Հրամայականը՝ կենտրոնաձիգ կառավարում – Արցախն ի տարբերություն Հայաստանի խորհրդարանական եւ Ադրբեջանի խանական համակարգերի՝ ընտրեց ուժեղ նախագահի տեսլականը…

Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակեց սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 76,5%-ը: Տեղի օրենսդրության համաձայն, որպեսզի հանրաքվեն համարվի կայացած, հարկավոր է, որպեսզի քվեարկությանը մասնակցեն ընտրողների առնվազն 1/3-րդը:

Ներկայացրած տվյալներով, քվեարկության մասնակցած քաղաքացիների 87,6%-ը կողմ է արտահայտվել նոր Սահմանադրությանը, եւ փաստորեն, ըստ պաշտոնական տվյալների՝ Լեռնային Ղարաբաղն ունի նոր Սահմանադրություն եւ այսուհետ լինելու է նախագահական հանրապետություն:

«Լուսանցք»-ը Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ժամանակ համաձայնելով Հայ Արիական Միաբանության առաջարկի հետ, կողմ էր, որ ՀՀ-ն, ինչպես այժմ ԼՂՀ-ն, անցներ նախագահական հանրապետության, սակայն հայաստանյան քվեարկությունը կիսանախագահական Հայաստանը դարձրեց խորհրդարանական:

Իսկ արցախյան հանրաքվեի դեպքում Սահմանադրությունում հիմնական փոփոխությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգը կիսանախագահականից նախագահականի անցում կատարելուն: Մենք ողջունում ենք ուժեղ կենտրոնաձիգ Արցախի Հանրապետության Սահմանադրության կայացումը:  

ԼՂ Կենտրոնական հանձնաժողովի նախագահը նաեւ նշեց, որ ընտրախախտումների մասին որեւէ գրավոր բողոք չեն ստացել: Լրագրողների հետ հանդիպեցին նաևւ միջազգային դիտորդները՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրենկ Էնգելի նախագահությամբ: «Հույս ունեմ, որ միջազգային հանրության ավելի շատ ներկայացուցիչներ կընդունեն, որ Հարավային Կովկասի այս հատվածում մարդիկ ազատորեն ընտրություն են կատարում, եթե մարդը այստեղ տարբերվող կարծիք ունի, կարող է քարոզարշավի ժամանակ բարձրաձայնել դա, եւ դրա համար բանտ չի գնում, ինչպես կլիներ այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,- հայտարարել է Ֆրենկ Էնգելը:

ԵԽ պատգամավորը կարծում է, որ Արցախի ժողովուրդը համոզիչ «այո» է ասել. «Երկրում տարբեր կարծիքներ կան, բայց ընդհանուր արդյունքը կասկած չի թողնում, որ մարդկանց առաջարկված տարբերակը եւ նրանց ուզածը նույն բանն էր: 86%-ը «այո»-ն ասաց»: Եթե այս երկրի ընտրողների 2/3-ից ավելին ասել է՝ «այո», ապա նոր Սահմանադրության լեգիտիմությունը ոչ մի դեպքում չի կարող կասկած առաջացնել»,- հավելել է եվրոպացի պատգամավորը:

Միջազգային դիտորդների գնահատմամբ, տեխնիկական առումով Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեն նման էր Եվրոպայում տեղի ունեցող քվեարկություններին, ու Եվրախորհրդարանի պատգամավորները որեւէ խնդիր, փաստ չէին նկատել: – «Գործընթացը, որին ականատես եղանք, այնտեղ որտեղ ես եմ եղել՝ Ստեփանակերտում, Ասկերանում եւ Մարտունիում, մյուս գործընկերներս այլ վայրերում են եղել, ոչ մի խնդրահարույց բան չենք նկատել: Ընտրական գործընթացը հանգիստ է անցել, եւ մեծամասամբ համապատասխանել է տեխնիկական չափանիշներին, որ կարող եք տեսնել օրինակ Արեւմտյան Եվրոպայում կամ այլուր»,- այսպես է մեկնաբանել Ֆրենկ Էնգելը, ապա հավելել. «Կուզենայի նշել, որ մասնակցության ցուցանիշը բավականին նշանակալի է մի երկրում, որն ի տարբերություն իմ երկրի, չունի պարտադիր քվեարկություն, մարդիկ իրենք են որոշում՝ գնալ քվեարկության, թե ոչ, եւ եթե ընտրողների երեք քառորդը քվեարկում են, դա նշանակում է, որ մարդիկ լրջորեն են վերաբերվում ընտրական գործընթացին, սա կարեւոր է իրենց համար»:

Լրագրողների հետ հանդիպեցին նաեւ ՀՀ ԱԺ ներկայացուցիչները: Բազմակուսակցական դիտորդական առաքելություն էր ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Նա ներկայացրեց ամբողջ հանձնաժողովի տեսակետ. «Այս հանրաքվեն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Արցախը շարժվում է ժողովրդավարության ճանապարհով եւ հանրաքվեն կարող է օրինակ լինել տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ապրիլյան իրադարձություններից հետո սա Արցախում տեղի ունեցած առաջին համապետական միջոցառումն էր, եւ տեղի հանրությունը միասնաբար ցույց տվեց, որ անկախ ցանկացած ռազմական ավանտյուրայից, ինքը անշեղորեն գնալու է ազատ ու անկախ երկիր կառուցելու ճանապարհով»:

Ըստ մասնագետների, Արցախում սահմանադրական հանրաքվեն եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական 2-րդ հանրապետությունը իրապես միջազգային իրավունքի կրող է եւ միջազգային հանրության լիիրավ անդամ: ՀՀ արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը համամիտ է, որ «ցանկացած պետության Մայր օրենք միտված է ոչ միայն զուտ իրավական համակարգի բարելավմանը, այլեւ որոշակի իմաստով ուղերձ է միջազգային հանրությանը»: Ըստ նրա, չճանաչված պետության պարագայում այս բաղադրիչն առավել ընդգծված է, քանի որ այն՝ պետությունը ճանաչելու, վերջինիս միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ ընկալելու անթաքույց նախաձեռնություն է:

«Սա որոշակի իմաստով հասկանում են նաեւ Ադրբեջանում, ուստի ակնկալելի էր, որ վերջինիս ռազմատենչ նախագահ Իլհամ Ալիեւը պետք է փորձեր միջազգային իրավասու կառույցներին բացահայտ շանտաժի ենթարկելու միջոցով ներքաշել իր ռազմավարական խարդավանքների տիրույթ եւ իր պատերազմական նկրտումներին համահունչ դիրքորոշում ու հայտարարություններ կորզել: Թերեւս, դա մասամբ հաջողվեց, եւ պատմության մեջ առաջին անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը արժանացավ ԵԱՀԿ-ի դատապարտմանը, վերջիններս ընդգծեցին, որ չեն կարող սահմանադրական բարեփոխումներն ընկալել, որպես Արցախի անկախությունը ճանաչելու իրավական հիմք,- նշել է Գեւորգ Դանիելյանը, ապա հավելել,- «Այդ «մեկ աղբյուրից» հնչած հայտարարությունից չգոհացած ադրբեջանական կողմը հասավ նրան, որ նույնաբնույթ հայտարարություններով հանդես եկավ Ռուսաստանը՝ ԱԳ նախարարության մակարդակով եւ Ֆրանսիան՝ առավել համեստ մակարդակով, հանձինս Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի»:

Մասնագետները կարեւորել են, որ ՀՀ եւ ԼՂՀ սահմանադրական բարեփոխումները եկան ապացուցելու, որ հեռու են այն պատկերացումները, թե իբր Հայաստանում եւ Արցախում իրավիճակի լիակատար միասնականություն է, ուստի առավել իրավաչափ կլիներ նախապատվությունը տալ կառավարման խորհրդարանական ձեւին: Միաժամանակ անհրաժեշտ էր բարձրագույն իրավական ուժ ունեցող փաստաթղթով ընդգծել, որ Արցախում նախապատվությունը տալիս են Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը եւ տարածքային սահմանների ճշգրտումը երաշխավորող հիմնադրույթի ամրագրմանը:

Սա կարեւոր է, քանի որ տարածքներ զիջելը, ինչի մասին երբեմն բարձրաձայնում են, որեւէ պարագայում չի հանգեցնելու խաղաղության վերականգնմանը:

Երբեմն բերվում է Իսրայելի օրինակը, որ անգամ այդ մեծ ռազմական հզորություն ունեցող երկիրն է գնացել տարածքային զիջումների, բայց պիտի նկատի ունենալ, որ այդ երկիրը նման քայլի գնալով անգամ՝ չհասավ ցանկալի խաղաղության եւ երկրի անվտանգությունը երաշխավորում է զենքի ուժով: Այսինքն՝ տարածքների հանձնումը պարզապես կորուստ պիտի համարել այդ դրվագում:

Իսկ Ադրբեջան հորջորջվող այլեւս խանական երկրի պարագայում, երբ նախագահն ու նրա 1-ին տեղակալը ամուսինն ու կինն են, չի կարելի վստահ լինել, որ կարող են փոխհամաձայնությունները պահպանվել: Անգամ մինչ խանական երկիր դառնալը, պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ խախտում է բոլոր միջազգային պայմանավորվածությունները Արցախի հարցում եւ Հայաստանի հետ հարաբերություններում:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 7 (440), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։