«Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…

Մենք եւ մեր կենցաղը.- Ի՞նչ ուտել՝ ասենք ձու՞կ, թե՞ ձկնանման ուտեստ – Եվ ի՞նչ են նշանակում E-ով մակնշումները

Երբ անդրադառնում էինք գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքի խնդիրներին, նկատեցինք, որ ՀՀ-ն դեռ բավականաչափ աղտոտված չէ եւ կարող է բնապահպանապես մաքուր մթերք արտադրել: Բայց քանի որ այսօր մեր շուկայում էլ կան ոչ մաքուր, հավելումներով մթերքներ, փորձենք հասկանալ, թե ինչ ենք ուտում: Օրինակ՝ մեր շուկայում կա մեծածավալ սննդամթերք՝ E-ով մակնշմամբ: Ի՞նչ է դա նշանակում:

Նախ ասենք, որ հավելում ասվածից արդի աշխարհում վախենալ պետք չէ: Առանց հավելումների՝ ժամկետի խնդիր չենք կարող լուծել: Խնդիրն այն է, թե ինչ չափաքանակով են այդ հավելումները:

Կան թույլատրելի սննդային հավելումներ, այդ հավելումների թույլատրելի չափաքանակներ են սահմանված, եւ դրանց մասին իմանալ պետք է:

Բայց մինչ այդ ասենք, որ, փաստորեն, սպառողը, եթե հոգում է սեփական առողջության մասին, ապա գնումներ կատարելիս, այսպես ասենք, պետք է ընթերցանությամբ զբաղվի՝ ուշադիր հետեւելով մակնշումներին: Ու գնումների այլեւս ժամանակատար գործընթացն էլ չպետք է ժամանակի վատնում համարի, քանզի առողջությունից թանկ բան չկա:  

Այսպիսով հարկ է իմանալ, որ եթե մթերքի մակնշման վրա կա E դասիչը, ապա սա նշանակում է, որ տվյալ մթերքը սննդային հավելում է պարունակում: Կան սննդային հավելումներ, որոնք թույլատրվում են (քանի որ դրանք շատ են, կարծում ենք, ընթերցողը կարող է սա կտրել ու պահել մոտը՝ դարձյալ սեփական առողջության մասին հոգալով):  Ահա եւ թույլատրելի սննդային հավելումներից մի քանիսը՝ E 100, որ կուրկումինն է (Curcumin սննդային հավելման լատինական գրառման ձեւը), E 101 – ռիբոֆլավիններ (Riboflavins), E 131- պատենտավորված կապույտ V, E 133 – փայլուն կապույտ FCF, E 140 – քլորոֆիլներ, E 150c – շաքարի կոլեր III, ստացված ամոնիակային տեխնոլոգիայով, E 153 – բուսական ածուխ, E 170 կալցիումի կարբոնատ, E 171 տիտանի երկօքսիդ, E 172 – երկաթի օքսիդներ, E 173 -ալյումինիում, E 174 – արծաթ, E 175 – ոսկի, E 220 – ծծմբի երկօքսիդ, E 221 – նատրիումի սուլֆիտ, E 260 – քացախաթթու, E 284 – բորաթթու, E 290 – ածխածնի երկօքսիդ, E 296 – խնձորաթթու, E 330 – կիտրոնաթթու, E 422 – գլիցերին, E 445 – գլիցերինի եւ խեժաթթուների եթերներ, E 905 – մանրաբյուրեղային մոմ, E 948 – թթվածին, E 949 – ջրածին:

Կառավարությունը սահմանել է նաեւ մեր երկրում արտադրվող եւ իրացվող սննդամթերքում թույլատրվող սննդային հավելումների օգտագործման հավելումների առավելագույն թույլատրելի չափաքանակները: Օրինակ, E 950 դասիչը, որ կալիումի ացեսուլֆամն է եւ գործածվում է որպես քաղցրացուցիչ, համի եւ բույրի ուժեղացուցիչ, կաթնային հիմքով ըմպելիքներում 1 կգ-ում առավելագույն չափաքանակը, որ կարելի է օգտագործել 350 մգ-ն է: Այս E 950-ը ջեմերում, դոնդողներում կամ մարմելադներում 1 կգ-ում առավելագույն թույլատրելի չափաքանակը 1000 մգ է:

E 129 սննդային հավելումը, որ կարմիր հրապուրիչ ներկանյութն է, հալած պանրի 1կգ-ում կարելի է օգտագործել 100 մգ-ից ոչ ավելի, հրուշակեղենի 1 կգ-ում 300 մգ-ից ոչ ավելի, զարդարանքի եւ երեսպատման մթերքներում 1 կգ-ում 500 մգ-ից ոչ ավելի: Իսկ ահա ջերմային մշակման ենթարկված աղացած մսից, թռչնամսից եւ վայրի կենդանիների մսից արտադրանքում 1 կգ-ում առավելագույն չափը, որ կարելի է գործածել, 25 մգ-ն է: E 210, E 211, E 212, E 213 սննդային հավելումները, որոնք տեխնոլոգիական գործառույթով ծառայում են որպես պահածոյացնող նյութ, ասենք ձիթապտղի հիմքով պատրաստուկներով 1 կգ-ում թույլատրվում են 500 մգ-ից ոչ ավելի, խոհարարական մշակման ենթարկված բանջարեղենում (ներառյալ՝ սնկերը, արմատապտուղները, պալարապտուղները) 1 կգ-ում առավելագույն թույլատրելի չափաքանակը 2000 մգ է, ապուրներում եւ արգանակների 1 կգ-ում՝ 500 մգ, բուրավետիչներով ոչ ոգելից ըմպելիքներում՝ 150 մգ, 1 լ կեգերով գարեջրում, որում խմորված շաքարի եւ (կամ) մրգային հյութերի կամ խտանյութի պարունակությունը ավելի է 0.5%-ից, թույլատրելի չափաքանակը 200 մգ-ն է:

E 100-ը, որ ներկանյութ է, առավելագույնը 20 մգ է թույլատրվում աղացած մսից, թռչնամսից եւ վայրի կենդանիների մսից արտադրանքի 1 կգ-ում, 100 մգ՝ ձկան եւ խեցեմորթերի պաշտետի 1 կգ-ում:

Տեղեկացնենք նաեւ, որ, ըստ սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի, մեր երկիր ներմուծվող սննդային հավելումների մակնշումը պետք է համապատասխանի սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձեւերին եւ բովանդակությանը ներկայացվող որոշմամբ սահմանված պահանջներին: ՀՀ-ում իրացվող սննդային հավելումների մակնշման ժամանակ կնշվի E դասիչը եւ անվանումը: Համակցված սննդային հավելումներում երկու կամ ավելի սննդային հավելումների առկայության դեպքում դրանց անվանումներն ու քանակները պետք է ներկայացվեն ցանկով՝ ըստ տարայի ընդհանուր պարունակությունում դրանց տեսակարար կշռի ցուցանիշի նվազման:

Սպառողները պետք է հիշեն, որ E 127, E 154, E 160b, E 161g, E 173 եւ E 180 սննդային հավելումների (ներկանյութեր) իրացումը մանրածախ առեւտրի կետերում արգելվում է: 

Արգելվում է նաեւ E 425 սննդային հավելման օգտագագործումը դոնդողանման հրուշակեղենում եւ  փոքր տարաներում փաթեթավորված դոնդողներում:

Արգելվում է E 400, E 401, E 402, E 403, E 404, E 406, E 407, E 407a, E 410, E 412, E 413, E 414, E 415, E 417, E 418 եւ(կամ) E 440 սննդային հավելումների օգտագործումը փոքր փաթեթավորմամբ (մեկանգամյա ուտելու համար) դոնդողներում, դոնդողանման հրուշակեղենում:

Կան նաեւ սննդային հավելումներ, որոնց համար առավելագույն չափաքանակներ չեն սահմանվում (բացառությամբ, երբ դրանք օգտագործվում են որոշ սննդամթերքներում): Դրանցից է E 170 կալցիումի կարբոնատը, E 172 երկաթի օքսիդները, E 174 արծաթը, E 175 ոսկին, E 260 քացախաթթուն, E 296 խնձորաթթուն: Խոսքն, իհարկե, չի վերաբերում այնպիսի սննդամթերքի, ինչպիսին կաթն է, թանը, մանրէազերծված սերուցքը, շիճուկային պանիրները, կարագը, մարգարինը, թարմ պտուղները, ալյուրը եւ օսլան, թարմ մակարոնը, արիշտան, թարմ միսը, թռչնամիսը, մսամթերքը, մրգային եւ բանջարեղենային հյութերը:

Փորձեցինք հիմնականում օրինակներ մեջբերել այն տեսականուց, որ երեւանյան սուպերմարկետներում առկա է՝ փաթեթավորմամբ գրավիչ (կաթնային հիմքով ըմպելիքները օրինակ), գնային տեսակետից մատչելի (պաշտետները), ամռան տապին գարեջրի հետ հաճախակի գործածվող (տարատեսակ մսային աղի ուտեստներ), որպեսզի սպառողն ինքը ապրանքի մակնշմանը ուշադիր լինի, փորձի հասկանալ, թե տվյալ ապրանքի ինչքան մասն է բնական, ինչքանը՝ արհեստական, ինչքանը՝ սննդային հավելումներով, ներկանյութերով լի: Կամ՝ որպեսզի սպառողն ինքը կողմնորոշվի՝ ի վերջո՝ որն է լավ՝ մեկ ձուկ գնե՞լը, թե՞ ձկնային երեք տուփ ուտեստ, որի կեսը սննդային հավելում է, ընդ որում նկատենք, որ այդ ուտեստը կարող է պարունակել մի քանի սննդային հավելումներ միասին՝ ներկանյութեր, բույրի ուժեղացուցիչներ, համի կայունացուցիչներ եւ այլն: Հիշենք, աշխարհը (այս պարագայում նկատի ունենք Եվրոպան, քանզի ԱՄՆ-ն դեռ մի բան էլ խրախուսում է, ասենք, տրանսգեն ձեւերով մշակաբույսեր աճեցնելուն) վաղուց փորձել է ոչ լիովին բնական սնունդը, զգացել դրա հետեւանքները եւ կրկին փորձ է անում վերադառնալ բնականին, անարատին: Հայաստանն ունի այդ բնականը ու դեպի արհեստականը գնալու հարկ ամենեւին չկա:

Եվ վերջում՝ տողերիս հեղինակը, որպես սպառող, գերադասում է մեկ փոքրիկ տեղական՝ 990 դրամանոց ու 300 գրամանոց հավի ճուտը մեծ տռզած ամերիկյան կամ բրազիլական՝ 900 դրամանոց ու 1,5 կգ-անոց հավից, որ, այդպես էլ ճուտ չի եղել- միանգամից մեծացել, զանազան մշակումների է ենթարկվել օրերով ճանապարհին լինելու ու ամիսներով էլ խանութներում մնալու եւ արտաքին տեսքը չկորցնելու համար: Հավատացեք, վերջնահաշվում շահողը ես եմ լինելու՝ անգամ գնային առումով:

Աստղինե Քարամյան

Հ.Գ. – Ռուսաստանում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների եւ սննդային հավելումների գործածման դեմ մի իսկական արշավ է սկսվել: Այն, ինչի մասին գիտանականները չեն համարձակվում խոսել, բարձրաձայնում են բնապահպանները, հասարակական կառույցները, որոնք տարբեր զլմ-ների օգնությամբ տեսողականի վրա ազդելու հետաքրքրիր քայլեր են ձեռնարկում: Ասենք՝ տպագրում են սագակերպ խոզի կամ շնակերպ դեմքով աղջկա լուսանկար եւ մակագրում, թե սա է ԳՁՕ-ներ ու սննդային հավելումներ գործածողների ապագան: Ընդունենք՝ ոչ բնական սնունդ ընդունողների վրա ազդելու համար ճիշտ ու դիպուկ  հակագովազդ է՝ բայց սերունդների առողջության, ասել է թե՝ պետության վաղվա օրվա մասին մտածող:

Էլի պարտք ենք վերցնելու…

Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել: Դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար:

Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նկատեց, թե քանի դեռ պետությունն իր հարկաբյուջետային քաղաքականության շրջանակում ունի պակասուրդ, ակնհայտ է, որ դրամածածկման աղբյուրը պարտքի ներգրավումն է. «Եթե քո խնայողություններն ավելի պակաս են, քան ներդրումները, բնականաբար, դու պետք է օգտագործես նաեւ արտաքին խնայողությունները կամ պարտք վերցնես: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է»:

Տարատեսակ ճշմարտությունները թողնեմ ու մի հարց տամ. ինչպես կարող է վտանգավոր չլինել, երբ մինչեւ 2020թ.-ն, իսկ դա սարերի հետեւում չէ, Հայաստանը ընդհանուր պարտքից շուրջ 500 մլն դոլարի պարտադիր մարում պետք է անի:

Ի պատասխան Վարդան Արամյանը նախ ասաց, որ հնարավոր է այդ ժամկետը հետաձգվի, ապա պարզաբանեց. «Ամբողջ աշխարհում կա ընդունված «բութ մատի» կանոն: Դա պարտքի կառավարման ռազմավարությունն է, եւ այն ամբողջ աշխարհում կա, այնպես չէ, որ պարտավորված ես լինում այդ պարտքն ամբողջությամբ մարել:

Միգուցե մինչեւ 2020թ. նախատեսված 500 մլն-ի մի մասը մարենք, մյուսը հետաձգենք ավելի հեռու»:

2017թ. վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 6,34 մլրդ դոլար, կամ՝ ՀՆԱ-ի 56,8%-ը։

Լուսանցք» թիվ 5 (438), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։