Տրնդեզ. Տիրոջն ընդառաջ գնալու տոն – Հայ արիները Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողությունը կնշեն նաեւ Հայոց Ջավախքում… Կփառաբանվի  Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը…

Փետրվարի 13 – Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն:

Այդ օրը կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում:

Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնում-վերանորոգում-վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մասն են:  

Փետրվարի 13-ին, ինչպես «Լուսանցք»-ը տեղեկանում է Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողությունը շուքով կնշեն Հայոց Ջավախքում:

Մինչ տոնական արարողությանն անցնելը՝ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները գաղտնածես կանեն, որից անմիջապես հետո կվառեն սրբազան կրակը՝ սկսելով միջոցառման բաց ծիսական մասը: Այն կանցկացնեն Միաբանության քրմական դասի առաջադրած քրմի թեկնածուները: Ծիսական արարողությանը կմասնակցի նաեւ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Այնուհետեւ կրակի շուրջ գինեձոն, երգ ու պար, տոնախմբություն կսկսվի:

Կփառաբանվի  Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը, Ում արարած մարդիկ ԱրէգԱկի խորհուրդ կրակներով ընդառաջ են գնում Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

Ըստ այդմ էլ հայ արիականների մի խումբ ծիսական արարողակարգ կանցկացնի Երեւանում՝ Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի արձանի մոտ:

Հ.Գ. – Հայ առաքելական եկեղեցին կրկին փորձում է համոզել, որ Տրնդեզն անեն ոչ թե ամսի 13-ին, այլ՝ 14-ին, եւ փորձում է վերստին Տիեզերքի Արարչի տոնը վերածել Քրիստոսի հերթական մի տոնակատարության՝ կրակի խորհրդին բոլորովին այլ մեկնություն տալով: Բայց հայերը ինչպես միշտ նշում են տոնը՝ Արարչի՛ տոնը, թռչում են մե՜ծ, դեզ կրակի վրայով, զորություն խնդրում Արարչից, խինդով լցվում, նոր գարուն մաղթում միմյանց:

«Լուսանցք» թիվ 5 (438), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։