմաժորային» իրավիճակ չստեղծվի, միայն այդ դեպքում կարելի է ասել, որ Հայաստանում «գրավիչ ու մրցունակ քաղաքական միջավայր կա»։ Անդրադառնալով դաշինքների ստեղծմանը՝ նա հայտնել է, որ անձամբ ողջունում է դաշինքների մուտքը Հայաստանի քաղաքական կյանք, քանզի երկրում գաղափարախոսական ոլորտը թափուր էր մնացել, եւ այդ դաշինքները կարող են լրացնել այդ բացը։

ՀՀ առաջին խորհրդարանի, Գերագույն Խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ ասել է.. «2017թ. համար կուսակցություն են ստեղծում, փորձում են կուսակցական պայքար մղել եւ այլն,  սրանք քաղաքական անմեղսունակներ են։ Ես շատ խիստ եմ արտահայտվում, որովհետեւ հասկանում եմ, որ ինչքան պահպանում ես քաղաքակիրթ վարվելաձեւը, ինչքան փորձում ես մեղմ արտահայտվել, ոչ թե կոշտ ու ճիշտ, դա որեւէ կերպ չի ազդում»։

Համաձայնելով այս տեսակետին՝ մենք եւս միշտ շեշտում ենք, որ միշտ առկա 60-70 կուսակցությունները հանկարծ ընտրությունների շեմին բազմանում են եւ սրանց թիվն անցնում է 100-ից: Իհարկե, այդ մի քանի տասնյակից էլ մի 16-17 են հիմնականում գործում եւ մնացյալը եւս ընտրությունների օրերին են վերակենդանանում, այն էլ այս կամ այն ուժին միանալու համար:

Շարունակելով ԳԽ պատգամավորի խոսքը՝ նշենք, որ նա ցանկանում է, որ «այսուհետ ով կհայտարարի կուսակցություն ստեղծելու մասին՝ կուսակցական պայքարով Հայաստանում  իմիտացիոն բնույթով նպաստելով՝ Հայաստան պետության կործանմանը, նա թող իմանա, որ ինքն անմեղսունակ է։ Պետություն կառուցելու, որպես պետություն Հայաստանը պահպանելու, բարդ միջազգային վերաձեւավորումների, պատերազմների, ոչնչացման վտանգներով հղի այս փուլում զբաղված են միայն իշխանական կռիվներ տալով, կարծես ոչինչ չի եղել, այո՛, այդպիսի մարդիկ անմեղսունակ են»։

Որքան կարեւորվում է քաղաքական դաշտի գաղափարականացումը, այնքան էլ կարեւոր է համարվոում անաչառ լրատվության իրականացումը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած հանդիպմանը ամերիկահայ լրագրող Սթեֆըն Քուրքչյանը այսպես էր սկսել իր խոսքը. «Խնդրում եմ իջեք երկնքից, ձեր ոտքերն ամուր դրեք հողի վրա ու կատարեք արդարացի լրագրողական աշխատանք»: Հատկապես երիտասարդ լրագրողներին էր դիմում բանախոսը: Նա փորձում էր ցույց տալ այն քայլերը, որոնք կբարելավեն հետաքննական լրագրության որակը Հայաստանում: 3 անգամ Պուլիցերյան մրցանակի արժանացած լրագրողը կարծում է, որ ցանկացած հասարակություն, որն իրեն հռչակել է ժողովրդավար, պետք է գնա դեպի փոփոխություն, իսկ լրագրողը, լինելով այդ համակարգից դուրս, հանրության ուշադրությունը պետք է հրավիրի կառավարության աշխատանքի բացերի վրա:

Ամերիկահայ լրագրողը խորհուրդ է տվել այն լրագրողներին, ովքեր իրենց գործում «օպտիմիստ չեն», այլ գործով զբաղվել. «Այս գործի մեջ որքան միտք է պահանջվում, այդքան էլ սիրտ»: Լինելով բազմաթիվ երկրներում, նա փաստում է, որ Հայաստանը հիանալի երկիր է՝ ազատված բազմաթիվ արատներից, որտեղ փողոցներն անվտանգ են, կազմակերպված հանցագործությունները՝ սակավ, իսկ երբ փողոցում միմյանց ականջին քչփչացող երեխաներ է հանդիպում, մտքով իսկ չի անցնում, թե թմրանյութի առքուվաճառքի մասին են խոսում: Բայց լրագրողը մտահոգված է իշխանությունների աշխատանքով. «Շատ հուսահատեցնող է, որ պետական պաշտոնյաները չեն հասկանում, որ ժողովրդի հետ հաղորդակցվելը պարտադիր պայման է: Քանի դեռ կառավարությունը չի ընկալում՝ ինչ է օրենքի գերակայությունը, ինչ է քաղաքացիական հասարակության ներգրավումը, փոփոխությունների ակնկալիք հնարավոր չէ ունենալ: Ցավոք, հայաստանյան իրականությունն ավելի մութ է, քան պատկերացնում էի»:

Նա հիշեցրել է, որ երբ 2002թ. այցելել էր Հայաստան, դա այլ երկիր էր, հիմա այլ երկիր է տեսնում, այնուամենայնիվ, ոչ կտրուկ, բայց առկա փոփոխությունները տեսանելի են:

Ինչ մնում է նախընտրական նյութական աշխարհին, ապա այն ամենահետաքրքիրն է մի հոծ ընտրազանգվածի համար:

Ընտրությունները հաճախ են ոմանց համար շահութաբեր ժամանակներ լինում՝ տուն կամ մեքենա ձեռք բերելու, տարբեր կենցաղային իրերի տեր դառնալու, մանր-մունր ծախսերի համար գումարներ ստանալու եւ էլի նման բաների համար: Անգամ աշխատանքի տեղավորվելու հարցեր են լուծվում:

Երբ հոգեբանները համարում են, որ հայաստանցիներն անզուսպ ծախսեր են անում Ամանորին կամ այս ու այն տոնական օրերին, այլեւս չես զարմանում: Օրինակ՝ հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը պնդում է, եթե սպասում ես ինչ-որ լավ բանի, ապա այն անպայման իրականանում է: «Ամբողջ քո հոգեֆիզոլոգիան ուղղված է լինում քո ունեցած սպասելիքներին,- ասում է նա՝ հավելելով,- պարզվում է՝ կա վիճակագրություն: Հայերի մոտ 5-6-րդ օրը գնված ուտելիքների 2/3-ը թափվում է: Մենք ուզում ենք շատ շքեղ անել, դա արվում է առանց հաշվարկ անելու: Ինձ թվում է՝ մի քիչ ավելի զուսպ պիտի լինենք մենք»:

Այսպես էլ ընտրությունների օրերին է՝ «շատ շքեղ է արվում ամեն բան՝առանց հաշվարկ անելու…», ամեն մեկն ստանում է իր հասանելիքը այս կամ այն քաղաքական ուժից, բայց մի քանի օր հետո ամեն ինչ «քթներից է գալիս» եւ հենց այդ մարդիկ են առաջինը բղավում, թե չկա արդարություն եւ այս իշխանություններն ընտրվել են կաշառք բաժանելով…

Եվ եթե «Ամանորին 5-6-րդ օրը գնված ուտելիքների 2/3-ն է թափվում», ապա նշված օրինակով ընտրությունների 5-6 տարիների 2/3-րդն է «թափվում»……

Չգիտես ինչու այս պարզ ճշմարտության մասին խոսում են յուրաքանչյուր ընտրությունից առաջ միայն, բայց որոշիչ օրը ոչինչ չի փոխվում մի հոծ զանգվածի մտածողության մեջ, ինչն էլ նպաստել է, որ շուրջ 25 տարի չեն փոխվել մեր երկրի իշխանական ու ընդդիմադիր համարվող ոլորտները:

Իսկ, երբ քաղաքական բնագավառի ճգնաժամն ակնհայտ է, փոփոխության կարիքը խեղդում է…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 4 (437), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։