Ամուր ընտանիքը՝ հզոր պետության հիմք – Այս մտածելակերպը դեռ արտագաղթի պես մի բան է մտքով ու հոգով ընչաքաղցների ուղեղներում… Հայ ընտանիքի պահպանման խնդիրը միայն զույգերի եւ ընտանեկան սիրո ու ջերմության խոսքերով չէ որ պիտի ապահովվի, պետությունն ունի լուրջ պարտավորություններ…

…Հայի բնույթն է այդպիսին: Եվ իզուր չէ, որ հայ արիականներն ասում են, որ միջազգային օրենքների գերակայությունը Հայաստանի օրենքների նկատմամբ վճռական փորձ է՝ ի վերջո մեր երկրում հաստատել այդ ստրկատիրական կարգերը: Անբարո եւ հոգեզորկ, ապազգային եւ հակամարդկային օրենքներն էլ նպաստում են դրան: Բայց ինչքան հզոր է հայի նախնական գենը, որ ըստ հայ արիականների, ցայսօր միայն կարողացել են բթացնել մեր բնակչության մի մասի զգոնությունն ու ինքնության դրսեւորումները, բայց այդպես էլ չեն կարողացել ու չեն կարողանա ստրկացնել բազում հազարամյակների միջով անցած հային… Այն հային, որը երբ կար, դեռ ոչ ոք չկար…

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադառնում է հողահավաքի ու հայահավաքի գաղափարախոսությանը, սակայն մինչ դրան վերահասնելը կան փուլային ճանապարհներ, որ հաստատ պիտի անցնեն Հայաստանն ու հայությունը: Միացյալ Հայաստանի գաղափարը չի կարող իրականանալ միայն նվիրյալ տղաների զոհաբերությամբ եւ անձնազոհությամբ, այս ճանապարհով կարող է վեր հառնել հայրենիքի ու ազգի համախմբման տեսլականը, բայց նախ պիտի քայլեր անել այսօրվա Հայաստանում (ներառյալ Արցախը) ազգաբնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, երկրում սոցիալական ու իրավական արդարության վերականգնման ուղղությամբ:

Հայտնի խոսք է՝ ընտանիքը պետության հիմքն է: Մեր դեպքում՝ հայ ընտանիքը, որի պահպանման խնդիրը միայն զույգերի եւ ընտանեկան սիրո ու ջերմության խոսքերով չէ որ պիտի ապահովվի, պետությունն ունի լուրջ պարտավորություններ բոլոր ընտանիքների նկատմամբ, քանզի բոլորն էլ պետականության հիմքի շաղախն են:  

Ամուր պետությունը պետության հաշվին կայացած մեծահարուստների գոյությամբ եւ նրանց նետած «նվիրատվությունների» ու «բարեգործությունների» հաշվին չէ որ կայանում է: Անգամ այդ մեծահարուստ կոչվածների գոյությունն է պայմանավորված բնակչության գոյությամբ, թեկուզ միայն Հայաստանում ապրելու եւ աշխատելու հանգամանքով պայմանավորված: Իսկ պետության գոյության համար դա էլ քիչ է: Այդ բնակչությունը պետք է նաեւ աշխատանք ունենա, ինչպես սեփականատերերի մոտ, այնպես էլ պետական ձեռնարկություններում: Իսկ ամուր պետության համար՝ սա էլ է քիչ: Պետք է ոչ միայն աշխատանք լինի, աշխատատեղեր բացվեն, այլ՝ պիտի ապահովվի սոցիալական արդարության իրավունքը եւ երկրում իշխի օրենքը:…

Այլապես՝ ներգաղթի մասին մտածելն անգամ հեքիաթ կթվա, իսկ արտագաղթի դռները չեն փակվի օրն ի բուն:

Հայն իր հայրենիքում պիտի ունենա աշխատանք, ապա հանգստի իրավունք, կրթվի ու առաջնային բուժօգնություն ստանա անվճար եւ պիտի բացառվի Հայաստանում հայի շահագործումը հայի կողմից, այն էլ մեր՝ գրեթե միատար երկրում, որտեղ հայ բնակչության թիվը շուրջ 98% է:

Պետք չէ ջայլամային կերպարի մեջ մտնել, երբ խոսք է լինում մարդկանց շահագործման մասին: Հայաստանում երբեք չի եղել ստրկատիրական հասարակարգ եւ ավատատիրական կարգերից անցել ենք ազատական տնտեսական համակարգի: Մեր երկիրը երեւի թե միակն է աշխարհում, որ չի անցել ստրկատիրական դարաշրջանով: Եվ այժմ էլ դա չի կարող լինել: Հայի բնույթն է այդպիսին: Եվ իզուր չէ, որ հայ արիականներն ասում են, որ միջազգային օրենքների գերակայությունը Հայաստանի օրենքների նկատմամբ վճռական փորձ է՝ ի վերջո մեր երկրում հաստատել այդ ստրկատիրական կարգերը: Անբարո եւ հոգեզորկ, ապազգային եւ հակամարդկային օրենքներն էլ նպաստում են դրան: Բայց ինչքան հզոր է հայի նախնական գենը, որ ըստ հայ արիականների, ցայսօր միայն կարողացել են բթացնել մեր բնակչության մի մասի զգոնությունն ու ինքնության դրսեւորումները, բայց այդպես էլ չեն կարողացել ու չեն կարողանա ստրկացնել բազում հազարամյակների միջով անցած հային…

Այն հային, որը երբ կար, դեռ ոչ ոք չկար…

Բայց այսօր այդ հային ցեղասպանել, նրա երկիրը պառակտել ու զավթել են: Այդ հայը տկարացել է, բայց ինքն է՝ իր տեսակի գենակիրն է (չնայած այս ամենը նաեւ գենախեղումների հետեւանք է) եւ ազգային պետության գոյության դեպքում այդ հայը դեռ ցույց կտա ինչերի է ընդունակ:

Արտագաղթած բազում հայեր դարեր շարունակ օտար երկրներ են շենացնում, գիտության նորարարությունների ու մշակութային արժեքների ստեղծող են, արվեստի, արհեստի ու մարզական կյանքի առաջատարներից են եւ արարում են կյանքի բոլոր ոլորտներում: Անգամ տիեզերագիտության ու ռազմագիտության բնագավառներում, այսօրվա համաշխարհային բեւեռներում՝ Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանի Դաշնությունում կան առաջատար հայորդիներ, ինչքան էլ նրանց ինքնությունը, անուն-ազգանունները փոխված ու գաղտնի են պահվում…

Պիտի անենք ամեն բան, որ բոլոր հայերը, հայերի միտքը ծառայեն նախ եւ առաջ Հայաստանի ու հայության համար: Ուստի՝ այսօր պետք է դրվեն այն քարերը, որ հայաստանահայը չդառնա արտագաղթող, իսկ սփյուռքահայը վերածվի ներգաղթողի:

Հայության թվաքանակի մասին տարբեր տվյալներ են նշվում, 10 մլն, 14 մլն, մինչեւ ավելի քան 20 մլն՝ հաշվի առնելով նաեւ այսօրվա Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի թիվը:

Բայց, ինչպես հաճախ են ասում՝ թաքուն հայեր միայն Թուրքիայում չկան, նաեւ՝ Ադրբեջանում, Վրաստանում, Ռուսաստանում, Մերձավոր Արեւելքի եւ շատ այլ երկրներում կան… Ուստի՝ դեռ վաղ է այդ թվերից որեւէ մեկի վրա վերջնական կենտրոնանալը: Հայաստանի պետականության կայացումն ու ազգայնացումը դեռ շատ ծպտյալների կբացահայտի: Բայց ինչ թիվ էլ բացահայտվի, ցավոք հայության բացարձակ մեծամասնությունն այսօր Հայաստանում չէ…

Իսկ այսօր դեռ պիտի տխրությամբ նշենք, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը նվազել է, ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2.986.5 հազար մարդ: Քաղաքային բնակավայրերում ապրում է՝ 1.901.7 հազար մարդ, գյուղական բնակավայրերում՝ 1.084.8 հազար մարդ:

Երկրի մշտական բնակչության թվաքանակը 2017թ. տարեսկզբին, 2016թ. հունվարի 1-ի համեմատ, նվազել է 0,4%-ով, կամ 12,1 հազար մարդով:

Ազգային վիճակագրական ծառայության մասնագետները բացատրում են, որ նվազումը ձեւավորվել է 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում արձանագրված բնական հավելաճի (12,5 հազար մարդ) եւ օտար լեզվով ասած՝ միգրացիայի գնահատված մնացորդի (-24,6 հազար մարդ) ցուցանիշների տարբերության հաշվին:

2016թ. հունվար-դեկտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների եւ մահացության դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 144,5%: Բնակչության բնական հավելաճի (ծնունդների եւ մահերի տարբերությունը) բացարձակ մեծությունը 2016թ. hունվար-դեկտեմբերին կազմել է 12.509 մարդ, նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 9.9%-ով:

2015թ. համեմատ մահվան դեպքերն ավելացել են, ծնունդները՝ նվազել: 2016-ին 2015-ի համեմատ Հայաստանում գրանցված ծնունդների թիվը նվազել է 2,7%-ով: 2016-ի հունվար-դեկտեմբերի ընթացքում հանրապետությունում գրանցվել է 40 638 կենդանի ծնունդ: 2015-ի համեմատ գրեթե 14%-ով նվազել են մեռելածնության դեպքերը:

Ըստ մեր ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի՝ «նախնական ցուցանիշներով, աղջիկ-տղա հարաբերակցությունը կազմել է 112 տղա / 100 աղջկա հաշվով: Նախորդ տարիներին տղաների ցուցանիշը 113 էր, մի փոքր փոփոխություն կա»:

2015թ. համեմատ 2016-ին 0,9%-ով ավելացել են մահվան դեպքերը: «Բնական հավելաճը կազմել է 12 509, այսինքն՝ այսքանով ավելի շատ ծնունդներ են գրանցվել, քան մահվան դեպքեր»,- նշված է ծառայության տվյալներում:

Ծնելիության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երեւանում, ամենացածր ցուցանիշը՝ Սյունիքում եւ Տավուշում:

Մահացության առավել բարձր ցուցանիշներ գրանցվել են Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում, առավել ցածր ցուցանիշ՝ Գեղարքունիքում:

Իսկ, թե ինչպես են ընթանում ընտանեկան, ամուսնական գործընթացները, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետի տվյալներն այսպիսին են. 2015-ի համեմատ 2016-ին ամուսնալուծությունների թիվը նվազել է 0,6-ով: «Ամուսնալուծություն 3.648 դեպք է գրանցվել, նախորդ տարվա համեմատ նվազել է 0,6-ով, 1000 բնակչի հաշվով 1 ամուսնալուծություն է ստացվում»,- նշված է բերված տվյալներում:

2016թ. ընթացքում Հայաստանում արձանագրվել է 16,294 ամուսնության դեպք՝ յուրաքանչյուր հազար բնակչության հաշվով 5 ամուսնական զույգ է գրանցվել: Իսկ նախորդ տարում գրանցված ամուսնությունների թիվը 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է 7,4%-ով:

Ինչ մնում է ծնելիության խնդրին, ապա այստեղ եւս անելիքներ կան, բազմազավակ ընտանիքների ստեղծումը պետք է պետության ռազմավարական խնդիրներից մեկը դառնա: Ամեն երեխայի համար նպաստ պիտի նախատեսվի եւ այն էլ մինչեւ նրանց հասունության տարիքին հասնելը: Յոթ որդով սեղան նստելու ավանդական զրույցներն այսօր տխուր հիշողություններ են միայն առաջացնում…

Այսօր Հայաստանում 100 մարդու հաշվով յուրաքանչյուր ժամում ծնվում է 5 երեխա: Ազգային վիճակագրությունը հրապարակել է այսպիսի վիճակագրություն.

100 մարդուց՝ 36-ը բնակվում է Երեւանում, 64-ը՝ մարզերում: 52-ը կին է, 48-ը՝ տղամարդ: 95-ը՝ քրիստոնյա է, 5-ը՝ ոչ քրիստոնյա եւ առանց դավանանքի: 98-ը ազգությամբ հայ է, 2-ը՝ այլ ազգության: Յուրաքանչյուր ժամում ծնվում է 5 երեխա, մահանում՝ 3 մարդ: 97-ը՝ գրաճանաչ է, 3-ը՝ ոչ: 15 եւ բարձր տարիքի 100 մարդուց 60-ն ամուսնացած է, 40-ը՝ ոչ (չամուսնացած, ամուսնալուծված, այրի): 18-ն ունի բարձրագույն կրթություն, 82-ը՝ ոչ: 30-ն աղքատ է (նրանցից 2-ը՝ ծայրահեղ աղքատ): Մեր երկրի սահմանահատումներ իրականացնող 58-ը ՀՀ քաղաքացի է, 42-ը՝ այլ երկրի: 7-ը հաշվառված հաշմանդամ է: 16-ը կենսաթոշակառու է:

100 ընտանիքից՝ 10-ը ստացել է ընտանեկան նպաստ: 3-ը ստացել է սոցիալական նպաստ: 100 մարդուց 17-ը հաճախել է թատրոն: 17-ը գրադարանի ընթերցող է: 75-ը բանկի հաճախորդ է: 100 աշակերտին բաժին է ընկել 11 ուսուցիչ:

100 տնային տնտեսություններից՝ 87-ը բնակվում է տնային տնտեսության անդամի սեփականություն հանդիսացող կացարանում: Գրեթե 100-ն ունի էլեկտրամատակարարում: 84-ը՝ կենտրոնացված գազամատակարարում: 1-ը՝ համակարգիչ: 96-ը՝ բջջային հեռախոս: 96-ը՝ սառնարան: 99-ը՝ հեռուստացույց: 97-ը՝ կենտրոնացված ջրամատակարարման համակարգի հասանելիություն: 53-ը՝ ինտերնետ հասանելիություն: 98-ը՝ կացարանի ջեռուցում:

Աշխատանք՝ 15-75 տարեկան 100 գործազուրկներից 49-ը տղամարդ է, 51ը՝ կին: 5-17 տարեկան 100 երեխայից 11-ը զբաղված է:

Եթե այս թվերը շարունակեն մեր պաշտոնյաների, այս կամ այն պետական ու ազգային պատասխանատուների համար մնալ միայն թվեր՝ թվաբանության համար, ապա մեր երազանքները հաստատ իրականություն չեն դառնա: Կարծում ենք՝ ոմանց համար դա ադպես էլ մնում է, ուղղակի վստահ ենք, որ հիմնականում այդպես չէ ու մոտ ապագայում պիտի նվազող թվերը միայն մահացության դեպքերի համար լինեն:

Այլ դեպքերում՝ միայն աճ ու բարգավաճում ենք ցանկանում տեսնել, որպեսզի ամուր ընտանիքի ապագան վերաճի հզոր պետության կայացմանը:

Իմիջիայլոց, մայրաքաղաքում նախորդ 1 շաբաթում ծնվել է 414 երեխա: Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի ծննդատներում լույս աշխարհ է եկել 414 երեխա՝ 213 տղա, 191 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 33.361 քաղաքացի:

Կտա՞ այս կառավարությունը բաժակաճառային հայրենասիրության վերջը, թե՞ պիտի սպասենք հաջորդին…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 5 (438), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։