Պատաշինության քաղաքականություն (կկառուցվե՞ն պատեր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, թուրք-իրանական, թուրք-սիրիական կամ իրաքյան սահմաններին, ինչպես կառուցվել են իսրայելա-պաղեստինյան, ռուս-լատվիական եւ այլ սահմաններին: Հատկապես ԱՄՆ-Մեքսիկա սահմաններին)…

Վերջին ժամանակներս շատացել են միջպետական սահմաններին քարե պատեր կառուցելու կողմնակիցները: Ըստ երեւույթին՝ Չինական մեծ պատի ուրվականը էլի շրջում է տարբեր երկրներում, հատկապես ռազմական հակամարտության մեջ գտնվող:

Եթե Չինական մեծ պատը այլեւս մշակութային արժեք է, ապա այս կառուցվող պատերը ոչ մի կապ չունեն մշակույթի հետ եւ բացառապես ռազմա-քաղաքական նշանակություն ունեն:

Իսրայելը պատեր է կառուցում Պաղեստինի ազատագրական բանակից պաշտպանվելու եւ տարիներ շարունակ հարեւանների հաշվին ընդարձակած պետական սահմաններն առավել հանգիստ պաշտպանելու համար, ինչպես նաեւ պաղեստինյան տարածքներում հրեաների համար կառուցվող տները «չար աչքից» հեռու պահելու նպատակով:

Ադրբեջանը հրեական օրինակով վարակված նույնպես ծրագրել է քարե պատերի քաղաքականություն իրականացնել Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանների մոտ, սակայն առայժմ հապաղում է… Իսկ Հայաստանում պատաշինության մասին առանձնակի ու մասնակի որոշում կայացվեց եւ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի, որոնց ցանքատարածքները ադրբեջանական սահմանահատվածի հետ բաց տարածք են, կառուցել քար-բետոնե պատեր՝ գյուղաշխատանքների ժամանակ մարդկանց նշանառուների գնդակներից հեռու պահելու համար: Որոշ հատվածներում արդեն կառուցվել է:

Թուրքիան եւս պատաշինության տրամադրություններ ունի: Հատկապես Սիրիայի քրդերով բնակեցված հատվածներում, քանի որ վախ ունի, թե սիրիական քրդերը կարող են Թուրքիայի քրդերի հետ միավորվելու քայլեր կատարել եւ հակաթուրքական համատեղ ծրագրեր իրականացնել:

Չի բացառվում նաեւ իրաքյան քրդերի դեմ էլ հետագայում փորձեն քարե պատերի քաղաքականություն իրականացնել:  

2016թ. հունվարին թուրքական զլմ-երը տարածեցին այդ երկրի նախագահի որոշումը՝ Սիրիայի հետ սահմանային պատի կառուցումից հետո բետոնե պատ կառուցել նաեւ Իրանի ու Հայաստանի ամբողջ սահմանին: Թուրքիայի իշխանության այս մտադրությունը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ուղղված է ահաբեկչության եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարին: 3 մետր բարձրությամբ պատը կազմված է լինելու հսկա բետոնե բլոկներից, որոնց վրա կանցկացվի փշալար եւ բարձր լարման, սպանող էլեկտրական հոսանք: Այսպիսով, Թուրքիան փորձում է այսպես ոչ միայն իրագործել իր պաշտոնական հողարդագրությունը, այլեւ գոնե Հայաստանի բնակչության վրա հոգեբանական ազդեցություն թողնել՝ բնական հայրենիքի՝ բնօրրանի եւ ապագայի նպատակների առումով:

Գիտենք, որ Հայկական Լեռնաշխարհում Միացյալ Հայաստանի վերաստեղծման տեսլականը վաղուց հանգիստ չի տալիս թուրքերին, սակայն վերջերս Թուրքիայի մասնատման ծրագրերի առկայությունը աշխարհի վերաբաժանման քարտեզներում, ավելի է սրել այս խնդիրը Անկարայի համար: Թուրքիայի իշխանությունների համար պարզ է, որ հայերը չեն հանդուրժի անգամ Քրդստանի ստեղծումը Արեւմտյան Հայաստանի տարածքում, ուր մնաց հրաժարվեն Հայաստանի վերամիավորման գաղափարից:

Թուրք եւ միջազգային փորձագետները Անկարայի պատաշինության մտադրությունները առավելապես համարում են Թուրքիան ցանկապատելու, աշխարհից մեկուսացնելու ծրագիր, որով փորձում է պաշտպանվել մասնատվելու վտանգից, մանավանդ երբ հստակ գործընթաց կա քրդական անջատողականության հետ կապված:

Վերոնշյալը դիտարկվում է մի տեսանկյունից, սակայն կան ներկուլիսային գործընթացներ, որոնց մասին, բնականաբար, թուրքական զլմ-ները չեն կարող խոսել, դրա համար նրանց կարող են բանտ նստեցնել կամ ընդհանրապես արգելել թերթի կամ հեռուստաընկերության գործունեությունը: Բետոնե պատերի եւ ընդհանրապես, պետական պատվերով շինարարությունը Թուրքիայում իրականացնում է զանգվածային բնակարանաշինության պետական գրասենյակը: Այդ կազմակերպությունն է կառուցում պետական նշանակության ճանապարհները, պետպատվերով բազմաբնակարան շենքեր, բանակի պահակադիտանոցները, որոնք տեղակայված են հատկապես Արեւմտյան Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում:

Մեկ այլ տեսանկյունից էլ՝ այս կազմակերպությունն արդեն ավելի քան 1 տարի կառուցում է Սիրիայի հետ սահմանային պատը, բայց, ըստ թուրքական Haberturk թերթի տեղեկության, հասցրել է պետբյուջեից դուրս հանել 1 մլրդ. դոլար՝ ավարտին հասցնելով ընդամենը պատի 70%-ի աշխատանքը: Մինչդեռ թուրք-սիրիական 822 կմ ձգվող սահմանին այդպիսի պատի կառուցումը պիտի արժենար շատ ավելի էժան, մոտ 800 մլն. դոլար: Ամենայն հավանականությամբ, այն վերջնական տեսքի գալուց հետո Թուրքիայի բյուջեից կխլի գրեթե 1,4 մլրդ. դոլար:

Եթե այսպես կառուցվի նաեւ նույնպիսի պատ Իրանի ու Հայաստանի սահմանին, ապա թուրք-իրանական 499 կմ երկարությամբ սահմանին եւ թուրք-հայկական 268 կմ սահմանին կառուցվող պատի ընդհանուր երկարությունը պետք է կազմի առնվազն 767 կմ: Նախորդի հաշվարկով՝ այդ պատի կառուցման համար պետք է ծախսվի մոտ 1,3 մլրդ. դոլար, սակայն հետաքրքիր է, որ զանգվածային բնակարանաշինության պետական գրասենյակի պահանջած գումարը էականորեն տարբերվում է հաշվարկից: Պետական ընկերության հաշվարկով, 2 հարեւանների սահմանին կառուցվելիք պատի վրա կծախսվի շուրջ 2 մլրդ դոլար, ինչը դեռեւս նախնական հաշվարկ է: Այստեղից էլ հարց է առաջանում ոչ միայն թուրքերի շրջանում՝ թուրքական մեծ պատը՝ Հայաստանի սահմանին, անհրաժեշտությու՞ն է, թե՞ 2 մլրդ. դոլար յուրացնելու լավ հնարավորություն:

Պակաս կարեւոր չէ անդրադառնալ նշյալ ընկերության ոչ միայն պատի լուսավոր, այլեւ՝ մութ անկյուններին: Միլիարդավոր գումարների տիրապետող այդ ընկերության գործադիր տնօրենն է Էրգյուն Թուրանը, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շատ մոտ ազգականն է: Նույն ընկերությունը 2017թ. հունվարի 17-ին համաձայնագիր կնքեց Համաշխարհային բանկի հետ, ըստ որի՝ մինչեւ 2023թ. այդ երկրի արեւելյան շրջաններում պետք է կառուցվեն մեծ քանակությամբ բազմաբնակարան շենքեր եւ առանձնատներ՝ 5,5 մլն. աղքատ բնակչությանը ապահովելու կացարանով: Թե ինչքան փող է դրա համար հատկացնելու Համաշխարհային բանկը, դեռեւս գաղտնի է պահվում, սակայն հաշվի առնելով արեւելյան շրջանների քուրդ բնակչության նկատմամբ Անկարայի կողմից տարվող քաղաքականությունը, հազիվ թե գումարները նպատակային ծախսվեն… Թուրքիայի ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության գործիչները վերջերս հանդես եկան հայտարարությամբ, թե Հայաստանի ու Իրանի սահմանին կառուցվելիք պատը հերթական առիթն է՝ պետական բյուջեից մեծ քանակությամբ փող հանելու եւ յուրացնելու: Երկրում այլեւս չեն թաքցնում, որ Էրգյուն Թուրանը նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ կոռուպցիոն սկանդալների գագաթին կանգնած նրա որդու՝ Բիլալ Էրդողանի հետ նույն ֆինանսական մեքենայությունների մեջ է, ասել է, թե՝ Թուրքիայի նախագահը հենց Էրգյուն Թուրանի եւ նրա ղեկավարած շինարարական կազմակերպության ձեռքով է պետբյուջեից հանում միլիարդավոր դոլարների հասնող փողերը: Թե երբ եւ ինչպես կկառուցվի սահմանային 3 մետրանոց պատը, առայժմ դժվարանում են ասել նաեւ թուրքերը, ամենայն հավանականությամբ, այն անորոշ ժամանակով կձգձգվի, մինչեւ հանրությունը մոռանա բյուջեից հանված փողերի մասին:

Անսպասելի էր լսել, որ սահմանային պատաշինության քաղաքականությունը նաեւ Եվրոպա է հասել (Բեռլինի պատի քանդումից եւ Գերմանիա-ների միավորումւից հետո կարծես բացառվում էր նման բանը): Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին 23 կմ երկարությամբ պատ է կանգնեցրել: Նպատակը անօրինական միգրանտների մուտքը կանխելն է.- հայտարարել է Լատվիայի սահմանպահ պետական ծառայության ներկայացուցիչը: Այդ երկրում սահմանների բարելավման համար 2017թ. նախատեսում են հատկացնել 6,3 մլն. եվրո: Այդ գումարով պատրաստվում են 150 կմ երկարությամբ սահմանը վերազինել, 60 կմ ցանկապատ կառուցել: Ցանկապատը կլինի 2,7 մ բարձրությամբ: Դրա վրա կամրացվեն տեսանկարահանող սարքեր, ինչպես նաեւ շարժը ցույց տվող սարքեր: Սահմանին շինարարությունը սկսել է 2015-ին ու կավարատվի 2019-ին:

Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ արեւելյան սահմանների ամրապնդման ու սահմանապահ ծառայության ուժեղացման համար մինչեւ 2020թ. կպահանջվի 80 մլն. եվրո:  Նրա կարծիքով, անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար պետք է ավելացնել նաեւ սահմանապահների թիվը: Անցած տարվա ընթացքում Լատվիայում անօրինական կերպով սահմանը հատելու մեղադրանքով 369 մարդ է ձերբակալվել, նրանցից 250-ը Վիտենամի քաղաքացիներ են:

Այս համապատկերին ցնցող էր ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներում եւս պատաշինույան մասին լսելը: Միացյալ Նահանգներ-Մեքսիկա սահմանագլխին պատ կառուցելով՝ ԱՄՆ-ի նախագահը տեսնում է երկրի անվտանգության պատպանվածությունը ահաբեկիչներից եւ աննպատակ փախստականներից ու միգրանտներից:

Սակայն ԱՄՆ-ի նախագահի միգրացիոն քաղաքականության խստացման դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում այսօր Միացյալ Նահանգների ու աշխարհի շատ քաղաքներում: Հատկապես բողոքեցին մահմեդական երկրները, որոնց դեմ էլ սկսեց գործել միգրացիոն քաղաքականության խստացումը: Բայց բազմամարդ ցույցեր նաեւ ԱՄՆ-ում էին տեղի ունենում, Կալիֆորնիայի, Նյու Յորքի, Տեխասի, Մասաչուսեթսի, Ջորջիայի եւ այլ նահանգներում, ինչպես նաեւ Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգում: Բողոքողների թվում էր նաեւ Նյու-Յորքի քաղաքապետը։

Այստեղ քարե կամ բետոնե պատային քաղաքականությանը գալիս էր փոխարինելու սահմանային արգելանքների, դեպի երկիր մուտքի «պատային» քաղաքականությունը:

Սակայն դատական որոշմամբ՝ երկրի նախագահի հրամանագիրը կասեցվել է, եւ շուտով մի նոր հանգուղալուծում կպահանջվի, քանի որ դատական որոշման ժամկետը 20-օրյա է: Հայտնի է, որ նախագահի աշխատակազմը նոր նախագիծ է պատրաստել եւ չի նահանջելու արդեն կայացրած որոշման իրականացումից:

Ինչ մնում է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, ապա Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  երկու երկրի սահմանին պատ կառուցելու մասին որոշումը եւ հայտարարել, որ իր երկիրը չի վճարելու դրա համար, ինչպես նախատեսել էր ԱՄՆ-ի նորընտիր նախագահը: Միաժամանակ, մեքսիկական կառավարությունն ամեն ինչ կանի ԱՄՆ տարածքում գտնվող իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար:

Մեքսիկայի բազմաթիվ քաղաքական գործիչներ նույնպես քննադատել են Թրամփի որոշումը եւ կոչ արել Էնրիկե Պենյա Նիետոնյին չեղյալ հայատարարել այս ամսվա վերջին նախատեսված այցը ԱՄՆ, որտեղ պետք է հանդիպի Թրամփի հետ: Ընդդիմադիր քաղաքական գործիչները ԱՄՆ նախագահի որոշումը որակել են որպես թշնամական գործողություն:

Իսկ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատ է կառուցվելու: Եվ նախկինի պես պնդում է, որ պատի կառուցման համար ծախսերը վճարելու է Մեքսիկան, քանի որ սյդ երկրի քաղաքացիներն են սահմանախախտները:

Այս անգամ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է նաեւ, որ նման պաշտպանական պատը կսահմանափակի «թմրանյութերի, հանցագործության եւ անօրինական ներգաղթյալների ներհոսքը» ԱՄՆ:

Ըստ ամենայնի, շուտով պատաշինությունը կդառնա միջազգային քաղաքականության առանձին ուղղություն, որում կամ՝ քար-բետոնե պատեր կկառուցվեն, կամ էլ՝ փողերի լվացման քարե ջրհորներ…

Ինչ ընթացք կստանա այս քաղաքական շինարարությունը, դեռ պարզ չէ, սակայն ճանապարհներ էլ կան, որ ոչ մի պատաշինություն չի կարող փակել դրանց ընթացքը: Դա պատմական ու բնական արդարության ճանապարհն է, որ բացվել է տիեզերաազդակ զարթոնքով եւ խցանումներ չի հանդուրժելու…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 6 (439), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։