Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Լեւոն Արոնյանը փոխարինեց աշխարհի նախկին չեմպիոնին… Հովհաննես Գաբուզյանը՝ կայծակնային մրցաշարի հաղթող… Հենրիխ Մխիթարյանը տպավորել է անգլիացիներին… Ձմեռային Ունիվերսիադա. Հայաստանը 22-23-րդ տեղերը բաժանել է Շվեդիայի հետ… Ազգային ու միջազգային մարզական այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Լեւոն Արոնյանը փոխարինեց աշխարհի նախկին չեմպիոնին

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի 2017թ. Grand Chess Tour-ին: Մրցաշարի կազմակերպիչները հրավիրել են 9 շախմատիստ՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսեն, փոխչեմպիոն Սերգեյ Կարյակին, նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդ, ինչպես նաեւ Ուեսլի Սո, Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Յան Նեպոմնյաշչի եւ Լեւոն Արոնյան:

Ի դեպ, նախնական որոշմամբ մրցաշարին պետք է մասնակցեր ոչ թե մեր շախմատիստը, այլ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, սակայն վերջինս ետ է կանչել իր հայտը: Նշենք, որ շախմատային փուլի շրջանակում անցկացվելու են 2 դասական եւ 3 արագ շախմատի մրցաշարեր: Լեւոն Արոնյանը կմասնակցի Սինգվիլդի գավաթի խաղարկությանը, Լոնդոնի դասական մրցաշարին եւ արագ շախմատի 2 մրցումների: Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը կազմում է 1,2 մլն դոլար:

Հովհաննես Գաբուզյանը՝ կայծակնային մրցաշարի հաղթող

Հայաստանի տղամարդկանց շախմատի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով ավարտվեց Իրանում կայացած Սաբալանի գավաթի խաղարկության շրջանակում անցկացված կայծականային շախմատի մրցաշարը:

Մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: 2-րդ տեղը 7,5 միավորով գրավել է իրանցի գրոսմայստեր Ղայեմ Մաղամին, ով հաղթեց դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարում:

Կանանց շախմատի չեմպիոնը միտումնավոր պարտվել է ամուսնուն

Ջիբրալթարի ավարտված շախմատի խոշոր միջազգային մրցաշարում կանանց աշխարհի չեմպիոն Հու Յիֆանը վերջին խաղում կատարել է ընդամենը 5 քայլ եւ միտումնավոր պարտվել: Պատճառն այն է, որ մրցաշարի ընթացքում չինուհի գրոսմայստերը  մրցել է շախմատիստուհիների հետ, որի պատճառով քիչ քանակությամբ վարկանիշային միավորներ է վաստակել: Ավարտական փուլում Հու Յիֆանին արդեն ուժեղ սեռի ներկայացուցիչ է մրցակից բաժին հասել, սակայն ճակատագրի բերումով վերջինս եղել է նրա ամուսինը՝ հնդիկ գրոսմայստեր Բաբու Լալիթը:

Աշխարհի չեմպիոնը մրցաշարի ավարտից հետո, այնուամենայնիվ, ներողություն է խնդրել կազմակերպիչներից, սակայն ավելացրել է, որ նման մրցաշարերում ցանկալի է վիճակահանության ժամանակ տարանջատել կանանց եւ տղամարդկանց, որպեսզի այն ավելի հետաքրքիր դառնա:  

Աշխարհի չեմպիոնուհին՝ «անարդար» վիճակահանության դեմ

Ջիբլարթար Մասթերս շախմատի մրցաշարն ավարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հաղթանակով՝ 10 փուլից հետո Դավիթ Անտոն Գուիջարոն, Յույ Յանյին եւ Հիկարու Նակամուրան վաստակել էին 8-ական միավոր, եւ հաղթողին որոշելու համար նշանակվեց թայ-բրեյք: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Դավիթ Անտոն Գուիջարոն միանգամից հայտնվել է եզրափակչում, իսկ Յույ Յանյին եւ Հիկարու Նակամուրան մրցել են կիսաեզրափակչում, որտեղ ուժեղ է գտնվել վերջինս: Այնուհետեւ նա հաղթել է Դավիթ Անտոն Գուիջարոին, ով շախմատի հայ երկրպագուներին հայտնի է Հայաստանում անցկացվող Սեւանա լիճ մրցաշարից: Այսպիսով՝ Հիկարու Նակամուրան 3-րդ տարին անընդմեջ հռչակվել է Ջիբլարթար Մասթերս մրցաշարի հաղթող:

Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել ամբողջ մրցաշարի ընթացքում հիանալի խաղ ցուցադրած եւ միշտ առաջատարների խմբում ընթացող չինուհի Ցզյու Վենցզյունը: Իսկ ահա աշխարհի չեմպիոհուհի Հոու Յիֆանը յուրօրինակ կերպով բողոքարկել է «անարդար» վիճակահանության դեմ՝ նշելով, որ նախորդ 9 փուլերում նա մրցել է 7 կին շախմատիստուհիների հետ, ինչը, ըստ չինուհու՝ քիչ հավանական է:

Այս քայլից հետո մրցաշարի կազմակերպիչները հայտնել են, որ վիճակահանությունն իրականացվում է համակարգչային հայտնի ծրագրի միջոցով եւ այն, որ նա խաղացել է 7 կին շախմատիստուհիների հետ, զուտ պատահականություն է:

«Պորտուգալիա Օփեն»-ը՝ հերթական փուլից հետո

«Պորտուգալիա Օփեն» մրցաշարում կայացել են 6-րդ փուլի հանդիպումները, որոնք հաղթական ավարտ են ունեցել միայն միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի համար։ Կարեն Գրիգորյանն ու Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը, ցավոք, պարտվեցին։ Այս մասին հայտնում էarmchess.am-ը։ 6-րդ փուլից հետո «Պորտուգալիա Օփեն»-ը միանձնյա գլխավորում է Էդուարդո Բոնելլին, ով ոչ մի պարտություն եւ ոչ ոքի չի ունեցել։ Տիգրան Հարությունյանը 4,5 միավորով եւ լրացուցիչ ցուցանիշներով 13-րդն է, Տիգրան Ղարամյանը նույնքանով՝ 8-րդը, իսկ Կարեն Գրիգորյանը 4 միավորով՝ 25-րդը։

«Պորտուգալիա Օփեն»-ը բաղկացած է 9 փուլից։

Մեկնարկում է Երեւանի պատանիների շախմատի առաջնությունը

Փետրվարի 13-21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կանցկացվի Երեւանի 2017թ. պատանիների շախմատի առաջնությունը: Այն տեղի կունենա 4 տարիքային խմբերում` մինչեւ 10, 12, 14, 16: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Մասնակցության իրավունք ունեն առաջին կարգային շախմատիստները, ինչպես նաեւ 45 շախմատիստ` մինչեւ 10 տարեկանների խմբի կիսաեզրափակիչ մրցաշարից: Առաջին խաղափուլի մեկնարկը կտրվի փետրվարի 13-ին` ժամը 16:00-ին:

«Պայքարեցինք, ինչպես կարող էինք»

Ռուսասանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով Դեւիսի գավաթի 1/8-րդ եզրափակիչ փուլի խաղում պարտություն էր կրել սերբ Վիկտոր Տրոիցկուց, հայտարարել է, որ հանդես է եկել մեծ նվիրվածությամբ, սակայն ինչ-որ տեղ որոշիչ է եղել բախտի գործոնը:

«Երկուսս էլ պայքարեցինք, ինչպես կարող էինք: Իհարկե ինչ-որ բան միշտ էլ կարելի է ավելի լավ անել եւ պետք է սովորել սեփական սխալների վրա: Երկուսս էլ ներկայացնում էինք մեր երկիրը եւ խաղում էինք 100% նվիրվածությամբ: Տխրել եմ, որ պարտվել եմ, բայց գոհ եմ իմ խաղից: Վերջին սեթում դժվարանում էի վազել, ռիսկի էի դիմում: Այստեղ կարող եմ ասել, որ որոշ պահերին պարզապես բախտս չբերեց»,- ասել է հայազգի թենիսիստը:

Հանել է մարզակոշիկները եւ չի ներկայացել պարգեւատրմանը

Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության ժամանակ տեղի է ունեցել բողոքի անսովոր միջադեպ՝ Աղասի Աղասյանի (մինչեւ 94 կգ) մասնակցությամբ: Ծանրորդը, ով հիմնականում հանդես է գալիս մինչեւ 85 կգ քաշային կարգում, այս առաջնությանը մասնակցում էր 94 կգ քաշայինների պայքարին: Նա հաջող է իրացրել բոլոր 6 մոտեցումները, երկամարտի 344 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն գյումրեցի երիտասարդ ծանրորդ Կարուշ Ղուկասյանին (350 կգ), ով անձնական քաշով գերազանցում էր մրցակցին մոտ 9 կգ-ով: Վերջին մոտեցմամբ Աղասյանը բարձրացրեց 190 կգ-ոց ծանրաձողը ու այն սովորականից ավել պահեց գլխավերեւում, ինչից հետո հանեց մարզակոշիկներն ու թողեց դրանք մրցահարթակի վրա: Պարգեւատրման արարողությանը մարզիկը չի ներկայացել: Ամենայն հավանականությամբ, նա այդպես արտահայտում էր իր բողոքը՝ կապված օլիմպիական խաղեր չմեկնելու հետ:

Առաջնությունից հետո Աղասի Աղասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտարարելով, որ «ավարտում է մարզական կարիերան… Ես հեռանում եմ սպորտից՝ ճակատս բարձր: Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են»,- գրել է ծանրամարտիկը:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն անդրադարձել է այս թեմային՝ շեշտել, որ մրցաշարերի ժամանակ միշտ էլ լինում են դժգոհող մարզիկներ, սակայն այս մեկն արդեն չափն անցել է՝ իրեն տրված հնարավորությունը ճիշտ օգտագործելու եւ իր լավագույն կարգն ապացուցելու փոխարեն Օլիմպիական խաղերին չմասնակցելու թեման շարունակելով: «Աղասի Աղասյանը խնդրում էր, որ իր քաշն ավել լինի, բայց մասնակցի 85 կգ քաշայինների պայքարին: Ես ինձ նման բան թույլ չէի տա: Ուզում էր, որ իր կողքին կանգնած հայ պատանուն եւ երիտասարդին երկուսով խաբեինք: Ես չգնացի այդ խաբեությանը»,- պատմել է մարզիչը եւ հավելել, որ այս մարզիկը ծանրամարտի մեր հավաքականի թշնամին է՝ Եկավ 20,000 դրամ պարգեւավճարն առավ ու գնաց՝ արհամարհելով մեդալը:

Հ.Գ. – «Աղասի Աղասյանը ծանրամարտի հավաքականի թշնամին է» – Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում ավարտված ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության անդորրն այս տարի խախտվեց միջադեպով, որն ավելի շատ քննարկումների տեղիք տվեց, քան բուն մրցաշարը: Կատարվածի եւ «Հայաստանի 2017թ. առաջնության արդյունքների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ 94 կգ քաշային կարգում հանդես եկող Աղասի Աղասյանը, առաջնության ժամանակ կատարելով իր բոլոր 6 մոտեցումները, երկարամարտի 344 կգ արդյունքով դարձել էր փոխչեմպիոն, հետո հանել խաղակոշիկները, թողել դրանք մրցահարթակի վրա՝ այս կերպ ցույց տալով իր բողոքն ու միաժամանակ ակնարկելով մարզական կարիերան ավարտելու մասին, հետո էլ չէր ներկայացել պարգեւատրման արարողությանը: Ավելի ուշ Աղասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ որոշ մարդիկ իր խաղակոշիկներից ավելի էժան արժեն:

Անդրադառնալով այս թեմային՝ Փաշիկ Ալավերդյանը շեշտեց, որ մրցաշարերի ժամանակ միշտ էլ լինում են դժգոհող մարզիկներ, սակայն Աղասին չափն անցել է՝ իրեն տրված հնարավորությունը ճիշտ օգտագործելու եւ իր լավագույն կարգն ապացուցելու փոխարեն Օլիմպիական խաղերին չմասնակցելու թեման շարունակելով:

«Կան մարզիկներ, ովքեր իրենց անհաջողությունները ցանկանում են գցել ուրիշների վրա: Աղասի Աղասյանը հայտ էր ներկայացրել, որպեսզի մասնակցեր 85 կգ քաշայինների պայքարին: Մրցումից 2 ժամ առաջ մարզիկներին 1 ժամ է տրվում կշռման արարողությանը մասնակցելու համար, մյուս 1 ժամը նրանք հանսգտանում են: Նա 85 կգ քաշային կարգին չէր համապատասխանում, ծանր էր 400 գրամով: Փորձեց ինձ համոզել, որպեսզի մասնակցի ոչ թե 94 կգ, այլ 85 կգ քաշայինների պայքարին:

Գիտեք, երբ որ ես արտասահմանում լինում եմ մրցավարական կոլեգիայի կազմում, այնտեղ ինչ-որ ձեւով աշխատում եմ օգնել հայ մարզիկներին, թեեւ դրա իրավունքը չունեմ: Այսինքն կարող եմ վատություն անել հակառակորդին, տվյալ դեպքում՝ այլ երկրների ներկայացուցիչներին: Այս հայտարարությունից հետո ինձ կարող են Եվրոպայի ֆեդերացիայից հեռացնել: Աղասին խնդրում էր, որ իր քաշն ավել լինի, բայց մասնակցի 85 կգ քաշայինների պայքարին: Հայաստանում ես ինձ նման բան թույլ չէի տա: Ուզում էր, որ իր կողքին կանգնած հայ պատանուն եւ երիտասարդին երկուսով խաբեինք: Ես չգնացի այդ խաբեությանը»,- պատմեց մարզիչը:

Մարզչի խոսքերով՝ սա առիթ է ծառայել, որպեսզի Աղասին նեղանա իրենցից: Գնացել է տուն, որից հետո մարզչի խնդրանքով Աղասիի գլխավոր մարզիչ Երվանդ Կիրակոսյանը համոզել է, որ գա ու մասնակցի 94 կգ քաշայինների պայքարին: «Կրկին խախտում կատարեցի՝ միջազգային կանոնակարգի խիստ խախտում: Եթե մարզիկը չի կշռվում իրեն հայտ ներկայացրած քաշային կարգում, իրավունք չունի մասնակցելու վերոհիշյալ մրցումներին եւ ոչ մի քաշային կարգում: Հասկանալով ծանրորդի կատարած աշխատանքը եւ այն, որ հիմա էլ լավ մարզավիճակում է, ընդառաջեցի: Նա պետք է ցույց տար իր հնարավորությունները: Մոտեցումների ժամանակ, երբ զգաց, որ չի կարող հաղթել եւ Կարուշ Ղուկասյանն իրենից մի քանի գլուխ բարձր է, սկսեց դերասանական խաղ տանել, որն ընդունելի ու հաճելի է հանդիսականին, սակայն հետո եղավ այն, ինչ եղավ: Ծանրաձողը երկար ժամանակ պահեց գլխավերեւում, փորձելով ապացուցել, որ ինքն ամենակարող է, հետո մարզակոշիկները թողեց, չներկայացավ պարգեւատրման արարողությանը»,- ասաց Փաշիկ Ալավերդյան: Նա վրդովվել էր այն հանգամանքը, որ նա որոշ մարդկանց իր խաղակոշիկներից էժան էր գնահատել՝ նկատի ունենալով հենց իրեն: Այն մարդուն, ով տարիներ շարունակ իրեն ձեռք է մեկնել: Հետո էլ հայտարարել էր, թե Փաշիկ Ալավերդյանին չի ճանաչում:

«Ձայն եմ տալիս՝ վերադարձիր, 20,000 դրամ պարգեւավճարն առավ ու գնաց՝ արհամարհելով մեդալը: Ես էլ փոքր ժամանակ տրեխներ եմ հագել, ուրեմն ինքն էլ իմ տրեխների արժեքը չունի»,- նշեց մարզիչը:

Անդրադառնալով այն թեմային, թե ինչո՞ւ բողոքող մարզիկը չի մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին, Փաշիկ Ալավերդյանը հայտարարեց, որ Աղասին այնքան անպատասխանատու է, որ ոչ միայն կխանգարեր ինքն իրեն, այլ հավաքականի մյուս տղաներին: Այն ժամանակ, երբ նա իմացել է, որ իր փոխարեն Ռիո պետք է մեկնի Առաքել Միրզոյանը, սկսել է խանգարել բոլորին, իսկ Օլիմպիադայի ժամանակ ճնշումն արդեն հոգեբանական բնույթ է կրել:

«Օլիմպիական խաղերում պետք է ներկայացնես ազգ, պետություն, ֆեդերացիա, իսկ նա կարող էր մեծ անակնկալ մատուցել, ուստի չվստահեցինք նրան: Դրանից հետո Աբովյանում ուսումնամարզական հավաքի էինք: Աղասին, համոզելով մյուս տղաներին, կիզիչ շոգին, ամբողջ թիմին բերել էր, որ խանգարեն մեր աշխատանքը: Այսինքն նա վտանգավոր է ոչ միայն իր՝ այլեւ մյուսների համար: Դա այն արարքն էր, ինչի պատճառով Օլիմպիադայի յուրաքանչյուր մասնակցից պակասեց 5-ական կիլոգրամ»,- ասել է Ալավերդյանը:

Panorama.am-ի այն հարցին, որ Փաշիկ Ալավերդյանն իր հարցազրույցներում բազմաթիվ անգամներ նշել է, որ արգելված խթանիչներ օգտագործած հայ մարզիկներին պետք չէ ազգի թշնամի դարձնել, քանի որ նրանք մերն են, սակայն հիմա Աղասին նույն կարգավիճակում է հայտնվել եւ հնարավոր չէ՞ նրան դարձի բերել, պատասխանեց. «Աղասի Աղասյանն ազգի թշնամի չէ, այլ ծանրամարտի հավաքականի թշնամին է: Ես ուղղիչ աշխատանքային գաղութի պետ չեմ, այլ մանկավարժ եմ: 18 տարի է, գիտեմ այս տղային»:

Փաշիկ Ալավերդյանի խոսքերով՝ Աղասի Աղասյանի ազդեցությունն էր, որ Ռուբեն Ալեքսանյանը 254 կգ հրում չկատարեց այն դեպքում, երբ մարզումների ժամանակ 260-270 կգ էր հրում, չկարողացավ, որովհետեւ ֆիզիկական ֆունկցիոնալությունն իջել էր, քանի որ ամռան կեսին օրերով Երեւանում էր: Անդրանիկ Կարապետյանի վնասվածքի պատճառն էլ նա էր: Դեռ լավ է, որ հավաքականը պատվով ելույթ ունեցավ Օլիմպիական խաղերում, թեեւ շատ ավելի լավ կլիներ, որ 5 մասնակիցներից 5-ն էլ չեմպիոն դառնային:

Երկաթախաղի վարպետները որոշեցին ուժեղագույններին

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվել է ծանրամարտի 2017թ. տղամարդկանց մեծահասակների Հայաստանի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Տղամարդկանց պայքարում ընդհանուր թվով 76 ծանրորդներ են մասնակցել Հայաստանի առաջնությանը: 8 քաշային կարգերում չեմպիոններ են դարձել. 56 կգ` Լեւոն Թորոսյան (երկամարտի արդյունքը՝ 206 կգ), 62 կգ՝ Դավիթ Գասպարյան (երկամարտի՝ 252 կգ), 69 կգ՝ Վանիկ Ավետիսյան (երկամարտ՝ 291 կգ), 77 կգ՝ Ժորժ Եղիկյան (երկամարտ՝ 302 կգ), 85 կգ` Դավիթ Հովհաննիսյան (երկամարտ՝ 325 կգ), 94 կգ՝ Կարուշ Ղուկասյան (երկամարտ՝ 350 կգ), 105 կգ՝ Սամվել Գասպարյան (երկամարտ՝ 365 կգ) եւ 105+ կգ՝ Հայկ Հակոբյան (երկամարտ՝ 340 կգ):

Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկային օրն ուժերն էին չափել ծանրորդուհիները, իսկ փետրվարի 8-ին մեկնարկելու է պատանիների եւ աղջիկների ծանրամարտի 2017թ. Հայաստանի առաջնությունը:

Արցախցի մարզիկները ձյուդոյի ՀՀ առաջնությունից վերադարձել են մեդալներով

Փետրվարի 3-4-ը Երեւանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատի մարզադահլիճում կայացել է ձյուդոյի պատանիների եւ աղջիկների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են նաեւ արցախցի մարզիկները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը եւ նշել, որ մրցաշարին մասնակցել են 200-ից ավելի մարզիկներ:

Իվան Ազիզբեկյանի խոսքով, առաջնությանը ԼՂՀ-ից մասնակցել են 16 մարզիկ եւ 2 մարզիչ: «Մրցաշարին մասնակցած Ռուզաննա Բալասանյանն ու Սևակ Սարգսյանը կանանց եւ տղամարդկանց պայքարում 48 կգ քաշային կարգում գրավել են 2-րդ պատվավոր տեղը եւ արժանացել պատվոգրերի ու մեդալների»,- ասել է Ի. Ազիզբեկյանը եւ նշել, որ ձյուդոյի պատանիների եւ աղջիկների ՀՀ առաջնությունն ամենամյա է, եւ միշտ էլ արցախցի մարզիկները մասնակցություն են ունենում:

«Շատ կարեւոր է, որ մեր երեխաները հնարավորինս շատ մասնակցեն տարբեր մրցումների: Մարզիկը մրցումների ժամանակ է աճում եւ կոփվում: Այս մրցաշարին մասնակցելու կարեւորագույն նպատակն էլ այն է, որ մեր լավագույն մարզիկները հանդես գան նաեւ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում»,- ասել է Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչը:

Արցախում անց է կացվել Կիոկուշին կարատե-դոյի բաց առաջնություն

Ստեփանակերտի Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցում նախօրեին անց է կացվել Կիոկուշին կարատե-դոյի 9-րդ բաց առաջնությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Օյամա կիոկուշին կարատեի ֆեդերացիաի հավաքականի մարզիչ Արթուր Առուշանյանն ասել է, որ առաջնությանը մասնակցել է 181 մարզիկ. դրանք Ստեփանակերտի 4 խմբերն են եւ Նորագյուղ, Տող, Թաղավարդ գյուղերի խմբերը: «Մրցման հաղթողները նոյեմբերին մեկնելու են Երեւան՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության առաջնությանը: Մեր մարզիկներից 4-ն էլ պատրաստվում է մասնակցելու Բեռլինում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,- մանրամասնել է Արթուր Առուշանյանը:

Առաջնությանը հետեւում էին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը, ՊԲ ֆիզպատրաստության պետ Անատոլի Ջամալյանը, ՊԲ մարտական պատրաստության պետ Սուրեն Սուրենյանը եւ ԿԳՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը:

Հայ բռնցքամարտիկները նախապատրաստվում են Ստրանջայի միջազգային մրցաշարին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում՝ նախապատրաստվելով փետրվարի 20-27-ը Սոֆիայում կայանալիք Ստրանջայի միջազգային մրցաշարին։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերավիայի լրատվության բաժինը, Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 19 մարզիկներ։ Հավաքը կավարտվի փետրվարի 17-ին։

Վանես Մարտիրոսյանը հրաժարվել է մարզչից եւ պրոմոութերից

Բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոնի թեկնածու, առաջին կիսամիջին քաշային Վանես Մարտիրոսյանը, իր թվիթերյան էջում նշել է, որ այլեւս չի համագործակցում իր մարզչի եւ մարտերի կազմակերպչի հետ: «Ես ցանկանում եմ, որ իմ բոլոր երկրպագուները իմանան, որ ես դժգոհ եմ իմ մարզիչ Էլ Հեյմոնից եւ պրոմոութեր Թոմ Բրաունից: Նրանք դանդաղեցնում են իմ կարիերան: Ես շատ եմ համբերել: Նրանք չեն պատասխանում իմ զանգերին, բայց պատասխանում են բոլոր գրառումներիս»,- նշել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը:

Նշենք, որ Վանես Մարտիրոսյանը վերջին անգամ ռինգ էր բարձրացել անցած տարվա մայիսին, որից հետո այլեւս ոչ մի մրցամարտ չի անցկացրել: Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 40 մենամարտ, որից 36-ն ավարտել է իր օգտին, իսկ տանուլ է տվել միայն երեքում:

Բաքուն կպայքարի Մադրիդի հետ

Չեմպիոնների լիգայի 2019թ. խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնելու համար հայտ են ներկայացրել Բաքուն եւ Մադրիդը: Ադրբեջանում հանդիպումը կարող է ընդունել «Օլիմպիական» մարզադաշտը, որը բացվել է 2015թ. մարտին: Այն տեղավորում է 70,000 հանդիսական: Մադրիդում խաղը կարող է անցկացվել «Ատլետիկո»-ի տնային մարզադաշտում՝ «Մետրոպոլիտանոյում», որը նույնպես 70,000 երկպագուի համար է նախատեսված: Այս մարզադաշտի բացումը նախատեսված է 2017թ. հուլիսին:

Հայտերի ընդունումն ավարտված է: Հաղթող երկրի անունը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի նիստի ժամանակ՝ սեպտեմբերին: Այս տարի եզրափակիչ խաղը կկայանա Կարդիֆի ազգային ստադիոնում, 2018թ.՝ Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտում:

Լեւոն Պաչաջյանը նոր ակումբ ունի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը տեղափոխվել է «Լինշոպինգ Սիթի» ակումբ: Մինչ այդ հայ ֆուտբոլիստը հանդես էր գալիս շվեդական «Սոդերտելյե»-ում:

«Ուրախ եմ հայտնել, որ 2 տարվա պայմանագիր եմ ստորագրել «Լինշոպինգ Սիթի» ակումբի հետ, որտեղ ստեղծված են բոլոր հարմարությունները` արդյունքներ գրանցելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաչաջյանը:

Հավելենք, որ Լեւոն Պաչաջյանի համար սա թվով 12-րդ ակումբն է: Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը նա կնքել է 2000թ.` «Կոտայք»-ի հետ:

Էդգար Մանուչարյանը վերջին պահին փոխել է ակումբը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը ելույթները կշարունակի Թայլանդում: Այդ մասին տեղեկացնում է տեղի «Ռաթչաբուրի» ֆուտբոլային ակումբի թվիթերյան էջը: Սակայն ուշագրավն այն է, որ մեր ֆուտբոլիստը հանդես կգա թայլանդական մեկ այլ ակումբում՝ Բանգկոկի «Պորտ»-ում: Էդգար Մանուչարյանը չնայած մեկ ամիս մարզվել է «Ռաթչաբուրի» թիմում, որի կազմում մասնակցել է ընկերական հանդիպումներին:

Բայց Թայլանդի առաջնության մեկնարկից առաջ մեր ֆուտբոլիստը անսպասելի հեռացել է մարզային թիմից եւ տեղափոխվել մայրաքաղաքային ակումբ: Զարմանալի չէ, որ «Ռաթչաբուրի» ակումբի թվիթերյան էջում հարցականներ են դրել Հայաստանի հավաքականի հարձակվողի նկարի տակ:

Ի դեպ, Թայլանդի առաջնությունը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին: Բացման խաղում «Պորտ»-ը իր հարկի տակ ընդունել էր հենց «Ռաթչաբուրի»-ին:

Հենրիխը տպավորել է անգլիացիներին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապշեցրել է լրագրողներին իր մտավոր ունակություններով: Գերմանիայի բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Մխիթարյանը դեռ չի կարողացել լիովին դրսեւորել իրեն Անգլիայում, չնայած վերջին հանդիպումներում ցուցադրում է շատ լավ ֆուտբոլ: Սակայն Միկին (ինչպես ասում են Անգլիայում Մխիթարյանին) արդեն հասցրել է ապշեցնել Մեծ Բրիտանիայի լրագրողներին իր զարգացվածությամբ: Նա հաճախ է հարցազրույցներ տալիս եւ դա անում է շատ վստահ: Շատերի համար զարմանալի էր այն, որ հայը լավ խոսում է անգլերեն, իսկ որոշ լրագրողներ ասում են, որ նա տիրապետում է լեզվին ավելի լավ, քան Ուեյն Ռունին:

Սակայն, իսկական զարմանք անգլիացիների համար դարձել է ոչ թե այն, որ Հենրիխը գիտի անգլերեն, այլ այն, որ նա խոսում է եւս 6 լեզուներով: «Հենց նոր լսեցի, թե ինչպես է հայ ֆուտբոլիստը հարցազրույց տալիս ֆրանսերեն: Միանգամայն ազատ: Դա 7 լեզուներից մեկն է, որոնց նա տիրապետում է: Տպավորիչ է»,- գրել է Ջոն Բենեթը BBC-ից: Նշենք, որ մայրենի հայերենից բացի, Հենրիխը տիրապետում է նաեւ անգլերեն, ֆրանսերեն (փոքր հասակում ապրել է Ֆրանսիայում), գերմաներեն, ուկրաիներեն, ռուսերեն ու պորտուգալերեն (փոքր հասակում 4 ամիս ապրել է Բրազիլիայում) լեզուներին: Ի դեպ՝ Հենրիխն Անգլիայի պրեմիեր լիգայում իր անվան դիմաց ավելացնում է նաեւ գոլերի քանակը:

- Ավելի ծավալուն տարբերակը.- Հենրիխ Մխիթարյանը տպավորել է անգլիացիներին իր զարգացվածությամբ – «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապշեցրել է լրագրողներին իր մտավոր ընդունակություններով: Գերմանիայի բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դեռ չի կարողացել ամբողջությամբ դրսեւորել իրեն Անգլիայում, չնայած վերջին հանդիպումներում ցուցադրում է շատ լավ ֆուտբոլ: Սակայն Միկին (ինչպես ասում են Անգլիայում Մխիթարյանին) արդեն հասցրել է ապշեցնել Մեծ Բրիտանիայի լրագրողներին իր զարգացվածության մակարդակով: Նա հաճախ է հարցազրույցներ տալիս եւ դա անում է շատ վստահ՝ ցուցադրելով իրեն որպես շատ զարգացած մարդ: Շատերի համար զարմանալի էր այն, որ հայը լավ խոսում է անգլերեն, իսկ որոշ լրագրողներ ասում են, որ նա տիրապետում է լեզվին ավելի լավ, քան Ուեյն Ռունին:

Սակայն, իսկական զարմանք անգլիացիների համար դարձել է ոչ թե այն, որ Հենրիխը գիտի անգլերեն, այլ այն, որ նա խոսում է եւս այլ 6 լեզուներով: «Հենց նոր լսեցի, թե ինչպես է հայ ֆուտբոլիստը հարցազրույց տալիս ֆրանսերեն լեզվով: Միանգամայն ազատ: Դա 7 լեզուներից մեկն է, որոնց նա տիրապետում է: Տպավորիչ է»,- գրել է Ջոն Բենեթը ВВС-ից: Նշենք, որ մայրենի հայերենից եւ ռուսերենից բացի, Հենրիխը տիրապետում է նաեւ անգլերեն, ֆրանսերեն (փոքր հասակում ապրել է Ֆրանսիայում), գերմաներեն, ուկրաիներեն ու պորտուգալերեն (փոքր հասակում 4 ամիս ապրել է Բրազիլիայում) լեզուներին:

ենրիխ Մխիթարյանն Անգլիայի պրեմիեր լիգայում իր անվան դիմաց գրանցեց հերթական գնդակը: «Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում մեր հայրենակիցն աչքի ընկավ 42-րդ րոպեին՝ առաջ մղելով իր թիմին: Հետագայում նա դարձավ նաեւ 3-րդ գոլի համահեղինակը: Նա ճանաչվել է այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը տրբեր ասեկոսեների առիթ է տալիս նաեւ, վերջերս նա հայտարարել է, որ ֆինանսական հարցը դեր չի խաղացել` գերմանական «Բորուսիա»-ից» անգլիական ակումբ տեղափոխվելու ժամանակ: «Չեմ հասկանում նրանց, ովքեր ինձ մեղադրում են ագահության մեջ: Դա սխալ է: Եթե խոսքը գնար միայն գումարի մասին, ես ուկրաինական «Շախտյոր»-ից կտեղափոխվեի ռուսական «Անժի» եւ ոչ թե «Բորուսիա»: Բայց ես դա չէի ուզում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով գերմանական թիմի տնօրենների խորհրդի նախագահ Հանս-Իոահիմ Վատցկեի քննադատությանը:

Նա հայտարարել էր, թե հիասթափված է Հենրիխից, քանզի վերջինս Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի՝ «Բավարիայի» հետ խաղում հրաժարվել էր իրացնել 11 մետրանոցը, հայ ֆուտբոլիստը նշել է, որ չի կարելի ֆուտբոլիստի հասցեին վատ արտահայտվել` ելնելով միայն 1 խաղից:

«Հավանաբար նա մոռացել է, թե ինչ եմ արել մինչ այդ` ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Պետք է իրացնեի, սակայն կար մարզիչ եւ դաշտում գտնվող 11 ֆուտբոլիստներ, եւ մենք որոշեցինք, թե ովքեր պետք է իրացնեն 11 մետրանոցները»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Պորտուգալիայի առաջնության անկոչ հյուրը

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի` «Բրագա»-ի եւ «Էշտորիլ»-ի միջեւ ընթացող հանդիպումը դադարեցվել է հավի պատճառով, որը ներխուժել է խաղադաշտ ու ամենեւին չի ցանկացել լքել այն:

Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, հանդիպման գլխավոր մրցավարը ստիպված է եղել դադարեցնել խաղը մինչեւ այն ժամանակ, երբ Պեդրու Սանթուշին հաջողվել է որսալ գեղեցկուհուն եւ տեղափոխել անվտանգ տարածք: Հավելենք, որ խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Բրագա»-ն Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղն է զբաղեցնում, իսկ «Էշտորիլ»-ը 11-րդն է:

Ֆուտբոլիստն ու երկրպագուն միաժամանակ գոլ են խփել

Հոնդուրասի ֆուտբոլի առաջնության ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել: «Գոտագուա»-ի հետ հանդիպման ժամանակ «Օլիմպիա»-ի հարձակվող Ռոխեր Ռոխասը գոլի հեղինակ է դարձել այն ժամանակ, երբ տուգանային հրապարակում է հայտնվել մրցակից թիմի երկրպագուն` սեփական գնդակով, եւ նույնպես գոլ խփել:

Չնայած միջամտությանը, հանդիպման գլխավոր մրցավարը դարպասի գրավում է արձանագրել, ինչի շնորհիվ «Օլիմպիա»-ն այս խաղում կարողացել է ոչ-ոքի կորզել: Դիմակայությունն ավարտվել է 2:2 հաշվով:

Գումարներ՝ նաեւ կազմալուծված «Միկա»-ին ու «Ուլիս»-ին

Ֆուտբոլի եվրոպական ֆեդերացիաների միությունը հրապարակել է բոլոր այն ակումբների ցանկը, որոնք ֆուտբոլիստներ են տրամադրել ազգային հավաքականներին՝ Եվրո-2016-ի առաջնության ընտրական եւ եզրափակիչ փուլերի խաղերին մասնակցելու համար: Դրանք թվով 641-ն են: ՈւԵՖԱ-ի նոր կանոնակարգով այդ ակումբները յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար գումարներ են ստանում: Այդ եղանակով բոլորից շատ գումար վաստակել է իտալական «Յուվենթուս»-ը՝ 63,5 մլն եվրո: Հաջորդում են անգլիական «Լիվերպուլ»-ն ու «Տոտենհեմ»-ը՝ 3-ական միլիոն:

Հայաստանի ակումբներն ընդհանուր առմամբ ՈւԵՖԱ-ից կստանան 364.731 եվրո: Այս գումարը բաշխվել է 7 ակումբների միջեւ. «Փյունիկ»՝ 236.003, «Միկա»՝ 55.782, «Ալաշկերտ»՝ 34.327, «Ուլիս»՝ 21.454, «Արարատ»՝ 8.581, «Բանանց»՝ 4.290 եւ «Գանձասար-Կապան»՝ 4.290: Ի դեպ, Հայաստանի հավաքականում որքան շատ են ընդգրկվում արտասահմանյան թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներ, այնքան մեր ակումբները քիչ գումարներ են վաստակում: Զարմանալի չէ, որ Անդորայի ակումբներն ավելի շատ գումար են վաստակել (564.859) Եվրո-2016-ի հաշվին, քան՝ մերոնք: Հիշեցնենք, որ «Միկա» եւ «Ուլիս» ակումբներն անցած տարվա ամռանից կազմալուծվել են եւ այլեւս չեն գործում:

«Փյունիկ»-«Շիրակ» խաղում հաղթող չեղավ

Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկ»-ն ու Գյումրիի «Շիրակ»-ը հավաքի վերջին օրն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ստուգողական հանդիպում անցկացրին: 1-ին խաղակեսում նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց «Փյունիկ»-ի հարձակվող Ռազմիկ Հակոբյանը, 2-րդ խաղակեսում գյումրեցիների կազմում հաշիվը հավասարեցրեց Մուհամեդ Կաբան` 1:1: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց:

Նոր մրցաշրջանի գարնանային հատվածին թիմերն արդեն կպատրաստվեն արտասահմանյան ուսումնամարզական հավաքում:

«Կռիլյա Սովետով»-ը հրաժարվել է մրցել մեր չեմպիոնի հետ

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ» ֆուտբոլային թիմն առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել Անթալիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի շրջանակներում: Մրցակիցը Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջատարներից մեկն էր՝ Լենինգրադի մարզի Տոսնո քաղաքը ներկայացնող համանուն թիմը: Մեր թիմը խաղասկզբում 2 կոպիտ սխալ է թույլ տվել պաշտպանությունում եւ արդեն 15-րդ րոպեին մրցակիցը 2 գնդակի առավելություն է ունեցել: 0:2 հաշիվը պահպանվել է մինչեւ խաղավերջ: Հանդիպման ընթացքում գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը խաղադաշտ է մտցրել հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին: Հաջորդ ստուգողական խաղն «Ալաշկերտ»-ը պիտի կանցկացններ փետրվարի 6-ին, սակայն փոխվել է թիմի մրցակիցը: Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի ղեկավարությունը պաշտոնական գրությամբ դիմել է «Ալաշկերտ»-ին, որում իրենց հարկադրական հրաժարումն այդ խաղից պատճառաբանել է մեծ թվով ֆուտբոլիստների վնասվածքներով: Հնարավոր է «Ալաշկերտ»-ը մրցակցի Սերբիայի Սուպեր Լիգան ներկայացնող «Նապրեդակ» թիմի հետ: Կրուշեւացա քաղաքի այս թիմը Սերբիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը:

Հայ բասկետբոլիստներն իրենց վստահ մրցելույթներով կարեւոր միավորներ են վաստակել

NCAA-ի հերթական տուրում «Իդահո Վենդելսը», որի կազմում հանդես է գալիս Արկադի Մկրտիչյանը, 81-67 հաշվով հաղթանակ է տոնել «Սակրամենտո Սթեյթ»-ի նկատմամբ: Արկադին խաղադաշտում անցկացրել է 27 րոպե եւ վաստակել 15 միավոր: «Իդահո Վենդելս»-ը 22 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Մայք Հակոբյանի «Սուֆոլկը» 86-62 հաշվով առավելության է հասել «Էմանուել» ակումբի նկատմամբ: Մայք Հակոբյանը խաղադաշտում անցկացրել է 32 րոպե եւ վաստակել 10 միավոր:

«Վինտվորտ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 70-64 հաշվով հաղթել է «Վեստերն Նյու Ինգլանդ» ակումբի նկատմամբ: Մեթը խաղադաշտում անցկացրել է 21 րոպե եւ վաստակել 4 միավոր:

«Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 82-52 հաշվով առավելության է հասել «Սենթ Ջոզեֆ» ակումբի նկատմամբ: Մեթյուն խաղադաշտում անցկացրել է 23 րոպե եւ վաստակել 7 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 75-73 հաշվով հաղթել է «Ռիփոն» ակումբին: Արամը խաղադաշտում անցկացրել է16 րոպե եւ վաստակել 3 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեւր»-ը 88-82 հաշվով պարտության է մատնել «Բեթյուն Կուկմեն»-ին: Արտյոմը խաղադաշտում անցկացրել է13 րոպե եւ վաստակել 3 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆես»-ը բասկետբոլի Եվրոլիգայի 21-րդ փուլի շրջանակներում 86-72 հաշվով առավելության է հասել «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ: Դանսթոնը խաղադաշտում է անցկացրել 26 րոպե եւ վաստակել 16 միավոր: 21-րդ փուլից հետո «Անադոլու Էֆես»-ը 8-րդ հորիզոնականում է:

Մարզասեր-դասախոսները որոշեցին 2016թ լավագույններին

Ավարտվեցին «Դասախոսական գավաթ-2016» միջբուհական մարզական խաղերը: Երեւանի տարբեր բարձագույն հաստատությունների դասախոսներից կազմված թիմերը մրցեցին չորս մարզաձեւում: Շախմատի եւ հրաձգության մրցումներում  լավագույն ճանաչվեց մանկավարժական համալսարանի թիմը: Սեղանի թենիսում բոլորից հաջող հանդես եկան պոլիտեխնիկական համալսարանի դասախոսները: Խաղերի գլխավոր մրցաշարում՝ վոլեյբոլում, հաղթանակ տարավ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի թիմը՝ ՖԻՄԱ-ն:

Հաղթողները եւ մրցանակակիրները պարգեւատրվեցին համապատասխան գավաթներով, դիպլոմներով եւ նվերներով (շախմատի խաղատախտակ եւ խաղաքարեր, սեղանի թենիսի ռակետներ, վոլեյբոլի գնդակներ եւ այլ մարզական պարագաներ):

Հայաստանը 22-23-րդ տեղերը բաժանել է Շվեդիայի հետ – Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվել է 28-րդ ձմեռային Ունիվերսիադան

Այս տարի 85 կոմպլեկտ մեդալների համար պայքար է մղել 54 երկրների 1613 մարզիկ-մարզուհի, որոնք 17-28 տարեկան են եւ սովորում են բարձրագույն հաստատություններում:

Մեդալների հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, որի պատվիրակները ընդհանուր առմամբ վաստակել են 51 պարգեւ: Ուսանողական սպորտը լավ է զարգացած նաեւ Ճապոնիայում (25 մեդալ) եւ Ղազախստանում (23 մեդալ):

Հայաստանն այն 23 երկրներից մեկն է, ում ներկայացուցիչը նույնպես մրցանակային տեղ է զբաղեցրել Ունիվերսիադայում: Մենք 1 բրոնզե մեդալով Շվեդիայի հետ բաժանում ենք 22-23-րդ տեղերը: Հիշեցնենք, որ մեր դահուկորդ Սերգեյ Միքայելյանը 3-րդ արդյունքն էր ցույց տվել 10կմ ազատ ոճի դահուկավազքում:

Չինացին ոտքով 1700 կմ է անցել՝ Ամանորին հասնելու համար

Ֆիտնես-հրահանգիչ Չեն Չժիցզյուն  մեկ ամսում ոտքով ավելի քան 1700 կմ է անցել, որպեսզի չինացիների ամենասիրելի տոնը՝ Ամանորը դիմավորի ընտանիքի հետ: Չինաստանում լուսնային օրացույցով Նոր տարին կամ գարնան տոն «Չունցզեն» այս տարի համընկել է հունվարի 28-ի գիշերվան:

Չեն Չժիցզյուն գիշերները մնացել է հյուրանոցներում, իսկ առավոտյան շարունակել ճանապարհը։ Ճանապարհին նա հագել է 3 զույգ կոշիկ։ Այդ ժամանակահատվածում տղամարդը ծախսել է ավելի քան 1300 դոլար։

Օլիմպիական չեմպիոնը մինչեւ աշխարհի առաջնության մեկնելը չի համբուրի հարսնացուին

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, նորվեգ բիաթլոնիստ Էմիլ Հեգլե Սվենդսենը հայտարարել է, որ արդեն 2 ամիս է չի համբուրել իր հարսնացուին, որպեսզի խուսափի հիվանդություններից եւ փետրվարի 9-19-ը կայանալիք մարզաձեւի աշխարհի առաջնությանը ներկայանա լիարժեք առողջ: Այս մասին տեղեկացնում էlenta.ru-ն:

«Մենք չենք համբուրվել դեկտեմբերից ամսից սկսած: Ամեն ինչ անում եմ` չհիվանդանալու համար: Այդ մասին հեշտ է մոռանալ, խոսքը մի քանի ամսվա մասին է: Գրպանումս միշտ պահում եմ հակաբորբոքային դեղամիջոցներ, քանի որ ինձ համար գլխավորն առողջ լինելն է»,- ասել է մարզիկը:

Սվենդսենի հարսնացուն` Սամանտա Սկուգրանդն ընդգծել է, որ նախաձեռնության հեղինակն ինքն է հանդիսանում:

«Հազվադեպ եմ հիվանդանում, բայց, միեւնույն ժամանակ, հասկանում եմ, որ կարող եմ հետս մանրէներ բերել տուն, իսկ մարզիկները շատ խոցելի են: Էմիլը վերջին տարիներին շատ է հիվանդացել, իսկ ես չեմ ուզում նոր հիվանդությունների պատճառ դառնալ»,- պատմել է Սամանտան:

«Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումներին միացավ նաեւ Հրազդան քաղաքը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումները շարունակվում են եւ ընդլայնում աշխարհագրությունը: Մարզումներին է միացել նաեւ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքը: Տեղի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնում առաջին անգամ անցկացվել են մասսայական մարզումներ՝ բոլոր ցանկացողների համար: Մարզումները լինելու են ամեն կիրակի, ժամը՝ 11.00-ից 13.00-ը:

Հիշեցնենք, որ «Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական մարզումները մեկնարկել են 2016թ. հոկտեմբերին եւ մինչեւ դեկտեմբեր ամիսը անցկացվել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին կից այգում:

2016թ. դեկտեմբերի 3-ից երեւանյան մարզումներն անցկացվում են «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում: Մասսայական մարզումների մարզային փուլը մեկնարկել է ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում:

Լոնդոնում կայացավ երկար սպասված H2O Data Seminar-ը

Խաղային ինդուստրիայի ամենահեղինակավոր միջոցառման` ICE Totally Gaming 2017-ից առաջ, երեկ երեկոյան Լոնդոնում տեղի ունեցավ երկարսպասված H2O Data Seminar-ը, որը կազմակերպել էին հայկական արմատներով BetConstruct ընկերությունը եւ Բրիտանական SBC events-ը:

Բացման խոսքով հանդես եկավ BetConstruct ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը՝ իր խոսքում անդրադառնալով սպորտային տվյալների կարևորությանը եւ խաղային ինդուստրայի համար տվյալների բազայի՝ ջրի նման կենսական լինելուն: Այնուհետեւ ելույթներ ունեցան ոլորտի առաջատար մասնագետները:

Երեկոյին ներկա էին հատուկ հյուրեր, ֆուտբոլի կենդանի լեգենդներ Ռուդ Գուլիտն եւ Ջոն Բարնսը, ովքեր անմիջական զրույցում խոսեցին նաեւ թե՛ մեր օրերի, թե՛ իրենց ժամանակների ֆուտբոլի եւ առահասարակ սպորտի մասին:

Սեմինարի ավարտից հետո Վիգեն Բադալյանը մեր թղթակցին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ այս միջոցառման բացառիկությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ խաղային ինդուստրիայի մասնագետները հնարավորություն ունեցան մեկ հարկի տակ քննարկել սպորտային տվյալների կարևորության եւ միջազգային խաղային շուկայի դիվերսիֆիկացման մասին: Հիշեցնենք, որ BetConstruct-ը Հայաստանում բացառիկ իրավունքով սպասարկում է միայն Վիվառո ընկերությանը:

ՀՀ նախագահն այցելել է Երեւանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբ

Նախագահ Սերժ Սարգսյանն օրերս Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում հիմնված «Ռիբոկ» սպորտային ակումբ: Երկրի ղեկավարի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահը ակումբի հիմնադիր-ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սպորտային ակումբում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, շինարարության մեկնարկից՝ 2015թ. մինչ օրս իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, սպորտային ակումբի հնարավորություններին, ամենատարբեր մարզաձեւերում հանրությանն առաջարկվող ծառայություններին եւ հետագա զարգացման ծրագրերին:

Պատասխանատուների հավաստմամբ, «Ռիբոկ» սպորտային ակումբի բացումը նախատեսվում է 2017թ. ապրիլին: 2017-2020թթ. ընթացքում կստեղծվի 120-300 նոր աշխատատեղ՝ միջինը 200.000 դրամ աշխատավարձով։ Ծրագրի արժեքը 23 մլն եվրո է, որից մինչ այժմ ներդրվել է շուրջ 19,5 մլն եվրո։ Ակումբի հիմնումը իրականություն է դարձել աշխարհահռչակ «Ռիբոկ» ապրանքանիշի հետ ֆրանչայզինգի պայմանագրի կնքմամբ:

Տարածաշրջանում ամենամեծ՝ «Ռիբոկ» սպորտային ակումբը, որի հնարավորությունները թույլ են տալիս տարեկան սպասարկել շուրջ 15.000 մշտական հաճախորդի, «Ռիբոկ» ապրանքանիշից բացի, հանդիսանում է 2 այլ աշխարհահռչակ ընկերությունների՝ կանադական «Ուայթ Վոթեր Վեստ Ինդաստրիզ» եւ ֆրանսիական «Տալիոն» բրենդի պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ստեղծել նաեւ վնասվածքներով պրոֆեսիոնալ մարզիկների եւ ոչ պրոֆեսիոնալների համար նախատեսված վերականգնողական մարզման կենտրոն՝ հագեցած ոլորտի նորագույն սարքավորումներով:

Ծրագիրն իրականացվում է «Թայգր Գրուպ» ՍՊԸ-ի կողմից, որի հիմնադիր-ղեկավարներն են Արմենուհի եւ Պետրոս Գեւորգյանները: Հիմնադիրները նշում են, որ Երեւանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող «Ռիբոկ» սպորտային ակումբի հիմնման նպատակն է ակտիվացնել սպորտային կյանքը, խթանել առողջ ապրելակերպի ձեւավորմանը եւ Հայաստանը դարձնել սպորտի տարածաշրջանային կենտրոն։

Ակումբը տեղակայված է 15.000 քմ տարածքի վրա։ Եռահարկ շինության մակերեսը կազմում է 8.000 քմ։ Այն ունի նաեւ ընդարձակ ավտոկայանատեղի (4.000 քմ) նախատեսված ավելի քան 400 ավտոմեքենայի համար։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 5 (438), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։