Ըստ ՀՀԿ ընտրացուցակի եւ ներկուսակցական առկա գործընթացների տրամաբանության՝ մայիս ամսին Տարոն Մարգարյանն է ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն (քաղաքապետը թիմով է աշխատում՝ նաեւ ԱԺ-ում եւ կառավարությունում տեղեր ունենալու համար)…

Ապրիլին կայացող խորհրդարանական ընտրություններին հաջորդելու է մեկ այլ կարեւոր իրադարձություն՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունները, որը կայանալու է հենց հաջորդ՝ մայիս ամսին:

ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2-րդ տեղը հուշում է՝ ՀՀԿ-ի համար նրա թեկնածության հարցը այլեւս որոշված է, եւ նա է քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն:

Թեեւ իր բնույթով այս ընտրությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն է, սակայն իր նշանակությամբ ավելի մոտ է համապետական հանրապետական հերթական ընտրության: Մեր երկրի թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական լծակների կեսը, թերեւս՝ կեսից ավելին մայրաքաղաքում է, ինչը Երեւանի քաղաքապետի պաշտոնը դարձնում է իսկապես կարեւոր ու ծանրակշիռ քաղաքական պաշտոն:

Սակայն չի բացառվում, որ ինչ-ինչ քաղաքական տեղաշարժերից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ստանա այլ առաջարկ: Լինելով նախագահ Սերժ Սարգսյանի վստահելի գործիչներից մեկը՝ տարիների ընթացքում կուտակելով պետական կառավարման մեծ փորձ (ներքաղաքական ու ներպետական կյանքին առնչվելով դեռ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք), Տարոն Մարգարյանը կարողացել է սերտ կապեր հաստատել ոչ միայն երկրի ներսում քաղաքական տարբեր ուժերի եւ ուղղությունների հետ, այլեւ երկրից դուրս, թե՛ արեմտյան, թե՛ ռուսաստանյան ուղղություններով: Կարծում ենք՝ հենց այստեղ է հաջողել Անդրանիկ Մարգարյանը, երբ ժամանակին Տարոն Մարգարյանին հեռու չի պահել քաղաքականության եւ պետականաշինության գործերի ու գործիչների հետ շփվելուց:  

Ընտրական ցուցակների հրապարակումից հետո պարզ էր, որ քաղաքապետը թիմով է աշխատում: Ասենք՝ ՀՀԿ ցուցակի 59-րդ տեղում Մարիա Բարաղամյանն է, ով քաղաքապետի օգնականն է, 60-րդ համարի ներքո նշված է արարողակարգի ղեկավար Սամվել Մերթարջյանը, ում կինն էլ՝ Հասմիկ Ափյանը, 44-րդ տեղում է: Քաղաքապետի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը եւս առաջադրված է (73), ինչպես նաեւ ռեյտինգային քվեարկությամբ է հանդես գալիս այն ընտրատարածքում, որտեղ նաեւ Միհրան Պողոսյանն է (Քեթրինի Միհրան) առաջադրված…

Միանգամից ասենք՝ ոչ մի վատ բան չկա նրանում, երբ մարդը թիմով է աշխատում: Ավելին՝ հակառակը անտրամաբանական կլիներ: Եվ եթե ընդդիմությունը կայծակնային հաջողություններ չարձանագրի, Տարոն Մարգարյանի թիմն անցողիկ տեղում է: Մյուս թիմակիցների մասին  վստահաբար խոսել չեմ կարող, քանզի անձամբ չեմ ճանաչում, բայց օգնական Մարիա Բարաղամյանի ընտրությունը տեղին էր: Որպես լրագրող մեկ անգամ չէ, որ առնչվել եմ նրա հետ: Գործին տիրապետում է, հարցերին արագ է արձագանքում, երկու օտար լեզվի է տիրապետում, երիտասարդ է, ներկայանալի, պատշաճ համակարգում է Երեւանում տուրիզմի հետ կապված ոլորտը: Վստահ եմ, որ իմ գործընկերներից շատերը կհամաձայնեն: ՀՀԿ-ից վերաթարմացու՞մ էին ուզում, նոր կադրե՞ր, խնդրեմ: Ու, ընդհանրապես, երիտասարդների առաջխաղացումից վախենալ պետք չէ, եթե, իհարկե, նրանք կոսմոպոլիտ չեն եւ իրենց համար միեւնույն չէ, թե որ երկրում կծառայեն: Քանի որ սա այդ պարագան չէ, կարելի է հանգիստ լինել:

Ինչեւէ, քաղաքապետն առաջ է շարժվում՝ հետեւից իր թիմը տանելով: Մնացյալ ամեն ինչ ժամանակի մեջ կերեւա ու մենք էլ՝ այդ ամենի արձանագրողը:

Այս առումով դիտարժան է նաեւ վարչապետի օրերս կատարած այցը քաղաքապետարան: Նա հայտարարեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի բարելավվեն երկրի վիճակը: Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետի ու քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ քննարկել է մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի արդյունքներն ու հետագա անելիքները: Քննարկումը ծավալվել է Երեւանի զարգացման ծրագրերի, քաղաքի բյուջեի կանխատեսելիության, հարկերի հավաքման եւ եկամուտների ձևավորման հարցերի, հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման, ներդրումային  ու գործարար միջավայրի բարելավման, զբոսաշրջության զարգացման, բնակֆոնդի արդիականացման, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման եւ մի շարք այլ ուղղություններով ծրագրերի շուրջ:

Վարչապետը նախ եւ առաջ ողջունել է քաղաքապետարանի՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությունը խորացնելու եւ մի շարք ոլորտներ մասնավորի կառավարմանը հանձնելու ուղղությամբ տարվող քաղաքականությունը: Կառավարության ղեկավարն առաջարկել է համատեղ քննարկել, գնահատել բեռը, ձեւավորել բյուջեն եւ ըստ այդմ՝ որոշել հետագա քայլերը: «Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր փողը քիչ է, բայց եկեք ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքն ու ըստ այդմ շարժվենք առաջ: Մեզ պետք է ուղղակի 10, 15 տարվա հորիզոն ունենալ, երկարատև փող բերել եւ կարեւոր խնդիրները հիմնարար լուծել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Տարոն Մարգարյանը ներքին վստահությամբ, որ շարունակելու է իր գործը, նշել է, որ ընդհանուր առմամբ մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագիրը հաջող ավարտին է հասցվում, եւ արդեն տեսանելի են այն խնդիրները, որոնք պետք է դրվեն 2017թ. ներկայացվելիք Երեւանի զարգացման հնգամյա ծրագրի հիմքում:

Անի Մարության

«Մենք հաշվետու ենք»

Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին համառոտ ամփոփագիր է:

Մենք առավել ուշագրավ դրվագները կներկայացնենք մեր ընթերցողներին: Որպեսզի տեղեկացված լինելով պահանջենք: Վստահ եմ՝ այն կհետաքրքրի ոչ միայն երեւանցուն. Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է:

Եվ այսպես՝ սկսենք ճանապարհաշինությունից:

Այս տարի շահագործման հանձնվեց Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի 5 կմ երկարությամբ եւ 24-28 մետր լայնությամբ ճանապարհը:

Նորակառույց ճանապարհահատվածը Ասիական զարգացման բանկի աջակցությամբ 2014թ. մեկնարկած՝ Երեւան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մաս է կազմում: Ճանապարհահատվածը նախագծվել եւ կառուցվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան, ճանապարհի երթեւեկելի հատվածից դուրս են բերվել կոմունալ ենթակառուցվածքները։ Ճանապարհի անընդհատ երթեւեկությունն ապահովում է Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով կառուցված 270 մ երկարությամբ ուղեանցը (էստակադա) եւ Շիրակի փողոց-Արշակունյաց պողոտա հատման մասի շրջանաձեւ երթեւեկությամբ 2 ուղեանցերով ճանապարհը։

Ճանապարհն ունի 4 երթեւեկելի գոտի, լրացուցիչ երթեւեկելի գոտի եւ սպասարկման ճանապարհ՝ հարակից տարածքի բնակիչների համար։ Փոխարինվել են ճանապարհի բոլոր հաղորդուղիները, տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ, հարակից տարածքները բարեկարգվել եւ կանաչապատվել են։ Ճանապարհահատվածում կառուցված վերգետնյա հետիոտնային անցումը վերելակով համալրված առաջին անցումն է Երեւանում: Այն բնակչության բոլոր խմբերին թույլ է տալու ազատ եւ անվտանգ տեղաշարժվել: 2016թ. սկսվել են շրջանցիկ ճանապարհի՝ Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները։

Հրազդան գետի վրա նախատեսված է կառուցել 252 մ երկարությամբ կամուրջ, որը կկրի «Էրեբունի-Երեւան 2800» անունը եւ կնվիրվի Երեւանի 2800-ամյակին։ Ամբողջությամբ ավարտվել են շրջանցիկ ճանապարհի՝ Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքում իրականացվող հնէաբանական պեղումները։ Հնագիտական գտածոները տեղափոխվել են վերականգնման լաբորատորիա՝ հետագայում ցուցադրության ներկայացնելու նպատակով։

Հայտնաբերված գտածոները թվագրվում են ուրարտական եւ նախաուրարտական ժամանակաշրջանով:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 7 (440), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։