Համախմբու՞մ.- Նախկին ՄԻՊ-ը՝ հեղափոխական, նախկին նախարարները («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք)՝ տարբեր բեւեռների արժեքակիրներ – Այս դաշինքը ազգափրկչի կերպարին չի ձգում, առավե եւս՝ ընդդիմադիր եզրույթով… Պարույր Հայրիկյանը չգտավ համախոհներ, ովքեր իրեն կուղեկցեն կա՛մ մինչեւ ԱԺ նախագահի աթոռը, կա՛մ՝ վարչապետի աթոռը կառավարության նստավայրում… Նա առանց մուտքի՝ ելք եղավ…

Համախմբու՞մ.- Նախկին ՄԻՊ-ը՝ հեղափոխական, նախկին նախարարները՝ տարբեր բեւեռների արժեքակիրներ

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.- Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել եւս՝ ինձ համար անընդունելի է, որ այդ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաեւ նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով:

Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բեւեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաեւ կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դեւին սպանողն ինքը դեւ կդառնա:

Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձեւաչափը:

Իսկ ահա, ըստ այլ մեկնաբանությունների՝ դաշինքը կղեկավարի ոչ թե Սեյրան Օհանյանը, այլ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ով վաղուց շատ աշխուժորեն ներգրավված է կուսակցության աշխատանքներում:  

Ըստ այդ մեկնաբանությունների, նա նույն աշխուժությամբ կարողացավ Սեյրան Օհանյանին «հեռացնել» տալ նախարարի պաշտոնից, իսկ այժմ՝ դա կանի քաղաքական ոլորտում՝ կտապալի Սեյրան Օհանյանի դեռ չսկսված քաղաքական, այն էլ՝ ընդդիմադիր, գործունեությունը…

Ահա, այստեղ են տեսնում վտանգը այդ մեկնաբանները եւ հավելում, թե նախկին նախարարների եռյակը՝ Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան եւ Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքը, ոչ մի կերպ ազգափրկչի կերպարային համախմբման չի ձգում ի սկզբանե…

Անի Մարության

* * *

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երբեք չի մոռանում մասնակցել բոլոր ընտրություններին, իհարկե, ոչ տեղական ինքնակառավարման մարմինների: Նա նաեւ փորձում էր մասնակիցը դառնալ բոլոր հանրահավաքների, կարեւոր չէ՝ թե ով է հրավիրել: Կարեւորը՝ կար եզրը՝ ամեն բանում ռուսներն են մեղավոր եւ պիտի իշխանափոխության գնանք…

Բայց նա չկարողացավ ընտրվել երկրի նախագահ, չնայած ի սկզբանե հայտարարեց, թե գործող նախագահը պիտի գար իրեն դիմավորեր ու հենց ինքն էլ ուղեկցեր նախագահական նստավայր… Բայց այդպես չեղավ, ավելին՝ նրա նկատմամբ մինչ այդ մահափորձ եղավ, եւ Պարույր Հայրիկյանը առավելապես զբաղվեց առողջական խնդիրներով: Այժմ ԱԺ ընտրություններ են, բայց խնդիրը պատգամավոր դառնալը չէ, խորհրդարանական մեծամասնությունը ընտրում է վարչապետ, ով էլ ստանձնում է երկիրը ղեկավարելու ղեկը: Այսինքն՝ այստեղ եւս առկա է երկրի ղեկավար լինելու հանգամանքը…

Բայց նա չի կարողանում գտնել համախոհներ, ովքեր իրեն պիտի ուղեկցեն կա՛մ մինչեւ ԱԺ նախագահի աթոռը, կա՛մ՝ դրանից մի քիչ հեռու՝ վարչապետի աթոռը կառավարության նստավայրում:

Ընդդիմադիր նորությունները կարծես ԱԻՄ առաջնորդի սրտով էին եւ նա փորձեց «Համախմբում» մտնել, սակայն այն վերածվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, ինչը նրա սրտով չէր … մի ազգանուն բացակայում էր…

Փորձեց՝ «Ելք» դաշինքի միջոցով անցնել վերոնշյալ ճանապարհը, բայց այլեւս ելք չկար, ցուցակները կազմված էին…

Գալիս է մի պահ, երբ յուրաքանչյուր գործի մեջ շատ, թե քիչ վաստակ ունեցող մարդը պիտի կարողանա ոչ միայն հաշվարկել նյութական եւ ոչ նյութական հնարավորությունները, ինչը կարող է նաեւ բավարար համարվել այդ պահին (հատկապես երբ ներսից ու դրսից կա սնուցում), այլեւ՝ այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է երկիրը, երկրի բնակչությունը եւ որտեղ միայն կոչնակներով չի կարող զարգանալ կյանքը:

Այս մասին պիտի՛ մտածի ԱԻՄ (Ազգային ինքնորոշում միավորում)՝ Իմ (Ինքնորոշում միավորում (Պարույր Հայրիկյանը պատճառաբանեց, թե արդեն ազգային պետություն ունենք եւ այդ բառը քաղաքական ուժերը պիտի թողնեն պետությանը…,- երեւի թե միջազգային նոր պատվեր էր՝ ազգային կուսակցությունները վերացնելուն ուղղված,- խմբ.), հետո կրկին ԱԻՄ դարձրած գործիչը:

Ու ո՛չ միայն  նա…

Գահար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 6 (439), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։