Եթե ցնցումներ չլինեն,– Հայաստանի պետական պարտքի մասին – Առավել ազնիվ կլինի, եթե մեր պետական այրերն ասեն, որ առանց արտաքին պարտքի ներգրավման չեն կարող շատ կենսական հարցեր լուծել…

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2016թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 872.1 մլրդ դրամ կամ 5 մլրդ 934,8 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տեղեկանքից։

Պետական պարտքը, այսպիսով, տարվա սկզբի համեմատ աճել է 415,8 մլրդ դրամով կամ 828.7 մլն դոլարով։ Ուշագրավն այն է, որ միայն դեկտեմբերի ընթացքում պետական պարտքը աճել է 185,3 մլրդ դրամով կամ 342,5 մլն դոլարով։

Մեր պետության արտաքին պարտքը 2016թ. ընթացքում աճել է 482,1 մլն դոլարով եւ այդ տարվա. վերջին կազմել 4 մլրդ 798,3 մլն դոլար։ Միայն դեկտեմբերին ՀՀ արտաքին պարտքը աճել է 303,3 մլն դոլարով։ Նշենք, որ արտաքին պարտքից 504,7 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է։

ՀՀ ներքին պարտքը 2016թ. ընթացքում աճել է 181,6 մլրդ դրամով եւ  կազմել 550 մլրդ դրամ։  

«Լուսանցք»-ը միշտ ասել է, որ անկախ այն բանից, թե վերջին տարիներին ինչ են ասում մեր էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները, ՀՀ-ի արտաքին պարտքը հատել է վտանգավոր շեմը: Եվ այդ պատճառով է նաեւ, որ մեր տնտեսական շարժերը մեծապես կախված են արտաքին ցնցումներից, եւ սա այն պարագայում, երբ մենք, կայուն տնտեսություն, որպես այդպիսին, չունենք էլ, եւ արտահանելի հատվածն էլ մեծ չէ:

Մեր ասածները երեկ կառավարության նիստից հետո, ըստ էության, հաստատեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, երբ լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե արտաքին աշխարհից ցնցումներ չլինեն, ապա տնտեսական աճը փոքր-ինչ ավելին կլինի 2017թ.: «Մենք ասել ենք, որ այս տարի ապահովելու ենք 3,2% տնտեսական աճ, իսկ այս տարվա հունվարին գրանցված 6,5% տնտեսական ակտիվության ցուցանիշը փաստում է, որ հաղթահարելի է 3,2% ՀՆԱ-ի աճը»:

Ֆինանսների նախարարը նկատեց նաեւ, թե հավակնում են, որ 3.2%-ից մի փոքր բարձր լինի ցուցանիշը:

Հարց է ծագում՝ իսկ ինչի՞ հաշվին կարող է բարձր ցուցանիշ լինել: Հարցին ի պատասխան Վարդան Արամյանը համառոտեց. «Այն քայլերի հաշվին, որ մենք իրականացնում ենք: Օրինակ, դուք տեսաք, որ այսօր կառավարությունում հաստատվեց մի ծրագիր, որը ենթադրում է պետական բյուջեի եկամուտների զիջում տնտեսավարողներին , որպեսզի նրանք ավելի թեթեւ լինեն իրենց կանխիկ հոսքերում եւ կարողանան իրենց ներդրումային ծրագրերը իրականացնել»:

Հաջորդ հարցն ենք տալիս. հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008թ. մեր երկրի արտաքին պարտքն ավելացել է շուրջ 3 անգամ, ինչպե՞ս կարող ենք խոսել դրական տեղաշարժի մասին: «Ամեն ինչ պետք է նայել հարաբերության մեջ»,- ասաց նախարարը: Նրա խոսքերով՝ 2002-2008 թվականները տնտեսական վերելքի պարբերաշրջան էին ամբողջ աշխարհում, իսկ 2008թ.-ից աշխարհում անկման պարբերաշրջան է: «Ամբողջ աշխարհում տնտեսական ցիկլերը տեւում են մինիմում 6, առավելագույնը՝ 11 տարի: Դրա համար մենք պետք է հաշվի նստենք դրա հետ», – նշեց ֆինանսների նախարարը:

Ասեմ, որ մեր նախկին վարչապետերից Տիգրան Սարգսյանից լավ ոչ ոք դասախոսություն չէր կարդում այն մասին, թե ինչպես մեզ մոտ ճգնաժամ չկա, արտաքին պարտքի առումով վտանգ չկա եւ այլն եւ այլն: Բայց հավատացողն ո՜վ էր, երբ եւ՛ ճգնաժամն էինք տեսնում, եւ օրեցօր ուռճացող արտաքին պարտքը: Այնպես որ, թող ոչ ոք չփորձի նրան գերազանցել աճպարարության մասով:

Ավելի ազնիվ կլինի, եթե մեր պետական այրերն ասեն, որ առանց արտաքին պարտքի ներգրավման չեն կարող կենսական շատ հարցեր լուծել:

Բայց սա էլ խոստովանել չեն կարող, քանզի արդեն բազմապիսի այլ հարցեր կծնվեն…

Հա, ի դեպ, մեր պետության ֆինանսների նախարարը քարոզչությանը չի մասնակցելու, ցուցակում չկա: Բայց չի մասնակցելու պաշտոնապես, քանզի իրականում զբաղվելու է քարոզչությամբ՝ այլ դերակատարմամբ: «Ես կարծում եմ, որ մեր լավագույն աշխատանքն այն կլինի, որ մենք ի կատար ածենք այն ամենը, ինչ ամիսներ առաջ խոստացել ենք մեր հանրությանը»:

Նախարարի իսկ խոստովանությունն է: Վարագույր…

«Լուսանցք» թիվ 7 (440), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։