Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…

Աշխարհն այսօր մեծ ուշադրություն է դարձնում մարտարվեստներին: Մեր երկրում էլ մարտարվեստների տարբեր դպրոցներ, խմբակներ են գործում: Որոշ ձեւեր նաեւ հաջողությամբ զարգանում են: Այս տեմպարշավում, սակայն, բացակայում է մեր ավանդական՝ ազգային կոխը: Այս մեծ սխալը որոշել է ուղղել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Նա լրջորեն մտադիր է զարգացնել հայկական ազգային կոխ ըմբշամարտը: Մշակել եւ կառավարությանն է ներկայացրելհամապատասխան հայեցակարգ, որը նախորդ տարվա նոյեմբերին արժանացել է գործադիր իշխանության հավանությանը: Իսկ միջոցառումների հստակ ծրագիրը վեցամսյա ժամկետում կներկայացվի:

Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք

Թե արեւելյան որ մարտարվեստն իրականում ինչ ծագում ունի, մեր այս նյութի քննարկման առարկան չէ (մասնագետները ճիշտ կանեն՝ զբաղվեն այս հարցով՝ թեկուզ հանուն իրենց գործի զարգացման): Խնդիրն այն է, որ մարտարվեստը բացառապես լավ կռիվ անելու սպորտաձեւ չէ: Հայերենը խոսուն է բացատրում՝ մարտական արվեստ: Երբ ուսումնասիրում ես չինական կամ ճապոնական դպրոցների փորձը, տեսնում ես, որ այստեղ սովորեցնում են «ոչ թե կռվել, այլ՝ մարտնչել», «մկաններին ուժ տալուց առաջ ուժ տալ կամքին», սովորեցնում են մարդու ֆիզիկական կառուցվածքը, փիլիսոփայություն, կրոն, հոգեբանություն: Ասվում է նաեւ, որ չի կարելի երեխային միանգամից մարզել, դա պետք է անել մարմինը առնվազն 1-5 ամիս պատրաստելուց հետո՝ պայմանավորված ֆիզիկական տվյալներով: Զուգահեռ՝ պետք է հասկանալ նաեւ երեխայի ներքինը՝ հասկանալու համար, թե արդյոք նա կարող է կրել տվյալ մարտարվեստի փիլիսոփայությունը, քանզի մարտարվեստը նախ՝ հոգեկերտվածք ու մարմնակազմություն է կրում եւ ապա՝ տեղափոխում այն մարզիկի մեջ: Անհամապատասխանության դեպքում խեղվում է եւ՛ հոգեկերտվածքը եւ՛ մարմնակազմությունը:  

Հաշվի առնելով մարտարվեստների դասական այս ոսկե կանոնը՝ անպայման պետք է զարկ տալ ազգային կոխի զարգացմանը:

Փակագծերում կարեւոր մի դիտարկում անեմ: Հայաստանում ուշուի հետեւորդներն, օրինակ, ասում են, որ Չինաստանում վանականները պարբերաբար ենթարկվել են հեծյալ ավազակախմբերի հարցակմանը: Քանի որ կրոնի համաձայն չէր թույլատրվում զենք կրել ու բանեցնել, ուստի նրանք որոշում են պարզապես ձեռքերով պաշտպանվել: Սա պաշտպանական մարտարվեստ է, հետագայում է վերածվե զինվորականի: Հաճախ ուշուն խառնում են կունգֆուի հետ: Մինչդեռ կունգֆու նշանակում է աշխատել վարպետության վրա: Քանի որ եվրոպացիները միշտ լսել են չինացիներից, ինչպես են նրանք միմյանց ասում‘ արի գնանք անենք կունգֆու, այսինքն‘ արի գնանք աշխատենք մեր վարպետության վրա, եվրոպացիների մոտ կարծիք է ձեւավորվել, որ դա նույն ուշուն է: Ուշուի իրական նշանակությունը Հայաստանում հաջողվում է հետ բերել. մեր ուշուիստները դրա համար ամեն ինչ անում են: Բայց չմոռանանք, որ ուշուն դաոսականության քարոզ է: Նույնը (օտար փիլիսոփայություն, կեցակարգ, արժեքներ) կարելի է ասել կարատեի, սամբոյի (թեեւ սամբոյի հայկական դպրոցը կոխի հիմքի վրա է ստեղծվել), այկիդոյի, թեքվանդոյի եւ այլն մասին:

Ինչեւէ, անկեղծ լինելու համար ասեմ, որ մեր երկրում մարտարվեստի տարբեր ձեւերի զարգացմանը դեմ չեմ, ավելին՝ շատերն եմ հավանում: Բայց ինչու՞ մոռանալ մերը՝ ազգային կոխը, որ ռազմաֆիզիկական նշանակություն ունեցող հայկական ազգային մենամարտի տարատեսակ է: Եթե կոխի մասին իմ պատկերացումից խոսեմ, ապա վեհանձն, ազնվական մարտ է, ու դա ձեւավորվել է թումանյանական՝ «ամբոխի առջեւ իգիթն իր օրում գետին չի զարկել ընկեր իգիթին»-ով: Իսկ մասնագետներն ասում են, որ կոխը յուրօրինակ ծիսակարգ է, ազգային ըմբշամարտ՝ երաժշտության ներքո, ազնիվ մենամարտ, որտեղ հաղթում է ուժեղների մեջ հաղթում է ուժեղագույնը:

Կոխի մասին հին պարսկական ձեռագրերում էլ է հիշատակվում: Նշվում է, թե պարսիկները Հայաստանում են ծանոթացել կոխի հետ: Այդ մասին միջնադարում գրել է նաեւ ֆրանսիացի ուսումանսիրող Անրի Շարդենը՝ կոխին ականատես լինելով հարսանեկան տոնախմբությունների ժամանակ: Մենամարտողները դուրս էին գալիս հարսնացուի եւ փեսացուի կողմից եւ սկսում էին մենամարտել: Նա, ով կարողանում էր «կոխ անել», այսինքն՝ գետնել հակառակորդին, դա պետք է աներ ծնկով նրան գետնին սեղմելով եւ այդպիսով ցույց տալով իր հաջողությունը:

Այնուհետեւ մրցում էին հաղթողները միմյանց հետ՝ գտնելու ամենահաղթին: Դրանից հետո պարում էին հատուկ հաղթողի պարը: Կոխի անբաժան մասն է կազմել ազգային երաժշտությունը: Խորհրդային տարիներին կոխը համարյա մոռացության է մատնվել: Մինչեւ 1988թ. գյուղերում տոների ժամանակ մենամարտեր եղել են, բայց պրոֆեսիոնալ մարզիկներ չկային: Մենամարտում էին ըմբիշները, սամբոիստները, գյուղացի ամրակազմ տղաները… Գոյություն ունեն կոխի երկու հիմնական դպրոց՝  Լոռու եւ Շիրակի: Տարբերությունն այնէ, որ Շիրակի կոխում կարելի է ձեռքերով ոտքերից գցումներ կատարել, եւ մարզիկները կռվում էին մինչեւ գոտկատեղը մերկ: Իսկ Լոռու կոխում մարզիկներն անպայման  չուխա էին հագնում:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կարծում է, որ կոխի հետ կապված հայեցակարգ ունենալու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել: Ցայսօր ՀՀ-ում չի ընդունվել պետական միասնական քաղաքականության որեւէ հայեցակարգային, ռազմավարական կամ ծրագրային փաստաթուղթ: Չեն ընդունվել նաեւ իրավական նորմատիվ ակտեր, որոնցով կկարգավորվեն հայկական կոխ ըմբշամարտի ուսուցումը, կներկայացվեն ուսումնամարզական գործընթացի նվազագույն պայմանները, մրցումների անցկացման միասնական կանոնները: «Հանրապետությունում ներկայումս մեծ եռանդով գովազդվում ու ներմուծվում են բազմաթիվ արեւելյան մարզաձեւեր, որոնք  հրամցնում են մեզ օտար փիլիսոփայություն: Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, երբ տարբեր ազգերի ազգային մարզաձեւերը,  շնորհիվ պետական աջակցության, ձեռք բերեցին լուրջ կարգավիճակ՝ զվարճալիքից դառնալով ինքնուրույն մարզաձեւ: Դրանցից մի քանիսը բարձրացան համաշխարհային մակարդակի ու ընդգրկվեցին ասիական, եվրոպական եւ օլիմպիական խաղերի ծրագրերում: Հայկական կոխ ըմբշամարտ մարզաձեւին արժանի ուշադրություն դարձնելու դեպքում կվերականգնվեն ազգային մարզական գեղեցիկ ավանդույթները, եւ կվերածնվի ազգային պատմական մարզաձեւը»,-վստահ են նախարարությունում։

Այստեղ վստահ են նաեւ, որ եթե իրենց, կրթության եւ գիտության, մշակույթի, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները եւ Հայկական ազգային կոխ ըմբշամարտի ֆեդերացիան համակցված գործողություններով հանդես գան եւ միասին գործեն, ապա շատ արագ կարող են ոտքի հանել ու տարածել ազգային այս մարտաձեւը: Որոշակի ի՞նչ է արվելու կոխի զարգացման համար: Կխոսենք հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

Լուսանկարում  Երեւանի Հանրապետական մարզադաշտում մենամարտում են Աշտարակի Փարպի գյուղի մարզիկները: 1954 թվական:

Հ.Գ. – Ի դեպ. այս թեմային որոշակիորեն անդրադարձել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

«Լուսանցք» թիվ 7 (440), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։