Փորձարկումներ, որ պիտի հրա՞շք ապահովեն (խորհրդարանական ընտրությունների նորամուտ սարքավորումները փորձարկվեցին ՏԻՄ ընտրություններում, բայց արդյո՞ք դրանք հրաշք են գործելու եւ ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ են ընթանալու)… Կեղծ ընդդիմություն ստեղծելը նույնպես ընտրակեղծիք է…

Այս խորհրդարանական ընտրությունները կանցնեն առավել մեծ ուշադրության ու հսկողության ներքո, քանի որ ոչ միայն ավանդական դարձած հետաքրքրություններն են առկա, ներքաղաքական ավելի քան 25-ամյա կրկնվող գզվռտոցը նույն ուժերի կողմից եւ նույնքանամյա էլ օտարերկրյա խառնակչությունները, այլեւ՝ խորհրդարանական երկրի անցնելու Հայաստանի սահմանադրական որոշումը: Եթե կիսանախագահական Հայաստանում նոր ուժերի համար նախագահի աթոռը անհասանելի էր հին ու նորացված հին իշխանությունների եւ ընդդիմությունների խաղերի կանոնների անկանոն համակարգում, ապա խորհրդարանական վարչակարգը, գոնե իր ձեւավորման փուլում, դաշինքների տեսքով թույլ էր տալիս մտածել հնարավոր իշխանափոխության մասին…

Սակայն դաշինք ասվածները ձեւավորումից հետո եկան կրկին հիմնավորելու, որ ամեն բան մնացել է գրեթե նույնը: Նույն քաղաքական հոգնած ու հոգնեցնող դեմքերն են հիմնականում: Անգամ օրեր առաջ իշխանությունից հեռացածներն ու հեռացվածները, որ տարիներով օգտվել են իշխանական կերակրատաշտից, այսօր ազատ կարող են դառնալ նորացված ընդդիմադիրներ… Ու այլեւս զարմանալի չէ, որ ընտրազանգվածի մի ստվար մաս պատրաստ է «հավատալ» ու քարոզել, որ հենց նրանք են իրական ընդդիմադիրները, դրա համար էլ հալածվեցին իշխանութունների կողմից… եթե իհարկե, նրանց կողմից ընտրակաշառքն աշխատի ինչպես եւ ինչքան հարկն է…

Այս մասին շատ դիպուկ ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը. «Կեղծ ընդդիմություն ստեղծելը, նույնպես ընտրակեղծիք է»...  

Իսկ հրաշքների հավատալ այս դեպքում չի կարելի, քանի որ հրաշքներ լինում են իրական ու բնական կյանքում, իսկ մեր քաղաքական կյանքը արհեստական ու ավելի քան անբնական կարգավիճակում է: Ինչեւէ, տարբեր նորարարություններ են ներմուծվել եւ օրենքներ են թարմացվել, որպեզի ազգային ու միջազգային հսկիչներն ու վերահսկիչները բավարարված լինեն: Նախընտրական գործընթացները փորձել են ավելի տեսանելի ու վստահելի դարձնել ամեն դեպքում, ինչը կիրառվեց տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ժամանակ, որպեսզի հստակեցվեն ու ավելի կատարելագործվեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը օրերս կրկին խոստացավ նկատված թերությունները շտկել մինչեւ խորհրդարանական ընտրությունները: Նա, որպես փորձարարական ծրագրով դիտարկող, ներկա էր Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման գործընթացին: «Այս փորձարկումը չենք կապելու ընտրության հետ,- Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դավիթ Հարությունյանը, ապա հավելել,- մենք ընդամենը ընտրությունն օգտագործել ենք որպես առիթ: Այս փորձարկումը մաս չէ ընտրական գործընթացի, մենք ուղղակի խնդրում ենք բոլոր ընտրողներին իմիտացիա անել ապրիլի 2-ը: Ընտրողները մոտենում են, գրանցվում են սարքի միջոցով, թեեւ հետո մոտենում են նաեւ գրանցվում են գրանցամատյանում, դասական եղանակով, որովհետեւ, ըստ ընտրական օրենսգրքի, այս ընտրություններն անցկացվում են դեռեւս հին ընտրական օրենսգրքով: Բայց ընտրողները մեր խնդրանքին ընդառաջում եւ մասնակցում են»,- նշել է պաշտոնյան դեռ ՏԻՄ ընտրական գործընթացի ժամանակ:

Այնուամենայնիվ, ծրագրային ապահովումը դեռեւս ամբողջական ավարտված չէ, այն պետք է ավարտված լինի մարտի սկզբին: «Այս փուլում ընդամենը մի մասն է ավարտված եւ մենք հենց այդ մասն էլ փորձարկում ենք»,- հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը, ապա նշել, որ փորձարկման ընթացքում լինում են թերություններ, այս ընտրություններում սարքերի փորձարկման բուն նպատակը հենց դա է՝ «վեր հանել բոլոր թերությունները»: Իսկ անդրադառնալով սարքերի միջոցով գրանցվելու ժամանակ ընտրողների համար հնարավոր դժվարություններին, նշվեց, որ ընտրողները տեխնիկական սարքավորումների հետ շատ առնչություն չունեն: Հիմնականում տեխնիկական մասնագետներն են առնչվում սարքավորումների հետ, որոնք վերցնում են ընտրողի անձնագիրը եւ կազմակերպում են գրանցման ընթացքը:

Ինչպես վերը նշվեց, մի քանի սխալներ են հայտնաբերվել, մի քանի թերություններ նույնպես, որոնք եւս պիտի շտկվեն: Օրինակի համար նշվել է, որ երբ ստուգում են «իրական պայմաններում քանի վայրկյանում է սինխրոնիզացվում սարքը», հասկացել են, որ այդտեղ աշխատելու տեղ ունեն: Հնչել են խոստումներ, թե ապրիլի 2-ին այդ թերություններն այլեւս չեն կրկնվի:

Սարքերի փորձարկման գործընթացին ներկա են եղել նաեւ ԿԸՀ աշխատակիցները՝ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, ինչպեսեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընթացքում ստուգվել ու նշվել է, որ տեխնիկական գրանցման սարքերի փորձարկման պայմաններում ընտրությունները նորմալ բնականոն հունով են ընթացել: Այս տեխնիկական գրանցման սարքավորումների փորձարկման նպատակն այն է, որպեսզի վեր հանվեն բոլոր տեսակի թերությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ շտկվեն. այս մասին ասել է Սեմյոնովկա համայնքի տեղամասային հանձնաժողովի նախագահ Թագուհի Հակոբյանը: Ըստ նրա, գյուղի բնակիչները հանգիստ կատարում են իրենց ընտրությունը, իսկ այս սարքավորումների փորձարկումը, ճիշտ է, ընտրողների համար նորություն է, սակայն թե՛ հանձնաժողովի անդամները եւ թե՛ տեխնիկական սարքավորումներն աշխատացնող մասնագետները ընտրողներին ամեն կերպ օգնել են, որ գրանցվելու ժամանակ որեւէ դժվարություններ չունենան:

Մասնագիտական բացատրություն է տրվել, թե՝ «տեխնիկական սարքերով գրանցվելու փորձարկումների ժամանակ սարքն աշխատացնող տեխնիկական մասնագետը վերցնում է ընտրողի անձնագիրը, մուտքագրում է սարքի մեջ, եթե սարքը իդենտիֆիկացնում է տվյալ ընտրողին, ապա սարքի էկրանի վրա կանաչ լույս է հայտնվում, այնուհետեւ ընտրողից վերցվում է մատնահետք, որից հետո սարքը տպում է կտրոն, որի վրա նշված են ընտրողի մասին տվյալները եւ վերջինիս նկարը: Ի դեպ, սարքը նկարը տպում է միայն 2008թ. մինչ օրս ստացած անձնագրերի համար, քանի որ բազայում նկարները 2008-ից է առկա»,- ասել է տեխնիկական մասնագետ Հայկ Հակոբյանը: Այնուհետեւ ընտրությունը կատարելուց հետո ընտրողը կտրոնը հանձնում է քվեատուփի մոտ նստած հանձնաժողովականին, իսկ ծրարը՝ գցում քվեատուփի մեջ:

Սարքերի փորձարկման ժամանակ փորձ արվեց ստուգել, արդյոք սարքը թո՞ւյլ է տալիս ընտրատեղամասում չգրանցված անձանց մասնակցել ընտրության գործընթացին, այսինքն՝ անձնագրի տվյալների մուտքագրումից հետո թույլ տալի՞ս է մատնահետք վերցնել, ապա կտրոն տրամադրո՞ւմ է, թե՞ ոչ: Ընտրաընթացքին ներկա դիտորդներից մեկի անձնագիրը մուտքագրվեց, սարքի էկրանին հայտնվեց դեղին լույս, որի ներքո նշված էր, որ տվյալ անձը գրանցված չէ այս տեղամասում: Փորձ արվեց ստուգել կրկնաքվեարկության տարբերակ: Արդեն քվեարկած քաղաքացուն տեխնիկական մասնագետները խնդրեցին, որ կրկին տրամադրի անձնագիրը՝ ստուգելու համար, թե սարքը թույլ կտա՞ կրկնաքվեարկություն, թե՞ ոչ: Սարքի մեջ մուտքագրվեց արդեն իսկ քվեարկած քաղաքացու անձնագիրը, որից հետո եղավ ձայնային ազդանշան եւ կարմիր լույս հայտնվեց էկրանին, այսինքն՝ սարքը արձանագրեց կրկնաքվեարկության փորձը:

Եվ այսպես, ՏԻՄ ընտրություններում փորձարկված եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կիրառվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման գործընթացը կայացավ ու հայտնաբերեց որոշ թերություններ: Դրանք արձանագրվեցին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի նախաձեռնությամբ հանրապետության 6 մարզերում, մասնավորապես՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի թվով 10 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են եղել: 10 համայնքներից 2-ում՝ Գեղարքունիքի Սեմյոնովկա եւ Արմավիրի Վարդանաշեն համայնքներում, փորձարկվել են 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները: Նպատակը՝ բոլոր թերությունների վերհանումն էր: Նշված համայնքներից 7-ում տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ: Համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ էին 2 գյուղերում՝ Շիրակի մարզի Արեւիկ եւ Սյունիքի մարզի Վարդավանքում:

Հիշեցնենք նաեւ, որ փետրվարի 2-ին լրացել էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 17 քաղաքացիներից 4-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի 23 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 2-ը: ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 13 թեկնածուներից 2-ը եւ ավագանու անդամի 21 թեկնածուներից 2-ն իգական սեռի ներկայացուցիչներ են: ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 7 համայնքներից 2-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում՝ 2 թեկնածու եւ 1 համայնքում՝ 3 թեկնածու:

Նշենք նաեւ, որ փետրվարի 12-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ԿԸՀ-ում հավատարմագրվել էին 6 տեղական հասարակական կազմակերպության թվով 23 դիտորդ:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 6 (439), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։