Տրնդեզ. Արեւխաչի, Արարման ծիսակարգ. (Կարինե Հայրապետյան) – Արեւապաշտության գաղափարը… Արամ Նահապետը՝ Արիական գաղափարախոսության հիմնադիր… Տըրընդեզ, «Տէրն ընդ ձեզ» ծիսական տոնի գաղափարը… Տրընդտեսը՝ Սիրո, սերնդատվության օծման արարողակարգ… Տրնդեզ. ավանդույթներ՝ կրակի լեզվով…

Տիրընդտեսը կամ Տէրընդտեսը Արեւի խորհրդին նվիրված ծիսակարգ է, հրատոն:

Տէրընդտեսը ներկայանում է որպես Արեւպաշտական հավատքի, Արեւաստվածների, Արեւի խորհուրդը Երկրի վրա՝ միակ արարողակարգը, հուր-կրակի միջոցով: Տիրընդտեսը Արեւ-Հուր-կրակ շրջանի ծես է, ավանդական հայ ընտանիքի Սիրո, ամուսնության, պտղաբերության, բարեբանումի, օրհնանքի, օծման, մաքրագործման արարողության ծիսակարգ:

Տերընդտես կամ Տիրընդտեսի անունը կապվում է Տիր Աստծո հետ:

Հայոց Տիր/Տիւր Աստվածանունը արտահայտում է Տիր-*dei- *diur-,*dir-, Տիւ-լույս-օր-ցերեկ-Երկինք իմաստը: Տիրը լույսի, գրի, արվեստների, երկրագործության եւ պտղաբերության հովանավոր Աստվածն է:

Տէրընդտես կամ Տիրընդտես, Տրնդէզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տառինջ եւ բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը վաղ ժամանակներից նշում է փետրվարի 13-14-ին:

Հայկական լեռնաշխարհում տարբեր ժամանակաշրջաններում ձեւավորված 4 պետական դիցարանները կրում են Արեւապաշտության գաղափարը.

  1. Հայասական-Կիցցուվադանա,
  2. Արատտա-Ուրարտու-Վան-Բիայնա-Նայիրի,
  3. Հայկական Լեռնաշխարհում ձեւավորված Արեւելքի Վարդապետություն հավատքի Դիցարան, որը հետագայում ստացել է հելլենա-հռոմեական «հայ» հեթանոսական դիցարան անունը, որտեղ իրար են խառնել տարբեր ժողովուրդների ու ազգերի Աստվածների:
  4. Արեւելքի Վարդապետություն, Առաքելական-Լուսավորչական հավատ, Քրիստոնեական կրոն, Քրիստոս եւ սրբեր:

Հայոց բոլոր դիցարաններն էլ ունեցել են Միաստվածության գաղափարը, եղել են Ար-Արեւակիր դիցարաններ, Գերագույն Աստվածը ներկայացել է որպես Ար-Արեւ կամ Արեւաստված: Մեզ հայտնի գլխավոր Արեւաստված-Դիցերն են՝ Արամ, Արա Գեղեցիկ,, Թեյշիբանի, Արեգ-Շիվինի, Ադարութհա, Խուտուինի, Արամազդ, Վահագն, Միհր, Տիր, Haldini Alsiuse-Հալդինի Ալսիուսե, Միհրին, Քրստոս Հիսիուս, Անահիտ, Աստղիկ, Նանե, Սանդարամետ: Տերընդտեսի հրատոնը նվիրված է բոլոր Արեւ-Դիցերին:  

Ինչու՞ են հայերն իրենց համարում Արեւապաշտներ, եւ ինչու՞ են Հայոց Աստվածները համարվում Արեւաստվածներ:

ԷՆԿԻ-ԷԱ-ՀԱՅԱՆ Մեծ լույս Արեւ, առավոտյան շողարձակող աստղը, նաեւ Իմաստնության Աստվածը, Մեծ լույս Արեւի տիտղոսը կրելու իրավունքը փոխանցեց Նախաջրհեղեղյան Ութերորդ Արքա Ուբարատ-Ութուին:

Նախաջրհեղեղյան ութերորդ Արքա Ուբարատ-Ութուն, նա ով Մեծ լույս Արեւի տիտղոսի իրավունքը կրողն էր Երկրի վրա, ով նաեւ Քուրմ էր երկրի վրա, Արարչի իրավունքով, ջրհեղեղից առաջ այդ իրավունքը փոխանցեց իր որդուն՝ Քսիսութհրոս-Նոյ-Նոահին: Քսիսութհրոս-Նոյ-Նոահը Մեծ լույս Արեւի տիտղոսը կրելու իրավունքը փոխանցեց Հաբեթին, Հաբեթը այդ տիտղոսը կրելու իրավունքը փոխանցեց Հայկ Նահապետին:

Լուսնապաշտ Բելը չհամաձայնեց եւ պատերազմեց, փորձեց մենամարտի միջոցով Հայկից վերցնել Մեծ լույս Արեւի տիտղոսը կրելու իրավունքը, որը մինչեւ այսօր էլ շարունակվում է:

Հայկի եւ Բելի մենամարտի ժամանակ վճռվում էր Մեծ լույս Արեւի տիտղոսը կրելու իրավունքը:

Հայկի եւ Բելի մենամարտի օրը Էնկի Հայայի որդին՝ Էն Մեծ Արամման, Հայոց պետականադիր Նահապետ Արամը, Հայկին տվեց Երկնային կայծակ աղեղը: Հայկը Երկնային աղեղով հաղթեց Բելին, հաստատեց Մեծ լույս Արեւի տիտղոսը կրելու իրավունքը երկրի վրա եւ փոխանցեց իր ազգին: Հայ Աստվածների սերնդափոխության ժամանակ Մեծ լույս Արեւի տիտղոսը կրելու իրավունքը փոխանցվեց Haldini Alsiuse-Հալդինի Ալսիուսեին, Միհրին, Քրիստոս Հիսիուսեին:

* * *

ԱՐ՝ Ա–Արեւ, Ր-Րոպե

Արամ Նահապետը՝ Արիական գաղափարախոսության հիմնադիր

Արեւի ԱՐ-ԱՐԻ արիական գաղափարը արարված է հայոց մեջ, հայ ինքնագիտակ ցության արգասիք է, արեւի եւ լույսի գաղափարագիրը:

ԱՐ-ՐԱ անունները եւ նրանց արիական գաղափարախոսությունը կարող ենք միայն հայերենով մեկնաբանել:

Ա – Արեւ:

Ր – Րոպե:

ԱՐ-ՐԱ Արեւապաշտական ժամանակաշրջանի Արեւի գաղափարագիրը:

Ա- հայերենում Արեւի գաղափարագիրն է,  սկզբանատառը: Միայն Հայերենում է, որ «Ր» տառով սկսվող միակ բառը ժամանակի միավոր՝ Րոպեն է: Րոպեն ունի ժամանակ իմաստը: Մարդկության պատկերացումներում Աստված պատկերված է գավազանով, որը «Ր» տառի նմանակումն է: Խոսքը Հայկյան արեգակնային ժամանակաշրջանի գաղափարագրի եւ գաղափարախոսության մասին է:

ԱՐ-գաղափարախոսության հիմնադիրն է Հայոց Պետականադիր Արամ Նահապետը-Արարու, Էն Մեծ Արամմա, Արամազդը անուններով: Արամ անունը նշանակում է ԱՐ-Արեգակնային Րոպե եւ ԱՄ-տարի, որն ունի նաեւ Արեգակնային օրացույց հասկացությունը:

ԱՄ-ը նշանակում է տարի եւ Արամ Աստծո ԱՄ-Այծեղջյուր-տոտեմ խորհրդանիշն է:

* * * 

Տըրընդեզ, «Տէրն ընդ ձեզ» ծիսական տոնի գաղափարը

Հայտնի է, որ հնագույն բնակավայրերը եղել են կլոր եւ քառակուսի: Կլորը եղել է Երկրի խորհրդանիշը, իսկ Քառակուսին՝ աշխարհի 4 կողմերի: Ըստ Վարդան Լալայանի՝ անմար հրո պաշտամունքային վայրեր էին հրապարակները. «հրա-պար-ակ» հուր-ակ-պար, որը նշանակում է շրջան բազմած պար հուր-ակի շուրջը, նշանակում է «հրո շրջան», որտեղ տոնվում էր Տրնդեզը՝ Հրադեզ-հրատոնը:

Հրապարակի վրա կազմած Արեւի հրո շրջանը ունի ութաթեւ Արեւ-կեռխաչի գաղափարական իմաստը: Արեւի հավերժության իմաստը Հայոց ութաթեւ աստղն է եւ հավերժության ութաթեւ նշանը, որն իմաստավորում է աշխարհը՝ ութ կողմերով հանդերձ: Ութաթեւ աստղը կազմում են շեղված դիրքով զույգ քառակուսիները, որոնք նշանավորում են երկնքի եւ երկրի չորս կողմերը: Ութաթեւ աստղը ցուցանում է նաեւ բնության ութ տարրերի՝ եթերի, հրո, օդի, ջրի, հողի, մետաղի, քարի, փայտի փոխազդեցությունների խորհրդակարգը: Ութակողմ քառակուսիների մեջ է գտնվում ութաթեւ Արեւխաչը, որը Մեծ լույսի կամ Արեւի խորհրդանշանն է, Արեւի UTU գաղափարանշանը:

Տրնդեզի ծագումը կապված է հնագույն Արեւխաչի, Կեռխաչի գաղափարական իմաստի հետ եւ ութ Արեւդիցերի արարման, արեւածագի խորհրդի հետ: Տրընդտեսի Տոնը արտահայտում է Միհր-Արեւ Արդարության, Քրիստոս-Արեւ Արդարության, Վահագն-Արեւածագի, Տիր-Պայծառ լույս արեւ եւ Աստղիկ, Անահիտ, Նանե, Սանդարամետ Դիցերի օծումը եւ արարման խորհուրդը:

Տըրընտես, «Տէրն ընդ ձեզ» ծիսակարգի ժամանակ խորհրդավոր ութակողմ քառակուսու կամ կլոր շրջան հրապարակի մեջ խարույկ են վառում եւ կատարում են Սիրո, սերնդատվության, ծնունդի ծիսական արարողություն, թռչում են կրակի վրայից, կրակով մաքրվում են, կրակով օծվում են, ստանում են Հայոց ութ գլխավոր դիցերի Օրհնությունը:

* * *

Տրընդտեսը՝ Սիրո, սերնդատվության օծման արարողակարգ

Տեառնընդառաջի ծեսի հիմնական ծիսական արարողությունը կրակ վառելն է եւ կրակի վրայից թռչելը: Հրո շրջանի դիցական խորհուրդը կապված է գարնան զարթոնքի, բնության բերրիության, մարդկային ամենաբարձր զգացումի՝ Սիրո, ամուսնական կապերի, զուգավորման, պտղավորման, սերնդատվության հետ: Արեւի բոլոր դիցերի օրհնությամբ, կրակի, Արեւի ջերմությամբ հիմք է դրվում Ազգային ամենամեծ արարողակարգին՝ սերնդատվությանը:

Ծիսակատարության մասնակիցները թռչում են կրակի վրայով՝ այս կողմից այն կողմ, եւ թռչելու ընթացքում էլ կատարվում է կրակով սիրո արարման եւ օծման, սերունդ տալու, զավակ ունենալու ծնունդը, բարեբանումը, մաքրագործման օրհնությունը:

* * *

Տրնդեզ. ավանդույթներ՝ կրակի լեզվով

Վահագն եւ Աստղիկ դիցերը սիրո ու կրակի լեզվով են սեր խոստովանում:

Ըստ Հայոց ավանդույթների՝ հազարամյակներ շարունակ Վահագն եւ Աստղիկ դիցերը սիրո ու կրակի լեզվով են սեր խոստովանում:

Կրակի կարմիր բոցի գաղափարի, հնչյունական արտաբերման արդյունքում են ծնվել Վառք-Վարդ-Wuard-Word-Wort- բառերը (Հր. Աճառյան):

Հետաքրքիր է վառ-Վարդ բառ-ի եւ Wort, word–ի (անգլերեն՝ բառ, լուր, զրույց, խոստում) իմաստային եւ գաղափարական նմանությունը:

Բառի, խոսքի հետ է կապված նաեւ վարդ+ապետ բառը, վարդվառեալ ծաղիկ (Հր. Աճառյան):

Վարդ-վառեալ ծաղիկ-«Վարդ» վառեալ կարմիր ծաղիկը ծնունդ է Կարմիր կրակի եւ Կարմիր բոցի, ծնունդ է Վահագնակրակի, ծնունդ է Վահագնի եւ Աստղիկի Սիրո խորհրդի:

Հնախոսական բնիկ հայերեն՝ k^erdi-կ՛յերդի–կրակ-հուր-դից-դեզ միասնական ձեւից են առաջացել սեր-սիրտ-սիրդ–սերդ բառերը, որոնց ցեղակիցներ են գերմաներեն-herza, Herz- սիրտ, անգլերեն-Heart-սիրտ եւ այլն բառերը: Կրակի բոցի եւ Վառքի հետ էլ ծնվել է Հայոց վառ վարդը, Սերը, Սիրտը, Բառ ու Բանը: Հետագայում հայերի մոտ այն դարձավ Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոն, իսկ այլ ժողովուրդների մոտ՝ Սուրբ Վալենտինի:

* * *

 Տէրընդտեսի հիմնական ծեսը խարույկ վառելն է եւ այդ խարույկի շուրջ տոնակատարությունը:

Հայերի մեջ Տէրընդտեսը ծիսական արարողակարգ էր, իսկական ծիսական արարողություն: Առաջինը կրակին էին տալիս Կաղանդի առիթով զարդարուած Եղեւնին, որը պահում էին տներում մինչեւ Տրնդեզ: Ավանդույթի  համաձայն՝ Կաղանդի-Եղեւնին չէր կարելի գցել, նրա տանից դուրս հանելով կատարվում էր ծիսական հրավառություն, վերջանում էր մեկ ձմռան ծեսը, սկիզբ էր դնում Նոր զաթոնքի ծեսին:

«Տրնդեզին հրապարակում կրակին են տալիս Կաղանդ-Եղեւնի սուրբ ծառը: Կաղանդը բոցավառվում է, Հուր-բոցը հասնում է Երկինք, ջերմացնում է Երկինքը:

Ասում են՝ Կաղանդի հուրը երկնքում հասնում է Աստծուն, Դիցերին: Հրաշրջանի մասնակիցները նայում են երկինք, առաջին կրակի հետ գոչում են «Հուր ու Լույս քեզ Աստված» եւ ակնկալում Աստծո հուրը, կրակը, Արեւի ջերմությունը, օրհնանքն ու օծումը:

Աստված Տրնդեզի Րոպեից սկսած տաքացնում է եղանակը, երկարացնում է օրերը եւ Արեգակի շողքերը սկսում են ջերմացնել Երկիրը: Այդ օրը Արեգակը երդիկից մտնում է բոլոր նրանց տները, ում երդիկից կրակ կամ ծուխ է դուրս գալիս» (Տատիս պատմած ավանդազրույցը):

* * *

Տէրընդտեսի կրակը վառում էին անտառների ծառերի կոճղերով եւ ճյուղերով, ցորենի չորացած հասկերով, դեզի խուրձերով, այդտեղից էլ առաջացել է Տըրնդեզ անունը:

Կրակը վառելու ընթացքում կանայք սկուտեղի վրա դրված բերում էին  Տէրընդտեսի տոնական, ծիսական ուտելիքները՝ աղանձ, փոխինձ, չամիչ, ընկույզ, բոված սիսեռ եւ պտտեցնում էին կրակի շուրջը: Մեծ Տիկինը սկուտեղից բաժանում էր կրակի շուրջը հավաքված հրե շրջանի տոնի մասնակիցներին, իսկ սկուտեղի վրայի մնացած մասը, որն արդեն ստացել էր կրակի օրհնությունը, տանում էին ներս՝ խնջույքի սեղանի համար: Տոնական սեղանից բաժին էին հանում դրկիցներին, կարիքավորներին, անցորդներին, բռով լի աղանձը շաղ էին տալիս հավքին, տաճարներում փոխինձ ու աղանձ էին նվիրում էին Աստվածներին՝ Աստվածների  օրհնանքն ու բարեբանումը ստանալու ակնկալիքով:

Կրակը նստելու ընթացքում տոնախմբության մասնակիցները թռչում էին կրակի վրայով եւ շուրջպար բռնում կրակի շուրջը:

Տէրընդտեսի մասնակիցները հրապարակում արած ծիսական մեծ կրակից հանում էին այրվող փայտերը, որպեսզի իրենց տների բակերում էլ կրակ վառեն:

Տէրընդտեսին սկեսուրները «կրակին ի ցոյց տային հարսին-Տէրընտես» օրհնելու եւ օծելու, մաքրագործելու նպատակով: Եթե հարսը դեռ հայրական տանն էր ապրում, սկեսուրն ուղարկում էր նրան «բաժինքը»՝ ընկույզ, մրգեր, չամիչ, շաքար ու տարբեր զարդեր:

Տրնդեզի տոնի պահպանված հավատալիքներում՝ եթե չբեր կինը Վահագնակրակով, Տրնդեզի կրակով քղանցքը այրեր, անպայման կհղիանար եւ Վահագնի նման արու զաւակ կունենար:

Հասուն կանայք թռչում էին կրակի վրայով մաքրվելու եւ բարին տուն տանելու համար, տղամարդիկ կրակի վրայով ցատկելու միջոցով մաքրագործվում էին, իսկ երեխաները՝ չարեն ազատվելու նպատակով էին թռչում:

– Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ շուրջպար էին կատարում նորապսակների համար: Ութ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատում էին պարող նորապսակներին չարից պաշտպանելու համար, իսկ նորապսակները պարում էին այդ շրջանակի մեջ:

Տրնդեզի մոխիրը համարվում էր սրբազան: Հարսների բարեհաջող ծննդաբերության համար կանայք Տրնդեզի կրակի մոխիրը լցնում էին ջրի մեջ եւ խմեցնում էին հղի հարսին: Տրնդեզի մոխիրը խորհրդանշում էր առատություն, այն հաճախ  պահում էին կճուճների մեջ, որ տարին առատ լինի:

Նախատոնական արարողության ավարտին կատարվում է Անդաստանի ծիսական արարողություն, որի ընթացքում քուրմը կամ վարդապետը կամ ընտանիքի, գերդաստանի նահապետը օրհնանքի, բարեբանումի խոսքեր, աղոթք էր ասում: Օրհնում են աշխարհի չորս ծագերը, կատարվում է արտերի եւ այգիների օրհնություն՝ որպես ազդարարում ձմռան ավարտի եւ բնության զարթոնքի՝ գարնանամուտի:

Տէրընդեզ, Տըրընդեզ, Տիրընտես, Տէրընտես ծագել են «Տէրն ընդ ձեզ» անվանումից։ Տիրընտես, Տէրընտեսը խորհրդանշում է Վահագն Աստծո ծնունդը, որի երկունքը տեւել է 40 օր:

Տրնդեզը խորհրդանշում է Վահագն Աստծո ծնունդը, որի երկունքը տեւել է քառասուն օր: Վահագնը ծնված է ջրից, եղեգնից, հուր-կրակից, Վահագնը Արեգակ է: Տրնդեզի կրակի ծիսականությունը նախանշում է Վահագնի մոտալուտ ծնունդը, երկունքի սկիզբը, որը տեւում է 40 օր:

Ազարիա Ջուղայեցու օրացույցով պարզվում է, որ փետրվարի 14-ը սկզբնավորում է Ձյուն հալ ամիսը, որը գարնանային գիշերհավասարի՝ մարտի 22-ի տարեմուտի, Արեգնածնունդի խորհրդի հետ է կապված: Ի դեպ, մեր ժամանակներում Արեգակը փետրվարի 16-ին մտնում-թռչում է ձմեռ +գարուն անցման ժամանակի մեջ, խորհրդանշում է գարնան սկիզբը, սկսվում է ձնհալ-«ջրերի հոսում»-ը խորհրդանշող Ջրհոս Աստղատան ժամանակը:

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

Գերմանիա, Մայնց

«Լուսանցք» թիվ 5 (438), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։