Երբ Հռոմի պապից ավելի կաթոլիկներ են հայտնվում – Ահա թե ինչու է քաղաքականությունը նույնացվում պոռնկության հետ կամ՝ համեմատվում պոռնկության հետ, որպես անբարո երեւույթ – Իսկ քաղաքականությունը լրջագույն գործ է… Նաեւ այն մասին, թե ինչու հայ արիները (որ հեթանոս ազգայնականների հետ դաշինք էին կազմել) չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին…

Այն փաստը, որ տասնյակ տարիներ մեր երկրում չի կայանում քաղաքական ոլորտը, անհերքելի է վաղուց: Քաղաքականություն անում են հարյուրավոր քաղաքական եւ հազարավոր հասարակական, հանրային ու քաղաքացիական կազմակերպություններ, անգամ խմբեր ու անհատներ, սակայն դա քաղաքական մշակույթի ստեղծման հետ ոչ մի կապ չունի: Դա քաղաքական բնագավառի հետ չի առնչվում ոչ մի կերպ:

Այսպես մեր երկրում տասնյակ տարիներ, 1990-ականների անկախացումից ի վեր կա եւ գործում է միայն խմբակային շահերի եւ անձնական շահութաբերությունն ապահովող քաղաքական խարդախաբանություն, որն էլ ներկայացվում է պետական, ազգային կամ ժողովրդավարական գաղափարաբանություն եւ քաղաքականություն…

«Լուսանցք»-ը բազմիցս նշել է եւ չենք հոգնում մի անգամ էլ նշել, որ ավելի քան 25 տարի Հայաստանում փոխնիփոխ իշխում են ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական կամակատար ուժերը: Նույն բնութագրմամբ էլ գործում են ՀՀ 1-3 նախագահներին ենթական ընդդիմադիր կամակատարները: Եթե այս ամենին էլ հավելենք, որ իշխանական եւ ընդդիմական բնագավառներում կամակատարների գործառույթներին ավելանում է նաեւ օտար ուժերին ծառայելու մե՜ծ պատիվը, ապա կարիք չկա եզրակացությունն ի ցույց դնելու, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ մեր երկրի բնակչության հետ՝ ընտրությունից ընտրություն ժամանակահատվածում:  

Եզրակացությունը մեր կյանքն է ու այն քաղաքական ոլորտը, որը ցայսօր համեմատում են պոռնկության հետ: Մի առիթով մեր այս հարցին Հայ Արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը պատասխանեց, որ ինքը երբեք քաղաքական գործիչ չի համարել իրեն, այլ՝ ազգային գործիչ, քանի որ առավելապես իր գործությունը «հիմնված է ազգային գաղափարաբանության ու հայոց հավատի համադրմամբ պատմա-քաղաքական եզրահանգումների գալու եւ ազգային ինքնությամբ ներազգային ու միջազգային քաղաքական խառնակչություններին դիմակայելու նպատակին», սակայն նա քաղաքականությունն ընկալում է որպես մեր ներքին ու արտաքին կյանքի կարեւոր բնագավառներից մեկը ու երբեք համաձայն չէ այն ձեւակերպմանը, թե «քաղաքականությունը պոռնկություն է»: Ըստ հայ արիականների ղեկավարի՝ «այդ պոռնիկներն են քաղաքականությունը պոռնկացրել, ինչպես մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները, անգամ մտավոր ու հոգեւոր»: Եվ սուտ է, որ մարդիկ սա չեն հասկանում, ասել է Արմեն Ավետիսյանը, բոլորն էլ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում, ինչպես են ազգադավները ազգապահպան դառնում, ազգի կողոպտիչները՝ ազգային բարեգործներ, ազգի տականքները՝ երկրի ճակատագրախեղներ եւ այսպես շարունակ… Պարզապես այդ զանգվածները տուրք են տալիս ընչաքաղցությանը եւ ընտրությունից ընտրություն վաճառում են իրենց մարմիններն ու հոգիները, ընտրությունից ընտրություն բղավելով, թե կյանքն անարդար է եւ ամեն բան վաճառվում է… «Իսկ վաճառվում է այն, ինչն սպառվում է, եւ ծախու մարդկանց ձայները միշտ էլ գնողներ կգտնվեն, հատկապես, որ նրանք ամեն բան գնելու խոշոր մասնագետներ են դարձել: Լավ գնորդներ (որոշները՝ նաեւ գնվողներ) են նաեւ միջազգային ասպարեզում: Եվ այստեղ է, որ հայ արիականները փորձում են վեր հանել հայի ինքնության ճանաչման տեսլականը, միայն ինքնաճանաչ եւ էաճանաչ հայը կարող է դիմակայել այս առ-եւ-տուր-ին, միայն այդ հայը կհասկանա ազգասիրության եւ հայրենապաշտության իրական կանչը… եւ ընտրակաշառքը կհամարի մարմնավաճառին հասանելիք վճար եւ աղանդավորականին տրվող հոգեխեղման հասանելի վարձ…»:

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումներից մեկում արդեն նշել ենք, որ Հայ Արիական միաբանության քաղաքական թեւի՝ Հայաստանի Հայ-Արիական կուսակցության, ինչպեսեւ Հայ Ազգայնականների համախմբման քաղաքական խորհրդի ձեւավորած դաշինքը միայն վերոնշյալ պատճառների առկայությամբ է հրաժարվել մասնակցել խորհրդարանական ընտրություններին: «Կրկնեմ նորից, մենք չենք կարող հույս դնել երջանիկ պատահականության վրա, թե ներքին ու արտաքին դիտորդները կամ նորամուծված տեխնիկական սարքերը պիտի աջակից լինեն արդար հաղթանակին: Ավելին՝ հուսանք, թե ընտրակաշառնքներին սպասող տասնյակ հազարավոր մարդիկ պիտի փոխեն իրենց որոշումը… Ցավոք, դեռ պիտի շարունակենք Նժդեհի սկսած գործը՝ ինչն ակնկալում է ազգի տականքից որոշներին ժողովրդի մեջ ներքաշելը, իսկ ժողովրդի միջից դեպի ազգը բերելը: «Այս ժողովուրդը պիտի ցեղե՛ք»,- ասել է մեծ հայը իր Ցեղակրոն ուսմունքի մեջ: Երբ այս գործընթացները Տիեզերական Գարնան ընթացքի եւ դրական լիցքերի հետ համահունչ կսկսեն ներառվել մեր կյանքում, այնժամ կգա ազատ ու արդար կամ էլ թափանցիկ ասված ընտրության մասին խոսելու հերթը»:

Դառնալով մեր քաղաքական ոլորտին, պիտի այսօր էլ ամրագրենք, որ վերոնշյալ բոլոր մտքերը իրական են դեռ եւ շարունակում են իրենց ընթացքը: Ամենազարմանալի նախընտրական դաշինքը երեւի թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» անվանական դաշինքն է: Սա կարծես ավելի հստակ է ցուցադրում ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների ներկայությունը ընդդիմադիր դաշտում: Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԳ նախարարն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, Վարդան Օսկանյանը նույն ԱԳ նախարարն էր Ռոբերտ Քոչարյանի օրոք, իսկ Սեյրան Օհանյանը դեռ տակավին վերջերս պաշտպանության նախարարն էր Սերժ Սարգսյանի օրոք… Հիմա ի՞նչ մի նոր դիվանագիտական ու ռազմա-պաշտպանական կամ ռազմավարական նորություններ են բերելու Հայաստանին ու հայությանը այս նախկին նախարարները: Բայց հարցը այստեղ թող հռետորական հնչի:

Ավելի զարմանալի բաներ են տեղի ունենում, քան այս հարցերի պատասխաններն են: Սեյրան Օհանյանը պատրաստ է բացահայտել անգամ Մարտի 1-ը…

Պաշտպանության նախկին նախարարը հույս ունի, որ ապրիլյան ընտրություններից հետո գործը փողոցային պայքարին չի հասնի։ Բայց այնուամենայնիվ՝ ինքը կլինի այնտեղ, որտեղ իր համախոհներն են, անգամ՝ Ազատության հրապարակում։ Իսկ ինչ կանի ինքը՝ եթե հետընտրական փուլում իշխանությունն ընդդեմ ժողովրդի բանակն ու ոստիկանությունը գործի դնի, ինչպես եղավ 2008-ի մարտի 1-ին: Պարզվում է, որ ըստ նախկին նախարարի, «բանակը մեր ներքին քաղաքական կյանքում անելիք չունի, եւ բանակը միշտ էլ զբաղվել է իր խնդիրներով»։ Իշխանության գալու պարագայում իրենք կգործեն բացառապես օրենքի շրջանակում։ Եվ ամենակարեւորը՝ 2008-ի մարտի 1-ին սպանված 10 հոգու սպանությունների բացահայտումն է պատրաստ իր վրա վերցնել նախկին պաշտպանության նախարարը, ավելին՝ «ինչու միայն մարտի 1-ը։ Ուրեմն՝ եթե գործեր կան, որ չբացահայտված են եւ օրինապահ մարմիններն զբաղվում են, պետք է մենք հասցնենք մինչեւ վերջ»…

Այսպես՝ Սեյրան Օհանյանին «հաջողվեց» խուսափել Մարտի 1-ի մեղադրանքից, որը «հաջողել» էր անել նաեւ մեկ այլ նախարարի՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին: Նա ավելի հստակ էր պատասխանել. «Ես ի՞նչ կապ ունեմ մարտիմեկյան դեպքերի հետ»…

Եվ այսպես, երկու մեղադրազերծ կուսակցապետ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ստորագրեցին հուշագիր՝ ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրությունների ժամանակ դաշինքով հանդես գալու մասին:

Բայց, 2015թ. դեկտեմբերին Ազատության հրապարակում, «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքի ժամանակ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր, որ բացի Սերժ Սարգսյանից եւ Հովիկ Աբրահամյանից, ինքն այսուհետ պահանջում է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը՝ վերջինիս մեղադրելով ընտրակեղծարարության մեջ: «Այսօր մենք, ցավոք, զեկուցում եք, որ այն մարդը, որը կարող է դառնալ ՀՀ նախագահ (այդ ժամանակ այդպիսի կարծիք կար Սեյրան Օհանյանի մասին), մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով զինվորներին բաց, ուղղորդված ստի քվեարկության, ու ես պահանջում են Սեյրան Օհանյանի հրաժարականը»…

Դրան ի պատասխան այսօրվա ընդդիմադիր Սեյրան Օհանյանը այն ժամանակ պատասխան էր տվել, թե ««Ժառանգության» առաջնորդին խորհուրդ կտամ այլ բաներով զբաղվել»՝ հավելելով, որ չի կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց: Նման «բարեխոսություններ» եղել են նաեւ նախկինում:

Ինչքան էլ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ ընտրությունների գնալու տեսակետը կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չէ, այնուամենայնիվ այդպիսին դարձավ: Եվ մեղադրական տոնը մեղմվեց, լրագրողների հետ զրույցում Րաֆֆի հովհաննիսյանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանը կարող է ապագա ղեկավար դառնալ, իսկ 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների համար նրա եւ Վարդան Օսկանյանի պատասխանատու լինելու հարցը այլ կերպ պիտի ասել՝ ամեն մեկն իր մեղքը ունի, բայց այս ընտրությունը հնարավորություն է, որ ամեն մեկը իր հետագծին դեմ հանդիման գնա»։

Եվ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, թե կամ պայքարելու է այս դաշինքի դեմ կամ էլ «Օհանյանն ու Օսկանյանը պետք է խոստանան, որ ընտրություններից հետո կանգնելու են դատարանի առաջ», թերեւս անհավանական է թվում։ Պատգամավորը չի պատրաստվում Անահիտ Բախշյանի պես լքել «Ժառանգություն»-ը, բայց հնարավոր է այլ ուժերի կողմից առաջադրվի պատգամավորի թեկնածու…

Մի առիթով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է անդրադարձել Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությանը. «Մամուլը երկար եփեց այս գործընթացը: Ցանկացած պարագայում ունենալով հարգանք նախկին նախարարի անցած ճանապարհի նկատմամբ, ունենալով մարդկային հարաբերությունների ջերմ պաշար՝ ուզում եմ հիշել հայտնի լատինական ասացվածքը՝ «Պլատոնն իմ ընկերն է, սակայն ճշմարտությունն ավելի եմ գնահատում: Մեր բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն զբաղվելու քաղաքականությամբ: Մի բան փաստեմ, որ ՀՀ քաղաքական կյանքում փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ, նախագահներ, վարչապետներ, նախարարներ. քաղաքականությունը ձգում է նախկիններին՝ պատմությունը ցույց է տալիս, որ նրանք, որպես կանոն, չեն կարողանում շատ մեծ արդյունքներ արձանագրել, սակայն փորձում են որոշակի ամբիցիաներ ունենալով քաղաքական արեւի տակ տեղ ունենալ»:

Այսպես ՀՀԿ պատասխանատուներից մեկը պարզ հուշում է այն միտքը, որ դեմ չեն այսպիսի ընդդիմադիր ուժի գոյությանը: Իսկ ավելի պարզեցրած՝ անգամ ցանկալի է, որ ընդդիմադիրները այսքան խոցելի լինեն եւ դա գրավական է, որ նրանք երբեք չեն կարող մեծ արդյունքների հասնել, բայց «քաղաքական արեւի» տակ նրանց տեղ կտրվի…

Մարտի 1-ը եւ մնացած չբացահայտված գործերը բացահայտելու պատրաստակամ պաշտպանության նախկին նախարարը երեւի թե կբացահայտի նաեւ «Նորք-Մարաշի զինված խմբի գործը»: Այստեղ մեղադրանք է ներկայացվել նաեւ պաշտպանության մեկ այլ նախկին նախարար Վահան Շիրխանյանի դեմ, ով այդ թեժ օրերին հայտնել էր, թե մտադիր էին Սեյրան Օհանյանի հետ սպաների միություն ստեղծել, որը պիտի իր լուրջ դերակատարությունն ունենար մեր կյանքում…

Ինչ մնում է նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմին, ապա այստեղ բացահայտվեցին նաեւ այն թերությունները, որոնց պատճառով հենց առաջին օրը մենք ունեցանք մեծ թվով զոհեր: Իսկ սխալները բարձրաստիճան սպայակազմի որոշ անդամների մեղքով էր, որ ցայսօր չի մանրամասնվում: Եվ Սեյրան Օհանյանը հրաժարական է տալիս, ապա կարծիք է տարածվում, թե ինքն է այդ որոշումը կայացրել… Բայց նման տեսակետները, մեղմ ասած, հավատ չեն ներշնչում: Եվ հանկարծ մի փրկարար օղակ է նետվում Սեյրան Օհանյանին, որից նախարարը չի էլ օգտվում՝ մտածելով, որ ինքն արդեն ինքնամաքրված ու ընդդիմադիր առաջատար գործիչ է…

«Պաշտպանության նախկին նախարարին որպես ընդդիմադիր գործիչ չեմ պատկերացնում»,- Եռաբլուրում ասել էր Վազգեն Սարգսյանի եղբայրը, ՊՆ խորհրդական Արմեն Սարգսյանը։ Նա նաեւ իրեն չի պատկերացնում ընդդիմադիրի դերում։ Ինչ վերաբերում է նախկին նախարարին, ապա. «Գիտեմ մի բան, որ Սեյրան Օհանյանն ուզում է, որ երկրի վիճակը կայուն լինի, եւ ամենաշատը նա մտահոգված է բանակի համար»։ Արմեն Սարգսյանը չի կարծում, որ Սեյրան Օհանյանը նեղացած է գնացել։ Ավելին, ըստ նրա, Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է Անվտանգության խորհրդի ու ՀԱՊԿ խորհրդի քարտուղարի պաշտոնները. «Սեյրան Օհանյանը ոչ թե հրաժարվել է, այլ խնդրել է ՀՀ նախագահից մի փոքրիկ դադար, որպեսզի հանգստանա, ի վերջո նա իսկականից հանգստի կարիք ուներ»։

Բայց Սեյրան Օհանյանը չհաստատեց այս տեսակետը եւս, ավելին՝ շատ տարօրինակ հանգստի ձեւ ընտրեց՝ դառնալով ընդդիմադիր քաղաքական գործիչ…

Պաշտպանության նախկին նախարարին նաեւ այլ զգուշացում եղավ, հեռահար հասկացրեցին, որ կարող են մեկուսացնել զինական ոլորտին մոտիկ լինելուց, բայց դա արեցին շատ անմեղ ձեւակերպմամբ, անգամ՝ իբր պաշտպանելով նախկին նախարարին… «Սեյրան Օհանյանին Երկրապահ կամավորական միությունից հեռացնելու հարց չկա»,- հայտարարել էր ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունները: «Նման հարց չկա, չի էլ քննարկվել: Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ինչ-որ թերթեր են գրում այդ մասին, որոնք իրենց էջերը լցնելու լուր չունեն եւ հնարում են»,- ասել է խոսնակը եւ հավելել, որ ԵԿՄ-ից քաղաքական հայացքների համար չեն հեռացնում անդամներին:

Այսպես, «խորացնելով» իր ընդդիմադիր կերպարը, Սեյրան Օհանյանը փորձեց մի հարցում էլ հասնել ու անցնել արդեն ընդդիմադիր ճանաչված Րաֆֆի Հովհաննիսյանից, որպեսզի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում լինի իսկապես առաջինը:

ՊՊԾ-ն գրաված, պատանդառած եւ 3 ոստիկանի մահվան պատճառ դարձած «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամները արդյո՞ք քաղբանտարկյա՞լ են հարցին, պաշտպանության նախկին նախարար եւ ներկայիս ընդդիմադիր գործիչ Սեյրան Օհանյանը այսպես է պատասխանել, թե՝ «Քաղբանտարկյալներ, այսօր, իհարկե կան»… Այսօր քաղբանտարկյալ ասելով՝  նկատի ունեն Ժիրայր Սեֆիլյանին ու ՊՊԾ գունդը գրաված զինված խմբավորման՝ «Սասնա Ծռերի» անդամներին, որոնք ձերբակալվել էին այն ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր: Եվ արդյո՞ք ինչ-որ բան է փոխվել, որ ոստիկանության ՊՊԾ գունը գրաված եւ 3 ոստիկանի մահվան պատճառ դարձած  «Սասնա ծռերի» ներկայացուցիչներին արդեն կարելի է անվանել  քաղբանտարկյալներ…

Դե Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ այն ժամանակ էր մասնակցում ցույցերին ու հանրահավաքներին, անգամ ի պաշտպանություն «Սասնա Ծռերի»… Իսկ Սեյրան Օհանյանի կարծիքը անբնական է թվում, այստեղից էլ՝ նրա անձը՝ անվստահելի: Չնայած, այս գործելաոճը սովորական է դարձել մեր քաղաքական դաշտում, Վարդան Օսկանյանն էլ ԱԳ նախարար ժամանակ արդարացնում էր 2008թ. մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, հետո նաեւ ջարդը, իսկ երբ ընդդիմադիր շարքերն անցավ… ամեն բան փոխվեց:

Մի քաղաքական ուժ եւս որոշել է քաղբանտարկյալներ ասվածը դարձնել քարոզչություն: Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» նախընտրական դաշինքի առաջատարներից է, այցելել է «հաց բերող» Արթուր Սարգսյանին եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթացել նրա պահման պայմաններին։ Իհարկե, այս պատգամավորը դեռ «Սասնա Ծռերի» ՊՊԾ գնդի պատանդառման ժամանակ էր հանդես գալիս որպես միջնորդ, սակայն «Հիմնադիր խորհրդարանի» անդամները նրան չվստահեցին, մեղադրեցին, որ սեփական կուսակցության վարկանիշն է բարձրացնում միայն եւ հրաժարվեցին հարաբերվել: Բայց Սեյրան Օհանյանի ելույթները երեւի թե թողել են ազդեցություն նաեւ այլ ընդդիմադիր ուժերի գործիչների վրա:

Ցավոք, ոմանց մոտ հերոսությունն ու արկածախնդրությունը նույն հարթության վրա են: Անգամ հայրենադավության հանգամանքը փորձում են կապել իշխանափոխության խաղի հետ եւ դա ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը: Առավել տրամաբանական եւ մեր կարծիքին համընկնող է «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանի այս տեսակետը: ««Հաց բերող» Արթուր Սարգսյանն էլ ինձ համար ոչ լեգենդ է, ոչ էլ երիտասարդներին դաստիարակելու օրինակ: Այդքանով հանդերձ՝ նրան կրկին 2 ամսով կալանավորելը  նույնպես չի տեղավորվում իրավական ու բարոյական ոչ մի չափանիշների մեջ: Մեր իրավապահ համակարգում առայժմ «Սովետ» է՝ այդ համակարգի ներկայացուցիչներին թվում է, որ իրենց նպատակը ոչ թե հանցագործությունը կանխելն է, իսկ եթե չի հաջողվում կանխել, բացայտելն է, այլ  բացառապես պատժելն ու վրեժ լուծելը: Մարդուն պետք է կալանավորել այն դեպքում, եթե նա, ազատության մեջ մնալով, կարող է ազդել նախաքննության մարմնի վրա: Օրինակ եթե որեւէ նախարարի կամ պատգամավորի երբեւէ ձերբակալեն, ապա իմաստ ունի, որ նա մնա ազատազրկման վայրում, քանի որ շատ հավանական է, որ իր «ախպերության» միջոցով փորձի ազատվել պատասխանատվությունից: Արթուր Սարգսյանը, բնականաբար նման լծակներ չունի…»,- ասել է թերթի խմբագիրը:

Մենք եւս կարծում ենք, որ կարելի է համակրել այս կամ այն կուսակցությանը, ամիսներով քայլել տարբեր դաշինքների արանքում, անգամ կարելի է մտնել ու դուրս գալ  իշխանության եւ ընդդիմության արանքներից… Սակայն միակ բանը, որ չարժե անել՝ դա նկարագիրը կորցնելն է:

Արման Դավթյան եւ Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 6 (439), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։