«Սեւ ցուցակ»-ը պիտի սեւ գործ սարքենք Բաքվի գլխին – Ինչու՞ Բելառուսը Հունգարիայի կարգավիճակում չէ… «Մոսկվան արդեն սկսում է» – Ռուսաստանը ԵԱՏՄ դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Բելառուսի, այդ երկիրը ամբողջ ծավալով չի իրականացնում Պայմանագրի կանոնակարգի պահանջները 2014թ.-ից սկսած…

«Սեւ ցուցակ»-ը պիտի սեւ գործ սարքենք Բաքվի գլխին – Ինչու՞ Բելառուսը Հունգարիայի կարգավիճակում չէ…

Այն փաստը, որ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կեղտոտ գործարք էր, գոնե Հայաստանում կասկածող չկար, չնայած այդ գործարքը բազմաթել էր, որը նույնպես դժվար չէր բացել:

Իլհամ Ալիեւը լավ է յուրացրել թուրք-հրեական երբեմնի (հայերիս լավ ծանոթ ու շատ վտանգավոր) միասնական քաղաքականության (պանթուրքիզմ-սիոնիզմ) դասերը, եւ կարողացավ այս անգամ էլ իր կիսահրեա կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի փեշերի ետեւից տանել Ալեքսանդր Լուկաշենկոյին, եւ ապա, ցույց տալ երեք մատի կոմբինացիա:

Իզուր չէ, որ «Լուսանցք»-ն իր վերջին թողարկումներից մեկում նշել էր, որ Ադրբեջանի նախագահը Բելառուսի նախագահի համար եւ «մամառոզա» է աշխատում եւ «պապա»:

Հայաստանի ԱԺ փոխնախագահ, հայ-բելառուսական պատգամավորական բարեկամական խմբի համանախագահ Էդուարդ Շարմազանովը եւս «կեղտոտ գործարք» էր որակել Բելառուսի կողմից Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելը: Ապա հավելել էր, թե մշտապես ասել են՝  ԼՂ կարգավորման գործընթացը բացառապես խաղաղ տրամաբանությունից պիտի բխի եւ երկու պետությունների միջեւ այս կեղտոտ գործարքը կոպտորեն խախտում է ժողովրդավարական արժեքների, մարդու ազատության իրավունքի, քաղաքացու ազատ տեղաշարժի, եւ չի բխում տարածաշրջանային խաղաղության տրամաբանությունից: «Ավելին, սա քայլ է, որը դեմ է հայ-բելառուսական քաղաքական հարաբերությունների մակարդակին: Որպես հայ-բելառուսական խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ՝ պետք է նշեմ, որ սա քայլ է, որը չի բխում ոչ հայ-բելառուսական հարաբերություններից, ոչ էլ ռուս-բելառուսական հարաբերություններից, որովհետեւ կալանավորված լրագրողը նաեւ Ռուսաստանի քաղաքացի է: Որպես հանձնաժողովի համանախագահ մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ սա ուղղակի խայտառակություն է»,- ասել ԱԺ փոխխոսնակը:  

Պաշտոնական Երեւանը խիստ է արձագանքել է եւ ինչպես հայկական այլ կազմակերպությունները, ԱԳ նախարարությունը եւս  հայտարարել է, որ սա քայլ է՝ ուղղված ՀԱՊԿ-ի երկու դաշնակիցների դեմ, սա ոչ Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից չի բխում, ինչի մասին խոսել է նաեւ պաշտոնական Մոսկվան:

Բելառուսի նախագահը այս անգամ էլ փորձեց ցույց տալ, թե կարող է խոսել անկախ երկրի դիրքերից, որը ոչ միայն գործընկեր Հայաստանին, այլեւ միջազգային ասպարեզում Բելառուսի միակ պաշտպան Ռուսաստանին կարող է դասեր տալ: Բայց դա միայն արտաքին կողմն էր, ներքին հիմնական պատճառը Ադրբեջանի հետ նավթային խաղ սկսելն էր:

Արտահանձնման գործարքից առաջ Բելառուսի նախագահը Բաքու էր մեկնել նավթի հարցը լուծելու նպատակով, ինչը այդ ժամանակ հաստատվել էր պաշտոնական Բաքվի կողմից: Ըստ ամենայնի՝ բանավոր: Եվ ընդլայնված կազմով հանդիպմանն ադրբեջանական կողմից ներկա է եղել նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւը: «Բելառուսը պատրաստ է նավթային ոլորտում համագործակցել Ադրբեջանի հետ երկարաժամկետ հեռանկարով»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը: «Եթե դուք հետաքրքրված եք Եվրոպայի շուկայով, եւ ոչ միայն Եվրոպայի, եկեք նստենք ու պայմանավորվենք: Մենք պատրաստ ենք պայմանավորվածության դեպքում աշխատել Ադրբեջանի հետ երկարաժամկետ հեռանկարով»,- ասել է նա:

«Մեր փոխգործակցության հարաբերականորեն նոր ուղղություն է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը: Եվ այստեղ նույնպես տրված են համապատասխան հանձնարարություններ, որպեսզի այդ համագործակցությունը դառնա երկարաժամկետ եւ կայուն, որովհետեւ նավթային գործարքների եւ նավթի արտահանման ոլորտում, իհարկե, հարկավոր են երկարաժամկետ մատակարարումներ»,- ասել է Իլհամ Ալիեւը:

Բաքվի հետ հերթական անգամ նավթի մատակարարումների շուրջ պայմանավորվել Մինսկին ստիպել է Մոսկվայի հետ այդ խնդրի չլուծված լինելը. այս մասին նշել են բելառուսական ԶԼՄ-ները՝ ընդգծելով, թե դաշնակիցները չեն կարողանում պայմանավորվել Բելառուսի համար նավթի գների եւ Ռուսաստանի համար տարանցման նոր սակագնի մասին:

Եվ երբ ծագեց Ալեքսանդր Լապշինի արտահանձնման խնդիրը, Բաքուն խաղարկեց նավթային բանակցությունները եւ ստացավ այն՝ ինչ ցանկանում էր: Հետո, երբ Բելառուսի նախագահը փորձեց իրականացնել Բաքվից ավելի էժան նավթի ներմուծումը երկիր, քան Ռուսաստանն է դա անում, սառը ցնցուղի արժանացավ:…

«Բելառուսներն ադրբեջանական նավթը գնահատել են շատ ցածր, ուստի մենք ստիպված ենք եղել հրաժարվել նրանց հետ հետագա համագործակցությունից»,- հայտնել է Նավթային հետազոտությունների կենտրոնի ղելավար Իլհամ Շաբանը: Նրան խոսքով՝ 2016-ին Ադրբեջանը հասցրել է Բելառուսին ուղարկել միայն մի խմբաքանակ նավթ՝ 500 հազար տոննա ծավալով:

Ինչպես հայտնել են բելառուսական աղբյուրները, իրենց երկրի ղեկավարությունը ծրագրել էր ադրբեջանական նավթը գնել 1 բարելի դիմաց 30 դոլար վճարելով: Այսինքն, այն նույն գնով, ինչ-որ ռուսական նավթը:

Իսկ ըստ Իլհամ Շաբանի, «նավթային նախագծերը չեն կարող լինել սոցիալական կամ միջկառավարական ծրագրեր: Այսինքն, ոչ մի զիջումների մասին խոսք անգամ չի կարող լինել, ինչքան էլ որ արտահանողի ու ներկրողի միջեւ ջերմ ու ընկերական հարաբերություններ լինեն: Մենք կարող են չզեղչել, բայց առաջարկել բարձրորակ վառելանյութ, որը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին»:

Ստացվեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, միջազգային բոլոր օրենքները խախտելով (հաշվի առնելով միայն, որ հրեա լրագրողը եղել է Արցախում եւ հայտնվել է Բաքվի մոգոնած «սեւ ցուցակում»), Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց Ադրբեջան՝ հույս ունենալով այնտեղից էժան նավթ ստանալ, բայց ոչ մի «ջերմ ու ընկերական հարաբերություն» չի կարող սասանել թուրքական խարդախության առանցքը: «Ադրբեջանը վարվեց Բելառուսի հետ իսկական թուրքավարի»,- արձանագրեցին ԶԼՄ-ները, եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացավ հարված, որը գոտկատեղից ներքեւ էր…

Սա էլ երեւի անթասիբ Իլհամի «տղայական» պատասխանն էր Բատկային՝ Մեհրիբանի առումով:

Ադրբեջանը հերթական հետքայլն արեց:

Հայաստանը լրջորեն արձագանքեց այս հարցին ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական ասպարեզներում, սակայն մի պահ կարծես թե արգելակ աշխատեց: Այլապես Բելառուսում մեր երկրի դեսպանը պիտի ետ կանչվեր: Երբ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանը կացնահարվեց քնած ժամանակ՝ ՆԱՏՕ-ի ուսումնական հավաքի ընթացքում, ամեն բան շատ արագ տեղի ունեցավ, եւ ցայսօր խզված են բոլոր հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին գրեթե նույնն իրավական կեղծիքն ու կաշառատվությունն է, ինչ Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը: Իսկ ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակի, «սա նաեւ Հոլոքոստի շարունակությունն է, եւ այդ կեղտոտ գործարքի մեջ թաթախվեց բելառուս: Հարցը մարդու անձը չէ, դա երկրորդական է, հարցն այն է, որ ինքը ներկայացնում է մի պետությունը, որի ժողովուրդը  ֆաշիզմից ամենատուժած պետությունն է, 2-րդ աշխարհամարտի ժամանակ յուրաքանչյուր երրորդը զոհվել է»,- ասել է Դավիթ  Բաբայանը:

Փաստորեն՝ Բելառուսի նախագահը  արդարացնում է իր՝ մանաթներով եւ խավիարով ստացած կաշառքը, ինչպես դա անում են ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ:

Մոսկվայում զարմացած եւ զայրացած են: Որոշ ԶԼՄ-ներ անգամ նշել են, թե Բելառուսը ցանկանում է դուրս գալ ԵԱՏՄ-ից: Բելառուսի նախագահն արձագանքել է այս տեսակետի «հետեւորդներին», թե իր երկիրը չի ցանկանում ո՛չ Եվրամիություն մտնել, ո՛չ էլ ՆԱՏՕ: Սակայն դեռ հունվարի վերջին ռուսական համապատասխան գերատեսչությունը սահմանափակել է որոշ բելառուսական ընկերությունների արտադրանքի ներմուծումը՝ պատճառաբանելով, թե կասկածներ ունի, որ նրանք ուկրաինական միս են ներկրում (երեւի կբացահայտվեն նաեւ բելառուսա-ուկրաինական այս խաղերը եւս): ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը փետրվարի սկզբին հանձնարարել է Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանային գոտի հաստատել: Այս հանձնարարականը հաջորդել է Բելառուսի որոշմանը, որի համաձայն՝ 80 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ ԵՄ եւ ԱՄՆ, չեղյալ է հայտարարվում մուտքի արտոնագիրը: Պաշտոնական Մոսկվան ավելի վաղ նշել էր, որ վերահսկողությունը սահմանվում է երրորդ երկրների քաղաքացիների համար եւ որեւէ կերպ չի անդրադառնա ռուսների եւ բելառուսների տեղաշարժի վրա: Սահմանապահ գոտին զուտ քաղաքական հարձակում է.- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով սահմանապահ գոտի ստեղծելու Ռուսաստանի որոշումը այն պատճառով, որ Բելառուսը չեղարկել է 80 երկրների քաղաքացիների վիզաները:

«Մենք մարդկանց թույլ ենք տվել 5 օրով առանց վիզայի ժամանել Մինսկի մեկ օդանավակայանով: Դրանից Ռուսաստանի ազգային անվտանգությանն ի՞նչ սպառնալիք կա,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով, – առանց ռուսական նավթի էլ կապրեն, Մինսկը կարող է առանց ռուսական նավթի, չնայած շատ դժվար…… Բայց ինչո՞ւ են բռնել մեր կոկորդից, ազատությունը, անկախությունը ոչ մի գումարով, ոչ մի թվով չի գնահատվում։ Բացարձակապես անհամեմատելի է, եթե մի կողմում անկախությունն է, մյուս կողմում՝ ռուսական, իրանական, ադրբեջանական կամ ամերիկյան նավթը»,- հավելել է Բելառուսի նախագահը: Պարզվում է՝ Բելառուսը 15 մլրդ. դոլար է կորցրել ԵԱՏՄ-ում անհավասար պայմանների պատճառով, ինչը դժգոհելու առիթ է դարձել, այնքան, որ Բելառուսը նպատակահարմար չի համարում Բոբրույսկում ռուսական ռազմաբազայի ստեղծումը:…

Եվ ռուսական կրկնկի տակից դուրս գալու առաջին փորձն իսկ անհաջող ստացվեց: Մինսկը պարզապես դարձավ Բաքվի խաղալիքը, իսկ Իլհամ Ալիեւը գուցե նաեւ Վլադիմիր Պուտինի համար խաղացրեց հրեա լրագրողի գործը՝ հասկացնելով, թե Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ ընտրության դեպքում Ադրբեջանի որոշումը որն է…

 Թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի նախագահները ժամանակ առ ժամանակ այսպիսի «բնավորություն» են ցույց տալիս Վլադիմիր Պուտինին: Սակայն, այս դեպքում Մինսկը կարծես չափերն անցել է…

«Բելառուսի հետագա ներկայությունն ԵԱՏՄ-ի կազմում հարցականի տակ է, իսկ մասնակցությունը ՀԱՊԿ-ում դեռեւս այս պահի դրությամբ պահպանվում է: Եթե այս ամենից հետո Իլհամ Ալիեւը գուցե կարողանա որեւէ փոխզիջում գտնել, ապա Ալեքսանդր Լուկաշենկոյի համար դեռեւս դժվար է ասել, թե ինչպիսի հետեւանքներ կլինեն: Այսպիսի պայմաններում կարող է դրվել նրա փոխարինման հարցը»,- նշել է ռուս ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի վարիչ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնման եւ ռուս-բելառուսական հակադրությունների հետեւանքների մասին:

Եվ այսպես՝ չի բացառվում, որ իրադարձությունների զարգացման դեպքում, բատկան ստիպված լինի հեռանալ, ինչքան էլ նրա դիրքերը ամուր են թվում Բելառուսում: Իսկ Հայաստանը պիտի նպաստի, որ հենց այդպես էլ լինի: Եվ առաջին քայլը Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունների սառեցումը պիտի լինի:

Մինչ միջազգային ատյաններում քննվում է Ալեքսանդր Լապշինի արտահանձնման անօրինական գործարքը, Բաքուն մի նոր սխալներ է գործում:

«Պետական մակարդակով քաղաքական հիստերիա» է որակել Բաքվի հաջորդ քայլը ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Այդ քայլն այսպիսին է՝ քրեական գործ հարուցել ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Ելենա Թեոհարիսի (Կիպրոս), Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ, դիմում ուղարկել Ինտերպոլին՝  միջազգային հետախուզում հայտարարարելու համար:

Նշենք, որ նրանք Արցախի սահմանադրական հանրաքվեում դիտորդական առաքելություն էին իրականացնում եւ դա անում էին ԵԽ հանձնարարականով:

Ըստ Լարիսա Ալավերդյանի, հայկական կողմի նախաձեռնությամբ այս հարցը պետք է բարձրացվի ԵԽ-ում. «Քաղաքական օրակարգի հարց դարձնելը մեր խնդիրն է: Չպետք է սպասենք, որ նրանք լինեն նախաձեռնողները: Սա մեր խնդիրն է,  բոլոր դեպքերում մեր հարեւանն է: Հայերը հերթական անգամ հայտնվել են քաղաքակրթական բախման առաջին գծի վրա»:

Արցախ այցելելը քրեականացնելը սպառնում է Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը,- ասել է հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Ադրբեջանի քայլը՝ քրեական գործ հարուցել ԵԽ պատգամավորների նկատմամբ, դիմում ուղարկել Ինտերպոլին՝  միջազգային հետախուզում հայտարարարելու համար:

«Ես միանշանակ վստահ եմ, որ Ինտերպոլը նման դիմում չի ընդունի, քանի որ կլինի վտանգավոր նախադեպ ամբողջ աշխարում: Բացի այդ, Ինտերպոլում հարգում են իրենց ազատ ժամանակը եւ աշխատանքը, քանի որ եթե ստեղծվի մեկ նախադեպ, ապա աշխարհում բոլոր վիճելի տարածքների հետ կապված նմանատիպ դիմումներ կստանան: Քաղաքական հարց է»,- ասաց Դենիս Դվորնիկովը: Ըստ նրա՝ նման քայլն ավելի շուտ ուղղված է ներքին լսարանին՝ ցույց տալու, որ իշխանությունն ինչ-որ կերպ ազդում է Արցախում անցկացված հանրաքվեի վրա:

«Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում, թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ իրենց ներքին կյանքը»,- կառավարության նիստից հետո ասել է ԱԳ նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով Արցախում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԽ  պատգամավորների նկատմամբ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից քրեական գործ հարուցելու մասին հարցին:

«Այսօր ես հրաժարվում եմ մեկնաբանել: Դա ուղղակի զավեշտ է եւ որեւիցե կերպ չի կարող ազդել դեպի Արցախ այցելությունների վրա»,-ասել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը օրեր առաջ հայտարարել էր, որ Արցախում՝ Սահմանադրական փոփոխությունների ընթացքում, դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կառույցների ներկայացուցիչները կհայտնվեն իրենց «սեւ ցուցակում»:

«Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմինա Շտետինը (Չեխիա) Արցախ այցելելու եւ սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Ավելին, ըստ տարածված տեղեկությունների՝ ադրբեջանական դատարանը Եվրոպական խորհրդարանի անդամներին արդեն իսկ կալանավորելու որոշում է կայացրել եւ իբր թե նրանք հետախուզվում են Ինտերպոլի տվյալներով… Նշյալ անձինք Ինտերպոլի բազայով հետախուզման մեջ չեն գտնվում, ինչպես արդեն պաշտոնապես հերքվել է Հայաստանի ոստիկանության կողմից… Ժամանակն է իրավական վարկաբեկման ենթարկելու ու ոչնչացնելու «սեւ ցուցակ» կոչվող երեւույթը.ադրբեջանական որեւէ արատավոր քայլ չի կարող կանգնեցնել Արցախի ժողովրդավարական զարգացման ընթացքը»,- հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ թերեւս սպառիչ պատասխան տալով ծավալվող խոսակցություններին:

Կարծում ենք, այս ամենը բումերանգի ազդեցություն է ունենալու եւ շատ կարեւոր է, որ Հայաստանը այդ բումերանգի հարվածը ավելի հուժկու ուղղի Ադրբեջանի վրա: Եվ ոչ միայն այս երկրի, Հայաստանը պիտի ատամ ցույց տա բոլոր նրանց, որոնք հակահայ քայլ կանեն այսուհետ:

Հայկ Թորգոմյան

Մոսկվան արդեն սկսու՞մ է

Եվրասիական տնտեսական միության դատարանը (ԵԱՏՄ) վճռել է, որ Բելառուսը ամբողջ ծավալով չի իրականացնում Պայմանագրի կանոնակարգի պահանջները՝ 2014թ.-ի մայիսի 29-ից սկսած:

Որոշումը տեղադրված է՝ ԵԱՏՄ դատարանի պաշտոնական կայքում:

Այս տարվա փետրվարի 21-ին տեղի ունեցած ԵԱՏՄ դատարանի մեծ կոլեգիայի ժամանակ ներկայացվել եւ լսվել է Ռուսաստանի Դաշնության ներկայացրած հայցը Բելառուսի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին հետեւելու վերաբերյալ վեճի կապակցությամբ 125 հոդվածի, Մաքսային միության Մաքսային օրենսդրության 11 եւ 17 հոդվածների հատկանիշներով:

«Դատարանի մեծ կոլեգիան որոշել է մասնակի բավարարել Ռուսաստանի դաշնության ներկայացրած դիմումը, որպես փաստ ընդունելով այն, որ Բելառուսի Հանրապետությունը 2014թ.-ի մայիսի 29-ից ամբողջ ծավալով չի իրականացրել Եվրասիական տնտեսական միության պայմանագրի 1, 3, 4, 25 հոդվածների դրույթները՝ ազատ ապրանքաշրջանառության ապահովման, անցումային շրջանից հետո առանց բացառության եւ խոչընդոտների մաքսային միության գործառնության, Միության շրջանակներում շուկայի, սպասարկման, կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների միասնական ձեւավորմանը հասնելու ձգտման, միասնական մաքսային կառավարում իրականացնելու մասին, ինչպես նաեւ Մաքսային միության մաքսային օրենսրության 125 եւ Մաքսային միության անդամ երկրների մասքային մարմինների կողմից փոխադարձ վարչական օգնության համաձայագրի 11 եւ 17 հոդվածները»,- ասվում է դատարանի որոշման մեջ:

«Լուսանցք» թիվ 7 (440), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։