Հակահայ դրսեւորումներ.- Գուցե զոհաբերվե՞ց հրեա լրագրող Ալեքսանդր Լապշինը (Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի տնտեսության, Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահները՝ ընդդեմ Արցախի զբոսաշրջության, Ռուսաստանը եւ Իսրայելը ընդդեմ Հայաստանի՞ են խաղում, թե՞…)…

Ուկրաինայի եւ Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Պորոշչենկոն եւ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են արգելք սահմանել այն ապրանքատեսակների շրջանառության վրա, որոնք արտադրվել են Բաքվի եւ Կիեւի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում եւ չունեն Ադրբեջանի կամ Ուկրաինայի իշխանությունների կողմից տրամադրված արտոնագիր:

Փաստորեն, Արցախում արտադրված ապրանքները կարող են հատել Ուկրաինայի սահմանը միայն այն դեպքում, եթե առկա է Բաքվի համաձայնությունը: Նույնը կիրառվում է Ադրբեջանի կողմից, եթե խոսք լինի Դոնբասում (որ նույնպես անկախ հանրապետություն է հռչակվել) արտադրված ապրանքների ներմուծման մասին:

Համաձայնությունն ուժի մեջ է մտել անմիջապես՝ նախագահների հանձնարարությունից հետո, այսինքն՝ այս հարցում միջպետական համաձայնագրի կնքման անհրաժեշտություն չկա: Անհրաժեշտ համաձայնությունը ստորագրվել է երկու երկրների մաքսային կառույցների ղեկավարների միջեւ:  

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ նշել է, թե հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու համար հիմքեր չունի՝ հենց միջազգային օրենքներով: Ըստ ադրբեջանական բողոքի, լրագրողը տարիներ առաջ  Ադրբեջան է այցելել կեղծ փաստաթղթերով, բայց այդտեղ միայն ազգանվան ռուս-ուկրաիանական ձեւակերպման տարբերություն է եղել: Բաքուն այդ ժամանակ չի բողոքել, բայց երբ Ալեքսանդր Լապշինն Արցախ է այցելել եւ դրական խոսել այդ մասին, անցած-գնացած կեղծ փաստաթղթերի հարցը վերհանվել է, անգամ Ինտերպոլով հրեա լրագրողին որոնում է հայտարարվել… Լրագրողը հայտնվել է նաեւ Ադրբեջանի, այսպես ասած, «սեւ ցուցակ»-ում՝ Արցախ այցելելու համար:

Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել Ալեքսանդր Լապշինի փաստաբանների բողոքը՝ անփոփոխ թողնելով Մինսկի դատարանի որոշումը: Որից հետո, հատուկ չվերթով լրագրողին տարել են Բաքու:

Եվ հիմա հարց է ծագում, ինչպե՞ս է, որ Բելառուսը Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Իսրայելի քաղաքացի, ճանապարհորդ ու բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնել է Ադրբեջան, այն էլ բողոքարկման դիմումը փակ ռեժիմով, ամբաստանյալի բացակայությամբ քննելով, այն էլ՝ հատուկ չվերթով:

Եվ ինչպե՞ս է, որ Բելառուսը ոչ մի կերպ հաշվի չառավ լրագրողին ազատ արձակելու դիմումները, երբ դեմ էին ռազմա-քաղաքական գործընկեր Հայաստանը, եղբայրական Ռուսաստանն ու հասկանալի պատճառներով վտանգավոր Իսրայելը…

ԱՊՀ-ական, ՀԱՊԿ-ական ու ԵՏՄ-ական Հայաստանի դեմ լինելը չենք քննարկում, քանի որ այն կարող է անտեսվել ո՛չ միայն Բելառուսի, այլեւ՝ ԱՊՀ-ական, ՀԱՊԿ-ական ու ԵՏՄ-ական Ռուսաստանի ու Միջինասիական թյուրքական երկրների կողմից… Եվ ինչպես ոչ-ԱՊՀ-ական, ոչ-ՀԱՊԿ-ական ու ոչ-ԵՏՄ-ական Ադրբեջանի, այնպես էլ նույն «ոչ»-երով հայտնի Թուրքիայի շահերի համար…

Բայց այստեղ կարո՞ղ ենք մտածել, որ ինչպես նախկինում, այսօր էլ Մոսկվան խաղում է Բաքվի համար՝ ի վնաս հայերի (Արցախ այցելելու հարցն է անընդհատ արծարծվում, չնայած բողոքը կեղծ փաստաթղթերի մասով է)՝ Արցախ այցելելու հարցը օտարերկրացիների համար վտանգավոր դարձնելու նպատակով:

Եթե այո, ապա նույնն էլ կարող ենք մտածել Թել Ավիվ-Բաքու խաղի մասով, որը եւս նորություն չէ: Ի՞նչ է, Ադրբեջանին ժամանակակից զինատեսակներ վաճառող եւ սատարող Իսրայելն անարգվու՞մ է Բաքվի կողմից (թերեւս նույնը կարելի է ասել Ռուսաստանի համար), չի՞ կարողանում պաշտպանել այն հրեային, որին ցանկանում է…

Ո՛չ, այդպես չի՛ լինում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իսրայելի դեպքում: Առավել եւս աշխարհի կողմից մեկուսացված Բելառուսի դեպքում, երբ ամեն սխալ քայլ կարող է ամրացնել այդ մեկուսացումը:

Արցախի ԱԳՆ-ն եւս մեկնաբանել է Ալեքսանդր Լապշինի գործով՝ Բելառուսի դատարանի վճիռը: Այն համարվել է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսեւորում, ինչպեսեւ ազատ տեղաշարժի ու խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։

Զարմանալի է, որ չկա Արեւմուտքի համապատասխան արձագանքը, գուցե իսկապե՞ս Իսրայելն է զոհաբերել իր քաղաքացուն, ով նաեւ հրեա է ազգությամբ (նման դեպքեր էլի կան)…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 5 (438), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։