«Վինար»-ից համ գյուղացիները պրծան, համ գյուղնախը – Իսկ վարկերի խնդիրն առայժմ լուծում չունի… Ընդհանրապես գործարարների եւ վերամշակող գործարանների կողմից գյուղացիների մթերումներից կուտակված պարտքերը կազմում են 1 մլրդ. 467 մլն. դրամ…

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը երեկ կառավարությունում ասուլիս էր հրավիրել՝ խոսելու պարարտանյութի սուբսիդավորումից եւ պետական ծրագրերից:

Նա լավ լուր հայտնեց գյուղացիներին: Բոլոր նրանք, ում պարտք է «Վինար» ընկերությունը, կստանան իրենց գումարները:

Բանն այն է, որ «Վինար»-ի գործարանի պահեստներում կա 12 հազար դեկալիտր սպիրտի պաշար, որը ՊԵԿ-ի քննչական վարչությունն առանձնացրել եւ պահեստավորել է՝ ընկերությանը տալով մի քանի օր ժամանակ այն իրացնելու համար: Հակառակ պարագայում նախորդ տարվա մեթոդաբանությամբ կխնդրեն որեւէ այլ ընկերության, որպեսզի գնի սպիրտը, որի արդյունքում էլ վճարումներ կարվեն գյուղացիներին: Սպիրտի այդ պաշարը լիովին բավարար է պարտքերը մարելու համար: «Իմ կարծիքով՝ լավ նորություն է: Այն ինչ փորձեցինք անել, հասանք արդյունքին»,- նշեց նախարարը:  

Ընդհանրապես գործարարների եւ վերամշակող գործարանների կողմից գյուղացիների մթերումներից կուտակված պարտքերը կազմում են 1 մլրդ 467 մլն դրամ: Գյուղատնտեսության նախարարը երեկ վստահեցրեց, որ վերամշակողների հետ հաճախ են հանդիպում՝ ճշգրտումներ անելու նկատառումով եւ հասկանալու, թե ինչպես են ընթանում մարումները: Մարման ժամանակացույց է կազմված:

Նախարարը նշեց, որ գործարանների ֆինանսական վիճակից ելնելով՝  հնարավոր չէ անմիջապես մարել այդ գումարները, բայց մինչեւ հունիս դրանց 90%-ը կմարվի: «Մեր հաշվարկով փետրվարին մոտ 586 մլն դրամ կմարվի, մարտին՝ 415 մլն, ապրիլին՝ 160 մլն, մայիսին՝ 218 մլն»,- ասաց Իգնատի Առաքելյանը՝ հավելելով, որ դրանից հետո շատ փոքր գումարներ են մնում պարտքի ենթակա, որոնք նույնպես կմարվեն:

Ասենք, որ նախարարը լրագրողների հետ շփումներում շատ հանգիստ է, չի վախենում ժպտալ եւ նաեւ չի վախենում ասել, որ ինչ-որ բան չգիտի, այս պահին տվյալ խնդրի լուծումը չունի եւ այլն: Ու, ի դեպ, դեմ չէ նաեւ դիտարկումներ լսելու: Երբ երեկ գյուղոլորտում վարկերի խնդիրն արծարծվեց, նախարարն անկեղծացավ, որ այս պահին լուծում չունի: «Բանկերը չունեն 24%-անոց վարկեր, դրանք ֆինանսական կառույցներ են կարճաժամկետ վարկեր տրամադրող, եւ անվարկունակ գյուղացիներին վարկեր են հատկացնում:  Այդտեղ պետությունը չի կարող ասել՝ չգնաս վերցնես, իսկ բանկերն էլ չեն կարող տրամադրել ցածր վարկ, քանի որ համապատասխան տնտեսությունը գրավադրված է: Լուծում չունեմ, չեմ հասկանում ինչ կարելի է անել»:

Միաժամանակ նաեւ ասաց, որ խնդիրն ավելի շուտ ոչ թե նախարարության, այլ  բանկերի, Կենտրոնական բանկի հարթությունում է։ Ու եթե մեդալի մյուս կողմն էլ նայենք, ապա կտեսնենք, որ խնդիրը երկկողմանի է, քանի որ այժմ բանկերը նույնպես շատ ծանր վիճակում են՝ պայմանավորված անվերադարձելի վարկերով: Բանկերն ունեն անվերադարձելի վարկերի խնդիր, որոնք արդեն գիտեն՝ չեն վերադարձվի, բայց չգիտեն՝ ինչ անեն: Այս հարցն էլ է քննարկման ընթացքում:

Օգտվելով նախարարի անկեղծությունից՝ լրագրողները հարցրին՝ չի՞ նեղացել ՀՀԿ-ից, որ ընդգրկված չէ նախընտրական ցուցակում: «Թույլ տվեք կուսակցական հարցերին չպատասխանեմ՝ չնայած ոչ մեկից չեմ նեղանում»,-ժպտալով ասաց գյուղնախարարը:

Կմասնակցի՞ ՀՀԿ-ի քարոզարշավին: Ի պատասխան նախարարը դարձյալ ժպտաց. «Իմ կարծիքով, այն, ինչ անում եմ ես, արդեն քարոզարշավ է»…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 6 (439), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.