Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը համամիտ չէ այն տեսակետին, թե ընտրական գործընթացը բարդացել է եւ ընտրողին համար դարձել անհասկանալի: Ըստ նրա՝ «ձեւակերպման նման մոտեցումը չափազանցված է, որովհետեւ կան որոշակի ընթացակարգեր, որոնք նոր են, կապված հատկապես քվեակարգի հետ՝ ինչպիսին պետք է լինի քվեաթերթիկը, ինչպիսին պետք է իրականացվի դրանով քվեարկությունը եւ այլն:
Բայց, որ համապատասխան հոլովակը պատրաստվել է, ԿԸՀ կայքում կա, եւ առաջիկայում, երբ առաջադրումները կլինեն՝ կլինի ավելի մեծ իրազեկման բնույթի արշավ, ինչը լրիվ հնարավորություն կտա այդ ժամանակահատվածում ընտրողներին քաջատեղյակ լինել նոր քվեակարգի բոլոր հանգամանքներին»:
Ռեյտինգային ցուցակներին առնչվող հարցերին պատասխանելուց առաջ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ պետք է նախ եզրույթների մեջ հստակություն մտցնել. «Առաջինը՝ մոռանում ենք ռեյտինգային եզրույթը, դա ռեյտինգային չէ, դրանք ընդամենը տարածքային ցուցակներ են: Հանրապետության տարածքը բաժանված է 13 ընտրական տարածքների, յուրաքանչյուր ընտրական տարածքում լինելու է համապատասխանաբար նաեւ կուսակցության տարածքային ցուցակ, այսինքն՝ կուսակցությունն առաջադրելու է 1 համապետական ցուցակ, որն էլ բաղկացած է 2 մասից, 2-րդ հատվածում ընդգրկվելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, եւ յուրաքանչուր տարածքի համար 1 տարածքային ընտրական ցուցակ: Տարածքային ընտրական ցուցակում արդեն նշվելու են այն թեկնածուների անունները, որոնք թեկնածու են տվյալ տարածքային ցուցակում: Քանի որ յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվելու է առանձին քվեաթերթիկ, բնականաբար, ըստ էության, տպագրվելու է 13 տեսակի քվեաթերթիկ, որի մի կողմում նշվելու է կուսակցության անվանումը, համարը, կուսակցության համապետական ցուցակի թեկնածուների անունները, իսկ հակառակ կողմում տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուների անունները:
«Ընտրողն ընտրելով քվեաթերթիկը, ըստ էության, կատարում է քվեարկություն տվյալ քաղաքական ուժի օգտին, իսկ եթե նա ցանկանում է նաեւ տարածքային ցուցակի թեկնածուին ընտրել, ապա քվեաթերթիկի հակառակ կողմում կատարում է համապատասխանաբար միասնական նշում այն թեկնածուի անվան դիմաց, ում օգտին նա տվել է իր քվեն»,- ասել է ԿԸՀ նախագահը:
Խոսելով ձայների հաշվարկի մեխանիզմի մասին՝ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ մի քանի քայլ է իրականացվում. «Առաջին՝ որոշվում է այն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքը, որոնք հաղթահարել են 5 կամ 7 տոկոսանոց շեմը, այնուհետեւ իրենց ստացած ձայներին, համամասնորեն որոշվում է նրանց ստացած մանդատների քանակը: Մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների միջեւ, մյուս կեսը տարածքային ցուցակների միջեւ: Տարածքային ցուցակների պարագայում հիմք է ընդունվում նորից տվյալ տարածքում կուսակցության ստացած քվեները: Դրանցով որոշվում է, թե որքան մանդատ է ստանալու տվյալ կուսակցությունը, եւ երբ արդեն կսկսվի մանդատների բաշխումը, այդ ժամանակ արդեն հիմք են ընդունվում տվյալ տարածքում, տվյալ թեկնածուի ստացած ձայները»:
Կուսակցություններն ու դաշինքները ընտրացուցակների գրանցման փաստաթղթերը կներկայացնեն ԿԸՀ՝ փետրվարի 6-16-ը, ժամը 18:00-ն ներառյալ:
Ընտրացուցակների գրանցումը կկատարվի փետրվարի 16-26-ը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 5-ին եւ կավարտվի մարտի 31-ի ժամը 18:00-ին:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 6 (439), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



