Համաշխարհային նոր եռյակի որոնումները (Միացյալ Նահանգներ-Ռուսաստանի Դաշնություն-Ֆրանսիա, թե՞ Միացյալ Նահանգներ-Ռուսաստանի Դաշնություն-Գերմանիա, …թե՞ Ռուսաստանն ու Չինաստանը նոր համաշխարհային եռյակ կփորձեն ձեւավորել ասիական ու հարավամերիկյան որոշ երկրների հետ)…

Դոնալդ Թրամփ նախագահության առաջին իսկ օրերից Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում շարունակվում են ընթանալ բողոքի ցույցեր: Չնայած դրանք հետզհետե նվազում են: Բայց նորընտիր նախագահը միայն Արեւմուտքի խիստ ժողովրդավար հատվածի համար չէ, որ ունի անհավասարակշիռ եւ կտրուկ գործչի համարում: Նրան նաեւ Արեւելքի իսլամականներն են սկսել չսիրել, անգամ՝ համեստ մահմեդական կյանք վարող հավատավորները: Դոնալդ Թրամփին չեն հավանում նաեւ մեքսիկացիները, որոնց «ներխուժումը» ԱՄՆ-ի տարածք կանխելու համար նախագահը մտադիր է պատ կառուցել Միացյալ Նահանգներ-Մեքսիկա սահմանին:

Փաստորեն, ԱՄՆ-ի նախագահը այսօր առավել ընդունելի է Ռուսաստանի ու Եվրոպայի ազգային կողմնորոշման հետեւորդների համար: Իսկ սա մի բան է նշանակում, որ հասունանում է նոր աշխարհակարգի ձեւավորման պահը: ԱՄՆ-ն, որպես այդ գործընթացները կարգավորող երկիր, պիտի Դոնալդ Թրամփին միլիոնավոր չսիրողների խաղարկմամբ կազմաքանդի հին աշխարհակարգը եւ ապահովի նորի առաջացումը առանց այլեւայլությունների… Իսկ այդպիսի վտանգ միշտ կա, ամեն դեպքում Ռուսաստանը կփորձի ինքնուրույն բեւեռ ձեւավորել, ինչը մտադիր է անել նաեւ Չինաստանը (ասիական ու հարավամերիկյան մի շարք երկրների հետ): Արեւմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ պիտի ապահովվի աշխարհի գաղտնի տերերի նոր ծրագրերի հաղթարշավը:

Խաղն սկսված է՝ Միացյալ Նահանգներում՝ Դոնալդ Թրամփը, Եվրոպական համագործակցությունում՝ ֆրանսուհի ազգայնական առաջնորդ Մարին Լը Պենը, ում կհետեւեն եվրոպացի ազգայինները եւ Ռուսաստանի Դաշնությունում՝ Վլադիրմիր Ժիրինովսկին, ում դեպքում՝ փաստացի Վլադիմիր Պուտինն է ղեկավարում գործընթացները: Ինչպես «Լուսանցք»-ը քանիցս նշել է, համաշխարհային այս գործընթացները դեռ վաղուց էին փորձարկվում, երբ այս կամ այն ձեւափոխված աշխարհի քարտեզն էր հայտնվում միջազգային ասպարեզում: Ինչպես միշտ, աշխարհի վերաձեւման բոլոր գործընթացները սկսում են Մերձավոր Արեւելքից, որտեղ խաչվում են համաշխարհային գերշահերը, քանի որ տարածաշրջանը այն մեծ խաչմերուկն է, որտեղ բնականորեն են հատվում Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի հարաբերությունները:  

Իրականում Մերձավոր Սրեւելք ասված տարածաշրջանն այս դեպքում ավելի ընդարձակ է՝ բուն Մերձավոր Արեւելքը եւ Հայկական լեռնաշխարհն ու Կովկասի տարածաշրջանը: Եթե առաջինն ու երրորդը անվանական պահպանել են իրենց գոյությունը, Հայկական լեռնաշխարհը փորձել են մոռացության տալ, կամ կոչել Անատոլիական տարածաշրջան, ինչը կեղծ եւ նպատակային քայլ է, որպեսզի Հայաստանի փոխարեն հնչի Թուրքիայի անունը: Միջազգային որեւէ փաստաթուղթ չի կարող համոզել, որ թյուրքական քոչվորները Հայկական լեռնաշխարհի բնիկներ են, նրանք ալթայական կամ ույղուրական տափաստանների ցեղախմբեր են եղել…

Եվ աշխարհի հերթական վերաբաժանման ընթացքը ներառում է նաեւ Հայաստանի բնական տարածքները, որի վրա հիմնված Թուրքիան եւ Ադրբեջանը հնարավոր է մասնատվեն: Բայց, եթե Հայաստանն իր դերակատարումը չունենա այդ գործընթացներում, ապա Թուրքիայի փոխարեն մեր երկրում կարող են առաջանալ այլ արհեստական կազմավորումներ՝ ինչպես Քրդստանը:

Այստեղ կարեւոր է, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին լինեն անմիջական կապեր ցայսօր տեսանելի դերակատարների հետ (աշխարհի գաղտնի տերերը միշտ կմնան անտեսանելի, մինչեւ արմատապես չփոխվի այս աշխարհակարգը): Եթե ԱՄՆ-ում այդ դերակատարը արդեն գործող նախագահ Դոնալդ Թրամփն է, ապա Ռուսաստանում դա դեռեւս Վլադիմիր Պուտինն է, եթե նոր նախագահ չառաջադվի հերթական ընտրություններում: Եվրոպայի դեպքում՝ չի բացառվում, որ հենց Մարին Լը Պենն էլ դառնա Ֆրանսիայի նախագահ, կամ նա կմնա որպես եվրոպական Ժիրինովսկի, իսկ եվրոպական Պուտինը կհայտնվի Ֆրանսիայի նախագահի աթոռին:

Այստեղ չի կարելի բացառել, որ կաշխուժանա գերմանական գործոնը: Այն ստվերում է միայն այն պատճառով, որ Ադոլֆ Հիտլերի անունը դեռ սարսափեցնում է մարդկանց: Բայց վերջերս պարբերաբար շեշտվում է, որ այսօրվա Եվրամիությունից առաջ, որը ցանկանում են լուծարել եվրոպական ազգային-ազգայնական ուժերը, հին աշխարհամասում կար նացիստների կազմավորած Եվրամիությունը: Եվ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փորձում է վերընտրվել ու շարունակել Գերմանիայի՝ Եվրոպայի առաջատար երկիր լինելու քաղաքականությունը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար դեռ վաղ է, քանի որ Ուկրաինայի արեւելքում իրավիճակը մնում է անբավարար, իսկ Միսնկի համաձայնությունների պայմանները չեն իրականացվում: Սա մի գնդակով երկու նապաստակ խփելու տարբերակն է՝ փորձ է ընդդիմադիր երեւալ ԱՄՆ-ի նախագահի «ռուսասիրությանը», միաժամանակ Ռուսաստանին հասկացնել տալով, որ եվրոպական ցանկությկունները թելադրվում են Բեռլինից:

Սա նաեւ Ֆրանսիայի հետ հակադրվելու նոր փորձ է, թե ով կլինի Եվրոպայում թիվ 1-ը… Իմիջիայլոց, եվրոպական թելադրող եռյակը տասնյակ տարիներ է չի փոխվել՝ Ֆրանսիա, Գերմանիա եւ Իտալիա: Մեծ Բրիտանիան ինչպես եղել է ԱՄՆ-ի «դեսպանը» Եվրոպայում, այդպիսին էլ մնացել է:

Բեռլինը նաեւ մեղադրում է Ռուսաստանին՝ ԵԱՀԿ համակարգիչների վրա հաքերային հարձակման մեջ: Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության գրասենյակը, որը հակահետախուզական գործառույթներ է կատարում, ենթադրում է, որ նոյեմբերի սկզբին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության համակարգիչների վրա տեղի ունեցած հարձակման ետեւում կարող են կանգնած լինել ռուս հաքերները: Այս մասին հայտարարել է գերմանական հակահետախուզության ղեկավարը: Սա կարծես եկավ լրացնելու այն աղմուկը, որ ԱՄՆ-ի նախկին վարչակազմը՝ Բարաք Օբամայի գլխավորությամբ, մեղադրել է Մոսկվային՝ Դոնալդ Թրամփին աջակցող «հաքերային հարձակման մեջ»…

Այսպես գերմանական կողմը գուցե ցանկանում է ցույց տալ, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության հետ կարող է նույն աշխարհաքաղաքական փոփոխության սեղանի շուրջ նստել ոչ թե Ֆրանսիան, այլ՝ Գերմանիան: Իսկ Մոսկվան եւ Վաշինգտոնը փորձում են առավելագունն ստանալ մերձավորարեւելյան, կովկասյան եւ ուկրաինական ճակատներից, ինչը թույլ կտա տիրապետել ավելի մեծ «պատառների»: Իզուր չէ, որ Դոնալդ Թրամփը մտադիր է զգալի ավելացնել երկրի զինված ուժերի ֆինանսավորումը, նա մտադիր է «պատմական դարձնել ԱՄՆ զինված ուժերի ֆինանսավորումը՝ ցուցադրելով ողջ աշխարհին, որ Ամերիկան աջակցում է բոլորին, ով կանգնած է հանուն ազատության պաշտպանության, զինված ուժերը գտնվում են արմատական ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնում, եւ մենք պետք է պաշտպանենք նրանց, որոնք պաշտպանում են մեզ»։

ԱՄՆ-ի նախագահը սակայն չի մոռացել նշել, որ հակաահաբեկչական պայքարի դեմ իրենք կհամագործակցեն Ռուսաստանի հետ:  Իսկ Մոսկվան ոչ միայն մտադիր չէ հեռանալ Սիրիայից, այլեւ ուժեղացնում է իր ռազմաբազաները այդ երկրում եւ Հայաստանում: Հիշեցնենք, որ 2016թ. ընթացքում ԱՄՆ-ն 26.171 ռումբ է գցել աշխարհի 7 երկրում՝ 12.192-ը՝ Սիրիայում, 12.095-ը՝ Իրաքում, 1337-ը՝ Աֆղանստանում, 496-ը՝ Լիբիայում, 34-ը՝ Եմենում, 12-ը՝ Սոմալիում եւ 3-ը՝ Պակիստանում: 2015թ. ԱՄՆ-ն միայն Պակիստանում, Եմենում, Սոմալիում եւ Լիբիայում էր ռմբահարումներ արել՝ 3027 ռումբ:

Մեր տարածաշրջանում հատկապես մեզ համար էական նշանակություն ունի այն, թե ինչ զարգացումներ են սպասվում ռուս-ամերիկյան, թուրք-ամերիկյան, թուրք-եվրոպական, ռուս-ադրբեջանական, թուրք-իրանական, ռուս-իրանական, իրանա-ամերիկյան, ինչպեսեւ վրացական հարաբերությունները թուրք-ադրբեջանական զույգի հետ: Իհարկե, ավելի կարեւոր է, թե աշխարհի գերտերությունները եւ տարածաշրջանում շահեր ունեցող այլ երկրները ինչպես կհարաբերվեն Հայաստանի հետ: Հատկապես կարեւոր է նաեւ, թե ինչ ընթացք կստանա ԱՄՆ-ի նախագահի միգրացիոն քաղաքականությունը:

Սիեթլի ֆեդերալ դատարանի վճիռով կասեցվել է այդ քաղաքականության հրամանագիրը եւ ժամանակավոր արգելք է սահմանել հրամանագրի կատարման վրա, որը նպատակամղված է ներգաղթի ռեժիմի խստացմանը: Դատարանի կարգադրությունը կոնկրետ վերաբերում է 90 օրով առավելապես մահմեդական բնակչությամբ 7 պետությունների քաղաքացիների երկիր մուտքի դադարեցմանը: Դատավճիռը  գործում Է ամբողջ երկրի մասշտաբով։ Նախագահի աշխատակազմը արագ արձագանքեց, թե հրամանագրի վերաբերյալ դատարանի վճիռը սպառնում Է ԱՄՆ անվտանգությանը,  քանի որ խոչընդոտում է երկիր ժամանող անձանց հանգամանալից ստուգումների իրականացմանը: Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այսպես պետք է կասեցնել ահաբեկչական գործողությունները երկրոււմ: Դատարանի վճռից հետո մուսուլմանական երկրների քաղաքացիներն սկսել են ԱՄՆ ժամանել:

Ի պատասխան Վաշինգտոնի, Թեհրանն էլ արգելել էր ԱՄՆ-ի քաղաքացիների մուտքը Իրան: Անգամ միջազգային մրցաշարերի մասնակից մարզիկները չեն կարողացել կամ հրաժարվել են փոխադրարձ այցերից: «Իրանը կրակի հետ է խաղում»,- արձագանքել է ԱՄՆ-ի նախագահը եւ հավելել, որ նրանք չեն գնահատում, թե ինչ «բարի» վերաբերմունք է դրսեւորել նախագահ Օբաման։ Ես այսպիսին չեմ լինի»: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բացառում է ռազմական լուծման տարբերակները՝ ի պատասխան Իրանի կողմից միջուկային մարտագլխիկներով հրթիռների փորձարկմանը, սակայն նշել էր, թե մտադիր է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն: Նախկինում ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել կորպուսի մի շարք անդամների նկատմամբ: Բայց մի խնդիրր կա՝ կորպուսն ահաբեկչական կազմակերպություն հռչակելու դեպքում, ԱՄՆ-ն լուրջ խնդիրներ կունենա Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Կորպուսի անդամներն աջակցում են շիա մուսուլմաններին ու պայքարում սուննիների դեմ: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի անվտանգության ոլորտի ամենահզոր կառույցն է, որը վերահսկում է Իրանի տնտեսության մեծ մասն ու ահռելի ազդեցություն ունի երկրի քաղաքական համակարգի վրա, ինչը եւս խնդիրներ կառաջացնի:

Հետաքրքիր է, որ նման փորձերով կարծես նշմարվում են այն թիրախները, որոնցով պիտի ընթանա աշխարհի վերաբաժանման գորշընթացը: Այստեղ Իրանը եւս ատամներ է ցույց տվել եւ ամերիկյան որոշ ընկերությունների նկատմամբ պատժամիջոց սահմանելու նախագծեր պատրաստել: Սպիտակ տունը պարզաբանումներ է տվել նաեւ, թե ինչ են խոսել Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ԱՄՆ-ի նախագահը կրկին հաստատել է աջակցությունը Թուրքիային՝ որպես իր ռազամավարական ընկեր ու ՆԱՏՕ-ի գործընկեր, ողջունել է Իսլամական պետության դեմ պայքարում Թուրքիայի ունեցած ավանդը… Իսկ մյուս կողմը թուրք-ամերիկյան կապերն առողջացնելու համար քննարկել է Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, ում Անկարան մեղադրում է անցած տարվա հուլիսին ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար: ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների զրույցից հետո հայտարարվել է, որ ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն կժամանի Թուրքիա։ Իսկ այս պաշտոնյան դեռ 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահին բռնապետ էր անվանել։

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 5 (438), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։