Նախընտրական վազվզոցներ – Պատրաստվում են ոչ միայն քաղաքական ուժերը, ԿԸՀ-ի եւ ընտրական խնդիրներով զբաղվող բոլոր հանձնաժողովների ու այլ կառույցների անդամները, դիտորդներն ու լրատվամիջոցները, այլեւ՝ իրավապահ մարմինները…

Հայաստանի կիսանախագահական Հանրապետությունը մոտենում է ավարտական փուլին, որն սկսվել էր 1991թ.-ից: Փաստորեն, մոտ 26 տարի գոյատեւելուց հետո, Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 2-ից հետո կանցնի նոր պետական կարգի՝ կսկսվի Հայաստանի խորհրդարանական Հանրապետության ժամանակաշրջանը, ինչն, իհարկե, չի անդրադառնա մեր պետության տարիքային շարունակականությանը, սակայն, մենք կապրենք մի նոր պետական կարգի ու գուցե՝ վարչակարգի պայմաններում: Թե ինչքան ժամանակ, հենց ժամանակը ցույց կտա:

Քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ապրիլյան զոհերի հարազատները պահանջում են հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը եւ փոխել ընտրությունների օրը: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ օրվա հետ կապված  իրավական խնդիր չկա, բայց ՀՀԿ-ն որեւէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը 3-4 օրով հետաձգելու հարցում եւ բոլոր ուժերի հետ պատրաստ են քննարկել այդ հարցը: Եթե բոլորն իմի գան՝ օրը կփոխվի:

Բայց որեւէ նոր մոտեցում դեռ չի արձանագրվել, ԿԸՀ-ն շարժվում է ապրիլի 2-ի ժամանակացույցով, իրականացնում է իր գործառույթները այդ օրը նշանակված ընտրությունների վերաբերյալ: «Կա նախագահի հրամանագիր՝ ընտրությունները ապրիլի 2-ին անցկացնելու վերաբերյալ: ԿԸՀ-ն սահմանել է ժամանակացույց եւ այդ ժամանակացույցով էլ շարժվում է»,- ասել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:  

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին 1500 ընտրական տեղամասերում կտեղադրվի 1-ական տեսախցիկ: Այս մասին հայտնել է տեսախցիկների տեղադրման հարցով միջկուսակցական հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ անդամ Համլետ Աբրահամյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է հանձնաժողովի նիստում: Ըստ նրա՝ «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն. 332 հազ. եվրո, որից 2 մլն. եվրոն հատկացնում է Եվրամիությունը, իսկ մնացածը՝ պետությունը: Նշենք, որ եվրոպական կողմը մինչ այդ պատրաստ էր տրամադրել ընդամենը 1 մլն. 600 հազ. եվրո: 1500 տեղամասում 1-ական տեսախցիկ տեղադրելուն կողմ են քվեարկել եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության ներկայացուցիչները:

Ըստ որոշ մեկնաբանների՝ այս անգամ Հայաստանը կունենա այնպիսի բազմակուսակցական համակարգ, որը, համենայնդեպս կտարբերվի նախորդներից, քանզի խորհրդարանը լինում է վճռորոշ մարմին՝ պետական կառավարման լծակներին մոտ լինելով: Ի վերջո, այդ խորհրդարանն է ընտրելու երկրի առաջին դեմքին՝ վարչապետին: Իսկ ընտրություննեը կարող են նաեւ հանգեցնել այնպիսի վիճակի, երբ որեւէ ուժ միայնակ չկարողանա ձեւավորել կառավարություն, ինչը կհանգեցնի իրական դաշինքային կառավարության ձեւավորման:

Իսկ սա բոլորովին նոր իրավիճակ կստեղծի երկրում: Բայց եթե ամեն բան ընթանա՝ ո՛չ ինչպես միշտ…

Երկրի նախագահի ընտրության հարցն այլեւս նախկինի պես ժրաջան չի կայանա, չնայած Հայաստանի խորհրդարանական Հանրապետության նախագահն ունի իր սահմանադրական դիրքն ու իրավունքները երկրի կառավարման գործում:

Իհարկե, չպետք է բացառել նաեւ այն վտանգները, ինչի մասին «Լուսանցք»-ն արդեն խոսել է, երբ ընթանում էին խորհրդարանական համակարգին անցնելու քննարկումները: Վերոնշյալ դաշինքային կառավարության ձեւավորման հնարավորությունը ինչպես կարող է օգտակար լինել երկրի համար, այնպես էլ կարող է լինել վտանգավոր… Բոլորիս է հայտնի՝ ինչ ազդեցություն ունեն գերտերություններն ու համաշխարհային գերուժերը մեր պետության նման զարգացող երկրների նկատմամբ: Եվ խորհրդարանական ուժերի հիմնական մասն արդեն դրանց ապավինած է հայտնվում Ազգային Ժողովում, ինչն էլ նշանակում է՝ պարտադրված դաշինքային կառավարությունների երկփեղկվելու վտանգը միշտ առկա է լինելու…

Իհարկե, մեկ քաղաքական ուժի կառավարության դեպքում էլ կան ճնշումներ, ինչի ականատեսն ենք նաեւ այսօր, բայց այլ բան է, երբ կառավարությունն արդեն երկփեղկված է ներսից:

Մեկնաբաններ էլ կան, որ պնդում են, թե պետք է անցնել երկկուսակցական համակարգի, ինչը թույլ կտա շահել ոչ միայն նախընտրական, հետընտրական եւ այլ ֆինանսական առումներով, այլեւ կառավարման տեսանկյունից: Նման օրինակները շատ են արեւմտյան երկրներում, հատկապես՝ խորհրդարանական համակարգի անցած: Բայց մտավախություն կա, որ Հայաստանում դա կարող է հանգեցնել լճացման, ինչին ականատես ենք հենց այսօր, երբ իշխանությունն ու ընդդիմությունը գրեթե երկուսակցական համակարգի են անցել՝ հերթով փոխարինելով միմյանց, որպես հին ու նոր իշխանություններ: Սա արդեն հանգեցրել է լճացման:

Մի նորամաուծություն եւս կասկածների տեղիք է տվել. կարծիք կա, որ «ռեյտինգային ցուցակներով համակարգը ոչնչացնում է քաղաքական գաղափարական պայքարը», ինչը խիստ վտանգավոր է համարվում ազգային պետություն կառուցելու ճանապարհին: Բայց սա էլ միանշանակ չի ընկալվում, եւ հակառակ պնդումներ եւս կան:

Ըստ այդ պնդումների, քաղաքական դաշտը կարող է համալրվել մտավորական, պետության եւ ժողովրդի կյանքում դերակատարում ունեցող մարդկանցով, եւ մեր քաղաքական քարտեզը կարող է կտրուկ փոխվել… Անգամ կարող է երիտասարդականացվել, եթե ներկա քաղաքական վերնախավը իրապես մտածի երկրի ապագայի համար փորձի փոխանակման անհրաժեշտության մասին: Ժողովրդի բերանով ասած, «իրենց դարն ապրած» ուժերն ու գործիչները այլեւ պետք է հեռանան, քանի որ տեղ չունեն հասարակության մեջ, մարդկանց մեծ մասը հիասթափված է նրանցից, եւ եկել է պահը նաեւ այս վիճակը բարեփոխելու:

Այսօր այնպիսի իրավիճակ է, որ անգամ հայտնի լինելը բավարար չէ ընտրություններում արդյունքներ գրանցելու համար: Դրա համար էլ քաղաքական ուժերը, նաեւ հայտնի անհատները անցել են դաշինքների ձեւավորման գործընթացներին:

Իհարկե, դեռ վաղ է ընտրություններում դաշինքների հնարավոր արդյունքների վերաբերյալ որեւէ բան ասել, բայց որոշ կանխատեսումներ կլինեն ընթացքում: Այնուամենայնիվ, սա դեռեւս միակ ձեւն է, որ թույլ կտա ակնկալել հաջողություն:

Պատրաստվում են ոչ միայն քաղաքական ուժերը, ԿԸՀ-ի եւ ընտրական խնդիրներով զբաղվող բոլոր հանձնաժողովների ու այլ կառույցների անդամները, դիտորդներն ու լրատվամիջոցները, այլեւ՝ իրավապահ մարմինները:

Իհարկե Ազգային անվտանգությունն ու դատախազությունը, դատարանները եւս մասնակցում են նախընտրական ու հետընտրական գործընթացներին՝ յուրաքանչյուրն իր գործառույթի շրջանակներում, սակայն հիմնական ծանրաբեռնվածությունը ոստիկանության ուժերի վրա է: Դեռ նախորդ տարվա նոյեմբերի վերջերին եւ դեկտեմբերի սկզբներին աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ ոստիկանության պետ Վալադիմիր Գասպարյանը անդրադարձավ համակարգի գործունեության գլխավոր ուղղություններով արված աշխատանքներին՝ նկատելով, որ չնայած ձեռքբերումներին, մի շարք ոլորտներում անհրաժեշտ է ուժեղացնել կատարողական կարգապահությունը, բացառել օրինազանցության ցանկացած դրսեւորում, անել առավելագույնը ոստիկանության հանդեպ հանրային վստահությունն ամրապնդելու համար:

Հատկապես վերջինիս հարցում ընտրական գործընթացները մեծ դեր ունեն եւ այս անգամ եւս կունենան: Հասարակական կարգի պահպանման եւ հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները պետք է երեւակվեն նաեւ ապրիլի 2-ին:

Ոստիկանապետն ընդգծել էր, որ «աշխատանքի հանդեպ, բարեփոխումների ոգուն հավատարիմ՝ չպետք է թույլ տալ հետընթացի փորձ անգամ առկա ձեռքբերումներից», եւ ընդհանրական պիտի դարձնել գիտակցությունը, որ «ծառայությունն օրենքին ու ժողովրդին գերակա խնդիր է, եւ կարգ խախտող ցանկացած ոստիկան խստագույն պատասխանատվության կենթարկվի»:

Պետք է հուսալ, որ այս անգամ ամեն բան չի լինի այնպես՝ ինչպես միշտ…

Իսկ, ըստ որոշ տեղեկությունների, առաջիկայում կառավարության կազմում կրկին փոփոխություններ են իրականացվելու: Հիշեցնենք, որ նախորդ տարի կառավարության կազմը ձեւավորելիս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ պաշտոնյաների ընտրությունը միանշանակ չմեկնաբանվեց: Նշանակվողները կամ իր թիմակիցները պիտի լինեին, կամ այնպիսի մարդիկ, որոնցից ավելի լավը տվյալ պահին վարչապետը չէր գտնել: Վարչապետն այժմ մի շարք պաշտոնյաներից դժգոհ է կամ գուցե ավելի լավերին է գտել արդեն: Չի բացառվում, որ իր թիմակիցներից եւս լինեն հեռացվողների մեջ:

Կարեն Կարապետյանի վրա է դրված հասարակության կարծիքը իշխանությունների նկատմամբ բարեփոխելու պատասխանատվությունը, ինչին էլ համաձայնել էր վարչապետը: Այլեւս նա ստանձնել է այդ պարտավորությունը ոչ միայն որպես կառավարության ղեկավար, այլեւ՝ ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 4 (437), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։