ՀՀԿ-ն փոխում է նաեւ իր առաջատար կանանց ոճը՝ «Բարետես խելացիները շտապում են ԱԺ» (ովքեր են իշխանության այդ կին պատգամավորության թեկնածուները)… «Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը…

ՀՀԿ-ն որոշել է խորհրդարան բերել մինչեւ 35-40 տարեկան, պատշաճ տեսքով, գրագետ եւ լեզուների իմացությամբ կանանց մի խումբ, որը կարող է իրապես նորովի քարոզել հայ կնոջ կերպարը միջազգային ասպարեզում եւ հնարավորություն կտա կանանց՝ օժանդակել պետականաշինության գործին:

Արփինե Հովհաննիսյանը դեռ նախորդ գումարման ԱԺ-ում էր նկատվում կրթությամբ, գիտելիքներով եւ արտաքինով: Այսօր հենց նա է ՀՀԿ ընտրացուցակի 3-րդ համարը:

Այնուհետեւ գալիս են կրկին նախորդ գումարումից հայտնի Մարգարիտ Եսայանը (8), Հերմինե Նաղդալյանը (12), Շուշանը Պետրոսյան (16), Ռուզաննա Մուրադյանը (28), Կարինե Աճեմյանը (32), Նաիրա Կարապետյանը (36):

Միջին մասերում հայտնվել է  մասնագիտական ոլորտում փորձառու, նորաթուխ ՀՀԿ-ական Շուշան Սարդարյանը (20) (նա 2001թ. առ այսօր «Գազպրոմ-Արմենիա»-ի PR պատասխանատուն է, ներկայումս նաեւ՝ վարչապետի խորհրդականը), ինչպես նաեւ Ջեմմա Բաղդասարյանը (24), ով սոցապ բնագավառի երկարամյա պատասխանատուներից է:

ՀՀԿ ցուցակում հայտնվել են 38-րդ տեղը զբաղեցնող Արուսյակ Պողոսյանը, ով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակից է: Մարիամ Ավետիսյանը (40) տնտեսագետ է, ԱԺ-ում որպես փորձագետ աշխատող: Հասմիկ Ափյանը (44), ով նույնպես երիտթեւից է՝ ՀՀԿ երիտ կառույցի գլխավոր քարտուղարը: Մարգարիտ Սիրեկանյանը 47-րդն է ցուցակում, նա եւս երիտհհկական է:  

Հաջորդը՝ ցուցակում 51-րդ տեղը զբաղեցնող Գոհար Նավասարդյանն է՝ ԱԻՆ աշխատակցուհի, հաշմանդամների հիմնախնդիրները հասարակության համար բարձրաձայնած անձանցից մեկը: 55-րդը ՀՀԿ համամասնական ցուցակում Լուսինե Թումյանն է, եղել է Խոսրով Հարությունյանի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, Զարգացման հայկական գործակալության պետի տեղակալ: Մարիա Բարաղամյանը 59-րդ համարի ներքո է, զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի օգնական պաշտոնը, նա եւս երիտասարդ ՀՀԿ-ական կանանց շարքերում է: Ապա գալիս են ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն, նախկինում՝ ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանը (64), ում ՀՀԿ ցուցակում հաջորդում են միջին տարիքի կանայք, հիմնականում՝ կրթական ոլորտից, ապա 85-րդ համարում է եւս մի երիտհհկական՝ Հասմիկ Ղազարյանը, ումից հետո գալիս են հիմնականում վարկանիշային ցուցակի համար առաջադրված կանայք:

Սեփ. լրատվություն

«Մենք հաշվետու ենք»

Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին համառոտ ամփոփագիր է:

Մենք առավել ուշագրավ դրվագները կներկայացնենք մեր ընթերցողներին: Որպեսզի տեղեկացված լինելով պահանջենք: Վստահ եմ՝ այն կհետաքրքրի ոչ միայն երեւանցուն. Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է:

Եվ այսպես՝ սկսենք ճանապարհաշինությունից:

Այս տարի շահագործման հանձնվեց Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի 5 կմ երկարությամբ եւ 24-28 մետր լայնությամբ ճանապարհը:

Նորակառույց ճանապարհահատվածը Ասիական զարգացման բանկի աջակցությամբ 2014թ. մեկնարկած՝ Երեւան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մաս է կազմում: Ճանապարհահատվածը նախագծվել եւ կառուցվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան, ճանապարհի երթեւեկելի հատվածից դուրս են բերվել կոմունալ ենթակառուցվածքները։ Ճանապարհի անընդհատ երթեւեկությունն ապահովում է Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով կառուցված 270 մ երկարությամբ ուղեանցը (էստակադա) եւ Շիրակի փողոց-Արշակունյաց պողոտա հատման մասի շրջանաձեւ երթեւեկությամբ 2 ուղեանցերով ճանապարհը։

Ճանապարհն ունի 4 երթեւեկելի գոտի, լրացուցիչ երթեւեկելի գոտի եւ սպասարկման ճանապարհ՝ հարակից տարածքի բնակիչների համար։ Փոխարինվել են ճանապարհի բոլոր հաղորդուղիները, տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ, հարակից տարածքները բարեկարգվել եւ կանաչապատվել են։ Ճանապարհահատվածում կառուցված վերգետնյա հետիոտնային անցումը վերելակով համալրված առաջին անցումն է Երեւանում: Այն բնակչության բոլոր խմբերին թույլ է տալու ազատ եւ անվտանգ տեղաշարժվել: 2016թ. սկսվել են շրջանցիկ ճանապարհի՝ Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները։

Հրազդան գետի վրա նախատեսված է կառուցել 252 մ երկարությամբ կամուրջ, որը կկրի «Էրեբունի-Երեւան 2800» անունը եւ կնվիրվի Երեւանի 2800-ամյակին։ Ամբողջությամբ ավարտվել են շրջանցիկ ճանապարհի՝ Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքում իրականացվող հնէաբանական պեղումները։ Հնագիտական գտածոները տեղափոխվել են վերականգնման լաբորատորիա՝ հետագայում ցուցադրության ներկայացնելու նպատակով։

Հայտնաբերված գտածոները թվագրվում են ուրարտական եւ նախաուրարտական ժամանակաշրջանով:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 7 (440), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։