Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Կանաչ լոբով պաշտետ
Բաղադրությունը – Կանաչ լոբի – 0.5 կգ, ընկույզ – 100 գ, քունջութ – 100 գ, բուսայուղ – 100 գ, սխտոր – 2 պճեղ, կանաչ համեմ – 1 կապ, չոր սամիթ, սպիտակ պղպեղ, թահին – 100 գ, մածուն – 100 գ:
Պատրաստման եղանակը – Լոբին լվանալ, խաշել, թողնել սառչի, հետո դանակով մանր կտրատել այնքան, մինչեւ համասեռ զանգված դառնա: Հերթով ավելացնել մյուս մթերքները, վերջում՝ թահինն ու մածունը:
Մատուցելիս ձեւավորել՝ մեջտեղում փոքրիկ անցք բացելով եւ մեջը ձիթայուղն ու ընկույզը լցնելով:
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.-
Զավեն Անդրիասյանը պահպանեց գավաթը
Կայացավ «Շախմատի ակադեմիայի գավաթ-2016» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 100-ից ավելի մասնակիցներ Երեւանից եւ ՀՀ մարզերից, այդ թվում՝ շուրջ 20 կոչումով շախմատիստներ՝ գրոսմայստերներ, միջազգային եւ ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով: Ժամակարգը՝ 10+5 րոպե: Մրցանակային ֆոնդը կազմում էր 200,000 դրամ:
Ինչպես 2015թ., այս անգամ եւ Ակադեմիայի Գավաթ-2016»-ի գավաթակիր է դարձել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Հատուկ մրցանակների են արժանացել լավագույն արդյունք ցույց տված վետերան (50 տարեկան եւարձր) մասնակից՝ Գեւորգ Թադեւյանը, լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ Սիրանուշ Ղուկասյանը, լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ Տիգրան Ամիրյանը, լավագույն արդյունք ցույց տված մինչեւ 2100 ազգային վարկանիշ ունեցող մասնակից Գալուստ Թադեւոսյանն ու լավագույն արդյունք ցույց տված մինչեւ 12 տարեկան մասնակից Արսեն Դավթյանը
Շախմատիստուհիները աշխարհի առաջնությունում՝ գլխաշորով
Փետրվարի 11-ից մինչեւ մարտի 3-ը Թեհրանում 63 շախմատիստուհի կպայքարեն կանանց շախմատի աշխարհի նոր չեմպիոնի կոչման համար: Ոսկե մեդալից բացի հաղթողը կստանա նաեւ 60 հազար դոլար պարգեւավճար:
Պատճառն այն է, որ գործող չեմպիոն Հու Յիֆանը հրաժարվել է մասնակցությունից, քանի որ դժգոհ է մրցաշարի կանոնակարգից: Մասնակիցների թիվն այս անգամ կենտ է, քանի որ հունվարին հանկարծամահ է եղել ռումինացի 50-ամյա գրոսմայստեր Քրիստինա-Ադելա Ֆոյշորը, ով առաջնությունում գրանցված էր 48 համարի տակ:
Ինչպես 2012 եւ 2015 թթ., աշխարհի չեմպիոնը կորոշվի նոկաուտ մրցակարգով: Մինչեւ եզրափակիչ շախմատիստուհիները կանցկացնեն 2-ական խաղից բաղկացած մրցամարտեր: Ոչ-ոքիի դեպքում նրանք հաջորդ օրը կպայքարեն թայ-բրեքում:
Եզրափակիչի մասնակիցները կանցկացնեն դասական շախմատի 4 խաղ, իսկ ոչ-ոքիի դեպքում վերստին ուժի մեջ կմտնի թայ-բրեքը: Հայաստանից աշխարհի առաջնությունում հանդես եկան Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Առաջին փուլում, 1/32 եզրափակիչում Էլինա Դանիելյանը մրցեց հնդիկ գրոսմայստեր Ռութ Պադմինիի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը՝ չինուհի Նի Շիչժունն է: Մեր շախմատիստուհիները պարտվեցին միեւնույն 0,5:1,5 հաշվով եւ դուրս մնացին հետագա պայքարից:
Պորտուգալիայում բաժին հասավ 5-րդ տեղը
Լիսաբոնում ավարտված շախմատի Պորտուգալիայի բաց առաջնությունում Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը: Մեր 20-ամյա շախմատիստը 9 փուլից հետո վաստակեց 7 միավոր եւ ընդհանուր հաշվարկով բաժանեց 3-8-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 5-րդը:
Իսկ ահա Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը 6 միավորով գրավեց 18-րդ տեղը: Նման արդյունք ցույց տվեց նաեւ Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը, ով առաջնությունն ավարտեց 17-րդ տեղում:
Լեւոն Արոնյանը կմասնակցի «Մեծ մրցանակի» 1-ին փուլին
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 18-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում մեկնարկող ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» առաջին փուլին: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 փուլով: Դրան կմասնակցեն 18 շախմատիստ: Համաձայն chess.com կայքի տեղեկությունների, առաջին փուլում հանդես կգան հետեւյալ շախմատիստները.
- Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) 2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 3. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) 4. Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 5. Դին Լիժեն (Չինաստան) 6. Պավել Էլյանով (Ուկրաինա) 7. Մայքլ Ադամս (Անգլիա) 8. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) 9. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 10. Լի Չաո (Չինաստան) 11. Եվգենի Տոմաշևսկի (Ռուսաստան) 12. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) 13. Ֆրանսիսկո Վալեխո Պոնս (Իսպանիա) 14. Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) 15. Ալեքսանդր Ռյազանցեւ (Ռուսաստան) 16. Սալեմ Սալեհ (ԱՄԷ)
- Հոու Յիֆան (Չինաստան) 18. Յոն Լյուդվիգ Համմեր (Նորվեգիա):
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի «Մեծ մրացանակը» բաղկացած է 4 մրցաշարերից: Դրանց ընդհանուր հաշվարկով առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու 2018թ. աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
Լեւոն Արոնյանի կիսանդրին Հայաստանում է
Քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբենը, ով քանդակել է Գերմանիայի նախագահների եւ ճանաչված շատ դեմքերի կիսանդրին, հեղինակել է նաեւ շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կիսանդրին: Այն արդեն Հայաստանում է: Քանդակը ստեղծվել է 2 օրվա ընթացքում: Այն բրոնզապատ կավից է:
Այս առիթով փետրվարի 13-ին տեղի ունեցավ «Ճամփորդ» շաբաթաթերթի խմբագիր Արիանա Կաոիլիի (Լեւոն Արոնյանի կնոջ, ով ֆիլիպինցի շախմատիստուհի է), Գերմանիայից քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբենի, քանդակագործի մենեջեր եւ համակարգող Քրիստոֆ Հոպելի ասուլիսը: «Արմենպրեսե-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ քանդակագործը պատմեց, թե ինչպես է ստեղծել ժամանակակից շախմատի առաջատարներից մեկի կիսանդրին:
«Լեւոնի հետ հանդիպումը հեշտ էր կազմակերպել, քանի որ երկուսս էլ ապրում ենք նույն քաղաքում՝ Բեռլինում: Նա հանդիպմանը եկավ հեծանվով, եւ անմիջապես էլ անցանք գործի: Նրա հետ հեշտ է աշխատելը: Լեւոնը շատ ջերմ է եւ անմիջական»,- ասել է Ֆրեյսլեբենը:
Լեւոն Արոնյանի կյանքի ուղեկից, «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արիանա Կաոիլին իր եւ Լեւոնի անունից շնորհակալություն հայտնեց քանդակագործին աշխատանքի համար, «Լեւոնը ներողություն խնդրեց, որ այսօր այստեղ չէ: Նա պատրաստվում է շատ կարեւոր մրցաշարի եւ միջոցառումները բացասական ազդեցություն են ունենում նրա վրա… Հայաստանում ամեն ինչ է ոգեշնչված, հայերն էլ ոգով ստեղծող ազգ են, Լեւոնի խաղերը եւս ոգեշնչված են: Կցանկանայի ավելացնել, որ Լեւոնը մեծ սիրով էր մասնակցում քանդակի ստեղծման աշխատանքներին: Նրա եւ իմ անունից կասեմ, որ արվեստը, շախմատը մեզ միշտ առաջ են մղում, եւ ունեն մեծ ոգի իրենց մեջ»,- կարեւորել է Կաոիլին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանի կինը երեւանցիներին շաբաթաթերթ է նվիրում: Ամեն երեքշաբթի երեւանցիները հանրային տրանսպորտում՝ ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում, անվճար կարող են ձեռք բերել «Ճամփորդ» շաբաթաթերթը:
Արիանա Կաոիլին առաջին համարում հանդես էր եկել սյունակով, որտեղ ընթերցողի հետաքրքրությունը բավարարելու նպատակով գաղտնիք էր բացել իր կյանքից:
Ֆուտզալ Բիզնես լիգայի Հայաստանի հավաքականը 10:2 հաշվով հաղթել է Թուրքիային
Իրանի Իսլամական Հանրապետությունում շարունակվում է սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունը: Մրցաշարի 2-րդ փուլում Հայաստանի թիմը 10:2 հաշվով հաղթել է Թուրքիայի ընտրանուն: 3-ական գոլի հեղինակ են դարձել Էդգար Ստեփանյանը եւ Արտավազդ Գրիգորյանը, 2 անգամ աչքի է ընկել Տիգրան Զաքարյանը, իսկ Աշոտ Նազարեթյանն ու Հայկ Կիրակոսյանը մրցակցի դարպասը գրավել են 1-ական անգամ:
Ինչպես տեղեկացնում է Բիզնես լիգայի պաշտոնական կայքը, խաղի ողջ ընթացքում մեր թիմը հսկայական տարածական ու խաղային առավելություն է ունեցել, թիմային ճիշտ կազմակերպված մարտավարության շնորհիվ կարողացել է մեկը մյուսի հետեւից մրցակցի դարպասն ուղարկել 10 գնդակ, որին թուրքական կողմը կարողացել է պատասխանել ընդամենը երկուսով:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Բիզնես լիգայի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի` 4:4 հաշվով էր ավարտել հանդիպումը Իրանի թիմի հետ, իսկ հաջորդ խաղում մեր ընտրանու մրցակիցը Հունգարիայի հավաքականն է:
Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Ջիբրալթարի թիմին
Քիչ առաջ ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի 2-րդ փուլի հանդիպումը Հայաստանի եւ Ջիբրալթարի մինչեւ 16 տարեկանների հավաքականների միջեւ: Հայաստանի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Գրենիկ Պետրոսյանը:
«Փյունիկ»-ը Կիպրոսում ստուգողական 5 հանդիպում կանցկացնի
Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային թիմն ուղևորվել է Կիպրոս, որտեղ կանցկացնի երկրորդ ուսումնամարզական հավաքը: Առաջին հավաքն Արտակ Օսեյանի սաներն անցկացրել էին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում:
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, Կիպրոսում մրցաշրջանի գարնանային հատվածին նախապատրաստվող փյունիկցիները ստուգողական 5 հանդիպում կանցկացնեն: Թիմը Երեւան կվերադառնա փետրվարի 26-ին:
«Շիրակ»-«Նեւֆտչի» հանդիպումը խաղաղ ելք ունեցավ
Թուրքական Բելեկ քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակ»-ը ստուգողական հանդիպում է անցկացրել Ուզբեկստանը ներկայացնող «Նեֆտչի»-ի հետ, որը խաղաղ ելք է ունեցել՝ 1:
Վարդան Բիչախչյանի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն ուկրաինական «Ալեքսանդրիա»-ի հետ:
Հայաստանի ազգային առաջնության մյուս թիմերը եւս նախապատրաստական հավաքներ ու հանդիպումներ են անցկացնում արտերկրում:
«Գյումրի» թիմը՝ ՀՎՖ գավաթի խաղարկության հաղթող
Գյումրի քաղաքում կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի «Ձյան վոլեյբոլ-2017» գավաթի խաղարկությունը, որն անցկացվել է «Շիրակի ձմեռ» փառատոնի շրջանակներում։ Գավաթի հաղթող է ճանաչվել «Գյումրի-1» թիմը, 2-րդ տեղը գրավել է «Աջափնյակ»-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Գյումրի-2»-ը։
Մրցանակակիր թիմերը պարգեւատրվել են պատվոգրերով, մեդալներով ու գավաթներով։
«Արարատ»-ի դարպասապահը՝ Բելառուսի հոկեյի Մ18 հավաքականում
Մինսկում անցկացրած ուսումնամարզական հավաքից հետո Բելառուսի հոկեյի մինչեւ 18 տարեկանների հավաքականը մեկնել է Սլովակիա, որտեղ մասնակցել է «Dzurilla Cup» միջազգային մրցաշարին:
Բելառուսի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել է «Արարատ»-ի դարպասապահ Լեւոն Ստեփանյանը: 3 հանդիպումներում էլ Բելառուսի թիմը պարտվել է՝ Սլովակիայի իրենց հասակակիցներին՝ 0:5, Գերմանիային՝ 0:4, Շվեյցարիային՝ 2:4:
«Արարատ»-ի հոկեյիստները փլեյ-օֆֆում են
Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը, որը հանդես է գալիս Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում, իրավունք է ստացել հանդես գալ փլեյ-օֆֆ փուլում: «Արարատ»-ի հոկեյիստները 44 խաղում վաստակել են 74 միավոր եւ 12 թիմերի պայքարում զբաղեցրել 6-րդ հորիզոնականը: Առաջնության արդյունքներով 8 լավագույն ակումբները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում:
Այսպիսով` քառորդ եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Շախտյոր-2»-«Էներգիա», «Յունիոր»-«Նեման-2», «Գոմել-2»-«Արարատ», ԲՖՍՕ «Դինամո»-«Մինչեւ 18 տարեկանների հավաքական» զույգերը:
Սլավիկ Հայրապետյանը եզրափակել է մրցանակային եռյակը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվել է գեղասահքի «Sofia Trophy 2017» միջազգային մրցաշարը: Տղամարդկանց մենասահքում Հայաստանը ներկայացրել է Սլավիկ Հայրապետյանը: Կարճ ծրագրում հայ գեղասահորդը 2-րդ արդյունքն է ցույց տվել, իսկ ազատ ծրագրում եզրափակել է լավագույն եռյակը: Ընդհանուր հաշվարկում Հայրապետյանը վաստակած 175,75 միավորով գրավել է մրցանակային 3-րդ տեղըը:
Մրցաշարին մասնակցել են 7 երկրների 9 գեղասահորդներ: Հաղթողի տիտղոսը բաժին է հասել Անգլիայի ներկայացուցիչ Գարրի Մատտիկին:
Սոֆիայում կայացած մրցաշարում ցուցադրած հաջող ելույթից հետո Սլավիկ Հայրապետյանը կմեկնի Ադլեր՝ Օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովի մոտ, ով վերջին շրջանում աշխատում է մեր մարզիկի հետ: Անաստասիա Գալուստյանը կմարզվի Մոսկվայում, նաեւ կնախապատրաստվի փետրվարի վերջին Ամստերդամում կայանալիք միջազգային մրցաշարին: Թինա Կարապետյան-Սիմոն պրու Սենեգալ պարային զույգը մինչեւ Հելսինկի մեկնելը կմարզվի Կանադայում: Աշխարհի առաջնությանը մեր մարզիկները կպայքարեն օլիմպիական վարկանիշի համար, իսկ դրա համար անհրաժեշտ է տեղ զբաղեցնել 20 լավագույնների մեջ: 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերում հայտնվելու վերջին հնարավորությունը կլինի սեպտեմբերին Օբերստդորֆում կայանալիք ընտրական փուլը:
Հայ դահուկավազորդները՝ Էրզրումի փառատոնում
Էրզրումում կայացած 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնին մասնակցել են նաեւ հայ դահուկավազորդները:
Տղաների մրցաշարում Միքայել Միքայելյանը 7,5 կմ դասական ոճում 53 մասնակիցների մեջ զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 5 կմ դասական ոճում բավարարվել է 40-րդ տեղով: Մեր դահուկավազորդները մրցել են ազատ ոճում: Մրցուղի է դուրս եկել նաեւ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:
Աթլետիկայի առաջնությանը Հայաստանը կունենա 7 մասնակից
Հայաստանի 7 աթլետներ Ստամբուլում կմասնակցեն մինչեւ 20 տարեկանների աթլետիկայի Բալկանյան երկրների անդրանիկ առաջնությանը: Մրցավայր կմեկնեն Էլլադա Ալավերդյանը (1500 մ վազք), Մարիանա Բաղյանը (60 մ), Գարիկ Ումուրշատյանը (1500 մ, 3000 մ վազք), Արամայիս Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ), Յանա Աբրահամյանը (հեռացատկ), Ռաֆայել Պետրոսյանը (եռացատկ) եւ Յուրա Խաչատրյանը (60 մ վազք): Մրցաշարը կմեկնարկի փետրվարի 12-ին: Մեդալներ կխաղարկվեն աղջիկների եւ տղաների 12-ական մարզաձեւերում՝ 60 մ, 400 մ, 800 մ, 1500 մ, 3000 մ վազք, 60 մ արգելավազք, հեռացատկ, եռացատկ, բարձրացատկ, ձողացատկ, գնդի հրում եւ 4X400 փոխանցումավազք:
Բռնցքամարտիկը գումար է հավաքում` ապագա մրցակցի համար
Կուբանացի բռցքամարտիկ Յոյել Ռոմերոն գումար է հավաքում` անգլիացի բռնցքամարտիկ Մայքլ Բիսբինգի համար, ում հետ կարող է մենամարտել 2017 թ. մայիսի 11-ին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն: «Մայքլին գումար հարկավոր կլինի, ինձ հետ կայանալիք մենամարտից հետո: Նա ընտանիք ունի և ես շատ եմ անհնագստանում նրա համար: Խնդրում եմ, օգնեք նրան, ինչով կարող եք: Հավաքված գումարը Մայքլը կվատնի վերականգնման, ինչպես նաև կարիերան ավարտելու երեկույթի վրա»,- ասել է Ռոմերոն:
Հավելենք, որ 37-ամյա Բիսպինգն անցկացրել է 37 մենամարտ, որից 30-ում հաղթել է` կրելով 7 պարտություն: 39-ամյա Ռոմերոն 12 մրցամարտերում հաղթել է մրցակիցներին, իսկ միակ պարտությունը կրել է 2011 թ. սեպտեմբերին:
Ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը` սպորտի վաստակավոր վարպետ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նիստերի դահլիճում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների եւ մասնագետների հետ:
Նախարարը Հայաստանի ծանրամարտի ընդհանուր վիճակը դրական է գնահատել: Նրա խոսքերով՝ մեր ծանրորդները հաջող են մասնակցել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերին, ինչպես նաև աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին:
«Օլիմպիական 2 արծաթե մեդալները մինչօլիմպիական քառամյա փուլի ընթացքում կատարված աշխատանքի արդյունքն են: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի սաներից երկուսը դարձան օլիմպիական փոխչեմպիոններ: Կարծում եմ, որ հետեւողական աշխատանքի շնորհիվ մեր ծանրորդները կարող են նվաճել նաեւ օլիմպիական ոսկին»,- ասել է նախարարը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, նախարար սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ է հանձնել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած ծանրորդներ Գոռ Մինասյանին եւ Սիմոն Մարտիրոսյանին:
Մադոյանի եւ Հակոբյանի թիմերը մրցել են միմյանց հետ
ԱՄՆ-ի բասկետբոլի ուսանողական լիգայի հերթական տուրում «Ջոնսոն Ուելս»-ը 69-62 հաշվով առավելության է հասավ «Սուֆֆոլկ»-ի նկատմամբ: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը հաղթող թիմի կազմում խաղադաշտում անցկացրել է 35 րոպե եւ վաստակել 3 միավոր: «Սուֆֆոլկ»-ի բասկետբոլիստ Մայք Հակոբյանը խաղադաշտում անցկացրել է 39 րոպե և վաստակել 12 միավոր:
«Իդահո Վենդելս»-ը, որի կազմում հանդես է գալիս Արկադի Մկրտիչյանը, 65:88 հաշվով պարտվել է «Նորթ Դակոտա»-ին: Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրել է 25 րոպե եւ վաստակել 8 միավոր: «Իդահո Վենդելս»-ը 24 հանդիպումից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևր»-ը 56-45 հաշվով առավելության է հասել «Մորգան Սթեյթ»-ի նկատմամբ: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 23 րոպե եւ վաստակել 10 միավոր: 27 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևր»-ը զբաղեցնում է 6–րդ հորիզոնականը:
«Վինտվորտ»-ը, որտեղ հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 73-48 հաշվով հաղթել է «Սալվե Ռեջինա»-ին: Վարդանյանը խաղադաշտում անցկացրել է 25 րոպե եւ վաստակել 11 միավոր:
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆես»-ը Եվրոլիգայի 22-րդ տուրի շրջանակներում 90-86 հաշվով առավելության է հասել «Միլանո»-ի նկատմամբ: Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 22 րոպե եւ վաստակել 1 միավոր: 22-րդ տուրից հետո «Անադոլու Էֆես»-ը 8-րդ հորիզոնականում է:
Ի՞նչ է հորդորել նախարարը ևս 3 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին
Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մոտ կայացել է քննարկում՝ հեծանվային սպորտի, նետաձգության եւ առագաստանավային սպորտի մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Նախարարը նշված մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ այսօրվա քննարկումը մեծամասամբ վերաբերում է մարզաձեւերի մասսայականացման եւ տարածման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացմանը:
«Սպորտի բարձրագույն նվաճումները Ձեր ամենօրյա աշխատանքն են, հիմա անհրաժեշտ է մտածել նաև սպորտի մասսայականացման ուղղությամբ: Խնդրում եմ ուսումնասիրել Հայաստանի տարբեր տարածաշրջանների, խոշոր քաղաքների, բնակավայրերի հնարավորությունները, դրանց բնակլիմայական պայմանները, օգտագործել տեղի մարզչական ներուժը»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնականկայքը:
Ռոստոմյանը հորդորել է կատարված ուսումնասիրություններից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել ծրագրեր՝ իրենց ղեկավարած մարզաձեւերի զարգացման եւ մասսայականացման համար:
«Ծրագրերի իրագործմանը կաջակցի նաեւ մեր նախարարությունը: Այստեղ ամենաառանձնահատուկը առագաստանավային սպորտն է, որով զբաղվելու համար ջրային համապատասխան պայմաններ են անհրաժեշտ: Եվ, ի տարբերության դրա, ամենամասսայականը կարելի է գնահատել հեծանվային սպորտը, որով զբաղվելը համեմատաբար մատչելի է: Ես այս մարզաձեւի տարածման կոնկրետ առաջարկների եմ սպասում»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով՝ վերոհիշյալ մարզաձևերի մասսայականացման եւ զարգացման ուղղությամբ համակարգային մոտեցման շնորհիվ հնարավոր կլինի նաեւ նպաստել էկոտուրիզմի եւ սպորտային տուրիզմի զարգացմանը մեր երկրում:
Մեր կարատեիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի կարատեի պատանիների, երիտասարդների եւ մինչև 21 տարեկան մեծահասակների հավաքականը փետրվարի 14-ին մեկնում է Բուլղարիա` մասնակցելու փետրվարի 17-19-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք` Պատանիների, երիտասարդների եւ մինչեւ 21 տարեկան մեծահասակների Եվրոպայի (EKF) 44-րդ առաջնությանը: Մեր ընտրանին հանդես է գալու հետեւյալ կազմով` Հարություն Առաքելյան (16-17տ. տարիքային կարգ, 55կգ. քաշային կարգ), Սիմոն Մովսիսյան (14-15տ., 63կգ.), Էրիկ Խաչատրյան (14-15տ., 52կգ.), Անիտա Մակյան (16-17տ., 59կգ.), Ռուդիկ Շուխյան (14-15տ., 57կգ.), Կարեն Սարգսյան (16-17տ., 68կգ.), Ալբերտ Ավետիսյան (16-17կ., 61կգ.), Միխայիլ Մխիթարյան (16-17տ.), Սերգեյ Դալլաքյան (18-21տ., 67կգ.), Սերյոժա Սարգսյան (18-21տ., 75կգ.), Էդգար Մինասյան (18-21տ., 60կգ.), Դավիթ Մակյան (14-15տ., 70կգ.): Երիտասարդական հավաքականի մարզիչներն են` Վահան Միքայելյանը եւ Տիգրան Մուրադյանը:
Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսին կարատե մարզաձեւը, որը ներկայացնում է WKF-ը (Աշխարհի կարատեի ֆեդերացիան), ճանաչվել է օլիմպիական մարզաձեւ եւ 2020թ. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Օլիմպիադայում առաջին անգամ հանդես կգա նաեւ Հայաստանի կարատեի ազգային հավաքականը: Մինչ այդ տեղի ունեցող Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների եւ այլ վարկանիշային մրցաշարերի արդյունքների հիման վրա Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան կորոշի Օլիմպիադային մասնակցող ազգային հավաքականի կազմը:
Հիշեցնենք, որ – Նոյեմբեր 30,2016թ. – Հայաստանի կիոկուշին կարատեիստ Ռաֆայել Վարդանյանը առաջին տեղն է գրավել Հոլանդիայում կայացած Եվրոպայի բաց առաջնությունում: Այդ մասին հայտնում է Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր հավաքականի մյուս 3 անդամները նույնպես մրցանակային տեղեր են զբաղեցրել: Արթուր Ասրյանը իր քաշային կարգում ճանաչվել է 2-րդը եւ արժանացել արծաթե մեդալի: Հայկ Մկրտումյանն ու Արթուր Առուշանյանը դարձել են Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
Նոյեմբեր 5, 2014թ..- Հայկական կարատեի պատմությունից հիշեցնենք նաեւ, որ – Ճապոնիայում կառատեից հաջողություններ ենք գրանցել – Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի սաները Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել են նշանակալի հաջողություններով եւ մրցանակային տեղերով: Մարզի տարբեր համայնքները ներկայացնող եւ հիմնականում Քասախի մարզադպրոցում ուսանող պատանի կարատեիստներին «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր պայմաններում դիմավորել է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի ղեկավարությունը Կոտայքի մարզպետին ներկայացրել է ճապոնիայում կայացած մրցաշարին ֆեդերացիայի սաների մասնակցության եւ նրանց ունեցած հաղթական հաջողությունների մանրամասները` նշելով, որ իրենց ֆեդերացիայի 3 մարզիկներ աշխարհի առաջնությունից վերադարձել են 1 – I , 2 – II տեղերով եւ համապատասխան խրախուսանքներով:
Մարզպետը շնորհավորել է պատանի մարզիկներին ու նրանց մարզիչներին և իր խոսքում վերահաստատել ինչպես այս ֆեդերացիայի սաներին, այնպես էլ մարզաշխարհի այլ ներկայացուցիչներին մշտապես աջակցելու` իր պատրաստակամությունը: Կոտայքի մարզպետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշն արտերկրի տարբեր մրցասպարեզներում բարձր պահող բոլոր մարզիկները լինելու են մարզպետարանի եւ անձամբ իր ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Մարզաշխարհի պատանի ներկայացուցիչների համար կազմակերպված հանդիսավոր ընդունելության ընթացքում Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի ղեկավարներն ու սաներն իրենց շնորհակալությունն են հայտնել Կոտայքի մարզպետին` իրենց նախաձեռնություններին մշտապես աջակցելու եւ սպորտի բնագավառի նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու համար: Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիան ներկայացնող պատանի կարատեիստների հետ միասին հիշարժան ֆոտոնկարահանումից հետո Կոտայքի մարզպետը զրուցել է նրանց հետ, լսել Ճապոնիայում կայացած մրցաշարի մասին նրանց ունեցած տպավորությունները, քաջալերել վերջիններիս եւ համոզմունք հայտնել, որ նրանք առաջիկայում ևս նորանոր հաղթանակներով հայրենիք վերադառնալու բազմաթիվ առիթներ են ունենալու:
Մխիթարյան եւ Ժիրու, իսկ դուք կարո՞ղ եք նման գոլ խփել
Իտալիայի «Պերուջա» թիմի ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Նիկաստրոն դարձել է հերթական ֆանտաստիկ գոլի հեղինակը:
Այդ երկրի Բ սերիայի առաջնության «Տերնանայի» հետ խաղում 25-ամյա կիսապաշտպանը բավական ուշագրավ ոճով գրավել է մրցակցի դարպասը եւ հաղթանակ բերել իր թիմին:
Իտալական լրատվամիջոցները կարծում են, որ Ֆրանչեսկո Նիկաստրոյի հեղինակած գոլն ավելի տպավորիչ է, քան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի խփած գնդակները, որոնք անընդհատ ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրների հարյուրավոր հեռուստաալիքներով՝ որպես տարվա լավագույն գոլի թեկնածուներ:
Հենրիխ Մխիթարյանը ապշած է. տեսեք, թե ինչ է նրան նվիրել Շարլ Ազնավուրը…
Շատերին հիմա կհետաքրքրի, թե ինչ է Ազնավուրը նվիրել Մխիթարյանին: Մաեստրոն հետևել է Մանչեստեր Յունայթեդի խաղին: Հիանալով հայ մարզիկի անկրկնելի գոլով, որոշել է Մխիթարյանին նվիրել իր Ոսկե սկավառակներից մեկը…
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 6 (439), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



